Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավար Իվանիշվիլին «հեռանում է քաղաքականությունից»
«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահն ու երկրի ոչ ֆորմալ ղեկավարը հայտարարում է, որ լքում է պաշտոնն ու հեռանում քաղաքականությունից․
«Ես որոշել եմ վերջնականապես հեռանալ քաղաքականությունից և թողնել կառավարման աշխատանքը։ Վերադառնալու եմ իմ մասնավոր կենսակերպին, որը վարում էի մինչև 2011 թվականը», — գրել է Բիձինա Իվանիշվիլին հանրությանն ուղղված բաց նամակում, որը հրապարակվել է հունվարի 11-ին։
Քաղաքականությունից հեռանալու հիմնական պատճառն, ըստ նրա, այն է, որ «իր դրած գրեթե բոլոր նպատակներն իրականացվել են»։
Հարկ է նշել, որ սա «քաղաքականությունից հեռանալու»` օլիգարխի և երկրի ոչ ֆորմալ ղեկավարի առաջին փորձը չէ․ 2013 թ-ին նա լքեց վարչապետի և իշխող կուսակցության նախագահի պաշտոնը։ Սակայն կրկին գլխավորեց կուսակցությունը 2018-ին՝ վերջին նախագահական ընտրություններից առաջ։
Իվանիշվիլիի նամակում 4 336 բառ կա, JAMnews-ը հակիրճ կպատմի, թե որն էր կարևորը։
Քաղաքականությունից հեռանալու հստակ պատճառները
Որպես գլխավոր պատճառ Իվանիշվիլին նշում է այն, որ ինքն արդեն կատարել է իր գլխավոր առաքելությունն ու ժողովրդին տված գլխավոր խոստումը։ Նա նաև ասում է, որ թիմ է սստեղծել, որի հետ ապագայում հույսեր է կապում․
«Վստահ եմ, որ այս թիմը կարող է արժանապատվորեն փոխարինել իմ ծանր աշխատանքը, հեղինակությունն ու հմտությունները, այդ պատճառով էլ հավատում եմ, որ առաքելությունս կատարված է», — գրել է նա։
Իվանիշվիլին, որպես իր հեռանալու պատճառներից մեկը, նշում է իր տարիքը․ մի քանի շաբաթից կլրանա նրա 65-ամյակը։
_____________________________________________________________________________
- Օլիգարխի հարազատ գյուղը․ լեգենդ վրացական երազանքի մասին
- Ծառեր և ֆլամինգոներ՝ որպես իշխանության խորհրդանիշ։ Ի՞նչ է ստացվել վրացի օլիգարխի «քմահաճույքից»
- Ռուս օլիգարխի իշխանության գալուց հետո Վրաստանում հետընթաց է սկսվել․ ԱՄՆ կոնգրեսականների նամակը
Իվանիշվիլին գրում է, որ, երբ քաղաքականություն է մտել 2011 թ-ին, իր առջև երկու հիմնական նպատակ և խնդիր է դրված եղել, և դրանք հաջողությամբ իրականացվել են։
Առաջինը՝ վերջ տալ «Սաակաշվիլիի անմարդկային ռեժիմին»։
Երկրորդը՝ «փրկել երկրի եվրատլանտյան ուղղվածությունը»։ Ըստ Իվանիշվիլիի՝ ժողովրդականություն չվայելող Սաակաշվիլին իրեն Արևմուտքի հետ էր նույնականացնում, ինչն «ինքնաբերաբար բերեց երկրի արևմտյան ուղղվածության դեմ կտրուկ ագրեսիայի»։
«Սա էլ վտանգ ստեղծեց Վրաստանի համար՝ հակառակ ուղեծրում հայտնվելու», — ասված է նամակում։
Միաժամանակ, ըստ Իվանիշվիլիի, Արևմուտքի համար այն ժամանակ ավելի ու ավելի էր դժվարանում «սատարել բռնապետությունը, որը թաքնվում էր ժողովրդավարության շղարշի տակ»։
Հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների մասին
Իվանիշվիլին այդ ընտրությունները «երկրի պատմության մեջ աննախադեպ» և «պատմական նշանակության» իրադարձություն է անվանել։
Աննախադեպ, որովհետև «արդար և իրավահավասար ընտրություններում իշխող կուսակցությունը կարողացավ ժողովրդից ստանալ երրորդ ժամկետի (մանդատ)»։
Եվ պատմական, որովհետև այս ընտրությունները ցույց տվեցին, որ Վրաստանում քաղաքական նոր մշակույթ է ձևավորվել․ «Մարդկանց զգացմունքների մանիպուլացման և տարբեր եղանակներով նրանց կամքը փոփոխելու բազմամյա պրակտիկան ավարտվել է»։
Իվանիշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանքի» հաղթանակի գլխավոր պատճառն այն է, որ մարդիկ, համեմատելով նրա կառավարման ութ տարիները նախորդ կառավարության տասնամյա կառավարման հետ, ճիշտ եզրակացությունների են եկել։
Իվանիշվիլին կարծում է, որ «Վրացական երազանքի» իշխանության տարիներին «ժողովուրդն աճել է, և նա այլևս չի հանդուրժի բռնապետություն»։
Նախորդ և ներկայիս իշխանության համեմատություն
Իվանիշվիլին գրում է, թե ինչն է, ըստ իրեն, «Միասնական ազգային շարժման» տասնամյա կառավարման արդյունքը։
«Ավտորիտարիզմ, ինքնահիացում, որը հիմնված էր վախի և կտտանքների վրա, հանրային տարածքի զավթում և կեղծ պրոպագանդա, անձնական իշխանությունը համախմբելու և հավերժացնելու փորձեր, որոնք բերեցին սահմանադրության փոփոխման և կեղծ խորհրդարանական կառավարման անցման։ Էլ չեմ խոսում պատերազմի ողբերգության, բռնի տեղահանվածների, կորցրած տարածքների և ռուսական օկուպացիայի մասին, որոնք մեզ էլ ավելի ծանր ժառանգություն են փոխանցել», — գրում է Իվանիշվիլին։
Հաջորդ պարբերությունում նա անդրադառնում է «Վրացական երազանքի» ութամյա կառավարման արդյունքներին․
«Դա խաղաղությունն է, բաց և բազմակարծություն ապահովող ժողովրդավարությունը՝ հանրային և տեղեկատվական բաց տարածքով, խորհրդարանական կառավարումը, որն ամրապնդվել է սահմանադրական բարեփոխումներով, իշխանության ֆետիշացման անթույլատրելիությունը, օրենքի գերակայությունը և դրա առջև հավասարությունը, արդար ընտրությունների պրակտիկայի ներդրումը։ Եվ, ի վերջո, քաղաքականությունից ժամանակին հեռանալը»։
Ի՞նչ է վերջին ութ տարում փոխվել քաղաքականությունում
Նախորդ իշխանության օրոք, ըստ Իվանիշվիլիի, ողջ բիզնես-գործունեությունը երկրում վերահսկվում էր, իսկ խոշոր բիզնեսն իշխանության «պատանդն» էր։
Ինչ վերաբերում է ներկայիս իշխանությանը, ապա, ըստ օլիգարխի, «այսօր բիզնեսը ոչ միայն ազատ է, այլ նաև գործարարներն այևս չեն խուսափում քաղաքական հայտարարություններից կամ քաղաքականությանը մասնակցելուց»։
«Վրացական տնտեսությունն այսօր ճիշտ և լավատեսական ուղղությամբ է շարժվում», — գրում է Իվանիշվիլին։
