Իսլամական սուգ Ադրբեջանում. արյան հանձնում՝ ինքնախարազանման փոխարեն
Կիսվել
Կիսվել
Այսօր Ադրբեջանում նշում են Աշուրան՝ այն օրը, երբ շիա մուսուլմանները սգում են Մուհամեդ մարգարեի թոռան ու նրա համախոհների մահը, որոնք նահատակվել են 7-րդ դարում: Երկրի մզկիթների մեծ մասում սգո արարողություններ են անցկացվել:
Մինչև վերջին ժամանակներս այդ օրը հավատացյալներից շատերն ինքնախարազանման գործողություններ էին իրականացնում. իրենց հարվածում էին շղթաներով՝ որպես վշտի նշան: Սակայն վերջին տարիներին պաշտոնյաներն ու կրոնական գործիչները կոչ են անում ժողովրդին զուսպ լինել, ինքնախարազանմամբ չզբաղվել, դրա փոխարեն դոնորություն անել՝ արյուն հանձնելով: Արյան հանձնման կետեր կան որոշ հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում, ինչպես նաև մզկիթներում:
Աշուրան Մուհարամ սգո ամսվա տասներորդ օրն է, դրա «կուլմինացիան» այն է, երբ մուսուլմանների մի մասը սգում է Հուսեյնի (Մուհամեդ մարգարեի թոռը) և նրա համախոհների մահը, որոնք նահատակվել են Յազիդի՝ Մուավիայի խալիֆի որդու հետ մարտում: Դա տեղի է ունեցել 680 թ-ին Քերբալա քաղաքի մոտ (մուսուլմանների սուրբ քաղաքը, որը գտնվում է ժամանակակից Իրաքի տարածքում):
Հուսեյնի զոհվելուց հետո մուսուլմանական աշխարհը երկու մասի բաժանվեց՝ շիաների, որոնք Հուսեյնի կողմնակիցներն են, և սունիների, որոնք Յազիդի կողմնակիցներն են: Այդ պառակտումը գոյություն ունի մինչև հիմա՝ ծնելով բազմաթիվ պատերազմներ և հակամարտություններ: Հետևաբար, Աշուրան սգո օր է միայն շիաների համար:
Թեև սունիներն այն նույնպես նշում են, բայց անում են դա այլ կերպ և այլ առիթով. Ղուրանի համաձայն՝ այդ օրը տեղի է ունեցել Երկնքի, Երկրի, հրեշտակների և առաջին մարդու արարումը, և ապոկալիպսիսը նույնպես այդ օրն է լինելու:
Բնակչության ոչ կրոնապաշտ հատվածի կյանքի վրա Աշուրան նույնպես ազդում է: Օրինակ, մինչև կեսօր փակ են լինում շատ խանութներ: Համարվում է, որ այդ օրը չի կարելի մազ ներկել, մատնահարդարում անել և ընդհանրապես հարդարվել: Առավելևս՝ բարձր երաժշտություն լսել և ինչ-որ տոնական միջոցառումներ նշել: Եվ ընդհանրապես, ողջ Մուհարամ ամսվա ընթացքում Ադրբեջանում հարսանիք չեն անում:
Աշուրային փողոցներում նաև թեյ են բաժանում որպես Հուսեյնի և նրա ընկերների հիշատակման ձև: