«Շղթայված ու կապկպված»․ խոշտանգումներ Հայաստանի խնամքի կենտրոնում
Խոշտանգումներ Վարդենիսի տուն-ինտերնատում
Հայաստանում ապօրինություններ են արձանագրվել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում, հաստատություն, որտեղ խնամք է ստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 450 անձ։ Խոսքն այստեղ ապրող մարդկանց շահագործման, խոշտանգումների և նրանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին է։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, ընթանում է նախաքննություն։
Ի՞նչ են հայտնաբերել իրավապահները, նախարարության պարզաբանումը, նաև ոլորտի մասնագետների մեկնաբանությունները
«Ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված»․ իրավապահների բացահայտումը
Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենի իրականացրած մի շարք ապօրինությունների մասին փետրվարի 17-ին հայտնեց ոստիկանությունը։ Հաղորդագրությունում նշվում էր, որ հաստատության «տնօրենը բուժվողներին ենթարկում է խոշտանգման և հանձնարարում, որ նրանց չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդ»։
Ոստիկանության հայտնած տեղեկությունների համաձայն՝ տնօրենն իրականացրել է նաև այլ ապօրինություններ, մասնավորապես՝
- աշխատակիցների դրույքաչափերը բարձրացնելու համար միջնորդի միջոցով պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ,
- պաշտոնավարման տարիներին անփույթ վերաբերմունք է դրսևորել աշխատանքի նկատմամբ,
- որակավորում չունեցող աշխատողներին աշխատանքից չի ազատել:
«Փետրվարի 16-ին տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում՝ ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված հայտնաբերվել է պացիենտներից մեկը»,- հաղորդել էր ոստիկանությունը։
Ավելի ուշ քրեական վարույթի նախաձեռնման մասին հայտնեց Քննչական կոմիտեն՝ տեղեկացնելով, որ ձերբակալվել են տուն-ինտերնատի տնօրենն ու 3 աշխատակիցները, այդ թվում՝ հոգեբույժը։
Կոմիտեի փոխանցմամբ՝ կատարվել են մի շարք չարաշահումներ, այդ թվում՝
- խնամվողներին ամբողջությամբ չեն տրամադրվել օրվա հասանելիք ծխախոտը և սնունդը,
- օրվա ճաշացանկից մատուցվել է միայն առանց մսի ապուր և հաց,
- բաժանմունքի սանիտարների, ճաշարանի աշխատակիցների պարտականությունը հանդիսացող աշխատանքների մի մասը կատարել են պացիենտները,
- առանձին պացիենտներ էլ ՊՈԱԿ-ի տնօրենին կամ նրա ընտանիքին պատկանող անասնագոմում շարունակաբար կատարել են մաքրման աշխատանք:
«Պարզվել է, որ տուն-ինտերնատի բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին:
Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններից»։
«Ցանկացած ապօրինություն համարում ենք խստագույնս դատապարտելի»
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ Հենց այս գերատեսչության ենթակայությամբ է գործում Վարդենիսի տուն-ինտերնատը։ Վստահեցրել են՝ գործն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է․
«Նախարարությունն իր ենթակայությամբ գործող խնամքի որևէ հաստատությունում ցանկացած ապօրինություն, առավել ևս խոշտանգման հնարավոր դրսևորում, համարում է խստագույնս դատապարտելի»։
Պետական կառույցը տեղեկացրել է, որ տուն-ինտերնատը շարունակում է իր բնականոն գործունեությունը, խնամք ստացող բնակիչներին անհրաժեշտ ծառայությունների մատուցումն իրականացվում է անխոչընդոտ։ Հաղորդագրությունում նշվում է նաև, որ աշխատակցիները շարունակում են իրականացնել իրենց պարտականությունները՝ օրենքով սահմանված կարգով։
Նախարարությունից նաև հայտնել են, որ շարունակելու են «համագործակցել իրավապահների հետ՝ գործի հանգամանքները լիարժեք բացահայտելու ուղղությամբ»։
Մեկնաբանություններ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Մարիետա Թեմուրյանն ասում է՝ նման հաստատություններում վատ վերաբերմունքի բարձր ռիսկի մասին բարձրաձայնում են երկար տարիներ։ Դիտորդական գործունեություն իրականացնելիս նաև անձամբ են ականատես եղել բռնության դեպքերի։ Կարծում է՝ խնամվողների խոշտանգումները հնարավոր է դարձնում այն, որ հաստատությունները փակ բնույթի են։
«Որքան էլ վերահսկողություն լինի, ՄԻՊ-ը կամ դիտորդական խմբերն ունենան մանդատ այդ հաստատություններ այցելությունների, դրանք փակ են, և բոլոր դեպքերի մասին տեղեկացված լինելը բավականին բարդ է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թեմուրյանը։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի դիտարկմամբ՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց նկատմամբ բռնությունները տարածված են նաև հաստատություններից դուրս։ Բայց դրանց ներսում «ռիսկն ավելի բարձր է․ մարդիկ այդտեղ են գտնվում առանց իրենց համաձայնության»։
«Կա թյուր կարծիք, թե հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ հանցագործների թվում ամենամեծն են, վիճակագրությունը ցույց է տալիս, որ հակառակը, նրանք տուժողների մեջ են ամենամեծ թիվը կազմում»,- շեշտել է նա։
Ասում է՝ առանձին դեպքեր քննարկել, իհարկե, չեն կարող, քանի որ բավարար չափով ծանոթ չեն նախաքննության տվյալներին, բայց հավելում՝ իրավապահների հայտարարություններից պարզ է դառնում, որ խոսքն ինչպես խոշտանգումների, այնպես էլ շահագործման մասին է։
Մուշեղ Հովսեփյանի գնահատմամբ՝ այս պահին պետությունը չունի «որևէ քաղաքական փաստաթուղթ», որով կկարողանար իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես՝ հաստատություններում և անազատության մեջ գտնվողների իրավունքների պաշտպանությունը։
«Վերջին տարիներին քաղաքականությունների մասով հետընթաց կա։ Օրինակ՝ 2020 թ․-ին մշակվել էր Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2022-24 թթ․-ի ծրագիրը, որը չընդունվեց։ Մշակվել էր Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 5-ամյա համալիր ծրագիրը, որը ևս չընդունվեց»։
Հովսեփյանը վստահ է՝ կայացրած, ինչպես նաև չկայացրած որոշումների համար «պետք է կիրառվի նաև քաղաքական պատասխանատվություն»։
Ոլորտի մասնագետներն ասում են՝ խնամքի հաստատությունները հզորացնելու փոխարեն պետությունը պետք է համակարգային բարեփոխումներ իրականացնի՝ առաջնահերթությունը տալով ապաինստիտուցիոնալացմանը։ Ըստ այդմ՝ հաստատությունները պետք է փակվեն, իսկ այնտեղ խնամվողները պետք է ապրեն իրենց համայնքում՝ ստանալով անկախ կլյանքի համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները։
«Պետությունը պետք է ապահովի համապատասխան տեղ անձի բնակության համար, միանշանակ պետք է հաշվի առնի նրա կամքն ու նախասիրությունները, թե որտեղ, ում հետ և ինչ պայմաններում է ուզում բնակվել»,- նշում է Մարիետա Թեմուրյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Խոշտանգումներ Վարդենիսի տուն-ինտերնատում