Կարծիք․ ոչ թե Բրիտանիան է լքում Եվրամիությունը, այլ ինքը Եվրոպան է փլուզվում
Դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները հսկայական նշանակություն են ունենալու ողջ աշխարհամասի, այլ ոչ միայն Բրիտանիայի համար։
«Այդ ընտրությունների արդյունքները կցնցեն Եվրոպան, որն, առանց այդ էլ, թուլանում է», — գրում է The Guardian-ի սյունակագիր Մարթին Քեթլը։
Ինչո՞ւ է նա այդպես կարծում։
ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ու դրա կանխատեսելի ձախողումը
Նախընտրական արշավի ամենակարևոր և սյուրռեալիստական իրադարձությունը ՆԱՏՕ-ի երկրների գագաթաժողովն է լինելու, որը կայանալու է Լոնդոնում դեկտեմբերի 3-ին։
Դրա ընթացքում քննարկվելու է դաշինքի անդամների միջև ֆինանսական ծանրաբեռնվածության բաշխումը, դրությունը Սիրիայում և Աֆղանստանում, Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը։
Կքննարկվի, սակայն հազիվ թե լուծվի։
ՆԱՏՕ-ն այժմ լավագույն ժամանակները չի ապրում։ Մասնավորապես․
• Սիրիայում դաշինքի մասնակիցներից մեկը՝ Թուրքիան, գրոհում է մյուսի՝ ԱՄՆ դաշնակիցներին;
• Աֆղանստանում ՆԱՏՕ-ի պատմության մեջ ամենաերկար համատեղ գործողությունը հեռու է ավարտվելուց;
• Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նախագահի համակրանքը, որին դիմակայելու համար էլ հենց ստեղծվել է ՆԱՏՕ-ն, ավելի ու ավելի շատ կասկածներ է առաջացնում։
ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կանխատեսելի ձախողումը քաղաքական ճգնաժամի միակ արտահայտումը չէ, որը համակում է ավելի ու ավելի նոր երկրներ և աշխարհամասեր։ Բեռլինյան պատի փլուզումից 30 տարի անց փորձության են ենթարկվում շատ ինստիտուտներ, որոնց վրա հիմնված էր համաշխարհային կարգուկանոնը Երկրորդ աշխարհամարտից հետո։
Ոչ միայն ՆԱՏՕ-ն, այլ նաև ՄԱԿ-ն է ավելի թույլ դառնում
Ոչ միայն ՆԱՏՕ-ն, այլ նաև ՄԱԿ-ն է ավելի թույլ դառնում։ Մասնավորապես․
• Խախտվում են Բրետոն-Վուդյան համաձայնագրերը՝ համաշխարհային ֆինանսական համակարգի կառուցվածքի մասին գլխավոր պայմանագիրը։
• Իրենց էլ ավելի հանդուգն են պահում այնպիսի ռեպրեսիվ ռեժիմներ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան։
• Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները սկսում են իրենց գիտակցել որպես նոր ուժ, որը կարող է գոյատևել առանց ԱՄՆ, Ռուսաստանի և Չինաստանի։
Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն այս ճգնաժամի արտահայտումներից մեկն են։ Քանի որ կենտրոնական հարցը, որը դրանց ընթացքում որոշվելու է, Բրիտանիայի ելքն է ԵՄ-ից՝ տխրահռչակ Բրեքսիթը։
Բրեքսիթը զուտ բրիտանական հարց չէ։ Խոսքը ողջ Եվրոպական միության ամբողջականության և արդյունավետության մասին է, որի հիմքում էին Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։
Կենսամակարդակը, սոցիալական երաշխիքները, Եվրամիության բոլոր քաղաքացիների աճի հեռանկարները կախված են նրանից, թե արդյոք նրանք կարող են պահպանել ընդհանուր արժեքներն ու օրենքները։
Բանն այն չէ՝ լավն է Եվրամիությունը, թե վատը, այլ այն, որ դրան ոչ մի այլընտրանք չկա։