Գազ կա, ճանապարհ՝ դեռ ոչ․ իրավիճակը ԼՂ-ի շուրջ
Լաչինի միջանցքի փակման հինգերորդ օրը
«Առանց որևէ նախապայմանի, առանց որևէ զիջումների հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը»,- առավոտյան հայտարարել էր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու հավելել, որ օրվա ընթացում «ճանապարհն էլ կարող է բացվել»։
Լաչինի միջանցքի բացման մասին, սակայն, մինչ այս պահը որևէ լուր չի հաղորդվել։ Հայաստանն այս ուղղությամբ նաև իրավական աշխատանք է տանում։ Դիմումներ է ներկայացրել ՄԻԵԴ և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։
Էկոլոգիական իրավունքի մասնագետ, փաստաբան Նազելի Վարդանյանն ասում է՝ Բաքվի նպատակը բնական պաշարների զավթումն է։ Նրա փոխանցած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն արդեն իսկ պայմանագիր է կնքել Կաշենի հանքի վերաբերյալ և դրա դիմաց ստացել 3 միլիարդ դոլար։
Դեկտեմբերի 3-ին ադրբեջանցի ակտիվիստները բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Լաչինի միջանցքը, այնուհետև Արցախի հանքերի մոնիթորինգի հարցով բանակցություններ վարել ու համաձայնության եկել ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Արցախցիները, սակայն, թույլ չէին տվել մուտք գործել Կաշենի հանքավայր։
Դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է։ Սկզբում ադրբեջանցիները պահանջում էին հանդիպում խաղաղապահների հրամանատարի հետ։ Նախօրեին նոր պահանջներ են առաջ քաշել՝ Արցախի տարածքում Ադրբեջանի վերահսկողության սահմանում, այդ թվում՝ Ադրբեջանի ՆԳՆ-ի, Սահմանապահ ծառայության, մաքսային կոմիտեի հսկողություն և ադրբեջանական անցակետերի տեղադրում։
Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներն՝ ամփոփ
«Ադրբեջանն արդեն պայմանագիր է կնքել Կաշենի հանքի վերաբերյալ»
Փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանի համոզմամբ՝ 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդած ադրբեջանական հարձակումներն ուղղված են բնական պաշարների զավթմանն ու տնտեսական գերակա դիրք զբաղեցնելուն։
Վարդանյանի խոսքով՝ նույնիսկ պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ Զանգելանի շրջանը դեռևս հայկական կողմի վերահսկողության տակ էր, պատերազմի ելքն էլ պարզ չէր, Ադրբեջանի շրջակա միջավայրի նախարարությունը մրցույթ է հայտարարել։ Հաղթել է անգլո-ասիական կորպորացիա, որին էլ տրվել է Զանգելանի հանքի կառավարումը։
«Այս տարի նույն կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր Արցախի մի քանի հանքերի, այդ թվում՝ Կաշենի հանքի վերաբերյալ։ Ըստ հրապարակված տվյալների՝ Ադրբեջանը դրա դիմաց 3 միլիարդ դոլար գումար է ստացել»,- հայտնել է Նազելի Վարդանյանը։
Նրա գնահատմամբ՝ բնապահպանության անվան տակ Լաչինի միջանցքը փակած ակտիվիստները փորձում են լուծել քաղաքական և տնտեսական խնդիրներ, «առանց պատերազմի զավթել հանքի տարածքը»։
2013 թվականից մինչ օրս Կաշենի հանքը շահագործում է «Վալլեքս» ընկերությունների խմբի մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն։ Այն Արցախի ամենախոշոր հարկատուն է և ապահովում է ԼՂՀ–ի ՀՆԱ–ի շուրջ 13%–ը։
Ադրբեջանի ոսկու ու պղնձի արդյունաբերությունը տնօրինող բրիտանական «Anglo Asian Mining PLC» ընկերության պաշտոնական կայքում, սակայն, Կաշենի հանքավայրը ներկայացված է որպես 2022 թվականի հուլիսի 5-ին ձեռքբերված տարածք։
«Ցանկացած պահի կարող են գազը նորից անջատել»
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն արդեն երեք օր է, ինչ ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույց է անում։ Կարծում է՝ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է միջազգային ճնշման արդյունքում։ Սակայն չի բացառում, որ շուրջ 120 հազար բնակիչ ունեցող Արցախը կրկին զրկվի վառելիքից։
Հիշեցնում է՝ դեռևս մարտ ամսին ադրբեջանական կողմը գազատարի վրա փական է տեղադրել, ուստի «ցանկացած պահի կարող է նորից անջատել»։
Բեգլարյանի խոսքով՝ երկարաժամկետ կտրվածքով խնդիրները կարգավորելու համար միջազգային երաշխիքներ են անհրաժեշտ։
Ստեփանակերտում հանրահավաք կանցկացվի
Նման հայտարարություն է արել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու տեղեկացրել, որ այն կայանալու է վաղը՝ դեկտեմբերի 17-ին։
«Կոչ եմ անում բոլորին մասնակցել հանրահավաքին, որպեսզի ցույց տանք մեր ուժը, մեր միասնականությունը, ցույց տանք, որ Արցախը մեծ ուժ է»,- հայտարարել է Վարդանյանը։
Ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղիղ եթերի ընթացում պետնախարարը նաև հայտնել է, որ հնարավոր է՝ այսօր Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքը։ Վարդանյանի խոսքով՝ դա ադրբեջանական կողմի որոշումն է․
«Զգացել են, թե ինչ սխալ են թույլ տվել, որովհետև թե ներսից, թե դրսից եղել են մեծ ճնշումների տակ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք տարբեր երկրներում աջակցել են մեզ»։
Անդրադառնալով գազամատակարարման վերականգնմանը՝ պաշտոնյան ընդգծել է՝ հարևան պետությունը դա արել է «առանց որևէ նախապայմանի»։
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ և Հաագայի դատարան
Դեկտեմբերի 14-ին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով «միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը»։
Արդեն հայտնի է, որ դատարանը որոշել է մինչև դեկտեմբերի 19-ը ժամանակ տալ Ադրբեջանին պահանջի վերաբերյալ պատասխան ներկայացնելու համար։ Այնուհետև վերջնական որոշում կկայացվի։
Մամուլի ասուլիսի ընթացքում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը նշել է, որ միջանցքի ապաշրջափակման պահանջին կից ներկայացրել են նաև «այն աձանց տվյալները, որոնք ունեն անհապաղ Հայաստան տեղափոխվելու անհրաժեշտություն՝ իրենց առողջական վիճակով պայմանավորված»։
«Նամակով դիմել ենք նաև ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան (Հաագայի)՝ խնդրելով փոխանցել Ադրբեջանին մեր այն դիրքորոշումը, որ 48 ժամվա ընթացքում պետք է ապաշրջափակվի միջանցքը, որպեսզի հնարավոր լինի մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը ապահովել։ Եթե չապաշրջափակվի, կներկայացնենք նախականխիչ միջոց կիրառելու մասին նոր դիմում»,- ասել է Դրմեյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«ԼՂ-ում հումանիտար օդային միջանցքի բացման կարիք կա»
Ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Կառուցում ենք մի համակարգ, որը պետք է բնակչությանը ամբողջական շրջափակման պայմաններում անհրաժեշտ ամեն ինչով ապահովի։ Օդանավակայանը պետք է գործարկվի։ Դրա համար անհրաժեշտ է միջազգային կառույցների և բոլոր երկրների ճնշումը, որպեսզի մարդասիրական միջանցք հայտնվի, և մարդասիրական բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում»։
Պետնախարարի գնահատմամբ՝ դա Ադրբեջանից կախված չլինելու միակ տարբերակն է, քանի որ նման իրավիճակների կրկնությունն առավել քան հավանական է։ Նշել է՝ օդանավակայանը «լիովին պատրաստ է գործել»։
Խոսելով Բաքվի հետ հնարավոր երկխոսության մասին՝ ասել է, որ «Ադրբեջանը պետք է հասկանա՝ անհրաժեշտ է Արցախը որպես բանակցությունների կողմ ճանաչել, այդ ժամանակ կարելի է ամեն ինչ քննարկել»։
«Այստեղ մարդկանց ամբոխ չի ապրում, սա երկիր է, սա պետություն է։ Կան ինստիտուտներ՝ խորհրդարան, կառավարություն, նախագահ, հասարակական կազմակերպություններ։ Անհրաժեշտ է նստել ու բանակցություններ վարել, այլ տարբերակ չկա»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանը։
Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է՝ չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» որևէ մեկի հետ, դա իր «ներքին գործն է»։ Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, թե այս հարցի շուրջ բանակցություններ չեն վարելու նաև «Մոսկվայից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ»։
Ռուսաստանի արձագանքը Փաշինյանի ելույթին
Նախօրեին կառավարության նիստում Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ առնվազն տաօրինակ է որոշ բարեկամ երկրների լռությունը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում նույն օրը թեմային անդրադարձել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ: Այն պայմանավորված է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով: ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի լարումը նվազեցնելու ուղղությամբ: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում լիարժեք տրասնպորտային հաղորդակցությունը կվերականգնվի»,— հայտարարել է նա։
Զախարովան շեշտել է՝ խաղաղ բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելն անընդունելի է։
Անդրադառնալով ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքներին՝ նա նշել է, որ դրանք «անթույլատրելի ու անարդյունավետ են՝ անկախ նրանից, թե ում կողմից են արվում»։
Լաչինի միջանցքի փակման հինգերորդ օրը