Իշխանություններին քննադատող ադրբեջանցի լրագրողը ոստիկանությանը մեղադրել է իրեն առևանգելու և խոշտանգելու համար
Լրագրող և բլոգեր Իսմայիլ Իսլամօղլուն, որն ակտիվ քննադատում է իշխանություններին, ոստիկանության աշխատակիցներին մեղադրել է այն բանի համար, որ երեք օր ապօրինաբար իրեն պահել են բաժանմունքում, խոշտանգել են և սպառնացել: Ոստիկանությունը դա ամբողությամբ հերքում է և ասում, որ, ընդհակառակը, գտել է կորած լրագրողին և տուն վերադարձրել:
Ի՞նչ է տեղի ունեցել: Երկու հակասական վարկած
Իսմայիլ Իսլամօղլուն Kanal-13 առցանց հեռուստատեսության լրատվական ծրագրի հաղորդավարն է: Հոկտեմբերի 26-ի երեկոյան նրա մտերիմները Ֆեյսբուքում հաղորդել էին, որ Իսմայիլը կորել է. աշխատավայրից դուրս է եկել, բայց տուն չի վերադարձել, թեև պատրատվում էր: Նրանք դիմել էին ոստիկանություն, սակայն երեք օր ոչ մի նորություն կորած լրագրողի մասին չկար: Չորրորդ օրը որոնումներին էր միացել փաստաբան Բահրուզ Բայրամովը: Ենթադրելով, որ Իսմայիլը կարող է ձերբակալված լինել, նա սկսել էր հարցում ուղարկել ոստիկանության տարբեր վարչություններ և դատարաններ: Սակայն ամեն տեղ պատասխանել էին, որ այդ մասին ոչինչ չգիտեն:
• Հայաստանում ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ազատության մեջ են
• Հարավային Կովկասն ու Ռուսաստանը հիշում են ստալինյան բռնաճնշումների զոհերին
• Ադրբեջանում քաղբանտարկյալները պատմում են բանտային կյանքի մասին
Շուտով լրագրողը հայտնվել է և Ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ տեղադրել: Նա հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ի երեկոյան քաղաքացիական հագուստով երկու մարդ իրեն ձերբակալել է և տարել Բաքվի ոստիկանական վարչություններից մեկն ու իրեն այնտեղ պահել երեք օր:
«Ինձ հայհոյանքներով վիրավորում էին և ծեծում, գլխիս պոլիէթիլենային տոպրակ էին հագցնում, մի քանի ժամ կանգնած էին պահում: Սպառնում էին ոչ միայն ինձ, այլ նաև հարազատներիս, հետո հրամայեցին դադարել (իշխանություններին) քննադատել և լռել այն մասին, թե ինչ են արել ինձ հետ», — ասել է Իսլամօղլուն:
Նա բողոք է գրել գլխավոր դատախազին և ՆԳ նախարարին՝ պահանջելով այդ միջադեպը որակել որպես առևանգում և պատժել մեղավորներին:
Սակայն Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունը հերքում է լրագրողի ձերբակալման լուրը: Ըստ ոստիկանների՝ իրենք ընդունել են անհետացման մասին դիմումն ու սկսել որոնել նրան: Իսկ երբ գտել են, հրավիրել են գլխավոր վարչություն պրոֆիլակտիկ զրույցի համար, այնուհետև՝ ուղարկել ոստիկանության 28-րդ բաժին, որտեղ ստացվել էր դիմումը:
Իրավապաշտպանների և գործընկերների կարծիքը
Իրավապաշտպաններից շատերն են համաձայն, որ Իսլամօղլուն կարող էր ճնշման ենթարկվել սոցցանցերում կատարած գրառումների պատճառով:
«Կարծես, իշխանություններն ակտիվիստների վրա ճնշում գործադրելու նոր մեթոդ են սկսել կիրառել: Նրանց պաշտոնապես չեն կալանավորում, սակայն կարճաժամկետ ձերբակալում և վախեցնում են», — ասում է Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի համակարգող Օգթայ Գյուլալիևը: Նա հավելում է, որ սա առաջին դեպքը չէ:
Վերջերս Իսլամօղլուն հեգնել էր Սոֆյա ռոբոտին Ադրբեջան հրավիրելը և պետական հեռուստատեսությամբ նախագահ Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումը հեռարձակելը: Turan անկախ հեռուստաալիքի ղեկավար, քաղէմիգրանտ Գանիմաթ Զահիդի կարծիքով՝ հենց դա է եղել ձերբակալման պատճառը:
Արդեն մի քանի ադրբեջանցի լրագրող և բլոգեր է ձերբակալվել, կալանավորվել և ազատազրկման դատապարտվել տարբեր քրեական հանցագործությունների մեղադրանքով: Հասարակությունն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դա կապում են նրանց պրոֆեսիոնալ գործունեության հետ: Նրանց թվում են, օրինակ, լրագրող Աֆղան Մուխտարլին, որն առևանգվել է 2017թ-ին Վրաստանում: Ըստ Մուխտարլիի՝ իրեն վրացական քրեական ոստիկանության համազգեստով անձինք են առևանգել: