Դրամական խրախուսում՝ ըստ գրանցած արդյունքի․ փորձնական ծրագիր ՀՀ պետական մարմիններում
Խրախուսման համակարգ ՀՀ պետական մարմիններում
Հայաստանում պետական կառավարման մարմինների աշխատակիցներին կխրախուսեն՝ ըստ կատարողականի գնահատման, այն է՝ աշխատանքի արդյունքի։ Խրախուսման ծրագիրը տարածվելու է վարչապետի աշխատակազմի, ինչպես նաև 12 նախարարությունների և 3 կոմիտեների վրա։
Ծրագիրը փորձնական է, իրականացվելու է մինչև 2026 թ․-ի ավարտը։ Այսօրվա նիստում կառավարությունը 2025 թ.-ի պետական բյուջեից շուրջ 3.6 մլրդ դրամ հատկացրեց այս նպատակին։ Ֆինանսական միջոցներն ուղղվելու են այս տարվա առաջին կիսամյակի խրախուսման ֆոնդին, քանի որ պետական կառավարման մարմիններն արդեն իսկ գնահատվել են այդ ժամանակահատվածի համար։
Գործադիրն ակնկալում է, որ ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա պետական կառավարման համակարգի արդյունավետությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ այս որոշմամբ լուծվում է ինստիտուցիոնալ խնդիր։
«Պետք է ավելանա պետական մարմինների պրոֆեսիոնալիզմը, հասանելիությունը, իմացությունը, էներգիան և այդ մարմիններում աշխատելու գրավչությունը։ Սա մի հարց է, որն այսօր մենք լուծում ենք»,- հայտարարել է վարչապետը։
- «Որոշել ենք դուրս գալ «գրպանից» և լինել անկախ պետություն». Փաշինյան
- «Մեռելածին գործընթաց»․ իշխող ուժը մերժեց Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը
- Փաշինյանը ՀՀ-ում ամենավստահելի գործիչն է, բայց նվազած վարկանիշով․ IRI-ի հարցման արդյունքները
Ինչպե՞ս է իրականացվելու կատարողականի գնահատումն ու աշխատակիցների խրախուսումը
Պետական կառավարման մարմինների կողմից կատարողականի գնահատում իրականացնելու համար սահմանված առաջնահերթությունների արդյունքային ցուցանիշները համեմատվելու են գրանցված առաջընթացի հետ։ Այդ մասին համապատասպան հաշվետվություն է ներկայացվելու վարչապետի աշխատակազմ։
Որոշման նախագծից տեղեկանում ենք, որ խրախուսման փորձնական ծրագրի թիրախը պետական մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներն են, բայց ոչ միայն նրանք․
«Տվյալ մարմնի խրախուսման ֆոնդից պարգևատրման մինչև 20 տոկոսը կարող է բաշխվել ղեկավար պաշտոն չզբաղեցնող անձնակազմի միջև»։
Յուրաքանչյուր մարմնի խրախուսման ֆոնդը որոշվելու է՝ ըստ հատուկ բանաձևի։ Հաշվի են առնվելու մի շարք ցուցանիշներ, այդ թվում՝
- յուրաքանչյուր խմբի համար սահմանված նվազագույն պաշտոնային դրույքաչափը,
- յուրաքանչյուր պաշտոնային դրույքաչափի նկատմամբ պարգևավճարի հաշվարկման գործակիցը,
- հաշվետու ժամանակահատվածում կառավարման մարմնի գնահատման ցուցանիշը։
Պարգևավճարի հաշվարկման ամենաբարձր գործակիցը՝ 12 և ավելի, սահմանվել է կառավարության անդամի, մարմնի ղեկավարի և համադրելի պաշտոնների համար։
Այնուհետև գործակիցների պատկերը հետևյալն է՝
- մարմնի ղեկավարի տեղակալ, գլխավոր քարտուղար և համադրելի պաշտոններ- 8,5-12,
- վարչության պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ, մարմնի ղեկավարի խորհրդական և համադրելի պաշտոններ-7-8,5,
- վարչության պետի տեղակալ, բաժնի պետ, մարմնի ղեկավարի օգնական և համադրելի պաշտոններ 3,21-7։
Փաշինյան․ «Մեր աշխատանքի մեջ բազմաթիվ թերություններ կան, բայց ․․․»
«Մեր աշխատանքի մեջ կան բազմաթիվ թերություններ, բայց երբ մենք այդ թերությունների հետևից գնում ենք, տեսնում ենք, որ դրանց մի զգալի մասը կախված է նաև այն իրավիճակից, որ մենք ներդրումներ չենք անում կառավարման որակի բարելավման, պետական մարմիններում աշխատանքն առավել գրավիչ դարձնելու և աշխատանքի լրացուցիչ խթաններ և սոցիալական որոշակի երաշխիքներ ներդնելու ուղղությամբ»,- արձանագրել է կառավարության ղեկավարը։
Փաշինյանի համոզմամբ՝ նման որոշումներով պետք է վերացվի ՀՀ զարգացման ճանապարհի խոչընդոտներից մեկը․
«Դա այն է, որ պետական մարմիններում աշխատանքը պետք է գնալով ավելի ու ավելի գրավիչ ու մրցունակ լինի մասնավոր հատվածի հետ [համեմատ]։ Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, իսկ մարդը՝ պետությանը»,- նկատել է նա:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Խրախուսման համակարգ ՀՀ պետական մարմիններում