Խղճի գերին, որը վերջերս էր ազատ արձակվել, 30 օրվա կալանքի է դատապարտվել Ադրբեջանում
NIDA շարժման ակտիվիստ Բայրամ Մամեդովը դատապարտվել է 30 օրվա վարչական կալանքի։ Նա մեղադրվում է ոստիկնությանը չենթարկվելու համար։ Մինչ այդ, նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, բանտում անցկացրել դրանցից ավելի քան երեքը և ներմամբ ազատ արձակվել մարտի կեսերին։
• Քաղբանտարկյալների ներումն Ադրբեջանում․ ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ է լինելու այսուհետ
• «Խղճի գերիների» մայրերը պատմում են, թե ինչու են նրանց որդիներին 10 տարով նստեցրել
2016թ-ին ակտիվիստներ Բայրամ Մամեդովն ու Գիաս Իբրահիմովը 10 տարվա ազատազրկման էին դատապարտվել թմրանյութերի վաճառքի մեղադրանքով։ Դրանից անմիջապես առաջ նրանք հակակառավարական գրառում էին արել Ադրբեջանի նախկին նախագահ և ներկայիս նախագահի հայր Հեյդար Ալիևի արձանի պատվանդանին։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նրանց «խղճի գերի» էր ճանաչել։ Նրանք երկուսն էլ ազատ էին արձակվել 2019թ-ի մարտի 16-ին 399 մարդու ներման շրջանակում, որոնց թվում 50 քաղբանտարկյալ կար։
Բայրամ Մամեդովին ձերբակալել են մարտի 30-ին՝ օրվա երկրորդ կեսին։ Նրա փաստաբան Էլչին Սադիղովը հաստատել է կանալքի մասին տեղեկությունն ու հաղորդել, որ մտադիր է բողոքարկել վճիռը։
Ազատ արձակվելուց անմիջապես հետո Բայրամը հայտարարել էր, որ պայքարելու է բոլոր քաղբանտարկյալների ազատության համար։ Նա կտրուկ քննադատել էր իշխանություններին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։ Հենց սրա հետ է կապում նրա կանալքը Nida շարժման համակարգող Սամիր Ասադլին։
«Բայրամի ազատ արձակվելուց հետո նրան արդեն մի քանի անգամ ոստիկանություն են կանչել։ Իսկ նախօրեին նա իր տված հարցազրույցում քննադատել էր բանտային համակարգն ու ասել, որ, իմանալով հետևանքների մասին, կարող էր ևս մեկ անգամ գնալ Հեյդար Ալիևի արձանի մոտ։ Դա կարող էր նրա կալանքի խթան լինել», — ասել է Ասադլին «Կավկազսկի ուզել» կայքին։
Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միության համակարգող Էլշան Հասանովը նույնպես կարծում է, որ Մամեդովին ձերբակալել են շինծու մեղադրանքով։ Նա կարծում է, որ այս կալանքը կարող է մյուս ակտիվիստների համար նախազգուշացում լինել։