Կարծիք. Հայաստանը պետք է ընտրի՝ կամ բարեփոխումներ, կամ դաշինք Ռուսաստանի հետ
«Էխո Մոսկվիի» հրապարակումը
Երևանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները կարող են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համար շրջադարձային լինել: Խոսքը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի և Յուրի Խաչատուրովի ձերբակալության ու հետագայում գրավով ազատ արձակման մասին է, որը ՀԱՊԿ-ի [Ռուսաստանի հովանու ներքո գործող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն — JAMnews] գործող գլխավոր քարտուղարն է:
Բարդ է ենթադրել, որ Կրեմլում մեծ համակրանքով են վերաբերվում Հայաստանի նոր ղեկավարությանը:
Բանն այն չէ, որ ժողովրդի ցույցերը, որոնք գլխավորել էր Նիկոլ Փաշինյանը, խախտել են «ժառանգման» սխեման, իսկ այն ռուսական քաղաքական էլիտայում հաստատ դիտարկվում է որպես Վլադիմիր Պուտինին «հավերժացնելու» միջոց:
Բանը նույնիսկ այն չէ, որ Հայաստանում բարեփոխումները լրջորեն հասել են խոշոր ռուսական բիզնեսի շահերին:
Խնդիրն այն է, որ հայ բարեփոխողները ոտնձգություններ են կատարում «ամենասուրբ բանի հանդեպ», որը գոյություն ունի հետխորհրդային տարածքում՝ ժողովրդից գողանալու, երկրին որպես սեփական ունեցվածքի վերաբերվելու և միաժամանակ բացարձակ անպատժելի մնալու՝ իշխանության ներկայացուցիչների «բնական» իրավունքի հանդեպ:
Նման իրավիճակը երեկ չէ, որ ձևավորվել է: ԽՍՀՄ փլուզումից հետո նորաթուխ անկախ պետությունների հարստությունները միանձնյա տնօրինելու ցանկությունը եթե ոչ առանձին առաջնորդների, ապա նրանց քաղաքական էլիտաների շարժառիթն է եղել:
Արդեն առաջին հետխորհրդային տասնամյակում այդ «նոր կարգը» ձևավորվեց ամենուր: Քաղաքականությունը դարձավ փողին, շատ դեպքերում նաև՝ կրիմինալին համարժեք մի բան: Ռուսաստանն այդ ֆոնին տարբերվում է միայն մասշտաբով:
Կրեմլյան «մերն է-օտար է» համակարգն անսխալ կերպով նույնականացնում է թշնամիներին:
Միակն, ում Կրեմլը չի կարող ներել և երբեք չի ների, Միխայիլ Սահակաշվիլին է՝ Վրաստանի նախագահը 2004-2012թթ-ին: Եվ խոսքը Հարավային Օսիայի պատերազմի մասին չէ, որից Մոսկվան միայն շահեց, քանի որ Վրաստան ներխուժելու առիթ ստացավ: Պատճառը կոռուպցիայի և քրեական գործունեության դեմ նրա արմատական պայքարն է սեփական հայրենիքում և դրա սահմաններից դուրս:
Հայաստանի նոր վարչապետին գրեթե ամեն շաբաթ ընդունում են Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում: Սակայն «մերը» նա այնտեղ չի թվում:
Մոսկվան խելամիտ կերպով ուշադրություն չդարձրեց (համենայնդեպս՝ դեռ) իշխանության գալու նրա մեթոդին: Սակայն Հայաստանը որպես նոր, գործող, չկոռումպացված, մրցակից տնտեսությամբ և հասկանալի ընթացակարգով փոխվող իշխանությամբ պետություն այնքան էլ չի մտնում Կրեմլի պլանների մեջ:
Մոսկվան, հնարավոր է, այնքան է շահագրգռված Հարավային Կովկասում իր քաղաքական և ռազմական ներկայության պահպանմամբ, որ նույնիսկ պատրաստ է ինչ-որ բան զոհաբերել դրա համար: Սակայն Կրեմլը չի կարող թույլ տալ խաթարել այն համակարգը, որն ինքն իր համար միակ ընդունելին է համարում:
Ռուսաստանի հետ կապերը (ընդ որում, ոչ միայն ռազմաքաղաքական, այլ, նախևառաջ, տնտեսական) ծայրահեղ կարևոր են Հայաստանի համար: Եվ Երևանում, թերևս, դա հասկանում են: Դրանք պետք է փորձել պահպանել. սակայն չարժե հույս ունենալ, որ ազնիվ քաղաքական գործիչը տեղ կունենա այն «կլոր սեղանի» շուրջ, որի մոտ դեռևս նստում է:
«Օտարի» հայտնվելու մասին հայտարարող ազդանշանը դեռ այնքան էլ բարձր չի հնչում, սակայն այն վաղուց հասել է բոլոր նրանց, ում համար նախատեսված է:
Մոսկվայում դեռ հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը «հաշիվները կմաքրի» իր թշնամիների հետ (դա նույնպես հետխորհրդային քաղաքականության ավանդույթների մաս է և այդ պատճառով կարող է նորմալ համարվել) և կընթանա աշխարհի այս հատվածի երկրների առաջնորդների համար սովորական ճանապարհով:
Սակայն եթե այդ տարբերակը չի մտնում հայկական նոր ղեկավարության պլանների մեջ, նա պետք է այսօր արդեն մտածի ապագայի մասին:
Նա պետք է երկու խնդրի վրա կենտրոնանա:
Առաջինն առավելագույնս արագ տնտեսական բարեփոխումներն են, որոնք դեռ չեն սկսվել և, ըստ ամենայնի, մինչև նոր ընտրություններ, չեն սկսվի:
Երկրորդ խնդիրն ազգային պետության մոդելից հետ կանգնելն է, երբ երկրի ղեկավարները հույսը դնում են սփյուռքի վրա, իսկ արտասահմանում հանդիպում են գրթե բացառապես այն հայրենակիցների հետ, որոնք բիզնեսում, գիտության կամ մշակույթի բնագավառում հաջողության են հասել:
Արդյո՞ք դա կհաջողվի Հայաստանի նոր իշխանություններին: Ցանկանում ես հավատալ: Սակայն պետք չէ մոռանալ, որ եթե ստացվի, ապա ռուսական քաղաքական էլիտայի համար «մերը» դառնալ նրանց մոտ գրեթե հաստատ չի ստացվի: