«Ի գործ»․ սփյուռքի հայերը գալիս են օգնելու հայրենիքին գիտելիքներով
2020թ.-ից Հայաստանում մեկնարկած «Ի գործ» ծրագրի նպատակը արտերկրում բնակվող սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին կառավարության աշխատակազմում ընդգրկելն ու մասնագիտական ներգաղթին նպաստելն է:
Պետությունը նրանցից յուրաքանչյուրին մեկ տարի տրամադրում է ամսական 336 հազար դրամ աշխատավարձ։ Դա ծրագրում ընդգրկվածներից շատերի համար սիմվոլիկ, ոչ մեծ գումար է: Սակայն առաջին տարվա մասնակիցներից շատերը որոշել են աշխատանքային պայմանագրի ավարտից հետո հիմնավորվել հայրենիքում։
«Ի գործ» ծրագրի մասնակիցների պատմությունները․ ովքեր և ինչու են գալիս Հայաստան, ինչ նպատակներ են դնում իրենց առջև, ինչու են թողնում իրենց ապահով կյանքն արտերկրում, ինչպես է դասավորվում նրանց կյանքը հայրենիքում։
- «Լքելու եմ ԱՄՆ-ն, մնալու եմ Հայաստանում»։ Չորս տարբեր, բայց նման պատմություն
- Բիզնես-գաղափար, որը ծնվեց Հայաստանում պատերազմի ժամանակ
- «Ապագա հայկականը»․ պետության փրկության նոր տեսլականը
«Ծնողներին, երեխաներին ու հայրենիքը չեն ընտրում»
2020թ.-ին մրցույթով ընտրվել և մեկ տարվա Հայաստանի պետական կառավարման համակարգում աշխատանքի առաջարկ է ստացել 19 երկրներից հայտ ներկայացրած 52 մասնագետ:
Մասնագիտությամբ լրագրող և PR մասնագետ Հերմինե Հարությունյանը ծրագրի առաջին շահառուներից է:
Նա Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի Չիտա քաղաքից: Ասում է, որ Հայաստան տեղափոխվելու վերջնական որոշումը կայացրել էր դեռևս 2019-ին․
«Ընտանիքս Հայաստանից արտագաղթել է, երբ ես 5 տարեկան եմ եղել: 23 տարի անց՝ 2019-ին եկա Հայաստան ու այցելեցի Տաթև։ Այդ ժամանակ հենց մտածեցի․ այն, ինչ անում եմ ՌԴ-ում, ինչո՞ւ չեմ անում այսքան սիրուն, այսքան իսկական իմ երկրի մեջ։ Հենց այնտեղ որոշեցի, որ պետք է ամեն ինչ անեմ աշխատանք գտնելու ու վերջնականապես Հայաստանում հաստատվելու համար:
Գուցե շատերի համար պաթետիկ թվա, բայց նույնիսկ երկար տարիներ դրսում ապրելուց հետո, երբ ոտք ես դնում հայկական հողի վրա, զգում ես՝ սա քո երկիրն է, քո հողը», — ասում է Հերմինեն:
Հայաստան վերադառնալու տարբերակների շուրջ մեկ տարի տևած փնտրտուքից հետո Հերմինեն «Ի գործի» շրջանակներում ստացել է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում որպես մեդիափորձագետ աշխատելու առաջարկ: Պետք է աշխատանքի անցներ 2020-ի հոկտեմբերից, սակայն մինչ այդ, սեպտեմբերին սկսվեց Արցախյան պատերազմը:
«Առաջին պահին բոլորս շոկի մեջ էինք: Ես մտավախություն ունեի, որ հայրս կասի՝ մի գնա, բայց զանգեց ու ասաց՝ գնում ես, չէ՞: Այդ բառերը վստահություն ներշնչեցին, որ այո՛, ես պետք է գամ Հայաստան ու հնարավորինս արագ», — հիշում է Հերմինեն:
Համավարակի, պատերազմական իրավիճակի պայմաններում անցնելով գերլարված գրաֆիկով աշխատանքի, Հերմինեն գրասենյակի մեդիաթիմի հետ ապահովել է սփյուռքի հետ շուրջօրյա օպերատիվ կապը:
Հագեցած մեկամյա աշխատանքային փուլի ավարտին որոշել է վերջնականապես հաստատվել Երևանում: Ասում է՝ անցած մեկ տարին օգնեց հասկանալ, որ կայացրած որոշումը ճիշտ էր.
