Ինչի՞ հասավ Իրանը Ադրբեջանի հետ լարվածություն սանձազերծելու արդյունքում
Լարվածություն Իրանի և Ադրբեջանի միջև
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իր երկիրը չի կարգավորի հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ կողմերից մեկի հաշվին։ Նա ընդգծել է, որ Թեհրանն առաջնահերթություն չի տալիս կողմերից որևէ մեկին։ Հարավկովկասյան վերլուծական կենտրոնի փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի հետ լարվածություն սանձազերծելու Իրանի հիմնական նպատակը տարածաշրջանում Թել Ավիվ-Անկարա-Բաքու եռանկյունու ոչնչացումն էր։ Ադրբեջանցի վերլուծաբանների խոսքով՝ ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Թեհրանն այժմ ավելի շատ ներքին խնդիրներ ունի։
- Ադրբեջանն առաջարկում է պարիսպ կառուցել Իրանի հետ սահմանին
- «Հայ-ռուսական ռազմական կապերը դադարեցնելու ժամանակն է»․ կարծիք
- Ադրբեջանը՝ Իրանի ռեժիմի արտաքին թշնամու դերում. վերլուծություն Բաքվից
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը տեղի լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Իրանը չի կարգավորի հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ կողմերից մեկի հաշվին։
«Թեհրանը Հայաստանին և Ադրբեջանին համարում է Իրանի երկու հարևաններ և առաջնահերթություն չի տալիս կողմերից որևէ մեկին»,- նշել է արտգործնախարարը։
«Իրանի համար առաջնահերթությունը բոլոր հարևանների հետ հարաբերություններն են։ Բացի այդ, Թեհրանը իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում իրագործելիք պլաններ չունի։ Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության կհետևի Իրանի արձագանքը»,- նախարարի խոսքերն է մեջբերում Farsnews-ը։
Իրանի ինչի՞ն էր պետք լարվածությունը
Բաքվում գործող CSSC—Հարավկովկասյան վերլուծական կենտրոնի փորձագետների կարծիքով՝ Իրանում Էբրահիմ Ռայիսիի իշխանության գալուց հետո այս երկրի և Ադրբեջանի հարաբերություններն ուղեկցվել են լարվածությամբ։ Իրանը Հայաստանի հետ սահմաններն անվանել է իր համար «կարմիր գիծ» և երկու անգամ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։
«Բայց Թեհրանի կողմից շրջանառվող մեղադրանքներն իրական հիմքեր չունեն։ Պրահայի և Սոչիի հանդիպումներում Բաքուն և Երևանը հայտարարեցին միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության ճանաչման մասին։ Իսկ այս տարվա սկզբին Բաքուն և Թեհրանը պայմանավորվել են Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև միջանցք կառուցել։
Արհեստական լարվածություն ստեղծելու Իրանի հիմնական նպատակը տարածաշրջանում իր հեղինակության բարձրացումն է՝ օգտվելով Ռուսաստանի թուլացումից։ Թեհրանը նաև փորձում է կանխել Զանգեզուրի միջանցք նախագծի իրականացումը, ինչպես նաև թուլացնել Անկարա-Թել Ավիվ-Բաքու եռանկյունին»,- ընդգծել են ադրբեջանցի քաղաքագետները։
Ինչպե՞ս պատասխանեց Բաքուն
Փորձագետներն ասում են, որ չնայած ճնշումներին, Իրանը հակառակ արդյունքի հասավ։
«Բաքուն գրավել է Հայաստանի հետ պայմանական սահմանի ռազմավարական բարձունքները, ունի դիրքային առավելություն։ Ներկայումս Ադրբեջանի զինված ուժերը տեսողական հսկողության տակ են պահում Հայաստանը Իրանի հետ կապող ռազմավարական ճանապարհները։
Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա Հայաստանը ստանձնել է այդ պարտավորությունը՝ ստորագրելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը։ Այդ իսկ պատճառով Բաքուն չի նահանջել Զանգեզուրի միջանցքի երկայնքով իր դիրքերից՝ չնայած հարավային հարևանի ճնշմանը։ Ընդհակառակը, այս հարցը ներառվել է միջազգային կազմակերպությունների պաշտոնական փաստաթղթերում»,- հայտարարում են վերլուծաբանները։
Միջազգային արձագանքը Իրանի գործողություններին
Ի պատասխան իրանական բանակի զորավարժությունների՝ ադրբեջանական հատուկ ջոկատայինները վարժանքներ անցկացրին Իրանի հետ սահմանին։ Այսպիսով, Բաքուն գրավեց այն երկրների ուշադրությունը, որոնք խնդիրներ ունեն Թեհրանի հետ հարաբերություններում։ Այն օրերին, երբ լարվածությունը հասել էր գագաթնակետին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն զանգահարեց իր իրանցի գործընկերոջը, իսկ Պակիստանի վարչապետն ու Իսրայելի պաշտպանության նախարարը կապ հաստատեցին Ադրբեջանի իրենց գործընկերների հետ:
CSSC-ն հիշեցնում է, որ Չավուշօղլուն Աբդոլլահյանին պատմել էր Ադրբեջանի հետ իր երկրի բարեկամական հարաբերությունների մասին, իսկ Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել էր ռազմական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Նույն օրերին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարեց Իրանի կողմից սպառնալիքների դեպքում Ադրբեջանին աջակցելու պատրաստակամության մասին։ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Քերիմ Վելիևը հանդիպումներ էր ունեցել Բաքվում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդի և ՆԱՏՕ-ի ուժերի փոխծովակալի հետ։
Լրտեսական ցանցի բացահայտում
«Միաժամանակ ադրբեջանական հատուկ ծառայությունները բացահայտեցին երկրում գործող և տեղացիներից կազմված ցանց, որը կատարում էր իրանական ուժային կենտրոնների հատուկ առաջադրանքները։
Black Rewards հաքերային խումբը տարածեց փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2022 թվականի հունվարին և մարտին այդ լրտեսական ցանցի անդամներին Իրանից ուղարկվել է 47158 ԱՄՆ դոլար և 75 հազար եվրո։ Իսկ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում գործող ցանցը Իրանից ստացել է 45083 եվրո։
Ադրբեջանական հատուկ ծառայություններին զուգահեռ Վրաստանի հատուկ մարմիններն են իրենց երկրում իրանական ցանց բացահայտելու գործողություն իրականացրել։ Մինչ այդ Ադրբեջանը բազմիցս հայտարարել էր Վրաստանում բնակվող ադրբեջանցիների շրջանում իրանական հատուկ ծառայությունների սադրիչ գործունեության մասին»,- նշել են ադրբեջանցի քաղաքագետները։
Ինչի՞ հասավ Իրանը
Նրանց խոսքով՝ Իրանի ապակառուցողական քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ ընդունեց այդ երկրի դեմ, և Բենիամին Նեթանյահուն Իսրայելում վերադարձավ իշխանության։
«Ադրբեջանը հայտարարեց Թել Ավիվում դեսպանության, ինչպես նաև Պաղեստինում ներկայացուցչության բացման մասին։ Իսրայելի աջակցությամբ Ադրբեջանում կիբերանվտանգության կենտրոն է ստեղծվում։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող AİPAC և AJC հեղինակավոր հրեական կազմակերպությունները «պատմական» են անվանել Իսրայելում դեսպանատուն բացելու Բաքվի որոշումը։
Ելույթ ունենալով Սամարղանդում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է թյուրքալեզու ժողովուրդների, այդ թվում՝ երրորդ երկրներում ապրող ադրբեջանցիների իրավունքների պահպանման հարցերին։
Չհասնելով իր առաջ դրած նպատակներին՝ Իրանը սկսեց դրական ազդակներ ուղարկել Բաքու։ Այս մասին նախ խոսեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին։ Նա հայտարարեց, որ Իրանը մտադիր չէ հարձակվել իր հարևանների վրա, և եթե Ադրբեջանը բախվի արտաքին սպառնալիքի, Իրանը նրա կողքին կլինի։
Այսպիսով, Իրանը ոչինչ չշահեց այս լարվածությունից, ընդհակառակը, երկրի ներսում կատարվեցին իրադարձություններ, որոնք մոտ ապագայում Թեհրանի իշխանություններին ոչ մի լավ բան չեն խոստանում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Լարվածություն Իրանի և Ադրբեջանի միջև