Կարծիք․ «Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Սենատի բանաձևն օրենք չէ»
ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է բանաձև, ըստ որի՝ հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին ցեղասպանություն են ճանաչվում։
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ բանաձևն ընդունվել է միաձայն, սակայն միայն չորրորդ փորձից հետո։ Մի քանի շաբաթ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսն այն քվեարկության էր դնում, սակայն հանրապետական սենատորներն արգելափակում էին այն։ Եվ ամերիկյան փորձագետներն անհանգստացած են, որ փաստաթղթի ընդունումը կարող է ուժեղ հարված հասցնել թուրք-ամերիկյան հարաբերություններին։
Անկարայի կտրուկ արձագանքը կանխատեսելի էր և իրեն սպասեցնել չտվեց։ Բանաձևի ընդունման մասին լուրից բառացիորեն երկու ժամ անց Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որում ընդունված փաստաթուղթը բնորոշեց որպես «իրավական հիմքից զուրկ և թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման ջանքերի խաթարմանն ուղղված»։
Հայ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նույնպես հայտարարում է, որ ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևն օրենք չէ։
Փորձագետը Facebook-ի իր էջում մեկնաբանել է, թե ինչ է, իր կարծիքով, կատարվում ամերիկյան Կոնգրեսում և ինչ է դա նշանակում․
• «Այն հայտարարություն է, չունի իրավաբանական պարտադիր ուժ, նախագահ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու։
• ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունեցին:
• Նախագահն ու պետական պաշտոնյաները պարտավոր չեն կիրառել «ցեղասպանություն» բառը»:
Քաղաքագետը գրում է այս մասին, քանի որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին, երբ Հայաստանում նշվում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մարդիկ ակնկալում են, որ ԱՄՆ նախագահն իր ավանդական ուղերձում դարասկզբի իրադարձություններն Օսմանյան Թուրքիայում ցեղասպանություն կանվանի։ Նախագահներից ոչ մեկը դեռ չի արտասանել այդ բառը։
Հակիրճ, կետերով Սարգսյանը պարզաբանում է նաև, թե ինչու է բանաձևի ընդունումը տեղի ունեցել հենց հիմա։
• «Այսօր հակաթուրքական տրամադրությունները Վաշինգտոնում շատ ընդգծված են:
• Թուրքերին պաշտպանելը անշնորհակալ գործ է:
• Վետո կիրառած սենատորների վրա կար լուրջ հանրային ճնշում, որն ավելի ուժեղ էր քան Սպիտակ տան խնդրանքները: Դրա համար նրանք վետոն չվերահաստատեցին:
• Հաղթանակի լավրերը բացառապես պատկանում են մեր համայնքին․․․
• Թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել»:
Որպես ամփոփում քաղաքագետը նշում է, որ «հիմա ժամանակն է աշխատել Թրամփի հետ»։ Ենթադրաբար, նա նկատի ունի ԱՄՆ հայկական լոբբիի և Հայաստանի իշխանությունների աշխատանքը։