«Մաքսանենգության «բացահայտման» նպատակն Արցախի հայաթափումն է»․ կարծիք Երևանից
Կարմիր խաչին մաքսանենգության մեջ են մեղադրել
«Փորձում են առաջ տանել իրենց կեղծ պատումը, թե՝ Արցախն Ադրբեջանի տարածքի մաս է։ Եվ եթե մաս է, ապա յուրաքանչյուր ապրանք մուտք գործելիս պետք է մաքսազերծվի»,- Բաքվի նոր որոշումն այսպես է մեկնաբանում հայ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից Հայաստան և հակառակ ուղղությամբ բուժառուների տեղափոխող մարդասիրական կառույցին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին մեղադրել է մաքսանենգության մեջ։ Տեղական ԶԼՄ-ները հրապարակել են տեսանյութ, որում երևում է՝ բուժառուներ տեղափոխող մեքենայից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, ծխախոտ և բենզին։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ մինչև քննության ավարտը անցակետով տեղաշարժ թույլ չի տալու։
Այս նյութի հրապարակման պահին Կարմիր խաչը հայտարարեց, որ կոմիտեին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել․
«Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից»։
Ադրբեջանական կողմի մեղադրանքը, մեկնաբանություն Երևանից
Ի՞նչ է հայտարարել Բաքուն
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Ադրբեջանի և Հայաստանի սահմանին մաքսանենգության փաստերի մասին, հարուցվել է քրեական գործ․
«Մինչ անհրաժեշտ քննչական միջոցառումների ավարտը պետական սահմանի Լաչինի անցակետով տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է»։
Նշվում է, որ սահմանային ծառայությունն արձանագրել է ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներով «ապօրինի ճանապարհով տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու բազմակի փորձեր»։ Խոսքը, մասնավորապես՝ բջջային հեռախոսների, դրանց էկրանների և սնուցող սարքերի, ինչպես նաև ծխախոտի և բենզինի մասին է։
«Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական ուղիներով ԿԽՄԿ-ին նախազգուշացում է տրվել, ապօրինությունները կրկնվել են, և դրանք կասեցնելու համար անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել»,- հայտարարել է ծառայությունը։
Ադրբեջանական կողմը կոմիտեին պատկանող և բժշկական տարհանում իրականացնող տրանսպորտային միջոցների օգտագործումը մաքսանենգության նպատակով որակել է որպես «Ադրբեջանի օրենքների կոպիտ խախտում, կոմիտեի նկատմամբ երկրի վստահության չարաշահում»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ ադրբեջանական կողմի նպատակներն ակնհայտ ու հասկանալի են ոչ միայն մասնագիտական շրջանակների, այլև քաղաքացիների համար․
«Ուզում են սրել իրավիճակը, մարդկանց անելանելի իրավիճակի մեջ գցել, վտանգավոր և ծայրահեղ ծանր դարձնել մարդկանց կյանքը։ Ամեն կերպ փորձելու են նմանատիպ սադրիչ մեղադրանքներ, «բացահայտումներ» իրականացնել, որպեսզի ի վերջո հասնեն իրենց նպատակին և Արցախը լիակատար հայաթափեն»։
Սիմոնյանն ասում է՝ քանի դեռ կոնֆլիկտը հանգուցալուծված չէ, չկան հումանիտար երաշխիքներ, խաղաղության օրակարգ և ապամիլիտարիզացված իրողություններ, Բաքվի կողմից նման մոտեցումներ առաջ քաշելը նշանակում է ցեղասպան քաղաքականության իրականացում։ JAMnews-ի հետ զրույցում նա նշել է, որ Բաքվի համար էական չէ՝ ի՞նչ եղանակով, սպիտա՞կ, թե՞ կարմիր ցեղասպանության միջոցով դա կարվի։
«Կարևորը հայկականության հետքը մաքրելն է։ Բնականաբար, որևէ հիվանդ կամ ծայրահեղ վիճակում գտնվող արցախցի չի կարող օգտվել ադրբեջանական սպասարկման օղակներից, նշանակում է՝ մարդիկ անելանելի իրավիճակի մեջ են հայտնվելու»,- շեշտել է նա։
Կարծում է՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակմանն ու ԼՂ-ում ստեղծված իրավիճակին միջազգային հանրությունն արդեն իսկ արձագանքել է՝ Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշմամբ։ Մյուս կողմից նկատում է՝ այն դեռ չի իրականացվել Բաքվի կողմից։
Ներկայիս իրավիճակում ամենաարդյունավետն, ըստ նրա, կարող էր լինել ռազմական միջամտությամբ հարցի կարգավորումը։ Սակայն «որևէ գլոբալ դերակատար կամ տարածաշրջանային երկիր» պատրաստ չէ նման առաքելությամբ հանդես գալ։ Բացի այդ, տարածաշրջանի երկրներից միայն Իրանի շահերից է բխում Լաչինի միջանցքի ապաշրջափակումը․
«Իրանը ձեռնպահ կմնա․ պատժամիջոցների տակ է և որևէ ռազմական ընդհարման պատրաստ չէ, որովհետև կստացվի ուղղակի ընդհարում Թուրքիայի հետ»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ հայկական կողմն իր ուժերով հարցը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորություն կունենա միայն հուսալի դաշնակիցների, նորագույն տեխնոլոգիաների ձեռքբերման և երկրի անվտանգային համակարգի բարելավման արդյունքում։
«Իսկ մինչ այդ պետք է կիրառվեն դիվանագիտական և տնտեսական մեթոդները, որոնք որոշակի չափով կմեղմեն, բայց չեն հանգուցալուծի իրավիճակը»,- նշել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ դիվանագիտական ճնշումներ արդեն իսկ գործադրվում են Բաքվի նկատմամբ, առանց դրանց տարածաշրջանում ամեն բան «շատ ավելի ողբերգական» ընթացք կունենար։ Չի բացառում, որ լինեն նաև տնտեսական ճնշումներ՝ ընդհուպ մինչև պատժամիջոցներ։
«Բավական կլինի, որ Եվրոպան բոյկոտի Ադրբեջանի խողովակաշարերով տարանցիկ նավթագազային հումքը։ Այդպիսի նախադրյալներ հիմա կան, որովհետև եվրոպական աշխարհամասը ուկրաինական ռազմական ինտերվենցիայից հետո շեշտակիորեն նվազեցրել է կախվածությունը նավթագազային ռեսուրսներից»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ պետք է հաշվի առնել նաև այլընտրանքային էներգետիկ համակարգերի զարգացումն ու այն փաստը, որ եվրոպական շուկայի համար ադրբեջանական հումքը չնչին տոկոս է կազմում։ Նրա փոխանցմամբ՝ այն կարող է բավարարել Բալկաններին, Իտալիային ու ևս մեկ-երկու երկրի։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կարմիր խաչին մաքսանենգության մեջ են մեղադրել