ԼՂ-ի հայերը լքում են իրենց տները, շտապում են տեղափոխվել Հայաստան
ԼՂ-ի բնակչությունը բռնի տեղահանվում է
Սեպտեմբերի 26-ին, առավոտյան հրապարակված տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ: Հայաստանի կառավարությունը կեցավայրով է ապահովում բոլոր նրանց, ովքեր հայտնում են, որ բնակվելու վայր չունեն։
Սեպտեմբերի 19-20-ին ԼՂ-ի դեմ իրականացված ռազմական գործողություններից հետո պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու խոսում «հայ բնակչության ինտեգրացիայի մասին»։ Արցախի հայերը, սակայն, չեն պատկերացնում խաղաղ գոյակցություն Ադրբեջանի կազմում, պատրաստվում են Հայաստան գալ։
Տարհանման գործընթացը մեկնարկել է կիրակի օրը՝ սեպտեմբերի 24–ին։ Առաջինը Հայաստան են եկել Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները։ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ «տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը»։
Առաջին քայլը՝ կարիքի գնահատում
Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիները նախ կանգ են առնում Կոռնիձորում, որտեղ հումանիտար օգնության կետ է գործում։ Այստեղ իրականացվում է բնակիչների առաջնային հաշվառում և կարիքների գնահատում։ Աշխատանքներում ներգրավված են բոլոր պետական մարմինները, դրանք համակարգում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը։
«Կարիքների առաջնային գնահատում իրականացնելուց հետո օթևանի խնդիր ունեցող մեր հայրենակիցները տեղափոխվում են Գորիսում ստեղծված կոորդինացիոն կենտրոն, որտեղից արդեն կազմակերպվում է անձանց կեցության և այլ առաջնային խնդիրների լուծումը», — նշել են խմբից։
Արցախցիների կեցությունը կազմակերպելու նպատակով առանձնացվել են հյուրանոցներ, հյուրատներ, բնակարանային ֆոնդ։ Ներկա պահին նրանց տեղավորվում են հիմնականում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։
Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am։ Հենց այստեղ են սոցաշխատողները լրացնում քաղաքացիների առաջնային կարիքների մասին տեղեկությունները։
Գերատեսչությունը նաև գույքագրում է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու պատրաստակամ միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների առկա ռեսուրսները «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզի» միջոցով։
«Տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան»
Նախօրեին հայտնել էր Արցախի տեղեկատվական շտաբը և հավելել, որ «առաջնահերթորեն Հայաստան են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված» քաղաքացիները։ Խոսքն Իվանյանում ՌԴ խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների մասին է։
Շտաբի փոխանցմամբ՝ Արցախի իշխանությունները շարունակելու են պետական կառավարում իրականացնել այնքան ժամանակ մինչև ամբողջությամբ չապահովեն Հայաստան ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխման գործընթացի իրականացումը։
«Ստեղծված ծանր իրավիճակում կոչ ենք անում հատկապես պետական կառավարման համակարգի, առողջապահության ոլորտի և ուժային կառույցների աշխատակիցներին շարունակել կատարել մասնագիտական պարտքը՝ հանուն մեր հայրենակիցների անվտանգության ու առողջության»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հաղորդել էին, որ «բնակչության տեղափոխումը կատարվում է փուլային տարբերակով»։
«Հազարավոր մարդիկ տարհանվում են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով»
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ հազարավոր մարդիկ տարհանվում են։ Անդրադարձել է սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքներին․
«Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց ԼՂ-ի խաղաղ բնակչության դեմ, որի հետևանքով ոչ միայն հարյուրավոր զոհեր և վիրավորներ եղան, այլև հազարավոր խաղաղ բնակիչներ կորցրեցին իրենց տները, գյուղերն ու համայնքները։
Նրանք բռնի տեղահանվել են իրենց տներից, և նկուղներում 6 օր քնելուց, սոված և ծարավ մնալուց հետո նրանց հնարավորություն չի տրվել վերադառնալ իրենց տները, այլ տարհանվել են իրենց նախնիների երկրից»։
Մարուքյանի խոսքով՝ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ առաքելությունը չի ապահովել բնակչության խաղաղ գոյությունը։ Քննադատել է նաև ԵՄ-ին, ԱՄՆ-ին և մյուս բոլոր միջազգային սուբյեկտներին․
«Չեն կարողացել ապահովել ԼՂ-ի հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները․չնայած այն հանգամանքին, որ իրենց միջնորդական ջանքերի ընթացքում բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անձեռնմխելիությունը պետք է երաշխավորվեն միջազգային մեխանիզմների շրջանակներում, ինչը թույլ կտա նրանց ապահով ապրել իրենց նախնիների հողերում»։
«Պետք է ապահովվի անվտանգ անցում»
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը կարևոր է համարում այն, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը կարողանան մնալ իրենց տներում «խաղաղությամբ և արժանապատվությամբ, իրենց իրավունքների և անվտանգության հանդեպ հարգանքով»։
«Իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են հեռանալ (ԼՂ-ից) և վերադառնալ (ԼՂ), պետք է ապահովվի անվտանգ անցում, որը կվերահսկի չեզոք, անկախ երրորդ կողմը»,- հայտարարել է նա։
Միլլերի գնահատմամբ՝ Ադրբեջանը պատասխանատվություն ունի՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց, ապահովելու մարդկային վերաբերմունք բոլորի նկատմամբ։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է՝ ԱՄՆ-ն հավատացած է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Լեռնային Ղարաբաղում պետք է տեղակայվի միջազգային առաքելություն, որը կապահովի տեղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը:
«Որոշ ժամանակ է, ինչ նման առաքելություն տեղակայելու կոչեր ենք հնչեցնում և աշխատում ենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ դրա իրականացման ուղղությամբ», — հայտնել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԼՂ-ի բնակչությունը բռնի տեղահանվում է