«Կասկածելի ակտիվություն». Կրեմլն արձագանքել է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Ինչպես նաև զորավարժությունների ֆոտոպատմությունը
Մոսկվան արձագանքել է զորավարժություններին, որոնք այժմ Վրաստանում անցկացնում է ՆԱՏՕ-ն:
«Մենք չենք կարող համաձայնել Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, թե այդ զորավարժությունների նպատակը Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովումն է», — մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կայունությունն ու անվտանգությունը հաստատվում է կառուցողական երկխոսության օգնությամբ, այլ ոչ թե ուղղաթիռների և տանկերի: Այդ վարժանքների իրական նպատակն Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելն է, ինչը կհանգեցնի միայն իրավիճակի սրման»:
Կրեմլը դժգոհ է նաև նրանից, որ զորավարժություններին մասնակցում են Հայաստանն ու Ադրբեջանը:
«Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ Վրաստանի հարևան երկրները ներգրավվել են այդ կասկածելի ակտիվությանը», — հաղորդել է Զախարովան լրագրողներին:
«Արժանի գործընկեր 2018» միջազգային զորավարժությունները սկսվել են օգոստոսի 1-ին Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանի ռազմաբազայում:
Դրանց մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների և դաշինքի գործընկերների մի շարք զինվորականներ, այդ թվում՝ Վրաստանի 1300 ներկայացուցիչ, 1178 ամերիկացի և 500 զինվորական՝ այլ երկրներից:
Ընդհանուր առմամբ, վարժանքներին ներկայացված է 12 երկիր՝ Վրաստանը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանն ու Հայաստանը:
Ռազմական փորձագետները կարծում են, որ զորավարժությունների անցկացման փաստն ապացուցում է ՆԱՏՕ-ի համար Հարավային Օսիայի հսկայական աշխարհաքաղաքական կարևորությունը:
Վրաստանն արդեն չորրոդ անգամ է մասնակցում «Արժանի գործընկեր» զորավարժություններին, սակայն այս տարի դրանք աննախադեպ են մասշտաբի առումով:
Տեխնիկայի քանակն աճել է: Օրինակ, գերմանական և ամերիկյան զրահապատ փոխադրիչները, «Սթրայքեր», «Աբրամս» և «Բրեդլի» տանկերը Վրաստան են տեղափոխվել Ռումինիայից:
Ամերիկյան «Ապաչ» և «Բլեքհոուք» ուղղաթիռները, որոնք առաջին անգամ են մասնակցում վարժանքներին, օդային ճանապարհով են հասցվել Վրաստան:
Օգոստոսի 1-ին կայացած բացման արարողությանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել զինվորականներին զորավարժություններին մասնակցելու համար, «որոնք կայունություն և խաղաղություն են երաշխավորում, որի համար էլ աշխատում են մեր կառավարությունները»:
Վարչապետ Մամուկա Բախտաձեն ընդգծել է, որ զորավարժությունները հստակ որևէ երկրի դեմ ուղղված չեն:
««Արժանի գործընկեր» զորավարժությունների նպատակը տարածաշրջանում անվտանգությունն է, խաղաղությունն ու կայությունը», — վարչապետի խոսքերն է մեջբերում Civil.ge գործակալությունը:
Պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է. «Այս զորավարժությունները ոչ միայն ամրապնդում են ռազմական ներուժը և ընդլայնում համագործակցությունն, այլ նաև մեզ մոտեցնում են ՆԱՏՕ-ի չափանիշներին»:
«Վրաստանը բազմիցս ապացուցել է, որ վստահելի և նվիրված գործընկեր է, — հայտարարել է Իզորիան: — Մենք բազմիցս ասել ենք, որ անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեզ համար առաջնահերթ խնդիր է արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում»: