Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 15-ի առավոտյան
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
● Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հրադադարի շուրջ։ Պայմանավորվածությունը սկսել է գործել սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից։ Այդ մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ադրբեջանից դեռևս հաստատում չկա։
● Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ բախումների արդյունքում զոհվել է 105 հայ և 50 ադրբեջանցի զինվոր։ Սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում կայացած ճեպազրույցում հաղորդել են, որ կան նոր զոհեր, սակայն հստակ թիվ չեն նշել։
● Երևանում նույնպես համեմատաբար հանգիստ է բուռն գիշերվանից հետո։ Հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց և փորձում էին (անհաջող) ներխուժել խորհրդարան։ Բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ վարչապետ Փաշինյանը անորոշ հայտարարություն արեց այն մասին, որ պատրաստ է ստորագրել [Ադրբեջանի հետ] փաստաթուղթ, որի «արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 կմ քառակուսի տարածքով կստանա տևական խաղաղություն և անվտանգություն»: Դրան հաջորդեցին իշխանությունների, այդ թվում՝ անձամբ վարչապետի պարզաբանումները։ Նա հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթեր չեն ստորագրվել և չեն պատրաստվում ստորագրման։ Նա նաև ընդգծեց, որ ցանկացած փաստաթղթի քննարկում հրապարակային է լինելու։ Նրա թիմի ներկայացուցիչները երեկ Երևանում տեղի ունեցածը համարում են «սադրանք և մանիպուլյացիա»։
● Փաշինյանը հայտարարել է, որ 2021 թվականի մայիսի 12-ին Հայաստան ներխուժման ժամանակ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքի 40 քառակուսի կիլոմետրը։ Վերջին հարձակման (սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը) արդյունքում՝ ևս 10 քառակուսի կիլոմետր։
● Բաքուն կտրականապես հերքում է «տարածքների զավթում» ձևակերպումը և խոսում երկու երկրների միջև իրական սահմանի արդարացի վերականգնման մասին։
● Սահմանի վիճելի հատվածների հետ կապված իրավիճակը պետք է ուսումնասիրի սահմանազատման և սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովը։ Այն ստեղծվել է 2022 թվականի գարնանը, սակայն վեճերի պատճառով դեռ չի սկսել աշխատանքը։
● Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ կքննարկի իրավիճակը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին։ Սեպտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կողմերին հորդորել էին իրենց խնդիրները լուծել խաղաղ և դիվանագիտական միջոցներով։
● Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Հայաստան է ժամանելու ՀԱՊԿ առաքելության առաջին խումբը (հետխորհրդային ռազմական դաշինք՝ Ռուսաստանի գլխավորությամբ)՝ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ։ ՀԱՊԿ առաքելության ղեկավար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախատեսում է հաջորդ շաբաթ ժամանել Հայաստան։ Առաքելության կազմում կլինեն ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, դեռևս հստակ չէ, թե որ երկրների։
● Սոցիալական ցանցերը հայտնում են, որ Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը վետո են դրել ՀԱՊԿ-ի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ռազմական գործողություններին միջամտելու որոշման վրա։ Պաշտոնական հաստատում դեռևս չկա։
● Սեպտեմբերի 15-16-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում տեղի է ունենալու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը՝ տարածաշրջանի պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ադրբեջանն ու Հայաստանը ՇՀԿ-ում դիտորդ երկրներ են։ Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման հնարավորությունը նույնպես բացառված չէր։ Արդեն տեղեկություններ կան այն մասին, որ Պուտինն ու Ալիևը ժամանել են Սամարղանդ։ Նիկոլ Փաշինյանը չեղարկել է իր մասնակցությունը։
● Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է նաև Պուտինի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թուրքիայի ղեկավարը Ուզբեկստան է գալու ՌԴ նախագահի հրավերով, քանի որ Թուրքիան ՇՀԿ անդամ չէ։ Սպասվում է տարածաշրջանային վերջին զարգացումների քննարկում։
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին