Իրանը սատարել է «Զանգեզուրի միջանցքի» բացումը և նոր գազային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ
Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը եռակողմ համաձայնագիր են կնքել գազի փոխադարձ մատակարարման մասին։ Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև իր համար շահեկան է համարում «Զանգեզուրի միջանցքի» բացումը։
- Սրացում ադրբեջանա-իրանական հարաբերություններում։ Ի՞նչ է կատարվում
- Հայաստան-Իրան-Ադրբեջան․ տրանսպորտային միջանցքների «պատերազմ»։ Հայացք Երևանից
- Ադրբեջանն Իրանին կոչ է արել կեղծ տեղեկություններ չտարածել
Գազի մատակարարման խոշոր պայմանագիր
Թուրքմենստանի մայրաքաղաքում անցկացվել է Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը եռակողմ համաձայանգիր են ստորագրել գազի փոխադարձ մատակարարման մասին։
Երեք երկրների նախագահների ստորագրած փաստաթղթի համաձայն՝ Թուրքմենստանը Իրանի տարածքով Ադրբեջանին կմատակարարի տարեկան 1,5-2 միլիարդ խորանարդ մետր գազ, հաղորդում է իրանական Shana գործակալությունը։ Մատակարարումները կսկսվեն 2021 թ-ի դեկտեմբերի 22-ից։
Թե ինչպես է օգտագործելու Ադրբեջանն այդ գազը, չի հաղորդվում։ Ըստ փորձագետների կանխատեսումների՝ բնական գազի լրացուցիչ ծավալներն անցնելու են Հարավային գազային միջանցքով։ Այդ խողովակաշարով կասպյան գազը հասնում է Եվրոպայի երկրներ։
Իրանի նախագահը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածության մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում գագաթնաժողովի շրջանակում Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին անհանգստություն է հայտնել Կովկասյան տարածաշրջանում, հատկապես՝ Ադրբեջանում, ԱՄՆ-ի և Իսրայելի ակտիվության առնչությամբ, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը։
Ռայիսին հիշեցրել է, որ Իրանը սատարում է Ադրբեջանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և հավելել է․ «Մենք անընդունելի ենք համարում անվտանգության բացակայությունն ու օտարերկրյա միջամտությունը տարածաշրջանի երկրների գործերին։ ԻԼԻՊ-ն ու սիոնիստական ահաբեկչությունը երկու սպառնալից գործոն են տարածաշրջանում, որոնց անհրաժեշտ է դիմակայել», — նշել է Իրանի նախագահը։
Ի պատասխան Ռայիսիի հայտարարության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Բաքուն առանձնահատուկ նշանակություն է տալիս Թեհրանի հետ եղբայրական հարաբերություններին և թույլ չի տա նրան վնաս հասցնել»։
«Մենք հավատարիմ ենք սահմանամերձ տարածքների անվտանգության ապահովմանն ու ոչ մի երկրի թույլ չենք տա խախտել երկկողմանի հարաբերությունները», — ընդգծել է Ալիևը։
«Զանգեզուրի միջանցքի» բացման հեռանկարի մասին
Ալիևի հետ հանդիպմանն Իրանի նախագահը հիշեցրել է, որ Ղարաբաղի հարցում Թեհրանը «բաց և միանշանակ դիրքորոշում է ունեցել», փոխանցում է իրանական պետական ԻՐՆԱ լրատվական գործակալությունը։ «Գերագույն ղեկավարից մինչև պետական կառույցների պաշտոնյաներ՝ բոլորն այն դիրքորոշմանն են եղել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ապահովվի», — ասել է նա։
Իրանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, ինչպես նաև համագործակցությունը «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» շրջանակում, հաղորդում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով իրանական աղբյուրները։
«Նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը շահեկան է նաև Իրանի համար», — գրել է պարբերականը։