Խմելու ջուր մատակարարող ընկերությունը Երևանի բնակիչներին պարտադրում է անհայտ ծագման պարտքեր վճարել
Երևանի բնակիչների մի մասը, ըստ խմելու ջուր մատակարարող «Վեոլիա Ջուր» ընկերության, պարտքեր ունի: Մարդիկ մշտապես վճարումները կատարել են և չեն հասկանում, թե ինչպես են գոյացել այդ պարտքերը: Հաշիվը վճարելու ժամանակ անակնկալի են եկել՝ պարտքերը ֆիքսված են իրենց վճարման կտրոնների վրա:
Փոստային բաժանմունքի աշխատակիցները, որոնք ընդունում են քաղաքացիների կոմունալ վճարումները, Lragir.am կայքին տեղեկացրել են, որ պարտք ունեն գրեթե բոլոր բաժանորդները:
Փոստային բաժանմունքում մարդկանց փորձում են բացատրել. պարտքերը կուտակվել են «Երևան ջուր» ընկերության հաշվին, որը նախկին սպասարկող ընկերությունն է: Իսկ 2017 թ.-ից խմելու ջրի մատակարարման օպերատորը «Վեոլիա Ջուր» ընկերությունն է, որը փոխարինում է «Երևան ջրին» և պահանջում վճարել պարտքերը:
Վճարում ընդունողները խորհուրդ են տալիս բաժանորդներին չշտապել վճարել, սպասել՝ մինչև պարզվի, թե սա ինչ գումարներ են: Բայց «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի բաժնի աշխատակից Մուրադ Սարգսյանը հայտարարել է, որ պարտքերը պարտադիր ենթակա են վճարման: Միայն թե չի ասել, ինչ է սպասվում այն բաժանորդներին, ովքեր այնուամենայնիվ չեն վճարի:
Մուրադ Սարգսյանն այսպես է բացատրել, թե ինչպես են գոյացել այդ պարտքերը.
«Վեոլիա Ջուր»-ն իր գործունեությունն սկսել է 2017 թ.-ի հունվարի 1-ից, իսկ դրանից առաջ եղել է «Երևան Ջուր» ընկերությունը: Նրանք աշխատել են ավելի էժան սակագնով՝ 170 դրամ, իսկ «Վեոլիա Ջուր»-ն ավելի թանկ գնով՝ 180 դրամ:
«Երևան Ջրի» տեսուչները չէին կարող 2016 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆիքսեին մեր 350 հազար բաժանորդների ջրաչափերի ցուցմունքները, նրանք սովորական այցելություններ են կատարել, բայց հաշվարկներն արել են 2016 թվականի վերջին այցից մինչև 2017 թ.-ի առաջին այցն ընկած ժամանակահատվածը: Դրա համար մենք 2017 թ.-ի ընթացքում համակարգչային ծրագիր ենք ստեղծել, բոլորի ջրաչափերի ցուցմունքները վերցրել ենք, հաշվարկել ու ստացել նման արդյունք»:
Բնակիչներն իրենց դժգոհությունը հայտնել են ֆեյսբուքում: Մի քանի տիպիկ գրառում ներկայացնում ենք ստորև.
«Եթե «Վեոլիա Ջրի» բացատրությունը որևէ մեկը հասկացավ, թող նորից բացատրի։ Առաջին անգամ չի, որ սենց բան են անում, հոգնել ենք այս խաբեություններից»:
«Պետք է չվճարենք, ու վերջ»:
«Հերթական ռեկետն է, ժողովուրդ ջան: Միամիտ ձևանալով, որ առանձնապես ոչինչ չկա, սակայն անտրամաբանական ու անհիմն բացատրություններ են հնչում: Ապօրինություն է, ուղղակի գումարի շորթում, ուստի պատկան մարմիններն ու հատկապես դատախազությունը պետք է քննության առարկա դարձնեն նշված հանգամանքը, սա բացահայտ թալան է»:
«Էս պարտքերը 2017 թ.-ից են: Որ գնում հարցնում ես, ասում են մենք տեղյակ ենք, մենակ ձերը չի, բայց դուք հանգիստ եղեք կզրոյացնենք, տեսնում ենք հիմա, թե ոնց են զրոյացնում»:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հայտարարել է, որ «Վեոլիա Ջուրը» պարտավոր է հրապարակային ներողություն խնդրել և բաժանորդներին հստակ ու հասկանալի տեղեկատվություն տրամադրել, թե ինչպես և ինչու է առաջացել այս խնդիրը:
«Անկախ ամեն ինչից, սպառողը պետք է վճարի մեկ անգամ, չի կարող սպառել երկու անգամ: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավահարաբերությունները կարգավորելու ընթացքում մասնակի անցում կատարելը կարող է առաջացնել որոշակի տեխնիկական թերություններ, որպեսզի սպառողը չտուժի, պետք է այնպես անեն, որ սպառողը ստիպված չլինի երկու անգամ վճարում կատարել»,- կարծում է սպառողների իրավունքների պաշտպանը: