Խստացվում է վերահսկողությունը հայկական բանակում․ փորձ խուսափել խաղաղ պայմաններում զինվորականների մահվան դեպքերից
Հայկական բանակում վերահսկողությունն ուժեղացվել է։ Սա 2020 թ–ի առաջին երկու ամսում Հայաստանի Զինված ուժերում խաղաղ պայմաններում 13 զինծառայողների մահվան դեպքերի հանրային կոշտ արձագանքի հետևանքն է։ Զինվորականների մահվան մասին տեղեկությունները ծայրահող վրդովմունք էինք առաջացրել երկրի բնակիչների և իրավապաշտպանների շրջանում։
Առանձնակի զայրույթ էր առաջացրում այն, որ ամեն հերթական դեպքի մասին տեղեկատվությունը մատուցվում էր որպես չպարզված հանգամանքներում տեղի ունեցած ողբերգություն։
ԶՈՒ Գլխավոր շտաբից, ի պատասխան հասարակության արձագանքին, հայտարարություն էր ստացվել, որում հաղորդվում էին հետևյալ մանրամասները․
«…13 մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են»:
Սակայն իրավապաշտպանները պնդում են, որ զինծառայողների մահվան գործերի հետաքննությունը ոչ միշտ է լիարժեք ծավալով անցկացվում, երբեմն փորձ է կատարվում կոծկել մահվան պատճառները, թաքցնել իրական մեղավորներին։
• Հայկական բանակում զինորների մահվան պատճառների և այդ գործերի հետաքննության մասին
• Հայ զինվորականները կմասնակցեն ՆԱՏՕ–ի՝ Վրաստանում 2020 թ–ին կայանալիք զորավարժություններին
Միջադեպերի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ
Բանակում ողբերգական միջադեպերից հետո, նախևառաջ, կադրային փոփոխություններ տեղի ունեցան։ Պաշտոնանկ արվեց Ռազմական ոստիկանության պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը։
Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ շարունակում են ուսումնասիրել հրամանատարական կազմի աշխատանքում առկա սխալները։
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը մարտի 3–ին հայտարարել է, որ ստուգումներ են անցկացվում զորամասերում, իրավիճակը խստորեն վերահսկվում է, «կատարվում են վարչապետի հանձնարարականները»։
Վարչապետը, մասնավորապես, պահանջել էր լուծել քրեական ենթամշակույթի հետ կապված խնդիրներն ու բարձրացնել կարգապահության մակարդակը։
«Ավելի խիստ վերահսկողություն է իրականացվում։ Երեկ մենք հայտարարություն ենք տարածել արգելված առարկաների, օրինակ, սմարթֆոնների առգրավման վերաբերյալ», — հայտարարել է Բալայանը։
Նրա խոսքով՝ սմարթֆոններն արգելված են միջանձնային կոնֆլիկտների պատճառով, ինչպես նաև անձնական կազմի անվտանգության ապահովման նպատակով։
Մանրակրկիտ ստուգվում են զինվորականներին ուղարկվող ծանրոցները։ Մասնավորապես, արգելվում է զինվորներին ալկոհոլ ուղարկել։
«Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող է կատարվել, երբ երիտասարդներն ալկոհոլի ազդեցության տակ են մի վայրում, որտեղ զենք կա», — ասում է պաշտպանության փոխնախարարը։
Ընդ որում, Բալայանը համաձայն չէ բանակի և սպայական կազմի հասցեին վերջին շրջանում հնչող բացասական գնահատականների հետ․
«Ես չեմ ասում, որ թերություններ չունենք։ Սակայն պետք չէ հանրությանը ներկայացնել, թե բանակը, զինծառայողները, սպաները, գեներալները վատն են, իսկ մյուսները՝ լավը։ Հավատացեք, մեր շատ քաղաքացիներ այդ գեներալներից սովորելու բան ունեն»։