«Մենք վերջապես վերջ ենք տվել բիզնեսում կառավարության ֆավորիտիզմին և մոնոպոլիաներին, որոնք ստեղծվել էին իշխանության հարստացման համար։ Ստեղծվել է գործարարության համար ամենաազատ և հանդուրժող միջավայրը»։
Ամեն ինչ լա՞վ է։ Ոչ, այնուամենայնիվ, խնդիրներ կան
Իվանիշվիլին կարծում է, որ աղքատությունը երկրի համար լուրջ խնդիր է։
Սակայն նախկինի պես՝ չի ընդունում իր պատասխանատվությունն այդ իրավիճակի համար․
«Չեմ կարող համաձայնել այն մեղադրանքին, թե մեր ժառանգած աղքատությունը «Վրացական երազանքի» կառավարման արդյունք է», — գրել է Իվանիշվիլին։
Նրա խոսքով՝ այսօրվա աղքատությունը խնդիր է, որը ստեղծվել է տասնամյակներով․
«Մենք հաջողության ենք հասել և կանգնեցրել ենք անկումը, ինչը բերել է առաջընթացի և աղքատության կրճատման, որի վերջնական հաղթահարման համար կառավարության անձնազոհ աշխատանք, կայունություն և մի քիչ էլ ժամանակ է պետք», — ասված է նամակում։
Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» կառավարումը «արել է իր հնարավորությունների գրեթե առավելագույնը», «միգուցե ինչ-որ բան այնքան էլ այնպես չէ, ինչպես հույս ունեինք»։
Այստեղ Իվանիշվիլին նշում է, որ վրացի ժողովուրդն անիրատեսական ակնկալիքներ ուներ, «որովհետև վրացիները հիմնականում էմոցիոնալ մարդիկ են, որոնք սիրում են երազել»։
Միաժամանակ, որպես իր գլխավոր մտահոգություն և խնդիր, Իվանիշվիլին նշել է ընդդիմությունն ու ընդդիմադիր մեդիան։
«Քաղաքական կարիերայիս վերջում ինձ մոտ անհանգստություն առաջացնող հարցերից մեկն այն է, որ երկրում դեռ չի ձևավորվել պետականամետ և պատասխանատու ընդդիմություն։ Համենայնդեպս, դա կհամապատասխաներ եվրոպական խորհրդարանական ժողովրդավարությանը»։
Չլուծված խնդիրների թվում Իվանիշվիլին նշել է մեդիան, որը «ստեր է տարածում»։
Ընդհանրապես, Իվանիշվիլին իր նամակի մեծ մասն ընդդիմության թեմային է նվիրել։ Հիմնականում՝ «Միացյալ ազգային շարժմանը», սակայն նաև այլ կուսակցություններին, որոնք բոյկոտ են հայտարարել և հրաժարվել խորհրդարանական տեղերից՝ հոկտեմբերի 31-ի ընտրությունները կեղծված համարելով։
Ըստ Իվանիշվիլիի՝ նա քաղաքականությունից հեռանում է հույսով, որ ընդդիմության այն հատվածը, որը «քաղաքական կամքի բացակայության, անփորձության կամ անողնաշարության պատճառով» հետևել է «իշխանությունը զավթելու մեկ մարդու [Սաակաշվիլիի] անզուսպ մղմանը», կհասկանա, որ իր դիրքորոշումն անհեռանկար է։
Իվանիշվիլին առանձին շնորհակալություն է հայտնում վրացի ժողովրդին, եկեղեցուն, իր կուսակցությանը, ինչպես նաև ԱՄՆ-ին և Եվրամիության երկրներին։
«Ես քաղաքականությունից հեռանում եմ հպարտ, տարած հաղթանակի և ժողովրդի նկատմամբ երախտագիտության զգացմամբ։ Ժողովուրդը կարողացել է գնահատել ջանքերս՝ ի շահ երկրի և պետության։ Վստահ եմ, որ վրացի ժողովուրդը կգնահատի նաև իմ այսօրվա քայլը», — գրել է Իվանիշվիլին։