Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտական գործողությունների չորրորդ օրն ավելի հանգիստ է
Հայ–ադրբեջանական սահմանին արդեն չորրորդ օրն է, ինչ ժամանակ առ ժամանակ վերսկսվում են մարտական գործողությունները։ Ամեն ինչ սկսվել է հուլիսի 12–ին Ադրբեջանի Թովուզի շրջանի և Հայաստանի Տավուշի մարզի սահմանին տեղի ունեցած միջադեպից։
Երկու կողմից էլ զոհվածներ կան։
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրությունների համաձայն՝ կեսգիշերից իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է, գիշերը հրետանի չի կիրառվել։
● Հայ–ադրբեջանական սահմանին վտանգն ահագնանում է․ մահեր կան երկու կողմերից էլ
Տեղեկություններ Երևանից
Ամենաքննարկվող նորությունը Երևանում հուլիսի 14–ին արբանյակից արված լուսանկարն էր, որը հրապարակել էր Հայաստանի պաշտպանության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Լուսանկարում երևում է ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որը տեղակայված է Թովուզի շրջանում՝ սահմանից մոտ 10 կմ հեռավորության վրա։ Գյուղը շրջապատված է հրետանային մարտկոցներով։
Մամուլի քարտուղարը մեկնաբանել էր լուսանկարը․
«Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել»։
Դրանից հետո Ֆեյսբուքի հայկական տիրույթի օգտատերերը սկսել են իրենց էջերում տեղադրել այդ տեղեկությունը՝ թարգմանված 13 լեզուներով։
Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ օգնությանը
«Ներկայիս կոնֆլիկտի աստիճանն ու մասշտաբներն այնպիսին չեն, որ Հայաստանը դիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Հայաստանն ու ՀՀ Զինված ուժերը հստակ կատարում են իրենց առջև դրված խնդիրները», — ասել է պաշտպանության նախարարության մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հայաստանն այդ ռազմական դաշինքի անդամ է, որը գործում է Ռուսաստանի ղեկավարության ներքո։ Եվ Հայաստանի լրագրողները բազմիցս բարձրացրել են սահմանին տիրող իրավիճակին ՀԱՊԿ միջամտության հարցը։
Կազմակերպությունը սահմանափակվել է հրաձգությունն անհապաղ դադարեցնելու ավանդական կոչով։
Ի՞նչ է ասում վարչապետը
«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից», — հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14–ին պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպմանը։
Փաշինյանը երկրի նախագահին առաջարկել է նաև հետմահու պարգևատրել հուլիսին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհված չորս զինծառայողներին։
Նախագահն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագրերը։ Մայոր Գարուշ Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանն՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանն ու Գրիշա Մաթևոսյանը՝ Մարտական ծառայության մեդալով։
Հայաստանն առաջին անգամ է սեփական արտադրության դրոններ կիրառել մարտական պայմաններում
«Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին», — գրել է Հայաստանի պաշտպանության բանակի ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հաջորդ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ Տավուշում նա լրագրողներին հաղորդել է, որ հայ ինժեներները փակել են հետախուզական ԱԹՍ–ների մշակման էջն ու անցել հարվածայինների կատարելագործմանը։
Հովհաննիսյանը հաստատել է նաև տեղեկությունն այն մասին, որ հայ զինվորականներն ադրբեջանական դրոն են խոցել՝ աշխարհում անօդաչու թռչող սարքերի դասի ամենահզոր Hermes 900 իսրայելական արտադրության ԱԹՍ–ն։ Դրա համար կիրառվել է «ՕՍԱ–ԱԿՄ» համակարգ։
Պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայկական ԶՈՒ հարվածի տեսանյութը։
Վիրավորների վիճակի մասին
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդդել է, որ Տավուշում տեղի ունեցած մարտերի ժամանակ տարբեր աստիճանի ծանրության վիրավորում է ստացել 10 զինվոր․
«Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք»։
Տեղեկություններ Բաքվից
Հուլիսի 14–ի օրվա երկրորդ կեսին՝ հայ–ադրբեջանական սահմանի Թովուզի շրջանի ուղղությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։ Մարտական գործողությունները վերսկսվել են երեկոյան։
Արդեն գիշերը պաշտպանության նախարարությունը հաղորդել է այն մասին, որ մարտերի ընթացքում Թովուզի շրջանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է հայկական բանակի հերթական վաշտի հենակետ։
Մի քանի ժամ անց պաշտպանության նախարարությունից ևս մեկ պաշտոնական տեղեկություն է հայտնվել։
«Հայաստանի Զինված ուժերի ևս մեկ երկարատև կրակակետ (ԴՈՏ) է ոչնչացրել ադրբեջանական բանակը, որը գնդակոծում էր մեր ստորաբաժանումներն ու բնակավայրերը Թովուզի ուղղությամբ», — ասված է դրանում։
Ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրությունների՝ նախորդ օրը հակառակորդի ստորաբաժանումները հրադադարը խախտել են 91 անգամ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում։
«Հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե ճակատում Թովուզի ուղղությամբ հայկական զինված ուժերի դեմ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է կիրառվել, ապատեղեկատվություն է», — նշել է Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Վագիֆ Դարգահլին։
Սահմանային գոտի, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են տարվում, ժամանել է Ադրբեջանի մարդու իրավունքների լիազոր (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան։