Ադրբեջանի զորքերը՝ Հայաստանի կարևոր բարձունքներում. պարզաբանում Բաքվից
Լաչինի հին միջանցքի մուտքը փակ է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտնել էր, որ բանակը վերահսկողության տակ է վերցրել մի քանի գերիշխող բարձունքներ, հիմնական և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանին գտնվող տարածքներ։ Սա պայմանավորված է Լաչինի հին միջանցքի ամբողջական փակմամբ և նոր՝ այլընտրանքային ճանապարհի գործարկմամբ։
- «Ինչո՞ւ չկան պատժամիջոցներ»․ ֆրանսիացի պաշտոնյան՝ ԼՂ-ի շրջափակման մասին
- «Ադրբեջանական հերթական բլոկբաստեր»․ Փաշինյանը՝ Լաչինի նոր երթուղու մասին
- «Ճանապարհ դեպի խաղաղություն». Փաշինյանը՝ ժողովրդավարության գագաթնաժողովին
Ադրբեջանական կողմի տեղեկությունների համաձայն՝ տեղի է ունեցել զինված ուժերի վերադասավորում Լաչինի հին միջանցքի փակման հետ կապված։ Փորձագետները պնդում են, որ ադրբեջանական բանակը տեղակայվել է այն բարձունքներում, որտեղից հեշտ է վերահսկել տրանսպորտային միջոցների տեղաշարժը Հայաստանը Ղարաբաղի հետ կապող նոր ճանապարհով։
Ի՞նչ է տեղի ունեցել
2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ երեք տարվա ընթացքում Հայաստանը Ղարաբաղի հետ պետք է կապեր նոր ճանապարհ, որի երթուղին պետք է տարբերվեր Լաչինի հին միջանցքից։ Բանն այն է, որ Լաչինի նախկին միջանցքն անցնում էր Լաչին քաղաքով և Լաչինի շրջանի բնակավայրերով, որոնք Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում վերադարձել էին Ադրբեջանի վերահսկողության տակ։
2022 թվականի օգոստոսի 1-ին Ադրբեջանը հայտարարեց Լաչինի նոր ճանապարհի շահագործման և Լաչին քաղաքից, ինչպես նաև Զաբուխ և Սուս գյուղերից հայ բնակչության վտարման անհրաժեշտության մասին։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ հայկական կողմը երկկողմ շփումների ընթացքում խնդրել էր նոր ճանապարհի շահագործման ժամկետը հետաձգել մինչև օգոստոսի 25-ը։ Հենց այդ օրն էլ գործարկվեց նոր ճանապարհը։
Չնայած նրան, որ Լաչինի նոր ճանապարհը պատրաստ էր, Հայաստանի կողմից մինչև Ադրբեջանի սահման տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար նոր ճանապարհ չէր կառուցվել։ Երևանը հայտարարում է, որ նոր ճանապարհը պատրաստ կլինի 2023 թվականի ապրիլի 1-ին։
Մարտի 30-ին Ադրբեջանն ամբողջությամբ փակել է մուտքը Հայաստանից դեպի Լաչինի հին միջանցք, մեկնարկել է սահմանային անցակետերի տեղակայումը։
Փորձագիտական կարծիքներ
Ռազմական փորձագետ, պաշտոնաթող գնդապետ Շաիր Ռամալդանովն ասում է՝ Ադրբեջանի Զինված ուժերը պարբերաբար ամրապնդում են իրենց դիրքերը «ինչպես Հայաստանի հետ պայմանական սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից վերահսկվող տարածքում»։
«Ղարաբաղում լարվածության աճը, ինչպես նաև այն, որ Հայաստանն ամեն կերպ խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից, Ադրբեջանին ստիպում են լրացուցիչ քայլեր ձեռնարկել։ Չնայած Հայաստանից Ղարաբաղ զենքի տեղափոխման վերաբերյալ բազմաթիվ ահազանգերին, խաղաղապահների կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել։
Այդ իսկ պատճառով հատուկ գործողություն է իրականացվել՝ փակելու համար այն շրջանցիկ ճանապարհները, որոնցով հայերը կարող էին զենք և զինամթերք տեղափոխել։ Այժմ այդ բոլոր ճանապարհները գտնվում են ադրբեջանական բանակի վերահսկողության ներքո»։
Ռամալդանովն ընդգծել է, որ եթե նախկինում «հինգ կամ վեց հազար հայ զինյալներ են եղել Ղարաբաղում, ապա այժմ 10 հազարից ոչ պակաս են»։ «Այդ գործողություններն ամբողջությամբ փակել են Ադրբեջանի տարածքում գործող անօրինական խմբավորումների մատակարարումների ճանապարհը»,- հավելել է նա։
Ռազմական փորձագետ Ալփարսլան Իմամգուլուի խոսքով՝ զորքերի վերադասավորումներից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներն էական նշանակություն ունեն ապօրինի ռազմական կազմավորումների զինաթափման համար․
«Ջաղազուր և Զաբուխ գյուղերի մերձակայքում գտնվող գերիշխող բարձունքների, ինչպես նաև հարակից ճանապարհների նկատմամբ վերահսկողությունը մեծ նշանակություն ունի։ Դա թույլ կտա ադրբեջանական բանակին վերահսկել գրեթե բոլոր տարածքները, որոնցով կարող էին տեղաշարժվել թշնամական խմբավորումները»։
Ադրբեջանի զինված ուժերի այս գործողությունները կհանգեցնեն «տրամաբանական արդյունքի՝ Հայաստանի հետ սահմանի ողջ երկայնքով հսկիչ անցակետերի ստեղծման»,- նշել է մեկ այլ ռազմական փորձագետ՝ Ադալաթ Վերդիևը։
«Բանակի ներկայիս վերաբաշխումն Ադրբեջանին թույլ կտա վերահսկել ոչ միայն Լաչինի շրջանի բոլոր ճանապարհները, այլև Հայաստանի սահմանամերձ շրջանները»։
«Սահմանները պետք է խստորեն վերահսկվեն»
Ղարաբաղում և Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում ընթացող փոփոխությունների մասին իր կարծիքն է հայտնել նաև Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը։
«Ցանկացած պետության հիմնական խնդիրներից մեկը իր սահմանների պաշտպանությունն է։ Այդպես է բոլոր երկրներում: Մեքսիկայից գաղթականների հոսքից պաշտպանվելու համար ամերիկյան իշխանությունները վեց մետր բարձրությամբ երկաթե պատ են կառուցել։ Սա՝ որպես օրինակ»,- նշել է նա։
Զուլֆուգարովի խոսքով՝ աշխարհում ոչ մի տեղ խաղաղապահները սահման չեն պաշտպանում.
«Խաղաղապահները լիազորված են պաշտպանելու միայն անվտանգությունը։ Մնացած ամեն բան` երկիր մուտք գործելը, երկրից դուրս գալը, սահմանային և մաքսային հսկողությունը, սանիտարական ծառայությունները, նրանց գործը չէ։ Այդ գործառույթները, ինչպես և ենթադրվում էր, իրականացնելու են Ադրբեջանի պետական կառույցների ներկայացուցիչները՝ երկրի օրենքների շրջանակներում։
Այս դեպքում ինքնաբերաբար կվերանա շրջափակման մասին հայերի փաստարկը։ Պարզապես կլինի վերահսկողություն, իսկ ով չի խախտի օրենքները, անարգել կհատի սահմանը։
Նախկինում հայերը ընտելացել էին նրան, որ այդ տարածքը չի պատկանում Ադրբեջանին, և նրանք կարող են տեղաշարժվել այնտեղ այնպես, ինչպես ուզում են։ Բայց դա այլևս հնարավոր չէ։ Ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նրանք կամ մնում են և ապրում Ադրբեջանի օրենքներով, կամ հեռանում են։
Ենթադրում եմ, որ սկզբում Ղարաբաղի հայերի համար երկրից դուրս գալը կլինի պարզեցված ընթացակարգով։ Բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում ապրել Ադրբեջանի օրենքներով, կհեռանան»։