«Հայաստանը չպետք է վախենա»․ կարծիք Թրամփ-Պուտին հնարավոր գործարքի մասին
Կարծիք Թրամփ-Պուտին գործարքի մասին
Կարիք չկա բացատրել, թե Ուկրաինայի հարցով Թրամփի՝ Պուտինի հետ գործարքի գնալը «ինչ աստիճանի կոգևորի մարդասպան ռեժիմին, որը Ռուսաստանում է, որը զավթել է պետությունն ու մարդկության դեմ հանցագործություններ կատարել»։ Այս կարծիքին է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, ում համոզմամբ՝ ուղղակի անպատկերացնելի է, որ ազատ աշխարհի առաջատար պետության նախագահը կարող է գնալ և կանգնել «հետախուզվող հանցագործի» կողքին։
Շեշտում է՝ եթե Ուկրաինայի հաշվին գործարք տեղի ունենա, դա կլինի ցավալի, տագնապալի լուր, կունենա վատ հետևանքներ, այդ թվում՝ Հայաստանի համար։ Մյուս կողմից նկատում է՝ գլոբալ առումով Երևանի անելիքներն այդ պարագայում ևս նույնը կլինեն։
«Հայաստանն այպես, թե այնպես պետք է դիմագրավի երկու փոխկապակցված վտանգների։ Մեկը այն վտանգն է, որ գալիս է ուղղակիորեն ՌԴ-ից, իսկ մյուսն այն վտանգն է, որը էլի գալիս է ՌԴ-ից, բայց Ադրբեջանի ձեռքով»,- «Անցնելով սահմանը» նախագծի շրջանակում հայտարարել է Մեհրաբյանը։
Նրա դիտարկմամբ՝ հենց այդ տրամաբանությունից ելնելով Երևանը պետք է կառուցի իր քայլերն անվտանգային քաղաքականության մեջ։
- «Մի հոդվածի համար չպետք է վերադառնանք նոյեմբերի 9-ի հայտարարությանը»․ ՀՀ ԱԽ քարտուղար
- «ՀՀ-ն այլևս չի ընկալվում որպես Ռուսաստանի կույր աղիք»․ կարծիք Մյունխենի համաժողովի մասին
- «ՌԴ միջնորդությունը քիչ հավանական է, հետևանքները մեր մաշկի վրա ենք զգացել»․ ՀՀ ԱԺ խոսնակ
Ի՞նչ զարգացումներ կան Ուկրաինայի շուրջ
ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների բարելավման և Ուկրաինայում ընթացող պատերազմը դադարեցնելու մասին Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել փետրվարի 12-ին։ Օրեր անց՝ փետրվարի 18-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները հանդիպել էին Սաուդյան Արաբիայում: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի փոխանցմամբ՝ այս շաբաթվա վերջին տեղի կունենա ևս մեկ հանդիպում՝ գերատեսչությունների (ԱԳՆ) ղեկավարների մակարդակով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ ցանկանում է ԱՄՆ նախագահին տեսնել որպես Ուկրաինայի գործընկեր և ավելին, քան պարզապես միջնորդ Կիևի և Մոսկվայի միջև: Բացի այդ, նա նշել է, որ կհամաձայներ հրաժարվել նախագահի պաշտոնից հանուն Ուկրաինայում խաղաղության կամ երկրի՝ ՆԱՏՕ անդամակցության։ Վերջինը, սակայն, անընդունելի է ՌԴ համար։
Թե ինչ են բանակցում Մոսկվան և Վաշինգտոնը՝ հայտնի չէ։ Եվրոպայում, սակայն, անհանգստացած են, պնդում են՝ բանակցային սեղանի շուրջ պետք է լինի նաև Կիևը։
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը քննարկելու պատրաստակամության մասին։ Ակնկալվում է, որ նախագահ Մակրոնն ու վարչապետ Սթարմերն այսօր Թրամփի հետ կքննարկեն եվրոպական երկրներից մինչև 30 հազար խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու ծրագիրն ու թեմային առնչվող այլ հարցեր։