«Ինչ էլ լինի, իմ երկրում ես ինձ հանգիստ եմ զգում, ես այլևս չեմ ուզում ոչ մի տեղ գնալ: Ասում են՝ ծնողներին ու երեխաներին չեն ընտրում: Հայրենիքը նույնպես չեն ընտրում: Պետք է ուղղակի ապրել հայրենիքում, սիրել այն ու բերել այն տեսքին ու վիճակին, ինչպիսին դու ուզում ես այն տեսնել»:
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «Ի գործ» ծրագրի ղեկավար Լիանա Սիմոնյանի խոսքով՝ Հերմինեն միակը չէ, ով պայմանագրի ավարտից հետո որոշել է վերջնականապես հաստատվել Հայաստանում․
«2020թ. մասնակիցների 60 տոկոսից ավելին հայրենադարձվել են։ Նրանց մի մասն աշխատանքի առաջարկ է ստացել թե՛ պետական, թե՛ մասնավոր ոլորտում: Որպես ծրագրի արդյունքային ցուցանիշ՝ ակնկալում էինք ունենալ մասնակիցների շուրջ 15 տոկոսի չափով հայրենադարձություն։ Բայց արդյունքները մի քանի անգամ ավելի են։ Այս ցուցանիշը ծրագրի ամենամեծ ձեռքբերումն է»:
«Պատերազմից առաջ Հայաստանը տուրիստական վայր էինք դիտարկում»
«Ի գործ»-2021-ին մասնակցելու հայտ են ներկայացրել 20-ից ավելի երկրներից 370 մասնագետ: Նրանցից 50-նն ընտրվել ու օրեր առաջ սկսել են աշխատել ՀՀ պետական կառավարման համակարգի տարբեր օղակներում: Մասնագետների ընտրությունը կրկին կատարվել է՝ հաշվի առնելով տարբեր գերատեսչություններից ստացված մասնագիտական կարիքների ցանկը:
2021թ.-ին առավել պահանջված են եղել կիբերանվտանգության, պրոթեզավորման մասնագետները, համավարակի հետ կապված ծրագրերում մասնագիտացած սոցիալական աշխատողները, հետազոտողները, դիվանագետները, քաղաքագետները։
Մասնագիտությամբ քաղաքագետ, 36-ամյա Մարիաննա Շահինյանն այս տարվա մասնակիցներից է:
20 տարուց ավելի նա բնակվել է Արգենտինայում, օրեր առաջ աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում: Ասում է՝ նման որոշում կայացնելու պատճառը Արցախյան 44-օրյա պատերազմն էր․
«Պատերազմից առաջ Հայաստանը մեր մտքում ավելի շատ որպես տուրիստական վայր էինք դիտարկում, ուր կարելի էր գալ, ճամփորդել։ Իսկ Հայաստանին օգտակար լինելը հասկանում էինք միայն «Հայաստան» հիմնադրամի միջոցով ֆինանսապես օգտակար լինելը: Այդքանը: Բայց պատերազմի ընթացքում ու հետո շատ բան ակնհայտ դարձավ. հասկանալի էր, որ բոլորիս կարիքն ունի Հայաստանը, բայց՝ տեղում: Հեռվից այստեղ առկա խնդիրները ռեալ չեն զգացվում»:
15-ամյա զույգ աղջիկներին Բուենոս Այրեսում մոր խնամքին թողած Մարիաննան հուսով է, որ առաջիկայում հնարավորություն կունենա ընտանիքին ևս հրավիրել Հայաստան․
«Արգենտինայում ես մի ամբողջ կյանք եմ ապրել: Այնտեղ ամեն ինչ ունեմ՝ ընտանիք, աշխատանք, շրջապատ: Ամեն ինչ թողել ու եկել եմ։ Գալուս միակ նպատակն է, որ արածս աշխատանքը արդյունավետ լինի, կարողանամ օգտակար լինել»:
Ծրագրի շրջանակներում տրամադրվող աշխատավարձի չափի մասին «Ի գործ»-ականները խոսել չեն սիրում:
«Կարծում եմ, բոլոր նրանք, ովքեր հիմա այստեղ են, չեն եկել փող աշխատելու: Այն ճգնաժամային վիճակում, որում այսօր Հայաստանն է, ավելին ակնկալելն ուղղակի անխղճություն կլիներ», — կարծում է Մարիաննան:
Ծրագրի մասնակիցներն ասում են, որ իրենց միավորում է Հայաստանի զարգացման գործում ներդրում ունենալու ու հայրենիքը շենացնելու գաղափարը: Սփյուռքում ապրող բոլոր հայերին հորդորում են հետևել իրենց օրինակին, գալ ու արարել Հայաստանում:
«Ամենամեծ փոփոխությունները ստացվում է անել, երբ ձեր ոտքերը այս հողի վրա են, որովհետև այդ դեպքում հարազատ հողը ուժ է տալիս, դու կարողանում ես տեղում տեսնել ու հասկանալ, թե ինչ կարելի է անել հաջողելու համար», — ասում է Հերմինեն:
Մարիաննայի դիտարկմամբ՝ նախ պետք է մոռանալ սփյուռքահայ և հայաստանցի տարբերակման մասին.
