«Բաքուն շանտաժի է դիմում Լաչինի միջանցքի հարցով»․ կարծիք Երևանից
Լաչինի միջանցքը՝ Երևանի և Բաքվի քննարկումներում
Երեք օր է, ինչ Երևանն ու Բաքուն հեռակա կարգով քննարկում են Լաչինի միջանցքի թեման։ Ադրբեջանի արտգործնախարարը պնդում է՝ հայկական կողմն այն օգտագործում է «իր տարածք ականներ տեղափոխելու» և «Ղարաբաղ սպառազինություն ուղարկելու նպատակով»։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանի համոզմամբ՝ այս կերպ Բաքուն փորձում է կեղծ հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքի հարցը վիճարկելու համար։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ նման հայտարարություններով Բաքուն հետապնդում է բազմաթիվ նպատակներ, որոնց շարքում է նաև, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստանալը։
Ադրբեջանի մեղադրանքները, հայկական կողմի արձագանքը, մեկնաբանություն Երևանից
«Լաչինի միջանցքն օգտագործվում է ոչ նպատակային»․ Բայրամով
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը միջանցքն օգտագործում է «Ղարաբաղ սպառազինություն ուղարկելու նպատակով», ինչը հակասում է նախկինում ձեռքբերված պայմանավորվածություններին։
«Միջանցքի ոչ նպատակային օգտագործմանը պետք է վերջ տրվի։ Ադրբեջանը այդ ուղղությամբ համապատասխան քայլերի կդիմի»,- Turan գործակալության փոխանցմամբ շեշտել է Բայրամովը։
Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է, որ հենց Լաչինի միջանցքով են Ղարաբաղ հասցվել «2021 թվականին այնտեղ տեղադրված ականները»։
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, թե, իբր, հայկական ուժերի կողմից նոր տեղադրված ականներ են հայտնաբերել Սարիբաբայում (Շուշիի շրջանի Եղցահող գյուղի մոտ)։
Պաշտոնյան ևս մեկ անգամ հնչեցրել է Բաքվի այն թեզը, թե «Հայաստանը խախտում է եռակողմ հայտարարության հիմնարար սկզբունքները»՝ վկայակոչելով Ադրբեջանի տարածքից «բոլոր հայկական զինված կազմավորումների դուրսբերումը»։
Այս հայտարարությունն Ադրբեջանից վերջերս ավելի հաճախ է հնչում։ Պաշտոնական Երևանն ամենաբարձր մակարդակով հայտարարել է՝ Հայաստանի զինված ուժեր Ղարաբաղում չկան, իսկ ԼՂ-ի Պաշտպանության բանակն այնտեղ ապրող հայերին ցեղասպանության սպառնալիքից զերծ պահելու միակ երաշխիքն է։
«Ադրբեջանն ուզում է կեղծ հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքը վիճարկելու համար». Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանի բնորոշմամբ՝ բացարձակ սուտ է ադրբեջանական կողմի այն պնդումը, թե Հայաստանը Լաչինի միջանցքն օգտագործել է «իր տարածք» ականներ տեղափոխելու համար։
«Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից հանել է ականներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ, որպեսզի ցույց տա գործընկերներին և կեղծ հիմքեր ստեղծի Լաչինի միջանցքը վիճարկելու համար»,– Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Մարուքյանը։
Արդեն այսօր պաշտոնյան ևս մեկ անդրադարձ է կատարել թեմային՝ պարզաբանելով՝ որտեղի՞ց են ԼՂ-ում ականներ հայտնվել։
Մարուքյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Բաքվի մատնանշած Սարիբաբան Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել այս տարվա օգոստոսին, այդ դեպքում ինչո՞ւ են նոր ականների հայտնաբերման մասին խոսում ամիսներ անց՝ նոյեմբերին։
Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ Ադրբեջանը ականները ԼՂ է տեղափոխել Հայաստանի դեմ «սեպտեմբերյան ագրեսիայից» հետո.
«Ջերմուկի ուղղությամբ Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ Ադրբեջանը ստացել է հասանելիություն ականներին։ Այնուհետև ադրբեջանական կողմը դրանք տեղափոխել է Սարիբաբա (Լեռնային Ղարաբաղի Եղցահողի շրջան)»:
Փորձագիտական կարծիք
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան սովորական շանտաժ։
«Ունենալով այդ լծակը՝ Ադրբեջանը փորձ է անում ճնշում բանեցնել Հայաստանի իշխանության վրա, շանտաժի ենթարկել՝ եթե չկատարես իմ պահանջները, կարող եմ այս պատրվակով վերջ դնել Լաչինի միջանցքի գոյությանը»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է նա։
Հարցին՝ արդյո՞ք ճնշում գործադրելու նպատակը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստանալն է՝ փորձագետը պատասխանել է․ Բաքուն հետապնդում է մի շարք նպատակներ։ Հովհաննիսյանի դիտարկմամբ, դրանք են՝
- ցույց տալ, որ խաղաղապահ ուժերը չեն տիրապետում իրավիճակին, այն ուժերը չեն, որոնք կարող են վերահսկողություն սահմանել Լաչինի միջանցքի վրա, այսինքն՝ շանտաժի ենթարկել ոչ միայն Հայաստանին, այլև ՌԴ-ին,
- Հայաստանի տարածքով և որոշակի կարգավիճակով ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան,
- որոշակի սահմանափակումներ մտնցել Լաչինի միջանցքով երթևեկող մեքենաների նկատմամբ։
Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ Ալիևը փորձում է այս կերպ արդարացնել նաև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի չստորագրումը՝ մեղքը բարդելով «դեռևս չլուծված հարցերի» վրա։
Վերադառնալով Լաչինի միջանցքի շուրջ հնարավոր զարգացումներին՝ Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը կարող է չթույլատրել բեռնատարների տեղաշարժը։
«Բաքուն կարող է ասել՝ դա ոչ նպատակային եմ համարում, որովհետև բեռնատարներով հնարավոր է, օրինակ՝ զենք-զինամթերք տեղափոխել։ Պարզ ու հասկանալի է, որ բեռնատարների չթույլատրման դեպքում, ըստ էության, կտրվում է կապը Արցախի հետ»,- շեշտել է նա։
Փորձագետն ասում է՝ ստեղծված իրավիճակում Հայաստանն ունի մեկ անելիք՝ միջազգային հանրությանը ներկայացնել այն, ինչ իրականում կա, «բաց տեքստով» խոսել Ադրբեջանի նպատակների մասին։
Լաչինի միջանցքը՝ Երևանի և Բաքվի քննարկումներում