«Պայքար իշխանությա՞ն, թե՞ Արցախի համար»․ «Հայաքվեի» նախագիծը մերժվեց
Խորհրդարանը մերժեց «Հայաքվեի» նախագիծը
Հայաստանի խորհրդարանն այսօր 26 կողմ, 57 դեմ ձայների հարաբերակցությամբ դեմ քվեարկեց «Հայաքվե» նախաձեռնության ներկայացրած օրինագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելուն։ Միայն ընդդիմադիրներն էին կողմ այն քննարկել։ Նախօրեին նախագիծն արժանացել էր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի բացասական եզրակացությանը։
Քաղաքացիական նախաձեռնության հեղինակներն առաջարկել էին լրացում կատարել Քրեական օրենսգրքում՝ 10-15 տարվա ազատազրկում սահմանելով ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար։
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը չի կարծում, թե նախագիծն ուղղակիորեն կապված է Արցախի ապագայի հետ։ Տեղի ունեցող գործընթացը բնութագրում է որպես «ներքաղաքական պայքարի հերթական դրվագ»։
Իշխող ուժի և ընդդիմության կարծիքները, մեկնաբանություն
Նախապատմություն
«Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքը մեկնարկել էր 2023 թ․-ի հունիսի վերջին։ Սահմանադրության համաձայն՝ հարցը Ազգային ժողովի օրակարգ մտցնելու համար անհրաժեշտ էր հավաքել 50 հազար քաղաքացիների ստորագրություն։ Նախաձեռնությանն աջակցել էին 58 հազար ՀՀ քաղաքացիներ։
Հարցը հասավ խորհրդարան, սակայն ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ, նստաշրջանի ընթացքում քննարկման չդրվեց։
Խորհրդարանի հաստատմանը չարժանացած նախագիծը կարող է նաև հանրաքվեի դրվել։ Դրա համար անհրաժեշտ է անհամեմատ ավելի շատ՝ 300 հազար անձի ստորագրություն։ Նախաձեռնող խմբի անդամները դեռ չեն հստակեցրել՝ գնալո՞ւ են այդ ճանապարհով, թե՞ ոչ։
«Իշխանությունն արհամարհեց 58 հազար քաղաքացիների ներկայացրած օրինագիծը»
Նիստի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նրա կարծիքով՝ իշխող թիմն իր դիրքորոշմամբ հաստատեց, որ «տեր չէ իր նախընտրական խոստումներին»։
«ՔՊ-ն [իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը] նաև ուզում է ուղերձ փոխանցել՝ «մոռացեք՝ ինչ ենք խոստացել, ինչ ենք ասել, անում ենք այն, ինչ մեզ պետք է սեփական աթոռները պահելու համար»,- հայտարարել է նա։
Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ եթե լիներ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնելու միտում, ապա ՔՊ-ն կհամաձայներ առաջին ընթերցմամբ քննարկել օրինագիծը, իսկ հետո հնարավորություն տալ այն լավարկելու։
Ազգային ժողովում իշխող ուժի նախընտրական ծրագրի դրույթներն է հիշեցրել նաև «Հայաքվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ իշխող թիմը 2021 թ․-ի արտահերթ ընտրությունների ժամանակ խոստացել է երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը, խոսել ինքնորոշման իրավունքի հիման վրա խնդրի կարգավորման մասին, այնինչ իրականացրել է ճիշտ հակառակը։ Պետրոսյանի բնորոշմամբ՝ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ «իշխանության յուրացում»։
Շեշտում է՝ քաղաքացիներն իրենց ձայնը չէին տա իշխող ուժին, եթե նրանց ծրագրում գրված լիներ, որ «Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս, ՀՀ-ն չի պաշտպանելու Արցախի ժողովրդին, երբ Ադրբեջանը նրա դեմ ցեղասպան պատերազմ սանձազերծի», բացի այդ՝ քննարկվելու են, այսպես կոչված, անկլավների և Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցերը։
Նախաձեռնության հեղինակներն ու խորհրդարանական ընդդիմությունը պնդել են, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նախագիծը մերժում է «առանց որևէ իրավական փաստարկի»։ Վստահեցրել են, որ այն պաշտպանում է երկրի Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը։
«Նախագիծը լրամշակելու հիմք չկար»
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդգծում է՝ չի կարելի ասել, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել առանց բովանդակային քննարկման։ Հիշեցնում է՝ նախօրեին հարցի քննարկմանը տրամադրվել է ավելի քան 7 ժամ։
Նրա փոխանցմամբ՝ եթե հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել, ապա լրամշակման հիմք չկա։ Դա հնարավոր կլիներ, եթե հանձնաժողովն ընդունած լիներ նախաձեռնող կողմի գրավոր առաջարկությունները։ Նման բան, սակայն, տեղի չի ունեցել։
Ներկայացված նախագծում Վարդանյանը «իրավական որոշակիության տեսանկյունից» խնդիրներ է տեսնում։ Բացի այդ, նշում է, որ օրինակ՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը վերաբերող դրույթներ արդեն իսկ կան երկրի քրեական օրենսդրության մեջ։
«Թե իրավական որոշակիության տեսանկյունից, թե քրեական օրենսդրության տրամաբանության՝ այդ հոդվածը չէր կարող տեղ գտնել Քրեական օրենսգրքի նշված գլխում»,- պարզաբանել է նա։
Ի՞նչ օգուտ էր տալու այս փոփոխությունը
Իշխող ուժի պատգամավորները փորձել են ընդդիմությունից ստանալ այս հարցի պատասխանը՝ նշելով, որ ներկայիս իրավիճակում այն «ստեղծելու էր բազմաթիվ խնդիրներ»։
«Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Արծվիկ Մինասյանն օրինագծի բերած օգուտներին և ռիսկերին ուղղակիորեն չի անդրադարձել, նշել է միայն, որ նախագծի ընդունման անհրաժեշտության «հիմնավորումները բազմաթիվ են»։
«Նախագիծը կարևոր է Հայաստանի անվտանգության ապահովման, Արցախի սուբյեկտայնության հաստատման, ինչպես նաև հայ ժողովրդի միասնականության ապահովման, միջազգային հանրությանը ճիշտ ուղերձներ փոխանցելու, արցախյան հիմնախնդիրը փակված չհամարելու առումով»,- շեշտել է Մինասյանը։
Մեկնաբանություն
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ նախաձեռնության հեղինակների հիմնական նպատակը օրինագծի ընդունումը չէր։ Azg.am-ի հետ զրույցում նա նշել է, որ այս ամենն արվում է քաղաքական նպատակներով, որպեսզի հասարակությունը տեսնի, որ «իշխանությունները դավաճանում են ազգային-պետական շահերը, և պետք է օր առաջ ազատվել նրանցից»։
«Անգամ հայաթափվելուց հետո Արցախը դառնում է ներքաղաքական պայքարի, հանուն իշխանության պայքարի հիմնական պատրվակ, ընդամենը պատրվակ»,- հայտարարել է նա։
Վերլուծաբանի խոսքով՝ իրականում քաղաքական ուժերը հետապնդում են շատ ավելի պրագմատիկ նպատակներ, մասնավորապես՝ հասնել իշխանության։ Կարծում է՝ Հայաստանի իշխանությունները նույնպես հասկանում են դա, քանի որ դրանից որևէ կերպ խուսափել չեն կարող, իրականացնում են «ոչ այնքան բովանդակային» քննարկում։
Բաղդասարյանի դիտարկմամբ՝ Պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստում էլ իշխող ուժը հերթական անգամ փորձեց ցույց տալ, որ «նախկիններն են մեղավոր՝ սկսած 1991 թվականից»․
«Մինչդեռ ավելի լուրջ կլիներ, եթե քննարկվեր շատ ավելի առարկայական հարց՝ արդյոք այդ նախագծի ընդունումն օգնելո՞ւ է հետագայում արցախյան խնդիրն ինչ-որ կերպ՝ թեկուզ մասնակիորեն կարգավորելուն, թե՞ վնասելու է»։
Ըստ նրա՝ ապագային միտված քննարկումների փոխարեն ականատես ենք լինում «անցյալի համար միմյանց մեղադրելու» շուրջ բանավեճերի։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Խորհրդարանը մերժեց «Հայաքվեի» նախագիծը