Լրագրող Մուխտարլին տուժած է ճանաչվել Թբիլիսիում առևանգումից 4 տարի անց
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին, որը 2017 թ-ին առևանգվել էր Թբիլիսիի կենտրոնից և փոխանցվել Ադրբեջանի իշխանություններին, 2021 թ-ի ապրիլի 22-ին տուժածի կարգավիճակ է ստացել։ Լրագրողը հայտնի է Ադրբեջանի ղեկավարության կտրուկ քննադատությամբ և առևանգումից հետո գրեթե երեք տարի ադրբեջանական բանտում է անցկացրել։
Հստակեցվել է նաև գործի կարգավիճակը։ Եթե մինչ այս՝ հետաքննությունն իրականացվում էր ապօրինի ազատազրկման հոդվածով, ապա այժմ դա Վրաստանի Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասն է, որը նախատեսում է մի խումբ անձանց կողմից ազատազրկում՝ նախնական պայմանավորվածությամբ։ Այս հանցագործությունը նախատեսում է 7-10 տարվա ազատազրկում։
Աֆղան Մուխտարլին Վրաստան էր եկել Գերմանիայից, 2021 թ-ի ապրիլի 7-ին՝ մասնակցելու իր առևանգման մասին գործի հետաքննությանը։ Ավելի վաղ՝ 2020 թ-ի հոկտեմբերի 9-ին, ադրբեջանցի լրագրողն արդեն փորձել էր Վրաստան գալ Գերմանիայից։ Սակայն Վրաստանի հյուպատոսարանում նրան մերժել էին անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով։
Ապրիլի 9-ին Աֆղան Մուխտարլին հարցաքննվել էր դատախազությունում, իսկ ապրիլի 15-ին քննչական փորձարկում էր անցկացվել։ Աֆղան Մուխտարլին քննիչներին ցույց էր տվել Թբիլիսիում իր առևանգման վայրն ու Լագոդեխի տանող ճանապարհը։
Աֆղան Մուխտարլիի գործը
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին Վրաստան էր տեղափոխվել 2014 թ-ին, քանի որ հայրենիքում նրան սկսել էին հետապնդել։ Լրագրողը հայտնի էր Ադրբեջանի իշխանությունների վերաբերյալ իր կտրուկ քննադատությամբ։
Սակայն 2017 թ-ի մայիսի 29-ին, օրը ցերեկով, Մուխտարլին առևանգվել էր Թբիլիսիի կենտրոնական թաղամասերից մեկից և պարկը գլխին՝ տեղափոխվել Ադրբեջանի սահման։
Առևանգման հաջորդ օրը՝ մայիսի 30-ին, Մուխտարլին Ադրբեջանի բանտում էր հայտնվել և դատապարտվել վեց տարվա ազատազրկման սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության և իշխանություններին չենթարկվելու համար։
Երեք տարի բանտում անցկացնելուց հետո, 2020 թ-ի մարտի 17-ին Մուխտարլին անսպասելիորեն ազատ էր արձակվել և հատուկ չվերթով Գերմանիա ուղարկվել, որտեղ նրա կինն ու դուստրն են ապրում 2019 թ-ից։
Մուխտարլիի առևանգման պահից չորս տարի է անցել, իսկ նրա գործն այդպես էլ չէր հետաքննվում։ Վրաստանի դատախազությունը ձևականորեն գործ էր հարուցել 143-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի ազատազրկում)։