Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքի անշարժ գույքը Մոսկվայում․ հետաքննություն
Իվանիշվիլիների ընտանիքի անշարժ գույքը Մոսկվայում
Չնայած նրան, որ օլիգարխ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մշտապես հերքում է Ռուսաստանի հետ իր կապերը, լրագրողական հետաքննությունը պարզել է, որ նրա ընտանիքը շարունակել է անշարժ գույք գնել Ռուսաստանում նույնիսկ 2012 թվականից հետո։
Վրաստանի նախկին վարչապետի ընտանիքի վերջին գնումն արվել է 2024 թվականին։ Այն 4500 քառակուսի մետր մակերեսով հողատարածք է, որը օլիգարխի կինը՝ Եկատերինա Խվեդելիձեն, ձեռք է բերել այս տարվա ապրիլի 19-ին Մոսկվայի մոտակայքում՝ «Պերեդելկինո»-ի էլիտար առանձնատների հարևանությամբ։
Մինչ այդ՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ին, Խվեդելիձեն մի քանի անշարժ գույք էլ էր գնել «Պերեդելկինո»-ում։
Այս մասին ասվում է մի քանի վրացական և ռուսական լրատվամիջոցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հեղինակած հետաքննական հոդվածում։ Հետաքննության վրա աշխատել են «Այ, Ֆակտի»-ն, OCCRP-ն, iStories-ը (Ռուսաստան), GMC-ն, «Ստուդիա Մոնիտոր»-ը և «Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ը։
Լրագրողները պարզել են, որ «Պերեդելկինո»-ում Իվանիշվիլիների ընտանիքին է պատկանում մեկ բնակելի տուն և երեք հողատարածք։ Մոտավոր հաշվարկների համաձայն՝ այդ անշարժ գույքի միջին արժեքը գերազանցում է 14 միլիոն ԱՄՆ դոլարը։
Առաջին անգամ Բիձինա Իվանիշվիլիի՝ Ռուսաստանում ունեցած անշարժ գույքի մասին տեղեկատվություն էր հրապարակվել 2013 թվականին, երբ օլիգարխը, լինելով վարչապետ, ներկայացրել էր իր առաջին և միակ գույքային հայտարարագիրը։
Հայտարարագրի համաձայն՝ ընտանիքի առաջին ռուսական կեցավայրը գտնվում է Մոսկվայի ամենաթանկ հատվածներից մեկում՝ Սավրասովի փողոցում։ Այն հայտնի է որպես արվեստի նշանավոր գործիչների բնակության վայր։ Կեցավայրն այժմ էլ պատկանում է Եկատերինա Խվեդելիձեին և նրանց որդուն՝ Ուտա Իվանիշվիլիին։
Հետաքննող լրագրողները պնդում են, որ Բիձինա Իվանիշվիլիի կնոջ՝ Եկատերինա Խվեդելիձեի, և նրանց որդու՝ Ուտա Իվանիշվիլիի տները վարձակալության են տրվում «Ակվա-Սպեյս» ընկերության կողմից, իսկ եկամուտները ստացվում են պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «ՎՏԲ» բանկի միջոցով։ 2023 թվականի հունվարից Ռուսաստանի քաղաքացի Անդրեյ Պերշինը ամեն ամիս մոտ 800 000 ռուբլի [շուրջ 9 հազար դոլար] է փոխանցել «Ակվա-Սպեյս» ընկերության հաշվին՝ որպես վարձավճար։ Վարձակալությունը շարունակվել է առնվազն մինչև 2024 թվականի մայիս, և Խվեդելիձեն ստացել է մոտ 94 հազար ԱՄՆ դոլար։
Ըստ Transparency International-Georgia-ի 2022 թվականի հետազոտության՝ «Ակվա-Սպեյս»-ը պատկանում էր Բիձինա Իվանիշվիլիին՝ Վիրջինյան կղզիներում գրանցված Vanity Overseas Limited օֆշորային ընկերության միջոցով։ Լրագրողները հիմնավոր կասկածներ ունեն, որ Իվանիշվիլին մինչ օրս տնօրինում է այդ ընկերությունը, որը գործունեություն է ծավալում ռուսական շուկայում և պարբերաբար միլիոնավոր ռուսական ռուբլիներ է տեղաբաշխում «Սբերբանկում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Իվանիշվիլիների ընտանիքի անշարժ գույքը Մոսկվայում