«Ի հեճուկս որոշակի հոռետեսության մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ». Նիկոլ Փաշինյան
Կրեմլում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Ռուսաստանի առաջնորդն իր ողջույնի խոսքում հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են կրում դարեր շարունակ.
«Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, անվտանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը»:
Փաշինյանն, իր հերթին, հաստատել է, որ կողմերը պատրաստվում են քննարկել հարցերի լայն շրջանակ, որոնք վերջին ժամանակներս կուտակվել են Երևանի և Մոսկվայի հարաբերություններում:
«Աստված հեռու պահի այդպիսի իրավիճակից, երբ հարաբերություններում չկան հարցեր, քանի որ դա կնշանակեր, որ հարաբերություն ընդհանրապես գոյություն չունի: Վստահորեն կարող եմ ասել, որ մեր հարաբերությունններում չկան անլուծելի հարցեր, և մենք այսօր կքննարկենք հարցերի շատ լայն շրջանակ: Վստահ եմ, որ այդ հարցերը կլուծվեն` մեր դաշնակցային հարաբերությունների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների սուվերենության նկատմամբ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա:
Մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ և սերտացմամբ. նկատի ունեմ ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև համագործակցությունը և՛ Եվրասիական տնտեսական միության, և՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում, և՛ ընդհանրապես մյուս ոլորտներում [ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը Ռուսաստանի հովանու ներքո գործող կառույցներ են — JAMnews]»:
Հայաստանի վարչապետը հայտարարել է նաև, որ, չնայած խնդիրների առկայությանը, երկրների միջև հարաբերությունները դինամիկ են զարգանում.
«Ի հեճուկս որոշակի հոռետեսության, որ այսօր գոյություն ունի և հայաստանյան, և ռուսաստանյան լրատվական տիրույթում և սոցիալական ցանցերում, կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ, շատ բնական»:
Սա հայկական հեղափոխությունից հետո Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների արդեն երրորդ հանդիպումն է: Ռուսական լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդում էին, որ Կրեմլը մտադիր է Փաշինյանի հետ քննարկել Հայաստանի նախկին ղեկավարներին հետապնդելու թեման, մասնավորապես, քրեական գործերը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի դեմ:
Նշվում էր նաև, որ Մոսկվան դժգոհ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակից: Նա, ինչպես և Քոչարյանն ու Հարությունյանը, «Մարտի 1-ի» աղմկահարույց գործերի ֆիգուրանտ է և կասկածվում է իշխանության բռնազավթման համար: ՀԱՊԿ մյուս անդամները կարծում են, որ միջադեպը լուրջ վնաս է հասցրել կազմակերպության կարգավիճակին:
2008թ-ի մարտի 1-2-ի իրադարձությունները կապված են 2008թ-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների հետ, որոնց արդյունքների հրապարակումից հետո երկրում հուզումներ սկսվեցին. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական դաշինքի կողմնակիցները պնդում էին, որ ընտրություններում հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանն, ու պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, ըստ քվեարկության արդյունքների, հաղթող էր հայտարարել Սերժ Սարգսյանին, սակայն նա այդ ժամանակ դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը. երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր: Նա արտակարգ դրություն մտցրեց: 2008թ-ի մարտի 1-ին ցույցը ցրելու ժամանակ մարտական զենք կիրառվեց, տասը մարդ զոհվեց՝ քաղաքացիական ութ անձ և ոստիկանության երկու աշխատակից:
Օրակարգի թեմաներից մեկն էլ Հայաստանի կողմից ռուսական զենքի գնման հարցն էր: Յուրի Խաչատուրովի պատմությունից հետո տեղեկատվություն տարածվեց, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել զենք մատակարարելու 100 մլն դոլար արժողությամբ վարկային համաձայնագրի կատարումից: Ավելի վաղ Ռռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել էր, որ «դա ոչ կոռեկտ տեղեկություն է»:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ այս հանդիպումը Մոսկվայի և Երևանի միջև տարաձայնությունները լուծելու հնարավորություն է.
«Հետխորհրդային երկրների փոխազդեցության քաղաքականությունը վարվում է ոչ թե դեսպանների և նույնիսկ ԱԳՆ ղեկավարների, այլ առաջին դեմքերի մակարդակում: Վստահելի կապ հաստատելու համար դեռ էլի այցեր կպահանջվեն: Չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ հիանալի կլինի: Սակայն զենքը, կարծես, կշարունակեն մատակարարել: Իսկ դա ցույց է տալիս, որ Ռուսաստանում էլ ոչ ոք չի պատրաստվում կամուրջներն այրել և էմոցիոնալ հայտարարություններ անել»: