«Ծիծաղելի կլիներ, եթե պատերազմն ավարտված լիներ»․ հայաստանցիները «Տոլմայի օրագրեր» կատակերգական սերիալի մասին
«Տոլմայի օրագրեր»/ Dolma Diaries Հայաստանում
Dolma diaries կամ «Տոլմայի օրագրեր» (տեսանյութը կարող եք դիտել այս հոդվածի վերջում) վեբ-սերիալը նախաձեռնել են Հարավային Կովկասի և Գերմանիայի մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ և մեդիա արտադրողներ։ Նրանց նպատակն էր արտահայտել իրենց բացասական վերաբերմունքը տարածաշրջանում ստեղծված թշնամու կերպարներին, հատկապես Ղարաբաղյան հակամարտության համատեքստում։
Հեղինակները դրա համար ընտրել են հորինված պատմությունների և հեռուստատեսային հումորի տարբերակը։
Դեռևս նկարահանված է ֆիլմի առաջին էպիզոդը։ Այն պատմում է համատեղ վարձակալած բնակարանում ապրող հայ, ադրբեջանցի և վրացի երիտասարդների մասին, որոնք եկել են Գերմանիա սովորելու և ստացել կրթաթոշակ, որի պարտադիր պայմաններից մեկը «հակառակ կողմի հետ համակեցությունն է»։ Ինչպես ծագեց մտահղացումը, ինչպես նկարահանվեց առաջին մասը՝ ստորև․
Հեղինակներն ասում են, որ չեն սահմանափակել մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը, քանի որ այդպիսով կարելի է ծանոթանալ հանրային կարծիքի հետ, և դա կարող է ուղենիշ լինել ֆիլմի հետագա էպիզոդների ստեղծման ժամանակ։
Հատկանշական է, որ ավելի քան չորս հարյուր մեկնաբանություններում գրեթե չկա բացասական երանգավորում, դրանք հիմնականում ֆիլմի դրական ազդեցության, հումորի ու ֆիլմի միջոցով խաղաղասիրական գաղափարների տարածման մասին են։
Այս հոդվածը «Տոլմայի օրագրեր»-ի առաջին, պիլոտային մասի երևանյան ցուցադրությունից հետո տեղի ունեցած քննարկման ամփոփումն է։
Քննարկումը, սակայն, մեկնարկեց ֆիլմի դիտումից առաջ։ Կռվախնձորը «դոլմա» բառն էր, որն ըստ քննարկման մասնակիցների, թուրքական է, նշանակում է լցոնած, և որևէ աղերս չունի հայերեն «տոլմա» բառի հետ, որը նշանակում է խաղողի տերև։
Բառընտրության հետ կապված առաջին փոքրիկ ճակատամարտից հետո սկսվեց բուն քննարկումը։
Կարծրատիպերը չափազանցված են
27-ամյա կրթության կառավարիչ Քնարիկ Բաղդասարյանն ասում է, որ ֆիլմում ներկայացված կարծրատիպերը՝ հայ, ադրբեջանցի և վրացի երիտասարդների վերաբերյալ, խիստ չափազանցված են․
«Հայազգի Արմենը, որ Գերմանիա է գնացել սովորելու, ասում է, որ շատ է սիրում իր հայրենիքը, սակայն Եվրոպայում իրեն առավել ազատ է զգում, քանի որ կարող է հանդիպել իրեն դուր եկած աղջիկների հետ, ոչ թե «հոր մտերիմ ընկերոջ դստեր»։ Հայաստանում անազատության վերաբերյալ նման պատկերը ոչ միայն շատ հին է, այլև որևէ կերպ չի արտացոլում իրականությունը։
Բնականաբար, խոսքը հումորային սերիալի մասին է, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դրա թիրախային լսարանը եվրոպացիներն են, ովքեր նաև այսկերպ են թյուր պատկերացում կազմում կովկասյան ժողովուրդների և նրանց արժեհամակարգի վերաբերյալ»։
Լավ հումոր
Միևնույն ժամանակ, ըստ Քնարիկի, ֆիլմում շատ լավ են ներկայացված բոլոր այն կարծրատիպերը, որ ունեն կովկասյան ժողովուրդները՝ միմյանց նկատմամբ․
«Ֆիլմը, եթե դիտարկենք հումորի տեսանկյունից, շատ հաջողված է, և հատկապես լավ է ներկայացնում միմյանց նկատմամբ մեր ունեցած պատկերացումները, երեք ժողովուրդների շրջանում առկա նարատիվները, որոնք չգիտես որտեղ և ինչպես են ստեղծվել։ Երբ մարդու մասին պատկերացում կազմելիս առաջին և միակ որոշիչ գործոնը դառնում է նրա ազգությունը։ Կարծում եմ՝ միմյանց վերաբերյալ այս կիսատ, անհամարժեք պատկերացումները մեծապես խանգարում են տարածաշրջանում երկխոսության հնարավորությունների ձևավորմանը»,– ասում է Քնարիկ Բաղդասարյանը։
Ոչ պատշաճ հումոր
33–ամյա կենսաբան Սարիբեկ Միրզոյանը 44–օրյա պատերազմի մասնակից է, ծնունդով Հադրութից։ Կարծում է, որ ֆիլմն ամբողջությամբ աղավաղում է իրականությունն ու երկու ժողովուրդների համար ամենացավոտ հարցը փորձում ներկայացնել հումորի միջոցով․
«Մինչդեռ ինձ նման մարդկանց համար, ովքեր այս կոնֆլիկտի պատճառով կորցրել են տուն, հայրենիք ու բազմաթիվ հարազատներ, ուղղակի անհնար է դիտել մեր ցավը «հումորի» վերածելու այս փորձը։ Գուցե մարդկանց համար, ովքեր թեև հայ են ազգությամբ, բայց չունեն զգայական, ֆիզիկական կապեր հայրենիքի հետ, դա հնարավոր է, բայց ոչ ինձ և իմ նման հազարավորների»,– ասում է Սարիբեկը։
25–ամյա սոցիալական աշխատող Էլինա Արիստակեսյանն ասում է, որ այս ֆիլմը հաճույքով կնայեր, եթե այն անդրադառնար աշխարհում առկա որևէ այլ կոնֆլիկտի․
«Մեզ համար, շարունակվող պատերազմից, հազարավոր զոհերից հետո անասելի բարդ է դիտարկել այս չափազանց ցավոտ հարցերը՝ ինչպիսին, օրինակ, սահմանազատումների հարցն է, հումորի համատեքստում։ Կարծում եմ՝ այս տեսակի հարցերի պարզունակացումը շատ վտանգավոր է։ Երկու երկրների միջև իրական ժամանակում իրականացվող սահմանազատումների, սահմանային միջադեպերի, մարդկանց՝ իրենց տները կորցնելու համատեքստում հնարավոր չէ հումորով դիտել դրվագը, որտեղ հայ և ադրբեջանցի տղաները կիսում են բազմոցը։
Հայ երիտասարդը նախ պնդում է, որ չի զիջելու ոչ մի սանտիմետր, այն անվանելով իր «պատմական հայրենիքը», ապա որոշում տեղի տալ և «հավասար» բաժանել «վիճելի տարածքը»»,– ասում է Էլինան։
Լավ է ներկայացված կովկասցիների կենտրոնացվածությունը իրենց հին պատմության վրա։
«Ֆիլմում շատ լավ ներկայացված է, ըստ իս, հայ–ադրբեջանական կոնֆլիկտի հետ կապված հիմնական խնդիրներից մեկը, թե ինչու այն հասկանալի չի դառնում միջին վիճակագրական եվրոպացու համար։ Քրիստոսից առաջ 6–րդ հազարամյակից սկսած անհասկանալի պատմություններ պատմելով՝ մենք այն միֆականացնում և չափազանց պատմական ենք դարձնում տարածաշրջանում չապրող և դրա հետ ամեն օր չառերեսվող մարդկանց համար։
Մինչդեռ շատ կարևոր է բացատրել, որ սա ոչ թե պատմական, այլ քաղաքական կոնֆլիկտ է, որն այս պահին ընթանում է։ Կարծում եմ՝ մենք ինքներս պետք է փոխենք մեր վերաբերմունքը պատմության նկատմամբ, այլապես անընդհատ նույն տեղում կդոփենք»,– ասում է 31–ամյա պատմաբան Նարեկ Հակոբյանը։
Ըստ նրա՝ ֆիլմը առավել արժեքավոր կլիներ, եթե դրա հիմքում ընկած լիներ արդեն իսկ լուծված քաղաքական կոնֆլիկտը, որից հետո ժողովուրդները կարիք կունենային սովորելու ապրել միմյանց հետ, սակայն ֆիլմը ստեղծողները հակառակ կողմից են փորձել գալ, ինչը «ևս մեկ ապարդյուն փորձ է դառնալու՝ մեկնարկային կետ չունեցող երկխոսության համար»։
«Համակեցությունը ֆիլմերում հնարավոր է, կյանքում՝ ոչ»
43–ամյա մանկավարժ Գայանե Մանուկյանը կարծում է՝ հնարավոր հաշտեցումը կամ համակեցությունը, որի մասին խոսվում է ֆիլմում հնարավոր չէ, առնվազն այս պահին.
«Կարծում եմ՝ համակեցությունը հնարավոր է ցանկացած այլ վայրում, բայց ոչ մեր երկրներից։ Խորհրդային Միության տարիներին 70 տարի փորձեր էին կատարվում հաշտության եզրեր գտնել երկու ժողովուրդների միջև, սակայն միևնույն է, փորձը ցույց է տալիս, որ դա հնարավոր չէ, եթե հիմքում չլուծված կոնֆլիկտ կա։
Անհատական մակարդակում, իհարկե, համակեցությունը և անգամ բարեկամությունը հնարավոր է, և դա կա, բազմաթիվ են այդ մասին վկայությունները, սակայն ինձ համար ակնհայտ է, որ քանի դեռ կոնֆլիկտը լուծված չէ քաղաքական մակարդակում, այն միշտ վտանգելու է մարդկանց կյանքերը, անգամ նրանց, ովքեր իրար բարեկամ են համարում»,– ասում է Գայանե Մանուկյանը։
«Տոլմայի օրագրեր»/ Dolma Diaries Հայաստանում