Կոբախիձե. «ՌԴ-ն չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը երկրի տարածքի 20%-ի նկատմամբ, Կալասը՝ 100%-ի»
Իրակլի Կոբախիձեի հայտարարությունները Արևմուտքի մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ կոշտ հայտարարություններ է արել Եվրամիության, ԵԱՀԿ-ի և արևմտյան ինստիտուտների հասցեին։ Նա նաև քննադատել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի դիրքորոշումը վրացական իշխանությունների նկատմամբ, խոսել, այսպես կոչված, «խորքային պետության» (deep state) ազդեցության մասին և արձագանքել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ընդունած քննադատական բանաձևին։
Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է Կայա Կալասի հայտարարությունը։ Վերջինս Սևծովյան ռազմավարության մասին խոսելիս նշել էր, որ Եվրամիությունը որևէ կապ չունի «Իվանիշվիլիի կառավարության» հետ, ԵՄ նպատակն է աջակցել վրաց ժողովրդին։
Կոբախիձեի խոսքով՝ ինչպես Ռուսաստանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը երկրի տարածքի 20%-ի նկատմամբ, այնպես էլ Կալասը «չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը երկրի ողջ տարածքի նկատմամբ»։
«Մենք հաճախ ենք ասել, որ Ռուսաստանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը մեր տարածքի 20%-ի նկատմամբ, մինչդեռ տիկին Կալասը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը երկրի տարածքի 100%-ի նկատմամբ։ Սա բացարձակապես ամոթալի և շատ ծանր է… Երբ Եվրամիության բարձր ներկայացուցիչը չի ճանաչում վրաց ժողովրդի կամքը և դեմ է դրան, սա շատ ծանր երևույթ է»,- հայտարարել է Կոբախիձեն։
«Խորքային պետությունն» ու արևմտյան ինստիտուտները
Ճեպազրույցի ժամանակ Կոբախիձեն մանրամասն խոսել է, այսպես կոչված, «խորքային պետության» (deep state) մասին և նշել, որ եվրոպական ինստիտուտները հաշվետու են ոչ թե իրենց ընտրողներին, այլ ոչ ֆորմալ օլիգարխիկ ազդեցություններին։
Նրա խոսքով՝ 2022 թվականից հետո Վրաստանը դարձավ «խորքային պետության» գլխավոր թիրախը, քանի որ նրա իշխանությունները հրաժարվեցին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և «երկրորդ ճակատ բացել»։
Կոբախիձեն պնդել է, որ հենց այս որոշման պատճառով է, որ Վրաստանի դեմ օգտագործվում են տարբեր քաղաքական լծակներ, այդ թվում՝ եվրոպական ինստիտուտների կողմից։
Ասում է՝ «խորքային պետության» առաջարկած «հարմարավետության գինը» ներառում է «կեղծ լիբերալ գաղափարախոսության տարածումը, ԼԳԲՏ քարոզչությունը, միգրանտների հարկադիր ընդունումը, ինչպես նաև պետական ինքնիշխանությունից և ազգային ինքնությունից հրաժարումը»։
Կոբախիձեի համոզմամբ՝ Վրաստանի իշխանությունները չեն համաձայնի այս քաղաքականությանը, քանի որ դա կստեղծի սպառնալիք երկրի ինքնիշխանության համար։
Կոբախիձեն նաև նշել է, որ «անարդար բանաձևերով, աբսուրդային հայտարարություններով և հեղափոխության փորձերով» չի հաջողվի հասնել ցանկալի արդյունքի և հավելել, որ 2024-2025 թվականներին հենց այս ֆոնի վրա է վրաց ժողովուրդը աջակցել «Վրացական երազանք» կուսակցությանը։
ԵԱՀԿ բանաձևի քննադատություն
Կոբախիձեն կրկին քննադատել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Վրաստանի վերաբերյալ ընդունած քննադատական բանաձևը: Նա բանաձևն «աբսուրդային» է որակել և նշել, որ եվրոպական ինստիտուտները ներգրավված են գործընթացում, որի նպատակը Վրաստանում իշխանության փոփոխությունն է։
«Ինչպես ոչ պաշտոնական օլիգարխիկ ազդեցության տակ գործող այլ եվրոպական ինստիտուտները, ԵԱՀԿ-ն նույնպես այժմ բացահայտորեն ներքաշվել է մի գործընթացի մեջ, որն ուղղված է անարդար և ամոթալի մեղադրանքների, պատժամիջոցների և այլ լծակների ու շանտաժի միջոցով Վրաստանում իշխանությունը փոխելուն և այն «խորքային պետությանը» հնազանդ գործակալներով փոխարինելուն»,— հայտարարել է Կոբախիձեն։
Հուլիսի 8-ին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ընդունել էր Վրաստանի վերաբերյալ քննադատական բանաձև, որով իշխանություններին կոչ էր արել ազատ արձակել քաղբանտարկյալներին, չեղարկել քաղաքացիական ազատությունները սահմանափակող օրենքներն ու պահպանել ժողովրդավարական չափանիշները: «Վրաստանում ընտրությունների արդարության և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» վերնագրով բանաձևը դարձել է Հաագայի հռչակագրի մաս:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Իրակլի Կոբախիձեի հայտարարությունները Արևմուտքի մասին