Ինչո՞ւ են հայուհիներն ամուսնանում այլազգի տղամարդկանց հետ. երեք պատմություն
Խառնամուսնությունները Հայաստանում
Հայաստանում վերջին շրջանում մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե աճել է խառնամուսնությունների թիվը։ Թերևս, դա պայմանավորված է 2022 թվականի գարնանից մեծ թվով ռուսաստանցիների ներհոսքի հետ՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։ Սակայն այս վարկածը հաստատող վիճակագրական տվյալներ չկան։
2022 թվականի տվյալները Վիճակագրական կոմիտեն դեռ չի տրամադրում։ Դեռևս ամփոփված են 2021-ի տվյալները․ Հայաստանում գրանցվել է 17.165 ամուսնություն, որից միայն 135-ն են խառնամուսնություններ ։ 2020 թվականին գրանցվել է 12.179 ամուսնություն, որից միայն 97-ն են եղել օտարազգիների հետ։
Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա այս թվերը շատ ավելի ցածր են։ 2019-ին գրանցվել է 520 ամուսնություն այլազգիների հետ (ընդհանուր 15.561-ից), 2018-ին էլ՝ 495 (ընդհանուր 14.822-ից)։
Հետաքրքրական է, որ բոլոր տարիների վիճակագարական տվյալներում խառնամուսնությունների մեջ գերակշիռ թիվ են կազմել հայուհերի ամուսնությունները այլազգի տղամարդկանց հետ:
2021-ին դրանք կազմել են խառնամուսնությունների 56%, 2020-ին՝ 63%, 2019-ին՝ 55%, 2018-ին՝ 52%:
- Ինչպե՞ս պահել աշխատանքային միգրանտներին Հայաստանում․ ԵՄ նոր առաջարկը
- Շինարարական բում Երևանում. աննախադեպ բարձր գները դեռ կպահպանվեն
- Հայաստանի սահմանամերձ զբոսաշրջային բիզնեսները պահպանման խնդիր են լուծում
Պառճառների մասին կանայք պատմում են հոգեբաններին
«Ինձ այցելող երիտասարդ աղջիկներ, չամուսնացած կանայք հաճախ են ասում՝ այսօր Հայաստանում հարմար տղամարդ գտնելը ամուսնանալու համար դժվար է: Նույն բանն ասում են նաև տղամարդիկ: Ու սա մեկ-երկու հոգու կարծիք չէ, տարածված տեսակետ է։ Ու մարդը մտածում է՝ եթե Հայաստանում չի կարող գտնել հարմար զույգ, միգուցե դրսում հեշտությամբ կարողանա գտնել»,- բացատրում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
Միաժամանակ շեշտում է՝ այլազգիների հետ ստեղծաված ընտանիքների կայացումն, ի տարբերություն սովորական ամուսնությունների, ավելի բարդ գործընթաց է, որը ոչ բոլորին է հաջողվում․
«Խառնամուսնությունների դեպքում զույգի մոտ հակասություներն ու տարբերությունները շատ ավելի շատ են։ Դրանք պայմանավորված են լեզվական, կրոնական առանձնահատկություններով, ավանդույթներով: Մարդը, երբ գնում է այս քայլին, պետք է պատրաստ լինի դիմակայել այդ դժվարություններին։ Նաև ժամանակի ընթացքում պիտի ձևավորի իր ընտանեկան ավանդույթները, մոտեցումները կրոնի, լեզվի նկատմամբ, որոնք ընդունելի կլինեն երկուսի համար»:
Հոգեբանը շեշտում է, որ խորհրդային շրջանում Հայաստանում շատ են գրանցվել խառնամուսնություններ: Կարծում է՝ հայ հասարակության մեծամասնությունն այսօր էլ դրական է վերաբերվում դրանց։
«Հայկական ու հնդկական ընտանիքների մոդելները գրեթե նույնն են»
Ազգությամբ հնդիկ, մասնագիտությամբ սրտաբան Պանկաջ Սինղը չի կիսում հոգեբանի տեսակետը՝ հասարակության մեծամասնության դրական վերաբերմունքի վերաբերյալ: Հարցազրույցի առաջարկն ընդունեց բացառապես իր հետ ու առանց տեսախցիկի զրուցելու պայմանով։ Այս իր մոտեցումը հիմնավորեց նախկինում ունեցած բացասական փորձառությամբ․
«Մի անգամ հեռուստատեսային հարցազրույց էինք ունեցել ընտանիքով։ Երբ տեսա, թե ինչ ագրեսիվ մեկնաբանություններ են գրել տեսանյութի տակ, ինձ շատ վատ զգացի: Դրանք ցույց էին տալիս, թե որքան քիչ է հանդուրժողականությունը մարդկանց մոտ: Այդ պահից ես որոշեցի, որ այլևս երբեք ընտանիքս տեսանյութով չեմ ներկայացնի: Ես պետք է պաշտպանեմ այն: Ես չեմ ուզում, որ մարդկանց ագրեսիվությունն ազդի իմ երեխաների կյանքի որակի վրա»:
Պանկաջ Սինղը առաջին անգամ Հայաստան է եկել 2003 թվականին՝ 18 տարեկանում: Նա Հայաստանում բժշկական կրթություն է ստացել ու վերադարձել հայրենիք: Մի քանի տարի անց, սակայն, որոշել է կրկին գալ Հայաստան՝ նեղ մասնագիտացում ստանալու համար:
Ուսումնառությանը զուգահեռ աշխատել է հայաստանյան մի քանի առողջապահական կենտրոններում։ Այստեղ էլ ծանոթացել է ապագա կնոջ՝ որպես բուժքույր աշխատող Անիի հետ:
Պանկաջ Սինղի ծնողները ուրախությամբ են ընդունել որդու՝ հայ աղջկա հետ ամուսնանալու ցանկությունը: Իսկ աղջկա ընտանիքի մոտ հնդիկ երիտասարդի ամուսնության առաջարկը բազմաթիվ հարցեր է առաջացրել:
«Անիի ընտանիքն ինձ լավ ընդունեց՝ որպես մարդ, բայց հարցեր ունեին: Մի քանի անգամ ես գնացել եմ իրենց տուն՝ ինտերվյուների: Ինչպես աշխատանքի ընդունվելու համար են գնում հարցազրույցի, այնպես էլ իր ընտանիքն էր ինձ հետ զրուցում: Ամենակարևոր հարցը, որ նրանց հուզում էր, կրոնի տարբերությունն էր: Ասում էին՝ դու քրիստոնյա չես, այլ կրոն ես դավանում: Եթե երեխաներ ունենաք, ի՞նչ կրոն պիտի դավանեն։ Ասացի՝ ես իմ երեխային չեմ ստիպելու քրիստոնյա կամ հինդու լինի: Մեծանան՝ իրենք կորոշեն, թե ինչ կրոնի դավանել: Ինչ որոշեն, ես կողմ կլինեմ»:
Ընտանիքն ի վերջո տվել է իր համաձայնությունը, որից կարճ ժամանակ անց զույգն ամուսնացել է:
«Քանի որ ես քրիստոնյա չեմ, եկեղեցում պսակադրություն չէինք կարող ունենալ: Մի օր Անիին ասացի՝ մի քանի ոչ աշխատանքային օր ունենք, արի ամուսանանք: 10-15 հոգով հավաքվեցինք, քեֆ արեցինք, ու վերջ»:
Ավելի ուշ ընտանիքն ամուսնական արարողություն է ունեցել Հնդկաստանում՝ պահպանելով երկրին բնորոշ բոլոր ազգային ավանդույթները:
Պանկաջ Սինղը շեշտում է՝ չնայած կրոնական, մշակութային ու այլ առանձնահատկություններին, հայերն ու հնդիկները ընդհանուր մոտեցումներ ունեն ընտանիքի վերաբերյալ։
«Ինձ համար շատ կարևոր էր ամուր ընտանեկան մոդել ունենալը: Երկու ազգերի ընտանեկան մոդելներն ուսումնասիրելով, հասկացա, որ հայկական ու հնդկական ընտանիքների մոդելները գրեթե նույնն են: Նաև դա է պատճառը, որ երկուսիս համար էլ ընդհանրապես դժվար չէ այդ ընտանեկան մոդելում ապրելը։
Երկու ազգերի առանձահատկություններն էլ փոխլրացնում են միմյանց: Օրինակ, Հնդկաստանում սնունդը մի փոքր կծու է պատրաստվում, ու դա ինձ դուր է գալիս: Երբ Անին սկսեց ինձ հետ ապրել ու տարբեր հնդկական ուտեստներ փորձել, իրեն էլ դուր եկավ: Հիմա ինքն էլ է հնդկական ձևով պատրաստում»,- ասում է նա:
Այժմ Պանկաջ Սինղը Երևանում գործող հայ-կանադական բժշկական կլինիկայի գլխավոր սրտաբանն է, նաև Գորիսի ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնի գլխավոր խորհրդատուն:
«Ես կապված եմ Հայաստանի հետ տարբեր թելերով: Այս երկիրն է ինձ կրթություն տվել, ընտանիք տվել: Ես այստեղ եմ կառուցել իմ տունը: Ու ես մեծ պարտք ունեմ այս երկրի առաջ: Ես ամեն ինչ անում եմ Հայաստանին օգտակար լինելու համար: Եթե մի օր ոտքս դուրս էլ դնեմ Հայաստանից, մյուս ոտքս հաստատ այստեղ է լինելու»,- հավաստիացնում է նա:
«Ընտրությունը պետք է լինի բացառապես մտքի ու սրտի թելադրանքով»
Գերմանացի Ռիկարդո Բերգմանն ու Լուիզա Նասլյանը առաջին անգամ հանդիպել են դեռևս 2016 -ին՝ Երևանում, «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման ընթացքում: Այդ հպանցիկ հանդիպման մասին վերհիշել են տարիներ անց, երկրորդ՝ արդեն ճակատագրական հանդիպումից որոշ ժամանակ անց՝ միմյանց անձնական լուսանկարներն ուսումնասիրելիս:
Հայաստանում մեկամյա կամավորական աշխատանքն ավարտած ու հայրենիք վերադարձած Ռիկարդոն մի քանի տարի անց որոշում է վերադառնալ՝ այս անգամ մշտական բնակության: Հաստատվում է Դիլիջանում: 2021-ին Ռիկարդոն Երևանում հանդիպում է Լուիզային, որը մտադիր էր Դիլիջանում նկարչական ստուդիա բացել: Սա էլ սկզբնական շրջանում դարձել է ընդհանուր քննարկման թեմա նրանց համար:
Որոշ ժամանակ անց Ռիկարդոն Լուիզայի մայրիկից խնդրել է դստեր ձեռքը: Նա տվել է իր համաձայնությունը՝ ակնկալելով դստեր համար ավանդական հայկական հարսանիք: Փոխարենը օրեր անց անակնկալի է եկել զույգի՝ միասին ապրելու որոշումից:
«Մայրս մի օր արթնացավ, տեսավ՝ հավաքում եմ իրերս, որ գնանք Ռիկարդոյի հետ վարձով ապրելու: Նրա համար դա շոկ էր, բայց ես գնացի, որովհետև ինձ համար դա նորմալ էր։ Զույգեր գիտեմ, որ մեծ հարսանիք են անում ու, ասենք, մեկ տարի հետո բաժանվում: Դրա համար հարսանիքն ինձ համար կարևոր չէր։ Մյուս կողմից էլ, Ռիկարդոն այդ ժամանակ ստաբիլ աշխատանք չուներ ու չէր կարող այդ ծախսերը հոգալ»,- պատմում է Լուիզան:
Այդուհանդերձ, գերմանացի փեսային հարազատները ջերմ են ընդունել: Լուիզայի կարծիքով դրան նպաստել է և՛ Ռիկարդոյի խարիզմատիկ տեսակը, և՛ արդեն իսկ ընտանիքում այլազգի փեսա ունենալու հանգամանքը:
«Քրոջս ամուսինն էլ ուկրաինացի է: Մի անգամ մորաքույրս ասաց՝ էս ինչ իմպորտնի փեսաներ ունենք։ Սա եղել է հարազատներիս միակ արձագանքը՝ փեսաների այլազգի լինելու մասով»,- ասում է Լուիզան:
Երիտասարդը դրական է ընդունվել նաև հասարակության կողմից: Լուիզան նկատում է՝ միգուցե դա պայմանավորված է Ռիկարդոյի վարժ հայերեն խոսքով, որը նրան անմիջապես յուրային է դարձնում:
«Մենք կոնկրետ որևէ քննադատական խոսք կամ նույնիսկ հայացք չենք նկատել, բայց ես ծանոթ ընտանիքներ ունեմ, որոնք պարբերաբար քննադատության են ենթարկվում»,- նշում է Լուիզան:
Նա իր կարծիքն ունի այն մասին, թե ինչու են հայուհիները վերջին տարիներին նախընտրում ընտանիք կազմել այլազգի տղամարդկանց հետ.
«Շատ հայ ընտանիքներում ճնշում են աղջիկներին, իսկ տղաներին՝ արտոնություններ տալիս: Արդյունքում՝ տղաները ոչինչ չեն սովորում անել, մայրիկներն են ամեն ինչ անում նրանց համար։ Իսկ աղջիկները հակառակը. և՛ տնային գործերն են անում, և՛ սովորում, և՛ աշխատում: Տարբեր ծրագրերի շրջանակում արտերկրում հայտնվելով՝ աղջիկներն ավելի լայն մտահորիզոն են ձեռք բերում, ավելի ինքնավստահ են դառնում:
Այս ամենի արդյունքում հայ աղջիկները կարողանում են առաջ գնալ, իսկ հայ տղաների մեծ մասը շարունակում է մնալ հետադիմական մտածելակերպով։ Ու այս ամենը պատճառ է դառնում, որ աղջիկներն ընտրեն զարգացած, թեկուզ այլազգի երիտասարդների, որոնք ոչ միայն չեն բռնանա, այլև կոգևորեն, խաղաղության, ապահովության զգացում կփոխանցեն իրենց»:
Ասում է՝ ամուսնու գերմանական սառնասրտությունն ու իր հայկական բռնկուն բնավորությունների համադրումը դրական է ազդել իրենց երկուսի վրա էլ․
«Ես էությամբ շատ ջերմ եմ, հիմա Ռիկարդոն էլ է փոխվել. ավելի ջերմ է դարձել մարդկանց նկատմամբ։ Ես էլ նրա օգնությամբ էլ ավելի հանդուրժող եմ դարձել, ավելի խաղաղ, ավելի հանգիստ»:
Կրոնական արժեքների պահպանման հետ կապված ևս զույգը փոխհամաձայնության է եկել.
«Ռիկարդոն առանձնապես չի հավատում Աստծուն, բայց ինձ հետ գալիս է եկեղեցի»,- ասում է Լուիզան:
«Ես կարծում եմ, կրոնը կարևոր չէ. եթե դու ուզում ես լավ բան անել, առանց կրոնի էլ կարող ես անել: Շատ մարդիկ կան, որ ասում են՝ ես քրիստոնյա եմ, բայց ազնիվ չեն, խաբում են»,- նկատում է Ռիկարդոն:
Ամուսնու հետ երկու տարի ներդաշնակ հարաբերություններ կառուցելու ճանապարհ անցած Լուիզան խառնամուսնությունների երկընտրանքի առաջ կանգնած աղջիկներին խորհուրդ է տալիս․
«Եթե ձեր ընտրության մեջ հասարակության կարծիքի որևէ բաղադրիչ կա, ուրեմն դուք ազնիվ չեք ինքներդ ձեզ հետ: Ձեր ընտրությունը պետք է լինի բացառապես ձեր մտքի ու ձեր սրտի թելադրանքով»:
«Լենի հետ հանդիպումն Աստծո օրհնություն էր ինձ համար»
Ավստրալացի Լեն Ուիքսն ու Արմինե Հակոբյանը հանդիպել են 12 տարի առաջ: Ընտանիք կազմելուց հետո երկար տարի ապրել են արտերկրում, 2018թ.-ից հետո հողատարածք են գնել Արենի գյուղում ու մշտական բնակության տեղափոխվել Հայաստան:
«Ինձ մոտ չի եղել այն մոտեցումը, որ անպայման հայի հետ պետք է ամուսնանամ: Միշտ մտածել եմ՝ կարևորը՝ լավ մարդ լինի: Գլխավոր ու թերևս միակ հակասությունը, որն ունեցել ենք, առկա խնդիրների նկատմամբ մոտեցումների խիստ տարբերությունն է:
Հայերս շատ հարմարվող ենք, խնդիրների մասին չենք բարձրաձայնում, մտածելով՝ ավելի լավ է այդ պահին լռենք, խնդիրն ինքնիրեն կլուծվի։ Լենը այդպես չի մտածում: Նրա կարծիքով՝ խնդրի մասին պետք է անպայման բարձրաձայնել, որպեսզի լուծում տրվի։ Ժամանակի ընթացքում ես էլ հասկացա, որ լռելով խնդիրը չի լուծվում: Եթե կա խնդիր՝ պետք է խոսել դրա մասին»,- պատմում է Արմինեն:
Այլազգի սկեսուրի հետ ապրող Արմինեի համար ամուսնու մոր հետ հարաբերություններում զարմացնող ու հաճելի առանձնահատկություն կա։ Այն դրսևորվում է կանացի սոլիդարության տեսքով:
«Եթե Հայաստանում սկեսուրները ավելի շատ տղաների կողմից են լինում, փորձում են ամեն ինչ անել, որ տղաների համար լավ լինի, մեր դեպքում սկեսուրս փորձում է ավելի շատ ինձ աջակցել, ինձ պաշտպանել: Ասում է՝ այնպես արա, որ քո համար էլ լավ լինի, ոչ թե միայն իմ տղայի համար»,- ասում է Արմինեն:
Հայաստանում մշտական բնակություն հաստատած զույգը վստահեցնում է՝ երբևէ որևէ խտրական վերաբերմունք չեն զգացել:
«Լենին մեր շրջապատի հայերը միշտ լավ են վերաբերվել, իսկ մայրս պարզապես հիացած էր նրանով: Երբ նոր էի հանդիպել Լենին, ինձ միշտ ասում էր՝ լրիվ Մոխրոտիկի պատմությունն է։ Ես բազմաթիվ դժվարությունների միջով եմ անցել ու Լենի հետ հանդիպումը, ասես, Աստծո օրհնություն լիներ ինձ համար» ,- ասում է Արմինեն:
Պահանջված մասնագետ, բարձր վարձատրվող Լեն Ուիքսի հետ Արմինեի ամուսնությունը միանշանակ չի ընդունվել ամուսնու շրջապատի կողմից։
«Մարդիկ կան, որ այլազգիների հետ ամուսնանում են քաղաքացիություն ստանալու կամ գումարի համար: Հատկապես տարիներ առաջ նման դեպքերը շատ էին: Լենի ծանոթներից մի քանիսը մտածել էին, թե ես էլ եմ այդ պատճառով ընտրել նրան: Բայց նման ամուսնությունները, սովորաբար, երկար չեն տևում: Տեսնելով մեր միասնությունն ու ինձ ճանաչելով՝ ժամանակի ընթացքում հասկանում էին, որ նման բան չկա»,- պատմում է Արմինեն:
Միջազգային տարբեր ծրագրերում ներգրավված ու աշխատանքի բերումով 40-ից ավելի երկրներում ապրած Լենն էլ ասում է․
«Արմինեի շնորհիվ հայ կնոջ տեսակի բացահայտումն ինձ համար իսկական հայտնություն էր: Ուսումնասիրել եմ հայոց պատմությունն ու ինքս ինձ համար բացահայտել՝ հայ կինն այն ուժն է, որը հասարակության տարբեր կողմերն իրար է կապում: Ու զարմանալի է՝ այդ դեպքում ինչո՞ւ հայ կնոջ դերը բավականաչափ գնահատված չէ Հայաստանում:
Վստահ եմ՝ կանայք կարող են լինել լավ կառավարիչներ Հայաստանի համար: Տղամարդիկ վատ գործ են արել, որ Հայաստանի այսքան փոքր մասն է մնացել: Ժամանակն է, որ կանայք իշխանությունն իրենց ձեռքը վերցնեն ու դառնան որոշում կայացնող։ Եթե հայ տղամարդիկ շարունակեն չգնահատել կանանց, ապա իմ նման տղամարդիկ կգան ու կտանեն հայ կանանց»:
Արմինեն ամուսնուն է փոխանցել սերը Հայաստանի նկատմամբ: Այդ սիրով ոգեշնչված Լենը գիրք է հրապարակել՝ «Ծագումով բացահայտում» վերտառությամբ: Նա բլոգ է վարում ու ամեն շաբաթ ուղերձներ փոխանցում անգլախոս լսարանին՝ «Ուղիղ խոսակցություն հայրենիքից» վերտառությամբ։ Ներկայացնում է Հայաստանում ու Արցախում առկա կարևորագույն խնդիրները:
Ընտանիքի առօրյա մտահոգություններն այսօր անանձնական են: Դրանք Արցախի անվտանգության, արտաքին հարաբերությունների ու հայրենիքին ինչ-որ կերպ օգնած լինելու ջանքերի ու պատրաստակամության մասին են:
«Խառնամուսնութնների արդյունքում ձևավորված բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք և՛ ավանդապաշտ են, և՛ հայկական արժեքների կրող, և՛ հայրենասեր: Մենք ևս փորձում ենք լինել այդպիսին ու օգտակար լինել մեր երկրին»,- ասում է Արմինեն:
Ամենատարբեր երկրների կառավարությունների հետ աշխատանքային հարուստ փորձ ունեցող Լենն իր աջակցության պատրաստակամությունն է հայտնել նաև Հայաստանի ու Արցախի կառավարություններին: Փորձառու մասնագետի աջակցության առաջարկը, սակայն, դեռ չեն ընդունել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Խառնամուսնությունները Հայաստանում