Խաղաղության այգի` ոչ այնքան խաղաղ սահմանին
Invalid slider ID or alias.
Ջողազի ջրամբարն ընկած է հայկական Բերքաբեր և ադրբեջանական Մազամ գյուղերի սահմանին։ Ջրամբարի ափին կանգնած հնարավոր է տեսնել հարևան գյուղի մարդկանց, մեքենաները, մշակած դաշտերը, հենակետերը:
Մոտ 3 տարի է, ինչ հայկական ափին` սահմանից 400մ հեռավորության վրա մի երկլեզու ցուցանակ է կանգնեցված․ դրա վրա հայերեն և անգլերեն գրված է «Խաղաղության այգի»։
Այգու տերը 33-ամյա Արա Խուդավերդյանն է, որը բացի այգեգործությունից մի քանի այլ զբաղմունքեր էլ ունի:
Այգում աշխատելն անվտանգ դարձնելու համար Արան իրենց հողատարածքի եզրով բարդիներ է տնկել` այդպես ադրբեջանցի զինվորների տեսադաշը համեմատաբար ավելի փակ կլինի:
«Այգու համար խնդիր չկա, մենակ մեր հարևաններն են խնդիրը: Մեկ-մեկ որ կրակում են, բան՝ էդ ա: Եղել ա, որ մեծ տրամաչափի զենք ա այգում ընկել` ծառի ճյուղեր ա վնասել, բայց չի ազդել բերքատվության վրա: Էտել են էլի ծառերը», — կատակում է տղան:
Բերքաբերում ադրբեջանցիներին են հարևան անվանում։ Հարևան գյուղերը իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են, իսկ որոշ հենակետերի միջև հեռավորությունը 100 մետրից էլ պակաս է:
Բերքաբերում ում էլ հարցնես, «Խաղաղության այգու» տեղը ցույց կտա։ Գյուղամիջից մեքենայով այնտեղ հասնելը 5 րոպեի հարց է։
2․6 հա այգին Արայի հայրը` Մամիկոն Խուդավերդյանն է հիմնել: 30 տարի կնոջ հետ են մշակել: 3 տարի առաջ էր, որ տղան այգուն «Խաղաղության այգի» անունը տվեց ու շարունակեց աճեցնել արքայանարինջները:
Արայի համոզմամբ՝ խաղաղությունը յուրաքանչյուրիս համար է և այն պետք է սկսի հենց սահմանից։ Արան նաև բացատրում է․
«Անունը՝ հանձնվելու նշան չի: Որ պետք լինի, էլի գնալու ենք սահման: Ուղղակի մենք ոչ թե պատերազմ ենք քարոզում, այլ խաղաղություն»:
Invalid slider ID or alias.
Արան տան փոքրն է: Երկու քույրերն ամուսնացել են ու տեղափոխվել գյուղից: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո կիրառական արվեստ է սկսում ուսումնասիրել և զուգահեռ սովորում մեքենաներում գազի բալոններ տեղադրել: Կրթությունն անավարտ է մնում, նա 2010 թվից սկսում է իր արհեստով գումար աշխատել Թբիլիսիում:
2016 թիվի գարնանն էր, որ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում իրավիճակը սրվեց: Տեղի ունեցավ 4-օրյա պատերազմը։
«Ես հետ եկա քառօրյայի ժամանակ: Կամավոր գնացինք սահման: Տավուշում գյուղի տարածքն ենք հսկել․․․ Հետո որոշեցի մնամ», — պատմում է Արա Խուդավերդյանը:
Invalid slider ID or alias.
«Հիմի գործ կա այգում, թող քինա, անի: Սաղ օրը Երևան, էստե-էնտե… Մարդը եթե ուզում ա արդյունքի հասնի, պետք ա աշխատի: Մանավանդ գյուղատնտեսությունը աշխատանք ա սիրում», — դժգոհում է 67-ամյա Մամիկոն Խուդավերդյանը:
Բայց «էստե-էնտե»-ն նաև Իջևանն է, Երևանը, որտեղ տղան շարունակում է մեքենաներում գազի բալոններ տեղադրել: Հատկապես ոչ սեզոնային օրերին գյուղատնտեսությունն ու այս արհեստը իրար չեն խանգարում:
Բերքը` միայն օրգանական
Արան իրեն արհեստավարժ գյուղատնտես դեռ չի համարում։ Աշխատելու արդյունքում է շատ բան սովորում։ Մասնակցում է դասընթացների, դրամաշնորհներ ստանում, ծրագրեր իրականացնում։
Ստացած դրամաշնորհներով է կառուցել չրանոցը, սարքավորումներ գնել։
Օրգանական բերքի պահաջարկը մեծ է, դրա համար ինքն էլ է անցնում օրգանական գյուղատնտեսության: Այգին արդեն սերտիֆիկացման փուլում է: Այս տարի կկարողանա բերքը օրգանականի նշանով վաճառել:
Արքայանարինջ աճեցնելն ասում է համամատաբար հեշտ է` քիչ բուժում է պահանջում: Իրենք պտղի 3-4 տեսակ ունեն։
Չրի բիզնեսով Արայի մայրն է զբաղվում` 63-ամյա Ազնիվ Խուդավերդյանը: Սեզոնին օգնական է վերցնում: Բերքը մշակում են` լվանում, կեղևազրկում, չրանոցում դասավորում: Փաթեթավորումն Արան է անում` «Բերքաբեր» լոգոյով:
Invalid slider ID or alias.
«Խաղաղության այգի»-ն միայն գյուղում չի հայտնի։ Հայաստանում սրա մասին գիտեն, իսկ Հայաստանից դուրս ցուցահանդես-վաճառքների ժամանակ է այգու տերը պատմում իրենց գյուղի, Ղարաբաղյան կոնֆլիկտի, ոչ խաղաղ սահմանի, իր այգու, դրա գաղափարի ու այնտեղ աշխատելու ռիսկերի մասին։
Կատակում է, թե այս ամենի արդյունքում գյուղի «PR»-անձն է դարձել. գնորդներն իր ու այգու միջոցով են ծանոթանում Բերքաբերին ու սկսում համագործակցել։
Այգու չրից ցուցանմուշ են ուղարկել ԱՄՆ, Դուբայից մեծ պատվեր ունեն, Բուլղարիայի համագործակցությունն էլ թե ստացվի` չիրը շոկոլադի միջուկի համար կուղարկեն:
Կուզեր այգին մեծացնել, բայց հողատարածք չկա: Անցած տարի իրենց այգու մնացած 2000մ տարածի վրա մոտ 110 նոր ծառ է տնկել, որոնք բերք կտան մի քանի տարուց: Որոշել է դրանք անվանակոչել Հայաստանի անկախությանը նպաստած մարդկանց անուններով։
Գյուղամեջի ոչ հարթ ճանապարհներով անցելիս Արան ասում է, որ ճանապարհները խաղաղության դեպքում կսարքեն։ Խաղաղությամբ պայմանավորված մեկ այլ պլան էլ կա.
«Այ, որ խաղաություն եղավ, ստեղ պլյաժ ա լինելու: Նախկինում տենց ա եղել, լճի ափին տեղ չկար: Դաժե Կիկաբիձեն էր Վրաստանից ստեղ գալիս, ձուկ էր բռնում… Մեր այգում կոնկրետ եկել, ձուկ ա բռնել, ես հիշում եմ», — պատմում է Արան: