Կարծիք Ադրբեջանից․ «Երկու կողմերն էլ մտածում են պատերազմի մասին»
Ադրբեջանում ակտիվորեն քննարկվում են հաղորդագրություններ այն մասին, որ Ղարաբաղում և հարակից շրջաններում արտասահմանում բնակվող հայեր են վերաբնակեցվում։ JAMnews-ն առաջարկել է մեկնաբանել այս լուրերը Մարդասիրական հետազոտությունների կազմակերպության նախագահ, ադրբեջանցի կոնֆլիկտաբան Ավազ Հասանովին։
Մասնավորապես, նրան հարցադրում է արվել․ «Եթե վերաբնակեցում է տեղի ունենում մի տարածքում, որն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է, ինչպե՞ս է դա անդրադառնալու 2019-ին գործարկված «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» երկկողմանի նախագծի վրա։
Փարիզում 2019 թ-ի հունվարի 17-ին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ու Զոհրաբ Մնացականյանը հանդիպման ընթացքում պայմանավորվել են հստակ միջոցներ ձեռնարկել երկու երկրների բնակիչներին խաղաղության նախապատրաստելու մասին։ Հանդիպումն անցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
Ավազ Հասանովի հետ զրուցել է լրագրող Սեյմուր Քազիմովը։
«Փաշինյանը պոպուլիստական քայլեր է անում»
— Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո, որն ավերեց քաղաքի կենտրոնն ու տասնյակ հազարավոր մարդկանց անապաստան թողեց, հաղորդագրություններ հայտնվեցին, որ լիբանանահայերի ընտանիքներ են վերաբնակեցվել Ղարաբաղում։ Այնուհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Ջդրդուզի ձիարշավարանի կախովի կամրջի բացմանը։
— Ադրբեջանի օկուպացված տարածքներում այլ շրջաններից եկող հայերի վերաբնակեցումը նորություն չէ։ 2006 թ-ին այսպիսի փաստերի հետաքննության համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կից առաքելություն էր գործում։
Ադրբեջանի կառավարությունն այն ժամանակ ներկայացրել էր իր ունեցած տեղեկություններն ու առաջարկել հետաքննել այդ փաստերն ու համապատասխան հաշվետվություն նախապատրաստել։
Մարդկանց վերաբնակեցման առավել շատ փաստեր էին արձանագրվում Ադրբեջանի Լաչինի և Քելբաջարի շրջաններում։ Սակայն ավելի ուշ այդ առաքելության աշխատանքն արգելափակվեց Հայաստանի կողմից։ Իսկ նոր մարդկանց, այդ թվում՝ Ադրբեջանից հայ փախստականների վերաբնակեցումը շարունակվեց։
Ադրբեջանական կողմը հաստատող փաստեր ունի։ Եթե այս հակամարտության վրա տարածվում է միջազգային օրենսդրությունն, ապա նման գործողությունները հակասում են Ժնևի 1949 թ-ի օգոստոսի 12-ի կոնվենցիայի երրորդ կետին։
Այժմ համացանցում տեսանյութեր են հայտնվել սիրիահայերի և լիբանանահայերի վերաբնակեցման մասին։ Այդ տեսանյութերի նպատակը պետք է մտավախություն առաջացնի։ Ինչո՞ւ են դրանք տարածվում։ Չէ՞ որ հայկական կողմը, ստացվում է որ, ինքն իրեն շանտաժի է ենթարկում այդ տեսափաստերով։
Այս իրավիճակում գլխավորն այն է, որ կառավարությունն ապացույցներ ստանա։ Դրա համար միջազգային փորձագետներ գոյություն ունեն, և պարտադիր չէ, որ ԵԱՀԿ-ից լինեն։ Շատ այլ ինստիտուտներ կան, որոնք կարելի է ներգրավել այսպիսի փաստերի և փաստաթղթերի ստացման և ուսումնասիրման համար։
[Կամրջի բացման մասին]․ Փաշինյանն ի վիճակի չէ ծանրակշիռ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ և հետաքրքրված չէ հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու հարցում։ Իսկ էությունը լուսանցքում է մնում։Ադրբեջանին, միջազգային հանրությանն ու անգամ Հայաստանի հասարակությանը հեշտ է բանակցություններից, տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելուց շեղել նման քայլերով։
Իսկ 1978թ-ին Ադրբեջանի կառավարությունը Շուշիում զբոսաշրջային ներուժի զարգացման պլաններ ուներ։ Դրանցից մեկը Ջդրդուզից մինչև Թոփխանի ձգվող ճոպանուղու բացումն էր։ Այն տարիներին Շուշայում պոպուլյար հանգստավայր կար։
«Ադրբեջանն այդ տարածքները վերահսկելու հնարավորություն չունի»
— Հայ ընտանիքների վերաբնակեցման փաստերի վերաբերյալ գոյություն ունի Միջազգային ճգնաժամային խմբի հաշվետվությունը։ Արդյո՞ք պետք է կոշտ դիրքորոշում ցուցաբերել, և ո՞վ պետք է դա անի՝ միջազգային կազմակերպություննե՞րը, թե՞ ադրբեջանական իշխանությունները։
— Ադրբեջանն այդ տարածքները վերահսկելու հնարավորություն չունի։ Նա կարող էր որպես հաշվետվություն միայն տարածել այն փաստաթղթերն ու փաստերը, որոնք կարելի է հավաքել արբանյակային կապի միջոցով։
Այլ ճանապարհ էլ կա․ ադրբեջանական կողմը կարող է որևէ միջազգային կազմակերպության հետազոտություն պատվիրել այն մասին, թե ովքեր են ապրում այդ շրջաններում կառուցված նոր բնակավայրերում։ Այդ բնակավայրերի արբանյակային լուսանկարներն Ադրբեջանի կառավարությունն ունի։
Սրանք բոլորն օրինական ուղիներ են։ Ադրբեջանն ուզում է իմանալ իր միջազգայնորեն ճանաչված տարածքներում տիրող իրավիճակի մասին։
«Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը երկարաժամկետ հեռանկար է»
— Ադրբեջանում դեռ հավատո՞ւմ են «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն»։ Արդյո՞ք այդ նախագծի հեռանկարների վրա ազդել է 2020 թ-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցած հուլիսյան սրացումը։
— Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը երկարաժամկետ հեռանկար է։ Դա պոպուլյար էր 10 տարի առաջ, բայց ոչ հիմա։ Սակայն դա չի նշանակում, որ հինգ տարի անց այն կրկին պոպուլյար չի դառնալու։
Երբ մարդու ճնշումը բարձրանում է, նա կարող է տարբեր բաների մասին մտածել։ Իսկ այժմ բարձր է երկու կողմերի հասարակությունների ճնշումը։ Պատերազմի մասին են մտածում։
Տարածաշրջանում կայունության միակ դեղատոմսը ժողովուրդների հաշտեցումն է։ Երբ երկու կողմերը պատերազմի միջոցով ստանան հետևանքներ, միակ ուղին կմնա, և կողմերը կսկսեն մտածել իրենց ապագայի մասին։
Հարցազրույցի ամբողջական տարբերակն ադրբեջաներեն լեզվով․
Հրապարակման եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնելու հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով։