Լապշինի գործը. ի՞նչ, ինչպե՞ս և ինչո՞ւ
Բլոգեր-ճանապարհորդող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Մինսկից Բաքու դարձել է, ըստ իմ դիտարկումների, ամենաքննարկվող թեման ադրբեջանական (միգուցեև հայկական) լրատվամիջոցներում և սոցցանցերում: Այդ նորությունը, թվում է, մթագնել է անգամ ադրբեջանական բանակի՝ նախատոնական մարտում զոհված զինծառայող Չինգիզ Գուրբանովի մարմնի երկար սպասված վերադարձը:
Ի՞նչ է տեղի ունեցել
Այդպիսի մի բլոգեր կա, Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, նա Livejournal-ում ճամփորդությունների մասին բլոգ է վարում՝: Անկեղծ ասած, մինչև 2016թ-ի դեկտեմբերը ես նրա անունն անգամ չէի լսել, չնայած սեփական բլոգ եմ վարում Livejournal-ում արդեն տասը տարուց ավել:
Լապշինը 2011թ- ապրիլին և 2012թ-ի հոկտեմբերին մեկնել է Լեռնային Ղարաբաղ ոչ միայն առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության, այլ նույնիսկ նրանց ֆորմալ տեղյակ պահելու: Ղարաբաղ մուտք է գործել Հայաստանի տարածքից, որի հետ Ադրբեջանը չլուծված հակամարտություն ունի Ղարաբաղի պատկանելիության շուրջ: Դրանով նա խախտել է պետական սահմանի մասին Ադրբեջանի օրենքը:
Ղարաբաղից վերադառնալուց հետո, ըստ ադրբեջանական կողմի, Լապշինը հանրային հայտարարություններ էր անում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանն աջակցելու վերաբերյալ: Դրա պատճառով Ալեքսանդր Լապշինը ներառվել է անցանկալի անձանց «սև ցուցակում», որը հրապարակված է Ադրբեջանի արտգործնախարարության կայքում:
[toggle title=”Այդ «սև ցուցակի» մասին՝ ավելի մանրամասն:”]2013 թ-ի օգոստոսին Ադրբեջանի ԱԳՆ-ն 330 անձանց պերսոնա նոն գրատա ցուցակ է հրապարակել, որոնց թվում տարբեր միջազգային կազմակերպությունների և երկրների խորհրդարանների պատգամավորներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ, նկարիչներ, դերասաններ և այլ անձինք են:
Այդ ցուցակում ներառելու կամ դրանից ջնջելու հստակ չափանիշները մինչև հիմա բացահայտ չեն հայտարարվում: Ի տարբերություն հարևան Վրաստանի, որտեղ 2009թ-ից «Օկուպացված տարածքների մասին» օրենք է գործում, Ադրբեջանում ոչ թե օրենք, այլ նույնիսկ հասանելի ինստրուկցիա չկա, որը կբացատրի արտասահմանցուն, թե ինչ անել, եթե նա ուզում է այցելել Լեռնային Ղարաբաղ: Ամեն ինչ անհատական կարգով է որոշվում պաշտոնյաների մակարդակում: [/toggle]
Շատերն այսօր Լապշինի դեպքը համեմատում են ծագումով վրացի ռուսաստանյան երգիչ Սոսո Պավլիաշվիլիի դեպքի հետ, որը ոչ միայն ապօրինի այցելել է Լեռնային Ղարաբաղ, այլ նաև համերգով հանդես է եկել այնտեղ «Արցախի անկախության 20-մյակի» առթիվ: Դրանից հետո Սոսոյին ներառել են ԱԳՆ սև ցուցակում:
Սակայն նախորդ տարվա նոյեմբերին հայտնի ծագումով ադրբեջանցի ռուսաստանցի բիզնեսմեն Էմին Ագալարովը (նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան) Սոսոյին հրավիրել է Բաքվում բարեգործական համերգ տալու: Չնայած սոցցանցերի օգտատերերի բուռն բողոքներին, ԱԳՆ-ն Պավլիաշվիլիին հանել է «սև ցուցակից», չնայած նա նույնիսկ հանրային ներողություն չի խնդրել:
Այդ ցուցակից ոմանք ափսոսանք և ներողություն հայտնող նամակներ են հղել, թե իբր մենք ոչինչ չգիտեինք, մեզ խաբել են: Նրանց նույնպես հանում էին «սև ցուցակից», օրինակ, հայտնի իտալացի էստրադային երգիչ Ալ Բանոյին և մեկ այլ ռուս բլոգեր-ճանապարհորդող Արտեմի Լեբեդևին:
Քանի որ արտասահմանյան քաղաքացիների կողմից Լեռնային Ղարաբաղ այցելելու հստակ ընթացակարգ չկա, նրանք ստիպված են գործել «նվազագույն դիմադրության ճանապարհով», որպեսզի ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության (և, Աստված մի արասցե, ուժային կառույցների) ցուցակում չհայտնվեն:
Ավազ Հասանովը, որը մեծ փորձ ունեցող խաղաղապահ է, Ադրբեջանի հումանիտար հետազոտությունների հանրության տնօրենը, հետևյալ ընթացակարգն է խորհուրդ տալիս: Արտասահմանյան քաղաքացին, լինի մասնավոր անձ, լրագրող կամ նախագծի մասնակից, Երևանով Ղարաբաղ գնալուց առաջ (իսկ այլ ճանապարհ չկա էլ, Ադրբեջանի Աղդամի շրջանում հսկիչ անցակետ չկա, ի տարբերություն Ինգուր գետի կամրջի վրա տեղակայված վրաց-աբխազական վարչական սահմանի) նախևառաջ պետք է իր երկրում ադրբեջանական վիզա ստանա:
Այնուհետև նա կարող է ֆաքս կամ էլեկտրոնային նամակ ուղարկել Ադրբեջանի ԱԳՆ՝ նշելով իր այցի նպատակը, ժամկետները և այլն, և կցել ադրբեջանական վիզայի պատճենը: Սովորաբար դա բավարար է լինում: Սակայն եթե ԱԳՆ-ի մոտ հարցեր առաջանան, ապա այդ հարցերին ցանկալի է պատասխանել ադրբեջանական կողմից պատժամիջոցներից խուսափելու համար:
Լապշինի դեպքում նա ոչ միայն չէր տեղեկացրել Ադրբեջանի ԱԳՆ-ին (նրան վիզա պետք չէ, քանի որ նա ՌԴ անձնագիր ունի), այլ նաև Ադրբեջանի իշխանությունների տեսանկյունից իրեն ծայրահեղ հանդուգն է պայել. լինելով «սև ցուցակում»՝ նա կրկնակի հատել է ադրբեջանական սահմանն, ընդ որում, հատուկ կերպով ուկրաինական անձնագրով: «Սև ցուցակում» նա գրանցված է որպես «Ալեքսանդր», իսկ ուկրաինական անձնագրում՝ «Օլեքսանդր»: Այդ պատճառով էլ համակարգը նրան չի ճանաչել: Հետո նա դեռ գլուխ է գովել իր բլոգում, թե ինչպես է ճարպկորեն խաբել ադրբեջանցի սահմանապահներին:
Ինչո՞ւ է դա տեղի ունեցել
Լապշինից առաջ բոլոր արտասահմանցիներն ապօրինի այցելում էին Լեռնային Ղարաբաղ: Այսօրվա դրությամբ Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» 335 անուն կա, իսկ երկու տարի առաջ դրանք 400-ից ավել էին: Ինչո՞ւ է հենց Լապշինի հանդեպ հետախուզում հայտարարվել, ինչո՞ւ է հենց նա ձերբակալվել Մինսկում և արտահանձնվել Բաքվին: Այդ հարցի պատասխանը մի քանի վարկած ունի:
Նախևառաջ, Լապշինն իրեն ծայրահեղ հանդուգն է պահել: «Սև ցուցակ» ներառվելուց հետո նա կրկին հատել է Ադրբեջանի սահմանը և հանրային կերպով գլուխ է գովել իր «հերոսությամբ»: Սակայն դա ողջ պատմություն չէ. վրաց-ադրբեջանական սահմանը հատելու մասին իր գրառման մեջ Լապշինը ցենզուրայից դուրս արտահայտություններ է արել Հեյդար Ալիևի հասցեին, որին Ադրբեջանում համազգային առաջնորդ են համարում:
Բացի այդ, հանգուցյալ Հեյդարն Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայրն է: Այսինքն, հնարավոր է, այստեղ իր դերն է խաղացել նաև անձնական վիրավորանքը: Այդ գրառումն արդեն ջնջվել է Լապշինի բլոգից, սակայն համացանցում հասցրել է տարածվել. «Խաղ Չեմպիոնների լիգայում. Ադրբեջանի Հանրապետությունը Սաշա Լապշինի դեմ, հաշիվը՝ 1:0 հօգուտ բլոգերի»:
Ոչ իրավական պետությունում, ինչպիսին ես համարում եմ Ադրբեջանը, հաճախ խոսակցությունը տեղափոխվում է «հասկացությունների» մակարդակ: Լապշինը խախտել է այդ «հասկացությունները»: Եվ արդյունքում ստացել է իրենը:
Երկրորդ բացատրությունը ռուս-բելառուսական հարաբերություններում առկա լարվածությունն է: Լապշինի կալանավորումը Մինսկում համընկել է ռուս-բելառուսական հարաբերությունների հերթական սառեցման հետ:
Բելառուսը, թեև մասնակցում է պուտինյան այնպիսի նախագծերին, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը, ԵվրԱզԷՍ-ը, Մաքսային միությունը և այլն, միշտ աչքի է ընկել համեմատաբար անկախ քաղաքականությամբ: Ռուս-բելառուսական հարաբերություններում լարվածությունը սկսվեց այն բանից, երբ բելառուսական կողմը փորձեր արեց վերանայելու Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի գինը և վճարել ոչ թե 132 դոլար, այլ 73 դոլար հազար կուբամետրի դիմաց: Դեկտեմբերի 30-ին Մինսկը միակողմանիորեն 7.7%-ով բարձրացրեց ռուսական նավթի տարանցման գինը: Բացի այդ, Բելառուսի նախագահը հայտարարել է, որ այլընտրանքային մատակարարների հետ նավթ գնելու վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել, որոնց թվում Իրանին և Ղազախստանին զուգահեռ նաև Ադրբեջանն էր: Մոսկվայի և Մինսկի կոնֆլիկտը տարածվել է նաև Բելառուսից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքի վրա:
Աճող լարվածության լրացուցիչ ախտանշան դարձավ այն փաստը, որ բելառուսական կողմը որոշեց չմասնակցել ՀԱՊԿ և ԵՏՄ գագաթնաժողովին, որը տեղի ունեցավ 2016թ-ի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում: Արդյունքում, Մինսկը չստորագրեց ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը, առանց որի փաստաթուղթը չի կարող ուժի մեջ մտնել:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ԶԼՄ առաջին ներկայացուցիչը չէ, որը տուժել է Մինսկի և Մոսկվայի միջև առճակատումից: 2016թ-ի վերջում Բելառուսում առցանց լրատվամիջոցների 3 ռուս հեղինակ է ձերբակալվել «Ռեգնում», «Lenta.ru» և «Եվրասիա դեյլի» աղբյուրներում «միջէթնիկական թշնամանք» հրահրելու համար, հաղորդում է «Կավկազսկի ուզելը»:
Ի՞նչ սպասել հետո
Լապշինի ձերբակալման համար հիմք է հանդիսացել Ադրբեջանի ՔՕ երկու հոդված.
[yes_list]
- 318.2 («Ադրբեջանի պետական սահմանի հատում առանց համապատասխան փաստաթղթերի, որն իրագործվել է մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ»);
- 281.2 («Իշխանության բռնազավթման, պահպանման, սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման հանրային կոչեր, ինչպես նաև նման բովանդակության նյութերի տարածում, որը կատարվել է մեկից ավել անգամ և մի խումբ անձանց կողմից»):
[/yes_list]
Ըստ Քրեական օրենսգրքի՝ Լապշինին Ադրբեջանում առավելագույնը 8 տարվա ազատազրկում է սպասվում:
Շատ մեկնաբաններ այն կարծիքին են, որ ցուցադրական դատից հետո Լապշինը կարտահանձնվի Ռուսաստանին կամ Իսրայելին, որոնց քաղաքացի է: Ճիշտ է, պաշտոնական Բաքուն դրանից կարող է իր համար որոշակի շահ ունենալ:
Օրինակ, Ռուսաստանի քաղաքացի Լապշինին Ռուսաստանի մեկ այլ քաղաքացի Դիլհամ Ասկերովի հետ փոխանակելը, որը Լեռնային Ղարաբաղի բանտում է:
[toggle title=”Քելբաջարի ձերբակալվածների մասին՝ ավելի մանրամասն”]Ասկերովն ու իր հայրենակից Շահբազ Գուլիևը կալանավորվել են 2015թ-ին Քելբաջարի շրջանում (որը հայկական վերահսկողության տակ է) և ազատազրկման են դատապարտվել: Ադրբեջանական վարկածի համաձայն՝ Ասկերովն ու Գուլիևը ոչ մի օրենք չեն խախտել, քանի որ տեղաշարժվել են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի ներսում (ինչպես ձերբակալվածներն են ասում՝ նրանք ցանկացել են այցելել իրենց նախնիների գերեզմանները): Հայկական կողմի վարկածի համաձայն՝ նրանք դիվերսանտներ են:[/toggle]
Զինվորական փորձագետ, «Պահեստի սպաներ» ոչ կառավարական կազմակերպության նախագահ ,գնդապետ-լեյտենանտ Ուզեիր Ջաֆարովի կարծիքով, ռուսական ԱԳՆ-ն այդ դեպքում կրկնակի ստանդարտներ է կիրառում՝ պաշտպանելով մեկ քաղաքացու (Լապշին) և անտեսելով մյուսի (Ասկերով) իրավունքները: Ադրբեջանական կողմն այդ դեպքում նոր «քարտեզ» է ձեռք բերում Քելբաջարի բանտարկյալներին ազատ արձակելու համար:
Առանձին ուշադրության է արժանի Մինսկից Բաքու Լապշինի արտահանձնումը: Նրան օդանավակայանում զինվորական համազգեստով, դիմակներով և ինքնաձիգներով 4 սպա է դիմավորել ինչպես ահաբեկչական կազմակերպության պարագլխի: Ձեռնաշղթաներով: Սոցցանցերի շատ օգտատերեր ուշադրություն են դարձրել ձեռնարկված միջոցների անհամաչափության վրա, մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր, կինոգետ Ուլվի Մեհթին Ադրբեջանի ուժայինների գործողությունները համեմատել է «ճնճղուկի հրետակոծության» հետ:
Ռուսական և իսրայելական դեսպանատներն ադրբեջանական ԱԳՆ-ին բողոքի նոտաներ են հղել, ինչպես հաղորդում է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Բառացիորեն վաղը-մյուս օրը ՌԴ հյուպատոսը կհանդիպի Լապշինի հետ Վիեննայի կոնվենցիայի համաձայն: Դեսպանատունը նրա հետ շփում կունենա: Մենք այսօր զուտ տեխնիկական դետալներ կորոշենք: Ես արդեն հանդիպել եմ Ռուսաստանի դեսպանի հետ, այդ հարցը քննարկվում է», — ասել է Մամեդյարովը ՌԻԱ Նովոստիին:
Իսրայելն ուշադիր հետևում է բլոգերի գործին: Կնեսետի պատգամավոր Կսենիա Սվետլովան կարծում է, որ իրավիճակը պահանջում է բարձր մակարդակի միջամտություն՝ ընդհուպ մինչև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու:
«Հաշվի առնելով, որ խոսքը գնում է Իսրայելի քաղաքացու մասին, որը բանակում, մարտական ստորաբաժանումներում է ծառայել, կարծում եմ, Իսրայելը պետք է պատասխանատվություն կրի նրա կյանքի և բարօրության համար», — ասել է Սվետլովան Eurasia daily գործակալությանը տված հարցազրույցում:
Ի պաշտպանություն Լապշինի է հանդես եկել Հայաստանի Հանրապետության առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Նրա գհահատմամբ՝ Լապշինի արտահանձնման դեմ Ռուսաստանի և Իսրայելի հայտարարությունները բավականաչափ կոշտ չէին, և դա բացատրվում է նրանով, որ երկու երկրներն էլ Ադրբեջանին զենք են մատակարարում:
«Լապշինի պատմության հարցում մենք գործ ունենք մարդու իրավունքների և սեփական քաղաքացու շահերի ցինիկ անտեսման հետ, որոնց Ռուսաստանն ու Իսրայելը գերադասեցին զենքի վաճառքից ստացվող րոպեական շահը», — վստահ է իրավապաշտպանը:
Հետաքրքիր է, որ Ուկրաինայի ԱԳՆ կողմից, որի քաղաքացի է «Օլեքսանդր» Լապշինը, ի պաշտպանություն նրա որևէ հայտարարություն չի հնչել: