«Լեհաստանում ընկած հրթիռը ռուսական է եղել, բայց դժվար թե այն արձակված լինի Ռուսաստանից»
Լեհաստան արձակված հրթիռը Ռուսաստանից չէր
«Նոյեմբերի 15-ին արևելյան Լեհաստանի վրա ընկած և երկու մարդու սպանած հրթիռը, ամենայն հավանականությամբ, չի արձակվել Ռուսաստանից», — հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում համաշխարհային առաջնորդների արտակարգ հանդիպումից հետո՝ կեսգիշերն անց: Հանդիպմանը, ի թիվս այլոց, մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Եվրամիության, Իսպանիայի և Ճապոնիայի ղեկավարները։
«Մասնագետները դեռ շարունակում են հետաքննել տեղի ունեցածի հանգամանքները, սակայն ես նախնական տեղեկություն ունեմ, որը վիճարկում է այն ենթադրությունը, թե հրթիռն արձակվել է ռուս զինվորականների կողմից»,- ասել է նա։
Լեհաստանի ԱԳՆ-ն և նախագահ Անջեյ Դուդան հայտարարել են, որ «հրթիռը, որն ընկել է Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Պշևոդուվ գյուղում, ամենայն հավանականությամբ, ռուսական արտադրության է»։
«Ոչինչ չի խոսում այն մասին, որ հարվածները Լեհաստանի տարածքում կարող են կրկնվել։ Բայց ՆԱՏՕ-ն մարտական պատրաստության մեջ է: Մենք ուժեղացրել ենք Լեհաստանի զինված ուժերի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության պատրաստվածությունը։ Մեր ինքնաթիռները կաջակցեն դաշնակիցների ինքնաթիռներին։ Մենք գործում ենք հանգիստ և շրջահայաց»,- ասել է Լեհաստանի նախագահը։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ ԱՄՆ-ն արդեն հայտնել է դրան մասնակցելու իր պատրաստակամության մասին։ Լեհաստանը հրավիրել է նաև այլ երկրների ներկայացուցիչների։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ իր կառավարությունն աշխատում է միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ՝ սերտորեն համակարգելով գործընթացը ՆԱՏՕ-ի գործընկերների հետ:
Հղում անելով երեք ամերիկացի պաշտոնյաների՝ AP լրատվական գործակալությունը հայտնում է, որ նախնական գնահատականներով Լեհաստանին հարված հասցրած հրթիռն արձակվել է ուկրաինական ուժերի կողմից՝ ռուսական հրթիռի խոցման նպատակով։
Համաշխարհային առաջնորդները կորոշեն իրենց հետագա քայլերը այն բանից հետո, երբ պարզ կլինի, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել։
- ԵՄ-ն 3 անգամ քիչ է ծախսել Ուկրաինային օգնելու, քան ռուսական նավթի և գազի վրա
- Ո՞վ և ինչպե՞ս է պայթեցրել Ղրիմի կամուրջը
- Թուրքիան օգնո՞ւմ է Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից
Ի՞նչ է նշանակում «ռուսական արտադրության հրթիռ»
Bellingcat-ի հեղինակ Էրիկ Տոլերն ասում է, որ խորհրդային տարիներին արտադրվածները նույնպես կարող էին համապատասխանել այդ ձևակերպմանը: Լեհ փորձագետ Յարոսլավ Վոլսկին Twitter-ում հրապարակել է Պշևոդուվի մոտ արձակված հրթիռի բեկորների լուսանկարը։
Ըստ OSINT-ի Ukraine weapons tracker նախագծի՝ դրանք ԽՍՀՄ-ում մշակված S-300 համակարգի 5V55 սերիայի հրթիռի շարժիչի մասեր էին։
Ուկրաինայի հայտարարությունները
Միջադեպից անմիջապես հետո հեռախոսազրույց է տեղի ունեցել Ուկրաինայի և Լեհաստանի նախագահների միջև։ Մեկնաբանելով այդ խոսակցությունը՝ Վլադիմիր Զելենսկին ասել է. «Ես իմ ցավակցությունն եմ հայտնել ռուսական հրթիռային ահաբեկչությունից Լեհաստանի քաղաքացիների մահվան կապակցությամբ։ Մենք քննարկել ենք նաև առկա տեղեկատվությունը և պարզում ենք բոլոր փաստերը։ Ուկրաինան, Լեհաստանը, ողջ Եվրոպան և աշխարհը պետք է լիովին պաշտպանված լինեն պետություն-ահաբեկչից»։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն իր աջակցությունն է հայտնել երեքշաբթի օրը Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի միջազգային հետաքննությանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան զգուշացրել էր նման վտանգի մասին՝ կոչ անելով փակել երկինքը։