Կապան-Ճակատեն․ «լոգիստի՞կ», թե՞ կենսապահովման խնդիր
Սյունիքի մարզում շրջափակման մեջ հայտնված բնակավայր չկա։ Կառավարության նոյեմբերի 18-ի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Մամուլում և սոցիալական ցանցերում, սակայն, շարունակում են տարածվել ահազանգեր այն մասին, որ Կապան-Ճակատեն ճանապարհի փակման հետևանքով Սյունիքի մարզի առնվազն 6 գյուղեր հայտնվել են շրջափակման մեջ, մարդիկ կանգնել են կենսապահովման խնդրի առջև։
JAMnews-ը համադրել է վերջին օրերին տարածվող պաշտոնական տեղեկությունները՝ հասկանալու համար՝ ինչ խնդիրներ կան Սյունիքի գյուղերում, որ խնդիրներն են առաջնահերթ իշխանության համար։
Այլընտրանքային ճանապարհների կառուցման մասին
«Սյունիքի մարզում չկա բնակավայր, որը շրջափակման մեջ հայտնված կամ կենսապահովման պայմանների հասանելիությունից կտրված լինի»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի հայտարարությունը հաստատել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Այո՛, չկա։ Ե՛վ Որոտանը, և՛ Շուռնուխը, և՛ Բարձրավանը ճանապարհներ ունեն։ Գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված։ Առաջիկա 2-3 օրվա ընթացքում, երբ Գեղանուշ-Ճակատեն հատվածը կխճապատենք, արդեն ավելի մատչելի կդառնան»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում նոյեմբերի 15-ին, ժամը 00։00-ից ադրբեջանական կողմն անցակետ կտեղադրի սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը կառավարության անդամներին ներկայացրել է նաև մանրամասներ Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցման ընթացքի վերաբերյալ։
Սանոսյանի խոսքով՝ Տաթև–Աղվանի ճանապարհին երկշերտ ասֆալտապատում է արված, երրորդ շերտը կտեղադրվի գարնանը։ Քաշունի-Բարձրավան, Տանձավեր-Շուռնուխ, Որոտան-Խոտ ճանապարհների կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։
«Նույն Շուռնուխ գյուղը, որը մենք հաճախ նշում ենք, առնվազն 2 ճանապարհ ունի. մեկը` Խոտ–Որոտան–Շուռնուխ ճանապարհն է, որը գործում է, նորմալ է, երթևեկելի, մյուսը` Շուռնուխ–Բարձրավանը», — նշել է Սանոսյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ Գորիս-Կապանի այլընտրանք հանդիսացող ճանապարհի երկու` Կապան–Ճակատեն և Կապան-Գեղանուշ-Ճակատեն հատվածներում մի քանի օր է, ինչ հողային աշխատանք է տարվում, սկսել են նաև խճապատման աշխատանքները։
«2-3 օրվա ընթացքում խճապատումը կավարտենք, և ճանապարհն ավելի հեշտ ու անցանելի կլինի։ Զուգահեռ կկառուցենք Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որը կձգվի այսօր գործող ճանապարհին գրեթե զուգահեռ, և ավելի հեշտ ու մատչելի կլինի անցնելը», — նշել է նախարարը։
Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ շարունակվում է նաև Տաթև–Լծեն 19.9 կմ–անոց ճանապարհի շինարարությունը։ Նախագծման աշխատանքներն ավարտվել են։
Վարչապետ Փաշինյանը վստահեցրել է, որ ինչպես Տաթև-Լծենը, այնպես էլ միջհամայնքային ճանապարհները 2022 թ․-ին ասֆալտապատված կլինեն։
«Մեր պլանը հետևյալն է, որ այդ բոլոր ուղղություններով մենք օր առաջ ունենանք գոնե գրունտային ճանապարհ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար և բոլոր եղանակներին։ Այդ ճանապարհները կսպասարկվեն, իսկ շինարարության սեզոնի մեկնարկին մենք այդ բոլոր ճանապարհները կասֆալտապատենք», — տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։
Սյունիքի գյուղերին տրամադրվող աջակցության մասին
Կառավարության ղեկավարի խոսքով՝ 6 գյուղերի 250 ընտանիքներ ստանում են լրացուցիչ աջակցություն վառելիքի տեսքով․
«Ոչ թե նրա համար, որ այդ գյուղերը կտրված են, այլ նրա համար, որ լոգիստիկ որոշակի դժվարություններ կան»։
Ավելի վաղ Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի փակման հետևանքով դժվարության մեջ հայտնված գյուղերի խնդիրներին ամենօրյա ռեժիմով արձագանքում է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը․
«Նոյեմբերի 16–ին Ճակատեն-Ծավ հատվածի գյուղեր է ուղարկվել 3 տոննա բենզին ու 3 տոննա դիզելային վառելիք, այսօր՝ 2 տոննա բենզին ու 1 տոննա դիզելային վառելիք։ Այսօր շարժական մեքենայով նաև բնական գազ է առաքվել գյուղեր՝ ավտոմեքենաների լիցքավորման համար»։
Առաջին բուժօգնության հասանելիության մասին
Նախօրեին առողջապահության նախարարը տեղեկացրել էր, որ Կապանի ու Գորիսի բժշկական կենտրոններին տրամադրել և տրամադրելու են շտապօգնության հավելյալ ամենագնաց մեքենաներ։
Ստացվում է՝ Ճակատենի հատվածում մաքսակետի տեղադրումը միայն «լոգիստիկ» խնդիր չէ։
Բացի այն, որ գյուղերի բնակիչները 10 կմ-ի փոխարեն պետք է անցնեն 150 կմ ճանապարհ, առաջացել է նաև բուժօգնության հասանելիության խնդիր։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ խնդիրներն ուսումնասիրել են, պատրաստ են լուծել բնակիչների առողջությանը վերաբերող ցանկացած հարց։
Հիշեցնենք, որ խոսքը Սյունիքի մարզի Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ և Շիշկերտ գյուղերի մասին է։
Մարդու իրավունքների պաշտպանի ահազանգը
Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրման հետևանքների մասին նոյեմբերի 13-ին ահազանգել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Ըստ պաշտպանի՝ այդ մաքսակետն «ուղիղ ազդեցությամբ կապված է» Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ:
«Բացարձակ բացակայում են այդ իրավունքների պաշտպանության երաշխիքները՝ սկսած կյանքի իրավունքի սպառնալիքներից, մինչև ազատ տեղաշարժ: Առանց այն էլ մարդկանց իրավունքները ոտնահարված կամ սպառնալիքի տակ են», — գրել էր Թաթոյանը։
ՄԻՊ-ը մաքսակետի տեղադրումը որակել էր որպես Ադրբեջանի՝ բացարձակ անօրինական, ոչ մի հիմնավորում չունեցող արարք, ինչպես նաև տեղեկացրել, որ շարունակելու է միջազգային հատուկ զեկույցներով դա հիմնավորող փաստեր ներկայացնել։