Մինչ որևէ համաձայնություն ձեռք կբերվի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հազվագյուտ մետաղների շուրջ համաձայնագիր է առաջարկել Ուկրաինային։ Ըստ այդ փաստաթղթի՝ Կիևը պետք է իր բնական հարստությունների մի մասը հանձի ամերիկացիներին՝ 2022 թվականից ի վեր առաքված սպառազինության դիմաց։ Վաշինգտոնը պնդում է՝ խոսքը 500 մլրդ դոլարի մասին է, ուկրաինական կողմը վստահեցնում է, որ աջակցությունը չի գերազանցել 100 միլիարդը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ բարդ է ասել՝ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան կկարողանա՞ն ԱՄՆ նախագահին «վերադարձնել իրականություն», թե՞՝ ոչ։
Հիշեցնում է՝ Դոնալդ Թրամփը միապետ չէ, իսկ Նահանգները ժողովրդավարական երկիր է, որտեղ արտաքին քաղաքականության ձևավորմանը մասնակցում են նաև քաղաքագիտական շրջանակներ։ Բացի այդ, շեշտում է՝ երկրում կա հզոր քաղհասարակություն, ուղեղային կենտրոնների ցանց։ Վստահ է՝ որոշումներ չեն կայացվի «մի հոգու կամ մի խումբ մարդկանց քմահաճույքով»․
«Այո, այսօր ազատ աշխարհը արժեքների ճգնաժամի մեջ է։ Բայց այն կհաղթահարվի։ Փոփոխական մեծությունը մնում է այն, թե մենք ինչ գին կվճարենք դրա համար։ Հայաստանը պետք է դրսևորի զպսվածություն խոսքերում և վճռականություն գործերում»։
Հիշատակել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի՝ BBC-ին տված հարցազրույցը։ Մեհրաբյանը մեջբերում է Կուլեբային․ «Պետք է լուծենք երկու խնդիր։ Առաջինը՝ չպետք է անենք այնպես, որ ընկնենք մինչև կրակոցը, և երկրորդը՝ չպետք է ընկնենք կրակոցից»։ Կարծում է՝ նույն խնդիրների առաջ է կանգնած նաև Հայաստանը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ միակ բանը, որ ՀՀ-ն չպետք է անի, վախենալն է․
«Պետք է մնանք ոտքերի վրա, ընթանանք մեր ընտրած, մեր պատմությունից և մշակույթից բխող ճանապարհով»։
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Երևանն արդեն իսկ ունի «որոշակի ակտիվներ» իր արտաքին քաղաքական թղթապանակում։
Դրանք են՝
- պաշտպանական և ռազմատեխնիկական համագործակցության շուրջ պայմանավորվածությունները Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ,
- ԱՄՆ հետ ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը,
- ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրինագիծը։
«Հայաստանի ճակատագիրը ՀՀ ձեռքում է։ Եվ այդպես էլ մնալու է՝ անկախ նրանից, թե ում հետ և ինչ հարաբերություններ կկառուցվեն, ով ում հետ կբարեկամանա։ Երկրի արժեքային, քաղաքակրթական ընտրությունը, ուղղությունը ԵՄ-ն է։ Բայց մեծ անելիք ունենք ռիսկերը նվազագույնի հասցնելու համար»,- արձանագրել է նա։
Կարևոր է համարում այն հանգամանքը, որ ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքակրթական շրջադարձերի հետ կապված Երևանն ունի «լրջագույն կապիտալ»՝ Իրանի լոյալությունը։ Քաղաքագետի խոսքով՝ պետք է շարունակել ԱՄՆ հետ հարաբերությունների կառուցումը, միևնույն ժամանակ՝ նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկխոսությունը։
Ինչ վերաբերում է Եվրամիությանը՝ կառույցն, ըստ Մեհրաբյանի, տրանսֆորմացիայի է ենթարկվում։ Շեշտում է՝ այն անխուսափելիորեն վերածվելու է «պաշտպանական միության, ընդհանուր անվտանգության տարածքի», որի վրա հովանոցի ձևով կարող են բացվել եվրոպական երկու երկրների՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային կարողությունները։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կարծիք Թրամփ-Պուտին գործարքի մասին