Իրանական ներկայության ընդլայնում․ Իրանի արտգործնախարարի՝ Երևան կատարած այցի արդյունքները
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Հայաստան սկսվել է գործընկերոջ՝ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ բանակցություններից։ Նախևառաջ, քննարկվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ արդեն երկու շաբաթ է՝ լարվածի իրավիճակ է։ Մայիսի 12-ին ադրբեջանական զինուժն իր դիրքերը տեղաշարժել է՝ մի քանի կիլոմետր առաջանալով դեպի Հյաաստանի տարածքի խորքը, և չի նահանջում՝ չնայած հայկական կողմի պահանջին։
Իրանի արտգործնախարարը Երևան է ժամանել Բաքվից, որտեղ նույնպես քննարկվել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին։
Արա Այվազյանն իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականութան նկատմամբ ոտնձգությունը 2020 թ-ի աշնանն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Բաքվի գործողություններին ոչ ադեկվատ միջազգային արձագանքի հետևանք է։
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ Մոհամադ Ջավադ Զարիֆը խոսել է Իրանի ներկայությունը Հայաստանի հարավում, Սյունիքի մարզում տնտեսական նախագծերի իրականացման տեսքով ընդլայնելու մտադրության մասին։
Սակայն հայ փորձագետները դեռ նրա ժամանելու նախօրեին խոսում էին այն մասին, որ քննարկման գլխավոր թեման անվտանգության հարցերն են լինելու, քանի որ Իրանի շահերից չի բխում Հայաստանի հետ սահմանին լարվածությունը և դրա հետ կապված վտանգները։ Միաժամանակ, բոլորը համակարծիք են Իրանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորության և անհրաժեշտության հարցում։
- Ո՞ւմ ձեռքին է Հայաստանի խնդիրների լուծման բանալին։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը
- Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն անփոփոխ է։ Ինչպե՞ս են զարգանալու իրադարձությունները
Իրանը պատրաստ է աջակցել
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ պաշտոնական Թեհրանը կողմ է Հարավային Կովկասում խնդիրների խաղաղ լուծմանը՝ երկրների տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների իրավունքները հարգելու շրջանակում։
Ընդ որում, ըստ Զարիֆի, Իրանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի լուծմանը․
«Մենք շատ անհանգստացած ենք վերջին սրացմամբ։ Մենք զգուշացրել ենք զսպվածություն ցուցաբերել։ Այս այցի նպատակն այդ լարվածության լուծմանն օգնելն է։ Երեկ մանրամասն զրույց եմ ունեցել Ադրբեջանում, այսօր Ձեզ հետ եմ խոսել շատ կարևոր հարցերի շուրջ։ […] Հույս ունեմ, որ կկարողանանք ելք գտնել այս իրավիճակից։ Մենք ընդգծում ենք, որ միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է»։
Իրանական ներկայության ընդլայնում
Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև սրացումը հայ-ադրբեջանական սահմանին։ Նիկոլ Փաշինյանը կրկին բարձրաձայնել է Երևանի դիրքորոշումը․ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները պետք է լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքը։
Նա ընդգծել է, որ հայկական կողմը փորձում է լուծել ճգնաժամը՝ օգտագործելով քաղաքական-դիվանագիտական մեթոդներ։ Նույն կոչն են անում Հայաստանի ՀԱՊԿ գործընկերները․
«Տեղյակ եք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն՝ ռազմական գործողությունները մեր երկրի տարածքում կնշանակեն, որ պատերազմի մեջ ներքաշվում են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս երկրները։ […] Ցավոք, կարող եմ արձանագրել, որ այս իրավիճակում երեկ արդեն մենք ունեցանք զոհ։ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից արձակված հրազենային կրակից սպանվել է Հայաստանի զինված ուժերի զինծառայող»։
Տնտեսական կապերի մասին խոսելիս Փաշինյանն ու Զարիֆն անդրադարձել են ազատ աևտրի գոտուն, որը ստեղծվել է Իրանի հետ սահմանին՝ Սյունիքի մարզում։ Այն իրեն դեռևս լիովին չի արդարացրել՝ սահմանափակումների պատճառով, որոնք կիրառվել են համավարակի հետևանքով, սակայն կարող է կարևոր հարթակ լինել տնտեսական համագործակցության ակտիվացման համար։
«Եվ հուսով եմ՝ առաջիկայում կկարողանանք ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքի մարզում: Ռազմավարական շատ երկխոսություններ եմ ունեցել Հայաստանի գործընկերների հետ, և առաջին իսկ պատեհ առիթով մեր ներկայացուցիչը, մեր բանակցողը կգա Հայաստան ու կշարունակի այդ երկխոսությունը»,- հայտարարել է Զարիֆը։
Նա խոսել է նաև Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթուղու մասին, որն, ըստ իրանցի դիվանագետի, կարող է չափազանց արդյունավետ լինել տարածաշրջանի երկրների համար։
Փորձագիտական կարծիք
Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան և Ադրբեջան պայմանավորված է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով, կարծում է իրանագետ Գարիկ Միսակյանը․
«Սյունիքում ստեղծված իրավիճակը բավականին լուրջ քննարկումների առարկա է դարձել Իրանում, և մի քանի հայտարարություններ արդեն լսել ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության վերաբերյալ, նաև ականատես ենք եղել Իրանի որոշ շրջանակների բավականին կոշտ արձագանքին Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: Կարելի է ասել, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը, տեսնելով, որ այս խնդիրը չի լուծվում, փորձում է արդեն արտգործնախարարի միջոցով նաև տեղում ծանոթանալ իրավիճակին, կողմերի պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև իրանական պաշտոնական դիրքորոշումը փոխանցել կողմերին»։
Միսակյանի խոսքով՝ տարածաշրջանում թուրքական ազդեցության ուժեղացումը բնավ Իրանի շահերից չի բխում․
«Իրանական հայտարարություններում նշվում է, որ ցանկացած գործողություն չպետք է խոչընդոտի հայ-իրանական ցամաքային սահմանի բնականոն գործունեությանը […] Այս առումով բավականին տարբերվելու է Իրանի դիրքորոշումը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի դիրքորոշումից: Այն լինելու է ավելի կոշտ և՛ սահմանների խնդրի վերաբերյալ, և՛ այս տարածաշրջանում թուրքական ազդեցության դեմ: Իրանը ձգտելու է ընդլայնել բոլոր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը»։
Փորձագետը կարևոր է համարում, մասնավորապես, տնտեսական հարաբերությունների ամրապնդումն ու անգամ համագործակցությունը ռազմական ոլորտում․
«Ռազմական ոլորտում բավականին շատ են հանդիպումները Հայաստանում Իրանի դեսպանի և Իրանում ՀՀ դեսպանի և զինվորականների միջև։ Այսինքն`Հայաստանը բազմակողմանի հարաբերությունների զարգացում և օժանադակություն կարող է ստանալ Իրանից: Նաև «Հյուսիս-Հարավ» մայրուղու [այն պետք է Հայաստանի հյուսիսը միացնի հարավին, շինարարությունը սկսվել է 2012 թ-ին, սակայն դեռևս չի ավարտվել, Իրանը մտադիր է մասնակցել այդ նախագծին — JAMnews] շինարարության գործընթացում Իրանին ներգրավելն ունի աշխարհաքաղաքական նշանակություն:
Իրանին նաև պետք է խաղաղ Սյունիք` այս բոլոր ծրագրերն իրականացնելու համար: Իրանին պետք է, որպեսզի Հայաստանը կա՛մ սեփական ջանքերով, կա՛մ իր դաշնակիցների միջոցով շուտափույթ լուծի Սյունիքի սահմանների հետ կապված խնդիրները»։