Բլոգ. Խնդիրը սեփական ուժերով լուծեցին
Մի օր, մտերիմ ընկերներիցս մեկը խնդրեց օգնել իր զարմուհուն մանկապարտեզ ընդունելու հարցում: Այդ ժամանակ առաջին անգամ բախվեցի այդ խնդրին ու հասկացա, որ այնքան էլ հեշտ լուծվող հարց չէ: Ստեփանակերտում մանկապարտեզներ կան, բայց այնտեղ երեխային տեղավորելու մասին պետք է նախօրոք մտածել: Փոքրիկների թիվը տարեց տարի ավելանում է, ի ուրախություն մեզ, և նրանց բոլորին էլ զարգացման համար մանկապարտեզներ են պետք: Իհարկե, մանկապարտեզների ծառայության կարիքը նրանց ծնողներն էլ ունեն. նրանց էլ է ազատ ժամանակ հարկավոր, որպեսզի կարողանան սեփական գործերով զբաղվել:
Լենայի հետ արդեն մի քանի ամիս է, ինչ շփվում ենք համացանցում: Նրա ամուսնուն՝ ազգությամբ իռլանդացի Փոլին, անձամբ եմ ճանաչում: Փոլը, ի զարմանս ինձ, լավ է տիրապետում հայերենին: Հետո ես իմացա նրանց պատմությունը. մի ժամանակ երկուսն էլ որպես կամավոր աշխատել են Երևանում գործող մի հասարակական կազմակերպությունում, և, բնականաբար, Փոլը սիրահարվել էր գեղեցկուհի Լենային: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Նրանք ամուսնացել էին, երեխաներ ունեցել…
Գիտեի, որ Լենան մանկական խմբակ ուներ Ստեփանակերտում: Ցանկացա սեփական աչքերով տեսնել այն և նրանից թույլտվություն խնդրեցի այցելելու այդ «մանկապարտեզ»: Ստացա նրա համաձայնությունը, և երբ երեք օր առաջ նա Երևանից վերադարձավ, հանդիպեցինք:
Նշված ժամին հասա Ստեփանակերտի ծայրամասում գտնվող սեփական տան մոտ, որը Լենան վարձակալում է երեխաների իր խմբակի համար: Նայեցի շուրջս: Չորս կողմը գեղեցիկ բնություն է, լեռներ: Ցանկության դեպքում, կարելի է մոտ տասը րոպեում անտառում հայտնվել: Լենան եկավ իր որդու՝ փոքրիկ Դանիելի հետ …
Մտանք սենյակ ու սկսեցինք սպասել երեխաներին: Հայացքս պտտեցի սենյակում. պատերին մանկական վրձնին պատկանող նկարներ էին, զվարճալի պատկերներ, իսկ պահարանի դարակներին խաղալիքներ կային…
Մենք դեռ մոտ քսան րոպե ժամանակ ունեինք, և ես խնդրեցի նրան պատմել իր մասին, խոսել մանկական խմբակից: Ինձ ամեն ինչ հետաքրքրում էր:
«Ես Բաքվում եմ ծնվել: Մենք ապրում էինք Մոնտինո ավանում, ու չնայած ես փոքր էի, շատ լավ եմ հիշում մեր մանկապարտեզը: Մի անգամ մեզ զբոանքի էին տարել, և ես հպարտությամբ բոլոր երեխաներին հինգերորդ հարկում գտնվող մեր բնակարանն էի ցույց տալիս: Հիշում եմ `պարտեզում ինչ-որ տոնի ժամանակ «Մաշան ու արջը» ներկայացումն էին բեմադրել, և ինձ Մաշայի դերն էր բաժին հասել: Ամուսնանալուց հետո տեղափոխվեցինք Ղարաբաղ, որտեղ ապրեցինք չորս տարի, իսկ հետո վերադարձանք Հայաստան: Ստեփանակերտ տեղափոխվեցինք 2013 թվականին ու որոշեցինք անմիջապես երեխային մանկապարտեզ տանել: Միաժամանակ պրպտում էինք, փորձում հասկանալ, թե ինչով կարող ենք օգտակար լինել Ղարաբաղում: Մենք շրջեցինք բոլոր մանկապարտեզներով, բայց պարզվեց` ազատ տեղ չկար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք տեղացի չէինք, գրանցում էլ չունեինք:
Այս ամենը ստիպեց ինձ ինքնուրույն զբաղվել մեր երեխայով, որովհետև չէի ուզում, որ նա հետ մնար հասակակիցներից: Պարզվեց՝ ես միակը չէի, որ նման խնդրի էի բախվել. մանկապարտեզներում տեղ չկար, և հայտնվեցին ևս մի քանի ծնող, ովքեր ուզում էին, որ աշխատեմ նրանց երեխաների հետ: Հետո մարդիլկ մեր փոքրիկ խմբակի մասին սկսեցին իրարից տեղեկանալ, և ծնողները բերեցին իրենց փոքրիկներին: Մեր մանկապարտեզը, ինչպես այստեղ են ասում, արդեն հինգերորդ տարին է, ինչ գործում է: Բայց սա ամենևին էլ մանկապարտեզ չէ, այլ խմբակ, որտեղ աշխատում են երեխաների հետ: Խմբակում երեխաների առավելագույն թիվը տասն է, հիմնականում 2,5-ից մինչև 5 տարեկան են: Յուրաքանչյուր երեխային անհատական մոտեցում ենք ցուցաբերում, գիտենք նրա բնավորությունը և ինչ ընտանիքից է: Նրանց հետ հայերեն ենք խոսում, որպեսզի երբ սկսեն դպրոց հաճախել, մանկավարժներին հեշտ լինի նրանց հետ աշխատելը: Սակայն հայերենին զուգահեռ, մեր կամավորները նաև ռուսերենի և անգլերենի դասեր են վարում», — պատմեց ինձ Լենան:
Այդ պահին մի երիտասարդ կին ներս մտավ փոքրիկի հետ: Լենան ծանոթացրեց մեզ: Պարզվեց՝ կինը խմբակի դաստիարակչուհին էր՝ Արև Ապրեսովան: Այնուհետև սկսեցին ներս մտնել ծնողներն իրենց երեխաների հետ: Այդ օրը մառախլապատ եղանակ էր, անձրև էր գալիս: Լենան ասաց, որ այս եղանակին ոչ բոլոր ծնողներն են իրենց երեխաներին բերում: Իրականում այդպես էլ եղավ: Երեք երեխաներ այդ օրն իսկապես բացակայեցին…
Մինչ ծնողներն օգնում էին փոքրիկներին հանել կոշիկները, Լենան շարունակեց իր պատմությունը. «Մենք նաև ծանոթացնում ենք երեխաներին մեզ շրջապատող աշխարհի հետ, միասին եկեղեցի ենք գնում, գրադարան ու հացի փուռ, որպեսզի երեխաները տեսնեն, թե ինչպես է «ծնվում» հացը: Մենք պատկերավոր կերպով ներկայացնում ենք նրանց աշխարհը, որտեղ ապրում ենք: Լինում ենք գյուղերում, որտեղ երեխաները տեսնում են ընտանի կենդանիներին, թե ինչպես են նրանց պահում ու կերակրում, ինչպես են կովերին կթում: Բանն այն է, որ երբ խմբակը փոքր է, այդ ամենը հնարավոր է լինում կազմակերպել, բայց երբ մի խմբում 50-60 երեխա է լինում, դա անելը պարզապես անհնար է: Աշնանը մենք անտառ ենք գնում, տերևներ ենք հավաքում, զրուցում տարվա եղանակների մասին: Երբեմն ծնողներին զգուշացնում ենք, որ ռետինե ճտքավոր կոշիկներով բերեն երեխաներին. թող բակում կամ անտառում ցատկոտեն ջրափոսերով: Մեր խմբակ հաճախող երեխաների ծնողները հստակ տեսնում են, թե ինչպես են իրենց փոքրիկները զարգանում, և շատ գոհ են մեր աշխատանքից…»
Երեխաներն անմիջապես վազեցին իրենց սիրելի խաղալիքների մոտ ու սկսեցին խաղալ:
Բայց օրվա ռեժիմը պետք է պահպանել նույնիսկ այնտեղ, որտեղ երեխաներ կան…
Այնուհետև միացավ երաժշտությունը, և փոքրիկները ջանասիրաբար անցան առավոտյան մարզանքին Արևի ու Լենայի հետ. ակնհայտ էր, որ այդ ամենը նրանք մեծ սիրով էին անում: Մինչ Արևը շարունակում էր աշխատանքը երեխաների հետ, Լենայի հետ համեղ թեյ էինք վայելում ու շարունակում մեր զրույցը: Ինձ հետաքրքրում էր նրա մոտեցումը հակամարտության վերաբերյալ, և թե ինչպես էր այդ ամենն ազդում երեխաների հետ նրա աշխատանքի վրա:
«Հակամարտության վերաբերյալ կարծիքս աներկբա է. երկու կողմում էլ սովորական խաղաղ մարդիկ են ապրում, ովքեր տառապում են, իսկ այդպես չպետք է լինի: Մեր խմբակում չկան խաղալիք ատրճանակներ, ինքնաձիգներ, թրեր, և ընդհանրապես զենքի որևէ տեսակ: Մեզ համար նման խաղալիքները ողջունելի չեն: Անցյալ տարվա ապրիլին, երբ շփման գծում մարտական գործողություններ էին ընթանում, փոքրիկների ծնողների հետ համաձայնության եկանք, և անգամ ժամանակավորապես չփակեցինք մեր խմբակը, այլ շարունակեցինք աշխատել: Մենք օգնեցինք երեխաներին շեղվել քաղաքում տիրող լարվածությունից: Բացի այդ, ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրվանից մենք Մարտակերտից եկած մի ընտանիքի հյուրընկալեցինք, որը մեկ ամիս մեզ հետ ապրեց: Նրանց երկու երեխաները միացան մեր խմբակին, ինչը նրանց հնարավորություն տվեց արագորեն դուրս գալ սթրեսային իրավիճակից: Երբ ապրիլյան պատերազմը վերջացավ, երեխաների ծնողները երախտապարտ էին մեզ, որ կարողացանք օգնել նրանց փոքրիկներին առանց սթրեսի հաղթահարել այդ փորձությունը: Չնայած ինքս էլ եմ բազում փորձությունների միջով անցել, դեռ հույս ունեմ, որ մի օր այս ամենը կանհետանա մղձավանջի նման»,- հավելեց Լենան:
Նա նորից բաժակս թեյ լցրեց, ափսեի մեջ մի կտոր թխվածք դրեց ու մոտեցավ Արևին` հետճաշիկը մասին մի քանի բառ փոխանակելու: Հետո Լենան նստեց իմ առջև դրված աթոռին, և մենք շարունակեցինք զրույցը:
«Այստեղ մենք չենք պատմում երեխաներին պատերազմի ու թշնամիների մասին, ինչպես դա անում են այլ վայրերում. փորձում ենք երեխաներին խաղաղ ու բարեկամական ապագայի հույս ներշնչել: Փոքրիկների լսածը խորն է նստում նրանց գիտակցության մեջ, և շատ կարևոր է այն, թե ինչպես են մեծահասակներն արձագանքում դրան: Երբ երեխաներին հարցնում են, թե մեծանալով ինչ են ուզում դառնալ, հիմնականում նույն պատասխանն է լսվում. «Ուզում ենք զինվորական դառնալ, որ սպանենք թշնամուն»: Մենք ձգտում ենք սովորեցնել երեխաներին, որ զինվորականը բարեկամ ու պաշտպան է, ոչ թե մարդասպան, և որ խաղաղ ապրելը շատ ավելի լավ է …», — ամփոփեց Լենան:
Չնայած խմբակում երեխաների թիվը մեծ չէ, Արևը միայնակ դժվար թե կարողանար նրանց հետ աշխատել: Երբ այդ մասին հարցրի Լենային, նա պատասխանեց. «Մենք շատ կամավորներ ունենք: Մի օր, օրինակ, գալիս է մի երիտասարդ ուսանողուհի և առաջարկում իր օգնությունը, քանի որ այդ օրը երկու-երեք ժամ ազատ է լինելու: Արևը մասնագիտությամբ բանասեր է: Անցյալ տարի նրա տղան մեր խմբակ էր հաճախում: Այժմ էլ այստեղ երեխա ունի, ես մեկին էլ է մեծացնում: Արևն ասում է, որ իրեն դուր է գալիս մեր մոտեցումը երեխաների նկատմամբ և այն, թե ինչպես ենք նրանց հետ աշխատում, այդ պատճառով էլ առաջարկել էր իր օգնությունը:
Խմբակում նոր երեխաների ընդունելիս չենք հրաժարվում ֆիզիկական որոշակի խնդիրներ ունեցող կամ աուտիզմով ախտորոշված երեխաներից: Ես աուտիզմով տառապող երեխաների խնամքի դասընթացներ եմ անցել, նրանց հետ աշխատանքի տարբեր մեթոդներ եմ յուրացրել:
Մենք նրանց ավելի մեծ ուշադրություն ենք հատկացնում, և նման երեխաների ծնողները հանգիստ են լինում իրենց փոքրիկների համար: Ի դեպ, այդ երեխաների ծնողներն էլ են հաճախ որպես կամավոր իրենց օգնությունն առաջարկում:
Աշխատում ենք առավոտյան ժամը իննից մինչև մեկը: Յուրաքանչյուր երեխայի համար ամսական վճարը կազմում է 7000 դրամ ($1 – 478 դրամ): Որպես կանոն, այդ գումարով երեխաների հետճաշիկի համար սննդամթերք ու ձեռքի աշխատանքների համար տարբեր իրեր (մատիտներ, գուաշ, գունավոր թղթեր, պլաստիլին և այլն). ենք գնում: Այս իրերի մեծ մասը, որ տեսնում եք այստեղ (պահարանները, սեղանները և այլն), երեխաների ծնողներն են նվիրել: Նրանց դուր է գալիս, որ յուրաքանչյուր երեխային հատուկ ուշադրությամբ ենք վերաբերվում, կատարում ենք նրա բոլոր «քմահաճույքները»: Մեր երեխաներից մեկը նկարել է սիրում, և մենք ամբողջ խմբակով պատկերասրահ այցելեցինք: Պետք էր միայն տեսնել այդ երեխայի դեմքի արտահայտությունն այդ օրը: Մեկ այլ փոքրիկ շատ է սիրում հրշեջ մեքենաներ ու ասում է, որ երբ մեծանա `հրշեջ է դառնալու: Մենք պայմանավորվեցինք Արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարության հետ ու ողջ խմբակով գնացինք այնտեղ: Հրշեջները ցույց տվեցին երեխաներին հատուկ մեքենաները, ներկայացրին, թե ինչպես են վարվում տագնապի ժամանակ, ինչպես են հավաքվում, իջնում տանիքից… Փոքրիկները հիացած էին, և ոչ միայն փոքրիկները …»
Գրառմանս առաջին մասում նշեցի, որ ճանաչում եմ Լենայի ամուսնուն“ Փոլին, և ինձ հետաքրքրում էր `ինչպես էր նա վերաբերվում իր կնոջ ծավալած այս գործունեությանը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք այժմ Երևանում են բնակվում, և Լենան ստիպված է ամեն ամիս առնվազն մեկ անգամ մեկնել Ստեփանակերտ:
«Ամուսինս աջակցում է ինձ: Եթե նա չլիներ, ես չէի կարողանա այս ամենով զբաղվել: Այս պահին նա չի աշխատում, այլ մեր երեխային է հոգ տանում», — ժպտալով բացատրեց Լենան:
Լենայի հետ զրույցից նաև իմացա, որ հայերեն ու ռուսերեն լեզուներով հեքիաթների հետ միասին, խմբակում նաև մանկական Աստվածաշունչ են կարդում:
«Մենք քրիստոնեական պետություն ենք և ցանկանում ենք, որ երեխաների հոգևոր ներաշխարհն էլ զարգանա, որպեսզի նրանց հարազատ լինեն քրիստոնեական արժեքները…»:
Ահա այստեղ էլ ավարտում եմ գրառումս այն զարմանահրաշ մարդկանց մասին, ովքեր կարողացան երեխաներին պահելու խնդիրը սեփական ուժերով լուծել, ովքեր կամավոր հիմունքներով, անշահախնդրորեն օգնում են պահել ու դաստիարակել երեխաների փոքրիկ խումբը: Ուրախ եմ, որ երեխաները հուսալի ձեռքերում են հայտնվել: Մեծահասակները երեխաների հոգիներում բարության ծիլեր են սերմանում, պարկեշտության, հայրենիքի հանդեպ սիրո հետ միասին: Այս ամենը հարգանքի է արժանի։