«Չկա սփյուռք և հայաստանցի: Կա հայություն, որը պետք է ամեն ինչ անի, որ Հայաստանը ոտքի կանգնի: Դա է միակ ելքը»:
Հաջորդ քայլերը
«Ի գործ»—2021-ի մեկնարկին զուգահեռ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում արդեն քննարկում են հաջորդ տարվա անելիքները: Հնարավոր կլինի՞ արդյոք պետական բյուջեի ֆինանսավորման չափն ավելացնել և Հայաստանում աշխատելու հնարավորություն ընձեռել ավելի մեծ թվով սփյուռքահայ մասնագետների, ծրագրի ղեկավար Լիանա Սիմոնյանը դժվարանում է ասել:
Վստահ է, սակայն, որ փորձելու են անել առավելագույնը, որպեսզի հետաքրքրվածության մակարդակը հետզհետե բարձրանա ու ծրագրի կարևորագույն մեսիջը դառնա իրականություն: Այն է՝ լիարժեք ապահովել Հայաստան-Սփյուռք երկկողմանի փոխշահավետ գործակցությունը, որի վերջնական նպատակը սփյուռքի լավագույն մասնագետներով Հայաստանի պետական կառավարման համակարգի համալրումն ու մասնագիտական հայրենադարձության խթանումն է:
Դրսում ապրող մասնագետները, սակայն, այդ նպատակին հասնելու համատեքստում ակնկալում են նաև առավել մասսայական ծրագրեր, ինչը սփյուռքահայ մասնագետներին լայն թափով վերադարձի ու համատեղ ուժերով երկիրն առավել արագ տեմպերով զարգացնելու հնարավորություն կտա:
Դեղագործ-դեղաբույժ Սոֆյա Մնջոյանն ավարտել է Տեխասի համալսարանն ու աշխատում է տեղի լավագույն բժշկական կենտրոններից մեկում։
Նա 2000-ականների սկզբին է ընտանիքով արտագաղթել, ասում է՝ այժմ վերադառնալու ժամանակն է.
«Սփյուռքից շատերս պետք է թողնենք ամեն ինչ ու վերադառնանք մեր երկիր: Գիտեմ, որ Հայաստանի կառավարությունը սփյուռքահայ մասնագետների համար 2020թ.-ից իրականացնում է «Ի գործ» ծրագիրը։ Բայց կարծում եմ, ծրագրի մասնակիցների թիվը կարող էր շատ ավելին լինել։ 50-ի փոխարեն կարող էին 500-ը լինել, եթե պետությունը համապատասխան միջոցներ հատկացներ:
Ուզում եմ վերադառնալ Հայաստան ոչ թե այն պատճառով, որ մեր արտագաղթից հետո Հայաստանում բան է փոխվել, այլ որ ինքս ինչ-որ բան փոխեմ: Հենց թեկուզ մասնագիտական՝ առողջապահական ոլորտում, նաև ընդհանուր՝ մարդկանց աշխարհայացքի, մոտեցումների մասով»: