Իսկ մեզ պե՞տք է հավերժություն
Ադրբեջանական դասագրքերը վաղուց արդեն բոլորին հայտնել են որպես կրթական համակարգի «թույլ օղակ»: Իսկ պատմության դասագրքերը առանձնահատուկ դեպք են:
1990-ականներին և անգամ 2000-ականների սկզբին դպրոցներում ուսումնական ծրագիրը կազմվում էր հին խորհրդային դասագրքերի հիման վրա: Հետո, երբ կրթության նախարարությունը սկսեց սեփական ուժերով դասագրքեր հրատարակել, իրավիճակը սկսեց փոխվել: Ընդ որում, ոչ դեպի լավը:
Դասագրքերի հետ կապված խնդիրները կարելի է բաժանել 4 տեսակի.
1. փաստագրություն. բացի փաստերը աղճատելուց՝ որոշ փաստերի մասին լռելը, մյուսները՝ ուռճացնելը,
2. սեփական ոչ քննադատական մոտեցում պատմությանը և երիտասարդության շրջանում ոչ քննադատական մոտեցման դաստիարակություն,
3. իրադարձությունների «տարեթվա-թագավորական» նկարագրություն. այսինչ թագավորը (շահը) այսինչ թվին հարձակվեց այսինչի վրա. մշակույթը, սովորույթները, կենսակերպը մնում են կադրի ետևում,
4. ատելության լեզու. ինչն ամենացավալին է, այն կա, և այն շատ է:
Բայց այս ամենի մասին՝ հերթով:
Իրականում դժվար է դասագրքերում պատմական զավեշտներից առանձնացնել փաստերը, ատելության լեզուն և այլն, քանի որ մեկը մյուսի հետ կապված են: Որտեղ աղճատված փաստերն են, այնտեղ էլ ոչ քննադատական մոտեցումը, այնտել էլ ատելությունը հարևան պետությունների նկատմամբ:
Հավերժ ազգ
Պատմության դասագրքերում առաջին «ռազմավարական» սխալը ադրբեջանական հավերժ պետության և ադրբեջանցի հավերժ ազգի մասին պարտադրող գաղափարն է: Այսինքն, Մանան, Մարաստանը, Ատրպատականը, Աղվանքը, ինչպես նաև ցանկացած ֆեոդալական խանություն հայտարարվում է որպես ադրբեջանական: Չնայած որ միանգամայն անհասկանալի է՝ ինչ կարիք կա աշխարհում, որտեղ գրեթե բոլոր երկրների սահմանները բազմիցս փոխվել են և վերաձևվել, այդպես պնդել Ադրբեջանի պետականության փորձը:
Դա կարծես թե հուսահատ փորձ է դիմակայել այդքան ծամծմված «մեծ Հայաստանին» և ցանկացած ձևով գերազանցել հայկական քարոզչությանը: Միաժամանակ, տարածքային նկրտումներ են ներկայացվում Իրանի նկատմամբ, քանի որ Թավրիզն իսկապես եղել է թյուրքախոս կառավարիչների Սեֆևյան պետության մայրաքաղաքը, որոնց ադրբեջանցիներն օրենքով համարում են իրենց նախնիները: Եվ, ամենահետաքրքիրը՝ Վրաստանի նկատմամբ, որի տարածքի մի մասը 5–րդ դասարանի դասագրքում անվանվում է «ադրբեջանական հնամենի հող»:
Ինչ վերաբերում է ադրբեջանցի հավերժ ազգին, ընդհանուր առմամբ, սահմաններ և միասնական ազգ ունենալու դիսկուրսը պատկանում է մեր օրերին, բայց հեղինակները կարծում են, որ այդպես եղել է միշտ: «Ազգ», «պետություն», «սահմաններ» հասկացությունները այն ժամանակ այսօրվա մեր ընկալմամբ պարզապես գոյություն չունեին:
Եվրոպական պետությունների մեծ մասը «սկսել են» որպես առանձին ցեղեր, որոնք պայքարում էին հողերի և ռեսուրսների համար, և ոչ մեկ դրանում ամոթալի ոչինչ չի տեսնում: Ինչ վերաբերում է այն ժամանակվա սովորական ֆրանսիացուն, նա չէր մտածում, որ ինքը ֆրանսիացի է, նա չգիտեր՝ ինչ է դա նշանակում: Նա մտածում էր ուտելու մասին և երազում էր ապրել մինչև ծերություն, այսինքն՝ մինչև 40 տարեկան:
Միջին դաս (արդյունաբերական հասարակության հիմքը) չկար: Իսկ ազնվականությունն իրեն նույնականացնում էր ոչ թե ազգային խմբի հետ, այլ ըստ այս կամ այն տիրակալին կամ աստծուն հավատարմության:
Ի՞նչ էր տեղի ունենում Կենտրոնական Եվրոպայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում: Ամեն տեղ նույնն էր:
Շուրջբոլորը՝ թշնամիներ
Ահա այսպես են դասագրքերը մեկնաբանում թյուրքախոս ժողովուրդների հնագույն էպոսը՝ «Քիթաբի Դեդե Գորգուդը».
«Օղուզների ամենասիրելի ասացվածքներից մեկը հնչում է այսպես. «Երբեք հին թշնամին չի կարող բարեկամ դառնալ»: Օղուզ քաջերը երդվում էին վրեժ լուծել զոհված շեհիդի համար: Օղուզների այդ սովորույթը ժամանակի ընթացքում տարածվեց ամբողջ ադրբեջանցի ժողովրդի վրա: Ադրբեջանցի ժողովուրդն այսօր էլ երդվում է, որ շեհիդների արյունն առանց հատուցման չի թողնի»:
Սա 5-րդ դասարանի պատմության դասագիրքն է: Այստեղ կա ամեն ինչ. և՛ ատելության լեզու, և՛ ոչ քննադատական վերաբերմունք թեզիսների նկատմամբ: Որտեղի՞ց հայտնվեց ասացվածքը, ինչու՞ սիրելի: Ինչ-որ մեկը տեղափոխվել է անցյալ և այնտեղ օղուզների շրջանում հարցու՞մ անցկացրել:
Ընդամենը մի քանի նախադասության մեջ կա և՛ փաստագրության խնդիր, և՛ ոչ քննադատական մտածողության դաստիատարկություն, և՛ ատելության խոսք:
Ահա 5-րդ դասարանի մեկ այլ դասագիրք: Դրանում ասվում է. «Տարածքը, որն այսօր կոչվում է Հայաստան, Ադրբեջանի հնամենի ու վաղնջական հողն է՝ ադրբեջանցիների հայրենի հողը: Սա անվիճելի պատմական փաստ է»:
Այստեղ առկա են ինչպես աղճատված փաստեր (հնագույն ժամանակներում չի եղել ոչ մի ազգ կամ նրանց կցված կոնկրետ տարածքներ), այնպես էլ քննադատական մտածողության բացակայություն՝ «անվիճելի պատմական փաստ» արտահայտության տեսքով:
Ինչպե՞ս կարող են երեխաները սովորել համադրել փաստերը և գնահատել դրանց հավաստիությունը, եթե դասագրքի հեղինակներն իրենց երևակայում են վերջին ատյանի ճշմարտություն և աշակերտների վզին փաթաթում պատրաստի «պոլիտկոռեկտ» դատողություններ այս կամ այն կառավարչի վերաբերյալ:
Ջավանշիր կառավարչի մասին տեքստում (7-րդ դասարան) պարբերությունը վերնագրված է «Իմաստուն քաղաքականության արդյունքները»: Փոխարենը կարող էր լինել քննարկում, որտեղ աշակերտներն իրենք կորշեին՝ արդյոք ճիշտ է վարվել Ջավանշիրը, երբ խազարների հարձակումները կանխելու համար ամուսնացել է նրանց խագանի դստեր հետ:
Բարձր դասարաններում իրավիճակը նույնն է: Հեղինակներն ինչպես իրենք են ցուցաբերում ոչ քննադատական մտածողություն, այնպես էլ այն պարտադրում են աշակերտներին:
5-րդ դասարան: Այստեղ 1918թ. ադրբեջանցիների զանգվածային սպանությունների իրական փաստերի կողքին բերվում է մի «ծեր կնոջ» մասին պատմություն, որը Ղուբայում թոռան հետ գալիս է եղբայրական գերեզմանի մոտ: Կինը հիշում է իր սրտակեղեք պատմությունը, պատմում այն թոռանը և ասում, որ ինքն այդ ժամանակ 6 տարեկան էր:
Պատմությունը համեմված է մանր կեղծիքներով և անհեթեթություննրով, այն անգամ իրական լինելու հավակնություններ չունի: Բայց գլխավորը. Ղուբայի գերեզմանը հայտնաբերվել է 2007թ., հետևաբար այդ կինը առնվազն 95 տարեկան է (այսինքն, երիտասարդ կարող էր լինել նաև նրա ծոռը): Զարմանալի է թոռան անպատասխանատվությունը, որը նրան թույլ է տալիս երկար քայլել գետի երկայնքով: Ոչ պակաս զարմանալի է ծեր տիկնոջ նախանձելի առողջությունը:
«Շուրջբոլորը թշնամիներ են», «մենք բոլորից լավն ենք» (սա մեջբերում չէ). սա են մեզ սովորեցնում պատմության առաջին գրքի (5-րդ դասարան) առաջին իսկ էջերում: Դասագրքում ասվում է, որ «այլադավան» «հայ և վրացի ֆեոդալները» և նրանց «հովանավորները» (սա արդեն մեջբերում է) կռվում էին օղուզ ժողովրդի դեմ, որոնք իրենք երբեք ոչ մեկի վրա չէին հարձակվում և ոչ մեկի սահմանները չէին խախտում:
Ֆաշիստներ
«Հայ ֆաշիստները տեղում կրակում էին երեխաներին ու ծերերին, որոնք աշխատանք կատարելու ընդունակ չէին»: Բնականաբար, ղարաբաղյան հակամարտության ընթացքում հայերի գազանությունները նկարագրված են մանրամասն և գունավոր: Ըստ էության, դրա համար կա հատուկ դասագիրք՝ Ղարաբաղի պատմություն: Բայց մեղքի իր բաժինն ունի նաև այսօրվա ընդդիմությունը, որն այն ժամանակ իշխանություն էր՝ Ադրբեջանի ազգային ճակատը (այն ժամանակ դեռ կուսակցություն) և «Մուսավաթը»:
Ի դեպ, ֆաշիստների մասին. Երկրորդ համաշխարհային պատերազմի հարցում դասագրքերի հեղինակները ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել: Մի կողմից նշվում է, որ Բաքվի նավթատերերը «անգնահատելի ներդրում» են ունեցել ֆաշիստների դեմ հաղթանակում, մյուս կողմից՝ ուր մնացին ընդհատակում գործող թյուրքիստները, որոնք ատում էին Խորհրդային Միությունը, և որոնք ոչ մի կերպ չեն կարող «վատը» լինել, քանի որ երազում էին Ադրբեջանի անկախության մասին:
«Շատ ադրբեջանցիներ, որոնք արտագաղթել էին Հյուսիսային Ադրբեջանից այստեղ խորհրդային վարչակարգի հաստատումից հետո, հույս ունեին, որ Խորհրդային Միության նկատմամբ Գերմանիայի հաղթանակի դեպքում Ադրբեջանն ազգային անկախություն կստանա: Այդպես էին մտածում նաև որոշ մարդիկ, ովքեր ապրում էին հայրենիքում և ծառայության էին զորակոչվել խորհրդային բանակ: Դրանցից մեկը մայոր Աբդուռռահման Ֆաթալիբեյլի-Դուդենգինսկին էր: Նա Մերձբալթիկայում գերի է ընկնում գերմանացիներին: 1941թ. նա դիմում է Հիտլերին՝ առաջարկելով ադրբեջանցիներից բաղկացած զորամիավորում ստեղծել: Հիտլերականները ողջունում են նրա առաջարկը»:
«Հիտլերականները» իմաստաբանությամբ առավել մոտ է «ստախանովականներին», «լենինականներին», բայց ոչ «ֆաշիստներին»: Բայց սա դեռ ամենը չէ:
«Կովկասը գրավելու դեպքում գերմանական բանակին կարգադրվել էր չդիպչել տեղի բնակչության ազգային և կրոնական զգացումներին: Կովկասում ռազմական գործողությունները գլխավորող գեներալ ֆոն Մակիզենը իսլամ է ընդունում, նամազ կատարում ամբողջ ժողովրդի ներկայությամբ»:
Ի դեպ, 7-րդ դասարանի գիրքն ասում է. «Իսլամն ամենամարդկային և արդար կրոնն է»: Ակամա հիշում ես Սահմանադրությունը՝ դավանանքի ազատության մասին իր ուտոպիական հոդվածով:
Համենայն դեպս, առնվազն ևս մեկ աղբյուր հաղորդում է, որ գերներալն իսկապես իսլամ էր ընդունել, բայց նրա անունը Մակենզեն էր:
Հետո դարձյալ նույն ոգով. «Գերմանացիները բարձր գնահատեցին նրանց մարտական որակները՝ նրանցից շատերին պարգևատրելով շքանշաններով»: Խոսքը նույն ադրբեջանցիների մասին է, ովքեր կռվում էին «հիտլերականների» կողքին:
«Պատերազմի ավարտից հետո այդ լեգիոնի զորամասերը տեղափոխվեցին չեզոք երկրների տարածք և լուծարվեցին: Նրանց մեծ մասը տեղակայվեց Թուրքիայում: Նրանք, ովքեր վերադարձան հայրենիք, երկար ժամանակ ենթարկվում էին հետապնդումների և աքսորի»:
Դասագրքի հեղինակները զայրանում են:
Միգուցե պետք էր շքանշա՞ն տալ:
Եզրակացություն
Ազգերի մշտական գոյությունը որպես իրողություն սահմանող տեսությունը կոչվում է պրիմորդիալիզմ, և գիտական հանրության մեջ այն կողմնակիցներ չունի: Փոխարենը, դրա համախոհները շատ են բոլոր երկրների ուլտրաազգայնականների շրջանում: Ակադեմիական միջավայրում տիրում է այլ կարծիք. ազգերը սկսել են ձևավորվել միայն 19-րդ դարում՝ ընդհանուր էթնոսի (սա պարտադիր չէ), մշակույթի շուրջ՝ արդյունաբերական շրջանի քաղտնտեսության (սա արդեն պարտադիր է) փոփոխության արդյունքում:
Այս միտումները լավ նկարագրված են այնպիսի սոցիոլոգների և անտրոպոլոգների աշխատություններում, ինչպիսիք են Է. Գելլները, Ջ. Բրոյնին, Բ. Անդերսոնը, Է. Ռենանը: Իսկ մինչ այդ էթնոսները, և անգամ ոչ թե էթնոսներն իրենք, այլ առանձին մարդիկ, որոնք որոշակի պահի ապրում էին որոշակի տարածքում, ինքնակազմակերպվում էին որոշակի կառավարչի և որոշակի կրոնի ենթարկվելու սկզբունքով:
«Ռուս» կոմսերը թաթար գործընկներների հետ կռվում էին մյուս կոմսերի և թաթար գործընկերների դեմ, իսկ Ղարաբաղի խաներն ու մելիքները միասին պայքարում էին այլ խաների ու մելիքների դեմ: Կոմսերն ու թաթարները, խաներն ու մելիքները հետևողականորեն ամրապնդում էին բարեկամությունը միջէթնիկական ամուսնություններով, հետո դավաճանում էին իրար, հետո դարձյալ կռվում միմյանց դեմ:
Անգամ 20-րդ դարի սկզբին Բաքվում ոչ մեկ «ո՞վ ես դու» հարցին չէր պատասխանում՝ «ադրբեջանցի»: Պատասխանում էին՝ «ես մուսուլման եմ», կամ ծայրահեղ դեպքում՝ «թյուրք»: Չնայած որ, ադրբեջանցի էթնոսը, որն իր մեջ կրում է թուրքերի, պարսիկների, հին աղվանների գեներ, այդ ժամանակ արդեն լիարժեք ձևավորված էր:
Բայց միասնական ազգ՝ դրա ժամանակակից ընկալմամբ, չկար, և դրանում ոչ մի ամոթալի բա չկա: Փաստացիորեն, ադրբեջանական պետությունը սկսվում է 1918թ. Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությամբ՝ Մամեդ Էմին Ռասուլզադեի և նրա «թիմի» գլխավորությամբ:
Եվ եթե անգամ այն ստեղծված լիներ մեկ տարի առաջ, այնուամենայնիվ, պետք էր այդ փաստը ճանաչել և ընդունել:
Պատմությունը վերաիմաստավորելու, շատ կամ քիչ օբյեկտիվ փաստերի վրա կենտրոնանալու փոխարեն դասագրքերն այն վերածել են քարոզչության խոսափողի և դարձրել սնունդ «հակառակորդի» անվերջ ծաղրուծանակի համար: Հնարավոր չէ հաղթել տեղեկատվական պատերազմը, եթե ծիծաղելի տեսք ունես և ինքդ քեզ հակասում ես:
Ատելության խոսք, տարեթվա-թագավորական մոտեցում, ոչ քննադատական մտածողության դաստիարակում, աշխարհի պրիմորդիալիստական պատկեր. այս ամենի մեջ ոչ մի լավ բան չկա: Ըստ էության, դրանք պատմության դասագրքեր չեն, այլ քարոզչության, ատելության և հիմարության:
Բացի այդ, այդ դասագրքերը զարմանալիորեն ձանձրալի են: Դրանցում բացակայում է մարդկային մոտեցումը, գործնականում ուշադրություն չի դարձվում այս կամ այն ժամանակաշրջանում հասարակ մարդկանց կյանքին, խոհանոցին, մշակույթին: Դրանք գրված են անվերջ պաթոսով, արքունական բառապաշարով, առանց անհրաժեշտության բարդ բառերի և եզրերի կիրառմամբ:
Այսպիսով, պատմության լավ դասագիրքը կլիներ ոչ միայն ավելի ճշգրիտ, այլև ավելի հետաքրքիր:
Հրատարակվել է՝ 09.12.2016