Լաշա Բուգաձե, Թբիլիսի
Դասական երաժշտությանը ես սիրահարվել եմ դեռևս ծնվելուց առաջ: Հատկապես՝ Մոցարտի դաշնամուրի և նվագախմբի համար քսանմեկերորդ կոնցերտին:
Ես դեռևս մորս փորում լսում էի Մոցարտի Սի բեմոլ մաժոր կոնցերտը՝ Ռոբերտ Կազադեսիուսի կատարմամբ:
Նույնպես ստիպված էի լսել, թե ինչպես է ճռճռում նվագարկիչի ասեղը խորհրդային ձայնասկավառակի վրա, թե ինչպես է ամեն անգամ կադենցիայի նույն վնասված հատվածում կանգ առնում՝ առաջին Allegro-ի հենց վերջում:
Իմ ցանկությամբ լիներ, պատմական բամբասանքների հանդեպ սիրուց ելնելով՝ մեծ հաճույքով նույն կոնցերտը կլսեի էքսցենտրիկ Մարիա Յուդինա-Ստալինայի կատարմամբ. ռադիոյով լսելուց հետո, ձայնագրությունը պահանջեցի: Սակայն ձայնագրությունը չկար, կենդանի համերգն էին ռադիոյով հեռարձակում: Եվ հենց այդ գիշեր Հատուկ բաժնի աշխատակիցները Յուդինային ստուդիա բերեցին, որտեղ նրան արդեն սպասում էր նվագախումբը: Այդպես էլ ձայնագրությունը հայտնվեց:
Այդ պատմությունը ես լսել եմ արդեն ծնվելուց հետո: Քանի որ ծնվելուց առաջ պետք է բավարարվեի այն կատարմամբ, որն իմ 20-ամյա հայրն ընտրում էր իմ 19-ամյա հղի մոր համար:
Հայրս [հայտնի վրացի նկարիչ Գիա Բուգաձեն] անձամբ էր փոխում ձայնասկավառակները, զգուշությամբ ուղղում էր նվագարկիչի ասեղը փչացած կադենցիայի վրա և այնպես էր ձգտում երաժշտությունը հնչեցնել, որ մի կողմից՝ պապիս չանհանգստացնի, որը սովորաբար «Վրեմյա» խորհրդային տեղեկատվական ծրագիրն էր նայում, մյուս կողմից՝ որպեսզի մոտ 8 ամսական տղան երաժշտությունը պարզ լսի իր կնոջ որովայնում:
Պարզվեց, ես լավ լսում էի, քանի որ ծնվելուցս 13 տարի անց հենց Մոցարտի դաշնամուրային կոնցերտներից սկսեցի հավաքել ձայնասկավառակների իմ հավաքածուն, որոնք գնում էի Թբիլիսիի «Չոր կամրջից»:
Դրանից հետո էլ կանգ չառա: Թեև դասական երաժշտությունը ինձ էր հասել մորս միջոցով, սակայն հորս ֆոնին նա պարզապես պասիվ ունկնդիր էր:
Հայրս ակտիվ ունկնդիր է: Դիրիժորին նմանակելը նրանից եմ սովորել. սիմֆոնիկ երաժշտության բոլոր սիրահարները գոնե մեկ անգամ իրենց դիրիժոր են պատկերացրել: Այլ կերպ չի էլ կարող լինել: Նվագարկիչի մոտ: Տանը: Չկարողանալով: Ոմանք երգում են ցայվելիս (ես բացառություն չեմ), մյուսները չափ են տալիս հաճույքի համար, զգացմունքների հորդումից:
Իմ առաջին գիտակից հիշողություններից մեկը կապված է հորս ուսերի հետ. հայրս իր վատ լուսավորված, ցածր առաստաղով, նկարչի համար չնախատեսված արվեստանոցում կանգնած է կտավի մոտ և նկարում է, իսկ ես նստած եմ նրա ուսերին և ամեն ինչին բարձրից եմ նայում: Հիշողությանս մեջ երկու բան կա՝ յուղաներկի հոտն ու նվագարկիչի հնչյունները՝ ներքևից: Երաժշտությունը չեմ հիշում, հիշում եմ այն զգացմունքը, չնայած որ այսօր գիտեմ. հայրս այն ժամանակ իր սիրելի Մալերին էր լսում: «Մելոդիա» խորհրդային երաժշտական հրատարակչությունը երկնագույն ձայնասկավառակներ էր թողարկում, որոնք հետո հայտնվեցին իմ հավաքածուում. 9 ձայնասկավառակ՝ տարօրինակ գզգզված մազերով, տեղ-տեղ ճաղատ Ռաֆայել Կուբելիկի նկարով և մեկ երկնագույն, որի կազմի վրա Վիլեմ Մենգելբերի նկարն էր՝ դիրիժորություն անելիս կամ դասախոսություն կարդալիս:
Ուրիշ Մալեր խորհրդային Վրաստան չէր մտնում: Ամեն դեպքում, հայրս չուներ: Նա լսում էր Մալերի այդ երկնագույն ձայնագրությունը և իր տրիլոգիան էր նկարում, որի կտավների վրա մինչ այսօր էլ Մալերի սիմֆոնիաների տարբեր հատվածների անուններ են գրված՝ Urlicht երկրորդ սիմֆոնիայի առաջին և վերջին մասերն ու 5-րդ սիմֆոնիայի adagietto-ն:
Վերջին երկուսն ամեն օր տեսնում եմ: Urlicht-ի կտավներից մեկը կորած էր համարվում 1980-ականների քաոսի և «թբիլիսյան պատերազմի» ժամանակ, չնայած որ մի քանի տարի առաջ ես այն հայտնաբերեցի մի կասկածամիտ կոլեկցիոների մոտ, որը դժկամորեն խոստովանեց, որ հորս «Մալերը» կախված է իր տան պատին: Մի քանի անգամ ես նրան ապարդյուն խնդրել եմ ցույց տալ նկարը հորս, սակայն հավանաբար նա վախենում է, որ հայրս այն կխլի կամ կրկին կնկարի: Չէ՞ որ կոլեկցիոներները տանել չեն կարողանում կենդանի նկարիչներին:
Խորհրդային Վրաստանում առանձնահատուկ զվարճանքներ չկային, այդ պատճառով էլ ընտանիքներում անընդհատ մի բան էին հորինում միապաղաղ խորհրդային կյանքը բազմազան դարձնելու համար: Օրինակ, հորաքույրս, տիկնիկային թատրոն էր ստեղծել և մեծ ջանքերի ու նյարդերի գնով «Կախարդական սրինգը» ներկայացրեց, որին մասնակցում էին իր իսկ կարած տիկնիկները: Սակայն հորաքրոջս չէր հաջողվել տիկնիկների սեռային տարբերություններն ընդգծել, և ոչ մի կերպ հնարավոր չէր հասկանալ, որն է տղամարդ, որը՝ կին. Պամինան ու Զարաստրոն նման էին միմյանց, ինչն ինձ մոտ բողոք ու վրդովմունք էր առաջացնում:
Հայրս երաժիշտ ընկեր ուներ, նա հայտնի վրացի կոմպոզիտորի տղա էր: Նա մեծ արծվաքիթ ուներ, ցախավելի պես մազեր, առաջ տնկված ատամներ: Նա Կարայանի և հավանաբար բոլորին հիշատակելը գրեթե մեղք էր համարում, Կնապերտսբուշից բացի: Եվ ինչպես դիրիժորներին, նրան կարծես նյարդայնացնում էին երեխաները, քանի որ երբ մի օր նա էլ փորձեց «Կախարդական սրինգ» դիլետանտական բեմականացումն իրականացնել ինչ-որ մեկի բարձր առաստաղներով հին տանը, իսկ հայրս ինձ հետը տարել էր պրեմիերային (նա էր հենց իր ընկերոջ այդ «բեմադրության» վարագույրը նկարազարդել), նա ակնհայտ դժգոհությամբ նայեց ինձ և ասաց հորս.
— Չէ՞ որ մենք պայմանավորվել ենք երեխաների չբերել: Սկսում են խոսել, երբ պատահի, բարձրաձայն հորանջում են:
Ես արդեն ուզում էի ասել, որ, կներեք, բայց Մոցարտին ես լսել եմ նախքան ծնվելս, սակայն զսպեցի ինձ, քանի որ ես 6 տարեկան էի և այսպես թե այնպես դաստիարակված երեխա էի համարվում: Իսկ նրա «Կախարդական սրինգին» ես պարզապես քնեցի: Առանց հորանջելու:
Հայրս միշտ կարողանում էր ինձ երաժշտության մասին պատմել: Օպերան ես սիրեցի նրա պատմածներով: Սյուժեները մեծ ոգևորությամբ էր պատմում, և ժամանակ առ ժամանակ սկսում էր վրձնով չափ տալ: Այսպես նա ինձ պատմեց «Դոն Ժուանի» նախավերջին արարը, երբ դոն Ժուանին Կոմանդորի արձանն է հյուր գալիս: Կոմանդորի հայտնվելուն ուղեկցող ակորդներն ինձ վրա ամենաուժեղ երաժշտական ազդեցությունն են թողել: Դրանից հետո, ինչ ձեռքիս տակ էր ընկնում, վրան Կոմանդորի հայտնվելու տեսարանն էի նկարում՝ թղթերին, սեղանին, պատերին, նույնիսկ՝ խոհանոցի դռանը:
-Երեխային խելքահան ես արել, արդեն գլխիս է պատրաստ նկարել, — զայրանում էր տատս հորս վրա:
Ձայնապնակներ սկսել եմ հավաքել եմ հենց «Դոն Ժուանից». հստակ հիշում եմ այն օրը, երբ սկսեցի գնել դրանք «Չոր կամրջի» տոնավաճառից: Դա տեղի ունեցավ 1992թ-ի մայիսին՝ օբյեկտիվորեն ծանրագույն և դեպրեսիվ մի ժամանակ: Խորհրդային Միությունը փլուզվել էր մի քանի ամիս առաջ (ինչը լավ էր), սակայն հենց այդ ժամանակ Թբիլիսիում պատերազմ սկսվեց զինված ընդդիմության և Վրաստանի նախագահի կողմնակիցների միջև: Դրա պատճառով կարծես բոլորը սկսեցին մոռանալ այն, ինչին այդքան երկար սպասում էին՝ ԽՍՀՄ փլուզմանն ու Վրաստանի ազատագրմանը:
Սարսափելի ժամանակներ սկսվեցին. լույս չկար, փող չկար, տրանսպորտը չէր աշխատում… Ցուրտ էր: Չգիտեմ, թե ինչպես են այդ ամենին ծնողներս դիմացել: Բնականաբար ինձ ճնշում էր էլեկտրականության բացակայությունը, սակայն ի տարբերություն ծնողներիս, ինձ բնականաբար ողջ մնալու մասին մտքեր չէին անհանգստացնում: Տարօրինակ է, սակայն չեմ հիշում, թե ինչպես էր հաջողվում ողջ մնալ: Եթե ես այն ժամանակ նույն տարիքին լինեի, ինչ նրանք, հավանաբար կխելագարվեի, չէի կարողանա այդ իրականության հետ համակերպվել: Սակայն նրանք կարողացան՝ մայրերը, հայրերը, տատիկներն ու պապիկները…
Լույս երբեք չկար կամ, եթե անգամ կար, ապա մի քանի ժամով, այն էլ՝ գիշերվա կեսին, ժամը 2-ից 4-ը, ինչի հետևանքով ակտիվ կյանքը (լվաքը, լողանալը, ուտելիք պատրաստելը, առանց հաղորդումների հեռուստացույցը) սահմանափակվում էր այդ երկու ժամով:
Հայրս ինչ-որ կերպ հաջողացնում էր նկարներ վաճառել (փոքրիկ բնապատկերներ, որոնք գնում էին քրեական ճանապարհով հարստացած վրացիների էսթետ կանայք): Պապս իր նախկին ծառայակցի հետ Աշխատանքի պահպանման ինստիտուտի մոտ (նման անհեթեթ հաստատություն միայն Խորհրդային Միությունում կարող էր լինել) փորձեց խաչապուրու վաճառքի կետ բացել, սակայն մի քանի ամիս անց փակեց և խորասուզվեց պասիվ դեպրեսիայի մեջ. կյանքի պայմանների կտրուկ փոփոխություններից նա շվարած էր: Սակայն այդ ամենի մեջ հայրս միշտ հնարավորություն ուներ (շնորհակալություն աստծուն և քրեական հեղինակությունների էսթետ կանանց) ինձ ձայնապնակների համար 2-3 լարի տալ: Այդ ձայնապնակները մենք աշխատում էինք լսել գիշերվա երկուսից մինչև 4-ը: Երաժշտությունը մեր ապաստանն էր:
Այն ապաստան էր նաև խորհրդային տարիներին, երբ ծնողներս աշխատում էին հեռանալ խորհրդային իրականությունից դասական երաժշտության օգնությամբ, ավելին՝ տեղափոխվել այնտեղ, որտեղ այդ երաժշտությունը ստեղծվել էր: Նույն բանն էր տեղի ունենում և այդ ժամանակ, քանի որ «Չոր կամրջից» գնված իմ առաջին ձայնապնակները (բնականաբար ոչ նոր, բայց լավ վիճակում գտնվող)՝ անհնարին էժան գնով ձեռք բերված Մոցարտի դաշնամուրային կոնցերտները, Don Giovanni, Cosi fan tutte օպերաների ֆրագմենտները, Բաստիանինիի բարիտոնով «Ռիգոլետոն», կտրում էին նրանց ծանր իրականությունից:
Ինձ համար ամենաանտանելին այն պահերն էին, երբ էլեկտրականությունը տալիս էին, սակայն անհայտ պատճառներով լարումը թույլ էր լինում, այսինքն՝ կարծես լույս կար, սակայն միաժամանակ չկար… Լամպը թարթում էր, հեռուստաէկրանը թարթում էր, իսկ ձայնապնակը նյարդայնեցնելու աստիճան դանդաղ էր պտտվում, քանի որ նվագարկիչի հզորությունը ցածր լարման պատճառով չէր հերիքում: Այդ պատճառով էլ կատարման տեմպը գրեթե 5 անգամ դանդաղանում էր, իսկ երգիչների ձայները մռնչոցի էին նմանվում:
— Անջատի՛ր, մա՛րդ եղիր, սա տանջանք է, այլ ոչ թե երաժշտություն, ասում էր հայրս, երբ ոչ մի կերպ չէի կարողանում գլուխ հանել ուժ չունեցող էլեկտրականությունից:
Խորհրդային Միությունը ստատիկ ժամանակի երկիր էր:
Անկախության առաջին տարիներն ինձ մոտ հիշվել են ուժասպառ դանդաղաշարժ նվագարկիչի և ծանր քայլքի տարիների տեսքով: Սակայն այնուամենայնիվ քայլքի, այլ ոչ թե ստատիկայի:
Ստատիկան միշտ ներխուժել է վրացական պատմություն. Ռուսական Կայսրության գաղափարակիրներն ու գրաքննիչները փորձում էին բազմադարյա վրացական բազմաձայնությունը փոխարինել կայսրական միաձայնությամբ: Այնպես, ինչպես սպիտակ ներկով ներկում էին հնագույն եկեղեցիների պատերի վրացական որմնանկարները պատմությունը ջնջեելու համար:
Վրաստանում չպետք է երգեին եռաձայն «Դու, խաղողի այգի» երգը, որն 9-րդ դարում Դեմետրե Առաջին թագավորի բանաստեղծության վրա է հիմնված, «Մրավալժամիերը» և շատուշատ այլ բաներ, որոնք բազմաձայն Վրաստանի ինքնության մասն են:
Սակայն հնչողությունն այնուամենայնիվ պահպանվեց:
Պահպանվեց նաև հիշողությունը:
Երաժշտությունը մեզ համար միշտ ապաստան է եղել: Եվ դարեր առաջ, և 80-ականներին, երբ վախեցած ու ճնշված մարդկանց տներից, հանկարծ սկսում էր երգ լսվել (կամ Թբիլիսիի հին թաղամասերին այդքան բնորոշ դաշնամուրի հնչյունները), և այսօր նույնպես, երբ ձայնասկավառակները դանդաղ չեն երգում: Սակայն, ցավոք, կան ոչ այնքան անօգնական մարդիկ, որոնք այժմ էլ են ուզում թուլացնել կամ կանգնեցնել պատմության ընթացքը:
Չնայած, ես չեմ էլ մտածում, որ դրանից ինչ-որ բան կստացվի: Ոչ երաժշտական մշակույթը երբեք և ոչ մի կերպ չի կարող հաղթահարել երաժշտականին:
Դա ես հասկացել եմ դեռ այն ժամանակ, երբ մորս որովայնում 8 ամսական էի և Մոցարտի 21-րդ կոնցերտն էի լսում:
Դա ես գիտեմ հենց այն ժամանակվանից: