Կալանավորված ռեփերներին ազատ են արձակել դատարանի դահլիճից
Վերաքննիչ դատարանը փոխել է թմրահանցագործության համար մեղադրվող Միշկա Մգալոբլիշվիլիի և Գիորգի Կեբուրիայի խափանման միջոցը՝ նրանց ազատելով համապատասխանաբար 50 և 20 հազար լարի գրավի դիմաց:
«Բիրժա Մաֆիա» ռեփ-դուետի անդամներ Միշկա Մգալոբլիշվիլին և Գիորգի Կեբուրիան կալանավորվել են հունիսի 7-ին առանձնակի խոշոր չափի թմրանյութերի ձեռք բերման և պահպանման մեղադրանքով: Ձերբակալվածներն իրենց մեղքը չէին ընդունում և որպես կալանքի պատճառ նշում տեսահոլովակը, որում ոստիկանի ծաղրապատկեր կա:
Մգալոբլիշվիլին և Կեբուրիան հայտարարել են, որ ձերբակալության ընթացքում ոստիկաններն իրենց վիրավորել են՝ ցինիկաբար հետաքրքրվելով, թե արդյոք իրենք են տեսահոլովակի հեղինակները (տեսահոլովակում ոստիկանական համազգեստով կերպար կա՝ վզին շան վզկապ, բերանին՝ ոսկոր):
Քաղաքային դատարանը հունիսի 9-ին դատապարտել էր «Բիրժա Մաֆիա» հիփ-հոփ նախագծի անդամներին երկամսյա նախնական կալանքի: Այսօր՝ հունիսի 12-ին, քաղաքային դատարանի այդ որոշումը փոխվել է ազատության դրամական գրավի դիմաց:
Սակայն դատարանի այդ որոշմանը նախորդել է մի քանի կարևոր փաստ:
Հունիսի 10-ին Ռուսթավելիի պողոտայում խորհրդարանի շենքի առջև «Սպիտակ աղմուկ» շարժումը ցույց էր կազմակերպել ի աջակցություն կալանավորված ռեփերների: Վրաստանում հաճախակի են դարձել նարկոքաղաքականության ազատականացման պահանջով ակցիաները, սակայն հունիսի 10-ի ակցիան առանձնակի բազմամարդ էր:
Ակցիայի մասնակիցները ռեփերների կալանքը գնահատել են որպես խոսքի ազատության խախտում և գրաքննության արտահայտում, նրանք կառավարությունից պահանջել են նաև փոփոխել հակամարդկային նարկոքաղաքականությունը:
Ակցիայի մեկնարկից որոշ ժամանակ անց Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի տղայի՝ Բերայի ֆեյսբուքյան էջում գրառում հայտնվեց, որում Բերան, որն ինքն էլ է ռեփեր, համերաշխություն հայտնեց կալանավորվածներին: Իվանիշվիլին երկրում ահռելի ազդեցություն է պահպանել, և նրան այսօր համարում են Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավար, այդ պատճառով էլ Բերայի գրառումը հանրությունն ընկալեց որպես նշան, որ իրավապահները փոխելու են իրենց դիրքորոշումը կալանավորված դուետի հանդեպ:
Բերայի գրառմանը նախորդել էր փոխվարչապետ Կախա Կալաձեի տեսաուղերձը, որում նա հայտարարել էր, որ նարկոքաղաքականությունն իրոք պետք է փոխել, և իշխանությունները պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ:
Մինչ այդ նույն բանի մասին իր արտակարգ հայտարարութունում ասել էր վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, որը «ռեփերների գործին» արձագանքել է ակցիայի օրը: Նա հայտարարել է, որ նարկոքաղաքականությունը Վրաստանում իրոք շատ խիստ է, և կոչ է արել խորհրդարանին արագացված ռեժիմով զբաղվել օրենդրությունում փոփոխություններ մտցնելով: Իրադարձությունների նման զարգացումն արմատապես փոխել է պատկերը. դատախազությունը, որը 2 ամսվա կալանք էր պահանջում, համաձայնել է մեղադրյալներին գրավով ազատ արձակել: Դատախազության ներկայացուցիչներն իրենց դիրքորոշման փոփոխությունը բացատրել են նրանով, որ կալանավորվածները համաձայնել են համագործակցել քննության հետ: Վերաքննիչ դատարանը համաձայնել է դրան:
Երիտասարդ կալանավորվածներին ազատ են արձակել, չնայած որ «ռեփերների գործը» բազմաթիվ հարցեր է առաջացրել և վեր հանել բազմաթիվ խնդիրներ երկրում և իշխանությունում: Այդպես են կարծում քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ:
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ոչ կառավարական կազմակերպության հայտարարությունում «Բիրժա մաֆիա» դուետի կալանքի փաստի առթիվ ասվում է, որ «սա ևս մեկ ապացույց է Վրաստանի իրավական և դատական համակարգում առկա համակարգային խնդիրների մասին, իսկ ռեպրեսիվ նարկոքաղաքականությունը զգալիորեն նպաստում է խնդիրների խորացմանը»:
Հայտարարությունում ասվում է նաև, որ «փաստաթղթային հաստատում է հայտնվել այն բանի, որ Միխայիլ Մգալոբլիշվիլիի և Գիորգի Կեբուրիայի կալանքը «գաղտնի նպատակ» է հետապնդել՝ պատժել ոստիկանության հասցեին քննադատություն պարունակող տեսանյութի տարածման համար»:
Դատախազությունը, հարցաքննելով «Բիրժա մաֆիա» դուետի անդամներին, ոստիկանների իրավասությունները գերազանցելու և ապացույցները կեղծելու փաստի առթիվ հետաքննություն է սկսել:
Սակայն «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում» հայտարարում են, որ ոստիկանների դեմ պետք է քրեական գործ հարուցել ՔՕ 144-3 հոդվածով, որը պատիժ է նախատեսում մարդկանց հանդեպ նվաստացուցիչ և անմարդկային վերաբերմունքի համար:
«Ռեփերների գործն» արդեն որերորդ օրն է, վրացական Ֆեյսբուքի համար մեկ քննարկման թեման է:
Օգտատերերի մի մասը կարծում է, որ նարկոքաղաքականության ազատականացումն անհրաժեշտ է, և ոչ ոքի չի կարելի հետապնդել թմրանյութերի ձեռք բերման և պահպանման համար, չնայած «ռեփերների գործում» նարկոքաղաքականության համատեքստը երկրորդական բնույթ է կրում, իսկ գլխավոր խնդիրն ինքնաարտահայտվելու ազատության խախտումն է, ոստիկանական ամենաթողությունը, անկախ և արդար դատարանի բացակայությունը, Իվանիշվիլիի ընտանիքի ազդակը, որին հետևեց երկրի ողջ իշխանությունը:
Հասարակության մի մասի մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ նարկոքաղաքականության ազատականացման մասին խոսակցություններով իշխանությունները փորձում են շեղել ուշադրությունն այդ կարևոր խնդիրներից: Ենթադրություն է նաև արտահայտվում այն մասին, որ փոխվարչապետ Կալաձեի տեսաուղերձը ոչ այլ ինչ է, քան նախընտրական քայլ (Կախա Կալաձեն ենթադրաբար կառաջադրվի «Վրացական երազանքի» կողմից որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանում կկայանան աշնանը — JAMnews):