Իրանի նոր արմատական նախագահը և Կովկասը. ի՞նչ սպասել: Գնահատականներ Երևանից, Թբիլիսիից և Բաքվից
Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում․ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում
2021 թվականի հունիսին կայացած ընտրությունները և օգոստոսի 5-ին Էբրահիմ Ռայիսիի երդմնակալությունը Իրանի նախագահի պաշտոնում նշանակալի իրադարձություն էին Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար։ Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ պաշտոնապես այս նախագահը քիչ ազդեցություն ունի այս երկրի քաղաքական համակարգում:
Ըստ միջազգային վերլուծաբանների գրեթե միաձայն կարծիքի՝ Էբրահիմ Ռայիսին շատ ազդեցիկ դեմք է երկրում:
Այս ծայրահեղ պահպանողական և ոչ մեկ անգամ իրեն դաժանաբար դրսևորած քաղաքական գործիչը, ամենայն հավանականությամբ, կդառնա նոր Մեծն այաթոլլա՝ Իրանի իրական տիրակալը:
Ո՞վ է Էբրահիմ Ռայիսին, և ի՞նչ կարող է նշանակել Իրանում իշխանության արմատական առաջնորդի հայտնվելը Հարավային Կովկասի համար: Համատեքստը և հեռանկարները JAMnews-ի համար մեկնաբանել են փորձագետներ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից:
Էբրահիմ Ռայիսիի ուղին
60-ամյա Ռայիսին նախագահի պաշտոնում հաջորդեց Հասան Ռոհանիին, որին համեմատաբար չափավոր էին համարում Արևմուտքում: Նոր նախագահի իմիջը ուղիղ հակառակն է:
Իրանի դատական համակարգի նախկին ղեկավար, ծայրահեղ կրոնական Ռայիսին մասնակցություն է ունեցել 1980-ականներին հազարավոր քաղբանտարկյալների մահապատժի ենթարկելուն: Այդ ժամանակ երկրում հեղափոխություն տեղի ունեցավ, և այն դադարեց աշխարհիկ պետություն լինելուց և դարձավ Իրանի Իսլամական Հանրապետություն՝ այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնիի գլխավորությամբ:
- Հայաստանը կարևո՞ր է Իրանի համար․ արևելյան դիվանագիտություն առանձնահատկությունները
- Եվրոպայի ակտիվացումը Հայաստանում և Ռուսաստանի խանդը․ ինչո՞վ այս ամենը կավարտվի
Դեռ ուսանողական տարիներին Ռայիսին մասնակցել է Արևմուտքի աջակցությունը վայելող շահի դեմ բողոքի ցույցերին և 1979թ. դարձել Թեհրանի դատախազի տեղակալ, երբ ընդամենը 25 տարեկան էր:
Այս պաշտոնում նա դարձավ չորս դատավորներից մեկը, որոնք վարում էին «Մահվան կոմիտե» անունով հայտնի գաղտնի տրիբունալների դատավարությունները և քաղբանտարկյալներին դատապարտում մահապատժի:
«Մահվան կոմիտեի» որոշումներով սպանված մարդիկ թաղվեցին զանգվածային գերեզմաններում՝ առանց նույնականացման որևէ նշանի: Ռայիսին բազմիցս հերքել է իր դերը մահապատժի դատավճիռներ կայացնելու հարցում: Բայց միևնույն ժամանակ ասել է, որ դրանք լիովին արդարացի էին, քանի որ կատարում էին գերագույն առաջնորդ այաթոլլահ Խոմեյնիի կրոնական հրամանները:
2019 թվականին ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Ռայիսիի նկատմամբ՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար: Մասնավորապես, նրան մեղադրանք է առաջադրվել անչափահասների մահապատժի և 2009 թվականի վիճելի նախագահական ընտրություններից հետո ընդդիմության դաժան ճնշումների համար:
Ռայիսին սև չալմա է կրում, ինչը շիական ավանդույթների համաձայն նշանակում է, որ նա Մուհամեդ մարգարեի սերունդն է: Նա ծնվել է 1960 թվականին Իրանի մեծությամբ երկրորդ քաղաք Մաշհադում, որտեղ գտնվում է երկրի շիա մահմեդականների ամենապաշտելի սրբավայրը:
Նրա հայրը քահանա է եղել և մահացել է, երբ որդին հինգ տարեկան է եղել: Նա հետևել է հոր օրինակին և 15 տարեկանից ճեմարան հաճախել Ղոմ սուրբ քաղաքում:
Նրա անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի: Նրա կինը՝ Ջամիլեն, դասավանդում է Թեհրանի համալսարանում, և նրանք ունեն երկու դուստր: Նրա աները այաթոլլա Ահմադ Ալամոլհոդն է Մաշհադում:
2014 թվականին Ռայիսին նշանակվեց Իրանի գլխավոր դատախազ: Երկու տարի անց այաթոլլահ Խոմեյնին նրան նշանակեց Իրանի ամենակարևոր և ամենահարուստ կրոնական հիմնադրամներից մեկի՝ Աստանա-է-Քուդս-է-Ռազավիի պահառու:
Ռայիսին նաև ղեկավարում է Մաշհադում ութերորդ շիա Իմամ Ռեզայի տաճարը, ինչպես նաև դրա հետ կապված բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ և շինարարության, գյուղատնտեսության, էներգետիկայի, հեռահաղորդակցության ոլորտներում մեծ հոլդինգներ:
2017-ին Ռայիսին արդեն առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու, սակայն 38%-ով զբաղեցրել էր միայն երկրորդ տեղը: Բայց 2019-ին այաթոլլահ Խոմեյնին նրան նշանակեց դատական իշխանության ղեկավարի ազդեցիկ պաշտոնում:
Եվ ընդամենը մի քանի օր անց նա ընտրվեց նաև Փորձագետների ասամբլեայի փոխնախագահ. սա կարևոր կառույց է, որը բաղկացած է հոգևորականների 88 ներկայացուցիչներից, և հենց այն է ընտրում Իրանի հաջորդ գերագույն առաջնորդ այաթոլլահին:
Լինելով դատական իշխանության ղեկավար՝ Ռայիսին բարեփոխումներ է իրականացրել, որոնք նվազեցրել են երկրում մահապատիժների թիվը: Այնուամենայնիվ, Իրանը նախկինի նման ավելի շատ մարդկանց է մահապատժի ենթարկում, քան աշխարհի ցանկացած այլ երկիր, բացի Չինաստանից:
2021 թվականի նախագահական ընտրություններում Ռայիսին ներկայացավ որպես կոռուպցիայի, աղքատության և խտրականության դեմ պայքարող: Միջազգային փորձագետները համակարծիք են, որ Ռայիսիի գրեթե բոլոր լուրջ մրցակիցները հեռացվել են ընտրապայքարից, և նա ջախջախիչ հաղթանակ տարավ՝ առաջին փուլում հավաքելով ձայների 62%-ը:
Այնուամենայնիվ, մասնակցությունը 49%-ից պակաս էր, ինչը ռեկորդային ցածր էր նախագահական ընտրությունների համար 1979 թվականի հեղափոխությունից հետո:
Հիմնական խնդիրները, որոնք նոր նախագահը պետք է լուծի.
- թուլացած տնտեսություն, կյանքի արժեքի կտրուկ բարձրացում,
- դեղամիջոցների խիստ պակաս. Իրանը դա բացատրում է ԱՄՆ պատժամիջոցներով,
- կորոնավիրուսի համավարակ. Իրանը տարածաշրջանի ամենաշատ տուժած երկիրն է,
- Իրանը հարավ-արևմուտքում ցնցվում է փողոցային բողոքի ալիքից, որն առաջացել է հիմնականում ջրի խիստ պակասի պատճառով։
Ադրբեջան – Իրան. հիմնական համատեքստերը
Մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան Աղշին Քերիմովը, Բաքու
Շիական իսլամի առաջխաղացումը
«Իրանը շահագրգռված է Ադրբեջանում շիական արմատական իսլամի տարածմամբ և այդպիսով իր ազդեցության ուժեղացմամբ: Ադրբեջանին հաջողվում է չեզոքացնել Թեհրանի հետ կապված խմբերը: Բայց հիմարություն կլինի ենթադրել, որ Իրանը կդադարի աշխատել այս ուղղությամբ:
Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իրանում նախագահ էր լիբերալների ներկայացուցիչ Հասան Ռոհանին: Ռայիսիի օրոք որևէ կտրուկ փոփոխություն ակնկալելը միամտություն կլինի: Եվ ընդհանրապես, անկախ այս երկրի նախագահի գաղափարախոսությունից, Ադրբեջանի արտաքին քաղաքական հարաբերություններն Իրանի հետ ամեն դեպքում կառուցվում են գերագույն հոգևոր առաջնորդի՝ այաթոլլահի մակարդակով:
Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ
Պաշտոնական Բաքվի հիմնական ակնկալիքը Թեհրանից սերտ շփումների դադարեցումն է օկուպանտի՝ Հայաստանի հետ: Բաքուն ակնկալում է, որ Իրանը կխթանի Հայաստանի հետ հարաբերությունները միայն այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները կհրաժարվեն ռևանշիստական հռետորաբանությունից:
Զանգեզուրի միջանցքը
Ըստ երևույթին, Իրանն ինչ-որ առումով դա ցանկանում է, քանի որ հայտարարում է «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին: Այս ճանապարհը հիանալի տնտեսական «պատուհան» կլիներ Իրանի համար և նրան մեծ առևտրային օգուտներ կտար:
Զանգեզուրի միջանցքը մոտ 40 կմ երկարությամբ հիպոթետիկ տրանսպորտային ուղի է, որը ցամաքային կապ կապահովի Նախիջևանի ինքնավար մարզի և Ադրբեջանի մնացած տարածքի միջև, սակայն դրա համար այն պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով. Երևանում այս ծրագիրը դեռ չի ընդունվում և առաջացնում է ընդդիմության ու հասարակության մի ստվար զանգվածի մեծ բողոքը:
Թերևս Իրանը պաշտոնական Երևանին շտապեցնում է Զանգեզուրի միջանցքը բացելու հարցում:
Բայց Թեհրանն այս հարցում ունի իր «կարմիր գիծը»: Սա Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր գծի ստեղծումն է: Իրանը դեռ չի ընդունում այս ծրագիրը:
Թուրքիան՝ որպես նյարդայնացնող գործոն Իրանի համար
Իրանին նյարդայնացնում է թուրքական գործոնը: Ադրբեջանը հաստատում է իր «նոր հին սահմանները» Հայաստանի հետ Թուրքիայի և Իսրայելի հետ աճող համագործակցության ֆոնին:
Մեծ Բրիտանիան ևս այս հարցում աջակցում է Ադրբեջանին, թեև պաշտոնական հայտարարություններ չի անում: Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը շատ շահագրգռված են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատմամբ և սահմանագծմամբ:
Բայց Իրանը դեռ պատրաստ չէ դրան: Եվ դրա պատճառը գլոբալ մրցակցության տեղափոխումն է ուղղակիորեն իր սահմաններին մոտ: Վերջերս Հայաստանում Իրանի դեսպանն այցելեց ադրբեջանական Քարվաճառի շրջանի հետ սահմանային գոտի: Դրանով Թեհրանը ցույց տվեց իր նախանձախնդրությունը սահմանների որոշման հարցում: Թեև սահմանին դեսպանի այցելության կարգավիճակը դեռ պարզ չէ:
Տնտեսությունը
Ադրբեջանի և Իրանի երկկողմ հարաբերություններում տնտեսական կապերը, հսկայական առևտրաշրջանառությունն առաջին պլանում են, և երկու պետություններն էլ շահագրգռված են գործընթացների հետագա զարգացմամբ:
Դրա համար լավ պայմաններ է ստեղծում երկարաժամկետ ընդհանուր ցամաքային սահմանը, ինչպես նաև երկաթուղին, որը Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի անբաժանելի մասն է:
Երկու երկրներն ունեն նաև ընդհանուր շահեր Կասպից ծովում, չնայած այստեղ ավելի շատ խնդիրներ կան: Օրինակ, Ադրբեջանը Թուրքմենստանի հետ արդեն պայմանավորվել է «Դրուժբա» հանքավայրի համատեղ զարգացման վերաբերյալ: Բայց Իրանի հետ ծովում դեռ շատ չլուծված խնդիրներ կան»:
Հայաստան – Իրան. գլխավոր համատեքստերը
Մեկնաբանում է Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի փորձագետ Էմմա Բեգիջանյանը
Իրանին պետք չէ Հայաստանով տրանսպորտային միջանցքը, որը պահանջում է Ադրբեջանը
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում Էբրահիմ Ռայիսին քիչ էր առնչվում արտաքին քաղաքականության հետ, բայց, այնուամենայնիվ, հիմնական վեկտորը ուրվագծեց: Նա ասաց, որ արտաքին քաղաքականության մեջ «առաջնահերթություն է տալիս իր հարևաններին»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը: Տեղի է ունեցել նրանց հանդիպումը, նրանք երկուսն էլ հայտարարել են, որ մեծ նշանակություն են տալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, հայ-իրանական նախագծերին, ինչպես նաև տարածաշրջանում կայունացմանը:
Իրանի համար ձեռնտու չէ, որ Հայաստանի տարածքով անցնի ինչ-որ տրանսպորտային միջանցք: Դա բացասաբար կանդրադառնա նրա աշխարհաքաղաքական դիրքի վրա, քանի որ այսօր Իրանի տարածքով անցնում է մի ճանապարհ, որից օգտվում են Ադրբեջանը և Թուրքիան: Հենց այս ուղին է կապում Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար մարզի հետ:
Իրանն այժմ կարող է օգտագործել այս ճանապարհը որպես լուրջ փաստարկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում: Եթե ինչ-որ խնդիրներ առաջանան, Իրանը կարող է փակել Նախիջևանի ինքնավար մարզի ճանապարհը:
Եթե Հայաստանի տարածքով միջանցք բացվի, Ադրբեջանին և Թուրքիային այլևս անհրաժեշտ չի լինի Իրանով անցնող ճանապարհը:
Եվ այդ պատճառով Իրանին անհրաժեշտ է այլընտրանքային ճանապարհ դեպի Ռուսաստան, որը կանցնի Հայաստանով ու Վրաստանով: Թեհրանը պետք է ստանա այս տարանցիկ ուղին նախքան Ադրբեջանի համար դեպի Նախիջևան (Հայաստանի տարածքով) այլընտրանքային ճանապարհ բացելը:
Հարավային Կովկասը` Թուրքիայի ազդեցության տակ
Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան ամեն ինչ արեցին Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը հաստատելու համար: Ներկայումս թուրքական ազդեցությունը գերակշռում է Վրաստանում և տարածաշրջանի մեծ մասում: Հիմա ամեն ինչ արվում է, որ Հայաստանը ևս հայտնվի նույն համատեքստում:
Արևմուտքը քարտ-բլանշ է տալիս Թուրքիային՝ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս բերելու համար: Թե ինչ տեղի կունենա հետո, ինչպիսին կլինի Վրաստանի ճակատագիրը, ինչ կլինի Հայաստանի հետ, այնքան էլ կարևոր չէ Արևմուտքի համար:
Հետագայում շատ հնարավոր է, որ Արևմուտքը մեղմացնի իր հարաբերություններն Իրանի հետ՝ տարածաշրջանում իր դերը մեծացնելու և այն որպես Թուրքիային հակակշիռ օգտագործելու համար: Բայց այսօր դեռ այդպիսի կոնկրետ քայլեր չկան»:
Վրաստան – Իրան. գլխավոր համատեքստերը
Մեկնաբանում է Վրաստանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գիորգի Սանիկիձեն
Իրանի ազդեցությունը մեծ չէ և այդպես էլ կմնա
Իրանը փորձում է ակտիվ լինել Կովկասում, սակայն տարածաշրջանային և արտաքին այլ խաղացողների համեմատ նրա դերն այս տարածաշրջանում աննշան է: Նմանատիպ իրավիճակ կլինի նաև Էբրահիմ Ռայիսիի նախագահության օրոք:
Բայց կա մեկ կարևոր գործոն. Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո իրավիճակը զգալիորեն փոխվել է: Կարելի էր ակնկալել, որ Իրանը ավելի մոտ կլինի Ադրբեջանին՝ հաշվի առնելով կրոնական և պատմական համատեքստը: Բացի այդ, Իրանի սահմանի մի մասը, որը գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ, այժմ Ադրբեջանի հետ սահմանն է:
Եվ, այնուամենայնիվ, Իրանը ավելի է մոտեցել Հայաստանին:
Իրանը Ռուսաստանի հետ կապված ստորադաս վիճակում է, և դա խնդիր է Վրաստանի համար
Կարևոր է հաշվի առնել, որ Իրանն այն երկիրն է, որը պատմականորեն հետաքրքրված է Հարավային Կովկասով, բայց դրա հետ մեկտեղ Ռուսաստանի շահերն առաջին տեղում են: Իրանը Ռուսաստանի նկատմամբ գտնվում է ստորադաս դիրքում, և դա որոշում է, այդ թվում նաև Հայաստանի նկատմամբ նրա առաջնահերթ վերաբերմունքը: Իսկ դա Վրաստանի համար լուրջ խնդիր է:
Երկրորդ խնդիրը Վրաստանի համար տարանցիկ միջանցքներն են:
Մեկը Հյուսիս-հարավն է. սկսվում է Հնդկաստանից, անցնում Իրանի, ապա Ադրբեջանի, ապա Ռուսաստանի տարածքով: Այս միջանցքով Ռուսաստանը շատ շահագրգռված է: Բայց այստեղ ոչ Վրաստանի, ոչ Հայաստանի համար ոչ մի հեռանկար չկա:
Երկրորդ նախագիծը Պարսից ծոցն ու Սև ծովը տարանցիկ ճանապարհով միացնելու գաղափարն է: Վրաստանը դրանում հետաքրքրություն ունի, քանի որ այս դեպքում կներգրավվեն վրացական նավահանգիստները:
Կովկասում Իրանի դերի մասին կարելի է խոսել պատժամիջոցների վերացման դեպքում
Բայց բոլոր համատեքստերում վաղաժամ է Հարավային Կովկասում Իրանի քաղաքական կամ տնտեսական ազդեցության վերաբերյալ որևէ գնահատական տալը: Իրանը գտնվում է արևմտյան այնքան կոշտ պատժամիջոցների տակ, որ չի կարող որևէ տպավորիչ գործողություն ձեռնարկել:
Մի կողմից, վերսկսվել են բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի դադարեցման և պատժամիջոցների վերացման վերաբերյալ: Բայց ԱՄՆ-ի և Իրանի միջև դեռ շատ հակասություններ կան, և վերջերս երկու կողմերի դիրքորոշումները էլ ավելի կոշտացան:
Դեռ կա հնարավորություն, որ համաձայնագիրը կստորագրվի: Իրանի համար կենսականորեն կարևոր է այն ձեռք բերել, սակայն՝ չկորցնելով դեմքն ու արժանապատվությունը: Եվ դրանից հետո կարելի է ակնկալել, որ Իրանը ավելի կակտիվանա Հարավային Կովկասում: Այնուամենայնիվ, սա կարճաժամկետ հեռանկար չէ»: