Սուդան. պատերազմի վտանգ Աֆրիկայում
Ինչ է կատարվում Սուդանում
Սուդանում ԱՄՆ դեսպանատան բոլոր աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները ապրիլի 23-ի գիշերը տարհանվել են մայրաքաղաք Խարթումից, որտեղ մարտեր են ընթանում արդեն գրեթե 10 օր։ CNN-ը գրում է, որ երկրում կա ԱՄՆ մոտ 16.000 քաղաքացի, որոնց դուրս բերել դեռ հնարավոր չէ:
Վրաստանի մոտ 30 քաղաքացու դեռ չի հաջողվում հեռանալ Խարթումից։ Նրանք բոլորը վրացական երկու ավիաընկերությունների՝ Myway Airlines-ի և Geo Sky-ի աշխատակիցներ են։
Միևնույն ժամանակ, ծավալվող հակամարտությունը սպառնում է տարածվել Աֆրիկայի ամենախոցելի հատվածներում:
Myway Airlines-ի տնօրեն Ռատի Բակուրաձեն «Ազատություն» ռադիոկայանի վրացական խմբագրությանն ասել է, որ իր աշխատակիցներից 13-ը գտնվում են Խարթումում։
«Նրանք բոլորը գտնվում են օդանավակայանի մոտ գտնվող շենքի բնակարաններում։ Դեռ ապահով են: Սակայն քանի որ նրանց շենքի մուտքերը փակ են, ինչ-որ բան հասցնելը շատ դժվար է։
Հիմնական խնդիրը նրանց դիզվառելիքով ապահովելն է, այն անհրաժեշտ է գեներատորի աշխատանքի համար: Երեկ մենք կարողացանք փոքր քանակությամբ դիզվառելիք մատակարարել։ ՍՆունդն ու խմելու ջուրը կբավականացնեն հավանաբար երկու օր»,- ասել է Ռատի Բակուրաձեն։
Ինչ վերաբերում է տարհանմանը, ապա դեռ հստակ պատասխան չկա, թե նրանք երբ կկարողանան դուրս գալ։ «Մենք սպասում ենք անվտանգության երաշխիքների»,- նշել է Բակուրաձեն։
ԱՄՆ 100 հատուկ ջոկատայիններ տարհանել են ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ գործողությունն իրականացրել է ԱՄՆ աֆրիկյան զորախմբի հրամանատարությունը՝ Պետդեպարտամենտի հետ սերտ համագործակցությամբ։ Դրան մասնակցել են մոտ 100 հատուկ ջոկատայիններ:
Դուրս են բերվել ԱՄՆ դեսպանատան մոտ 100 աշխատակիցներ, ինչպես նաև այլ երկրների մի քանի դիվանագետներ:
«Տարհանումն իրականացվեց ռազմական ուղղաթիռով և շատ արագ։ Հատուկ ջոկատայինների թիմը թռավ Ջիբութիից, նրանք վայրէջք կատարեցին Եթովպիա՝ վերալիցքավորման համար և ուղևորվեցին Խարթում։ Ուղղաթիռը մեկ ժամից էլ քիչ ժամանակ է անցկացրել Սուդանում»,- CNN-ին ասել է ԱՄՆ ԶՈՒ շտաբի պետերի միացյալ կոմիտեի օպերատիվ բաժնի ղեկավար Ջ.Ա. Սիմսը:
ԱՄՆ-ի մոտ 16 հազար քաղաքացի այժմ գտնվում է Սուդանում, նրանց մեծ մասը երկքաղաքացիություն ունի։ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ նրանց տարհանումը դեռևս հնարավոր չէ, բոլորին խորհուրդ է տրվել մնալ իրենց տներում, փակել դռներն ու պատուհանները:
- Հրթիռային հարվածներ Իրանի ուղղությամբ. քննարկվում է Իսրայելի կողմից հատուկ գործողության վարկածը
- «ՌԴ-ն ծրագրում է Մոլդովայում հեղաշրջում անել՝ պատանդներ վերցնելով». Մայա Սանդու
- Հնարավո՞ր է համաշխարհային պատերազմ սկսվի․ «Խուսափելու հույս կա»
Այլ երկրների տասնյակ հազարավոր քաղաքացիներ չեն կարողանում լքել Սուդանը
Մասնավորապես, BBC-ն գրում է, որ Մեծ Բրիտանիայի առնվազն մի քանի հարյուր քաղաքացիներ Սուդանում թակարդում են հայտնվել։ Նրանցից շատերը վախենում են, որ բրիտանական իշխանությունները չեն կարողանա կազմակերպել իրենց տարհանումը։
Բրիտանացի Իման Աբու Գարգան BBC-ին պատմել է, որ Խարթումում է իր երկու երեխաների հետ: «Մեզ հետ ոչ ոք չի կապվում, մենք ոչինչ չգիտենք տարհանման ծրագրերի մասին։ Մենք մեզ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից լքված ենք զգում», — ասել է նա:
Հսկայական զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Սուդանում մեկ շաբաթվա մարտերի ընթացքում ավելի քան 400 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ վիրավորվել են։ ԱՀԿ-ն զգուշացնում է, որ զոհերի իրական թիվը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ է, քանի որ տեղից տեղեկատվություն ստանալը դժվար է, իսկ շատերն ընդհանրապես չեն կարողանում հասնել հիվանդանոցներ:
ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ մոտ 20,000 մարդիկ, հիմնականում’ կանայք և երեխաներ, անվտանգության փնտրտուքով Սուդանից Դարֆուրի հետ սահմանով փախել են Չադ:
Ո՞վ ում հետ է կռվում Սուդանում
Խարթումում և երկրի այլ շրջաններում ընթացող մարտերը երկրի ռազմական ղեկավարության կողմից իշխանության համար մղվող դաժան պայքարի ուղղակի արդյունք են։
2021 թվականի հեղաշրջումից ի վեր Սուդանը ղեկավարվում է գեներալների խորհրդի կողմից, որը գլխավորում են այս վեճի կենտրոնում հայտնված երկու զինվորականներ`
- Գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը, ով զինված ուժերի ղեկավարն է և երկրի փաստացի նախագահը։
- Նրա տեղակալ և RSF-ի ղեկավար, գեներալ Մուհամեդ Համդան Դագալոն, ով առավել հայտնի է որպես Հեմեդտի։
Բախումները տեղի են ունենում գեներալ ալ-Բուրհանի կողմից ղեկավարվող կանոնավոր բանակի և «Արագ արձագանքման ուժեր» (RSF) զինված խմբավորման միջև, որը գլխավորում է գեներալ Դագալոն (Հեմեդտի):
Վիճաբանության հիմնական առարկան դարձան 100,000-անոց RSF-ը բանակի կազմ ընդգրկելու ծրագրերը, ինչպես նաև այն, թե դրանից հետո ով է ղեկավարելու նոր ուժերը:
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ RSF-ի անդամները տեղաբաշխվեցին երկրով մեկ, ինչը բանակը գնահատեց որպես սպառնալիք: Սկսվեցին բանակցություններ, հույս կար, որ հնարավոր կլինի փոխըմբռնման գալ։
Բայց դա տեղի չունեցավ։
Առաջին կրակոցը հնչեց ապրիլի 15-ին, իսկ թե ով է այն արձակել, մնում է վիճելի։ Բայց դրանից հետո երկրի տարբեր հատվածներում մարտեր են ընթանում։
- Ուկրաինան, Հայաստանը/Ադրբեջանը, Իրանը՝ 2023 թ․-ի վտանգավոր հակամարտությունների շարքում
- ԵՄ-ն 3 անգամ քիչ է ծախսել Ուկրաինային օգնելու, քան ռուսական նավթի և գազի վրա
- «ԵՄ-ն ուզում էր հարմարավետություն, բայց ստացավ կախվածություն Ռուսաստանից». Բորել
Ի՞նչ է «Արագ արձագանքման ուժերը» (RSF)
RSF-ը ստեղծվել է 2013 թվականին և ծագում է տխրահռչակ Janjaweed աշխարհազորայինից, որը դաժանորեն կռվել է Դարֆուրում ապստամբների դեմ: Այնտեղ նրանց մեղադրում էին էթնիկ զտումների մեջ։
Այդ ժամանակից ի վեր գեներալ Դագալոն ստեղծել է հզոր ուժ, որը միջամտում էր Եմենի և Լիբիայի հակամարտություններին: Նա նաև տնտեսական շահեր ունի, դրանց թվում Սուդանի ոսկու որոշ հանքավայրերի նկատմամբ վերահսկողություն հաստատելն է:
RSF-ին մեղադրում են մարդու իրավունքների ոտնահարման, այդ թվում՝ 2019 թվականի հունիսին ավելի քան 120 ցուցարարների նկատմամբ հաշվեհարդար իրականացնելու մեջ։
Նման հզոր ուժը բանակից դուրս դիտարկվում է որպես երկրում անկայունության աղբյուր:
Ռուսական ՊՄԿ «Վագները» զենքով աջակցում է RSF-ին, հնարավոր է` մասնակցում է մարտերին
Հղում անելով դիվանագիտական շրջանակների իր աղբյուրների վրա’ CNN-ը՝ հայտնում է, որ ՊՄԿ «Վագները» «երկիր-օդ» հրթիռներ է մատակարարում Արագ արձագանքման ուժերին, ինչը զգալիորեն ուժեղացնում է նրանց:
CNN-ի լրագրողները All Eyes on Wagner նախագծի հետ միասին անուղղակիորեն հաստատել են այս տեղեկությունը՝ օգտագործելով արբանյակային լուսանկարներ։
Ռուսական «Վագներ» խմբավորումը երկար ժամանակ է, ինչ մեղադրվում է Սուդանից ոսկու մաքսանենգության մեջ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Վագներ»-ի գործադիր տնօրեն Եվգենի Պրիգոժինին մեղադրել է «Սուդանի բնական ռեսուրսներն անձնական շահի համար շահագործելու և իր «տրոլների գործարանի» միջոցով համացանցում կործանարար ազդեցություն տարածելու մեջ»:
Կրեմլը տարիներ շարունակ ձգտել է Պորտ Սուդանում ռազմաբազա ստեղծել՝ իր ռազմանավերին հնարավորություն տալու համար մուտք գործել և ազդեցություն ունենալ աշխարհի ամենաբանուկ և վիճելի ծովային ուղիներից մեկի վրա: 2021 թվականին Մոսկվան մոտեցավ բազայի գործարքի ավարտին Սուդանի ռազմական կառավարության հետ, որը իշխանությունը զավթել էր հեղաշրջման արդյունքում:
- Պուտինին ձերբակալելու որոշում Հաագայի դատարանում. որքանո՞վ է հավանական իրականացումը
- Թրամփը ձերբակալվեց, բայց դա դեռ կալանք չէր
- «Փամփուշտ քունքին»․ 10 օրինակ, թե ինչպես են հայրենասիրություն սերմանում ՌԴ-ում
Քաղաքացիական բնակչությունը առանձնակի վտանգի տակ է
Սուդանի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցնում ավելի քան վեց միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բազաներին։ Իսկ դա հանգեցնում է զանգվածային զոհերի խաղաղ բնակչության շրջանում:
Մարդիկ իրենց տները լքելու և փախչելու հնարավորություն ունեցան միայն ապրիլի 16-ին, երբ կողմերը երկու ժամով դադարեցրին ռազմական գործողությունները։
Ինչպե՞ս են զինվորականները եկել իշխանության
Այսօր ընթացող մարտական գործողությունները Սուդանում երկար տարիների լարվածության վերջին դրվագն են:
Հսկայական փողոցային ցույցերով պահանջում էին վերջ դնել նախագահ Օմար ալ-Բաշիրի մոտ 30-ամյա կառավարմանը: Արդյունքում 2019 թվականին բանակը նրանից ազատվելու համար հեղաշրջում արեց։
Ընդդիմությունը, որին աջակցում էր բնակչության մեծամասնությունը, շարունակում էր հանդես գալ ժողովրդավարական կառավարման վերադառնալու օգտին: Շուտով ստեղծվեց միասնական ռազմա-քաղաքացիական կառավարություն։ Բայց այն երկար կյանք չունեցավ։
2021 թվականի հոկտեմբերին հեղաշրջման հերթական փորձը տապալվեց, իշխանության եկավ գեներալ Բուրհամը, և առաջին իսկ օրերից նրա և գեներալ Դագալոյի միջև մրցակցություն կար։
2022 թվականի դեկտեմբերին, սակայն, նրանք համաձայնություն եկան իշխանությունը քաղաքացիական անձանց ձեռքը վերադարձնելու շուրջ: Սակայն մանրամասների վերջնական համաձայնեցման շուրջ բանակցությունները հաջողությամբ չպսակվեցին:
Այժմ երկու գեներալներն էլ հայտարարում են իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված քաղաքացիական իշխանություններին հանձնելու պատրաստակամության մասին։ Սակայն միջազգային փորձագետներն ասում են, որ իրականում նրանց այլ բան է հետաքրքրում:
Ե՛վ զինվորականները, և՛ նրանց կողմնակիցները մտահոգված են, թե ինչ կարող է պատահել իրենց հարստության և ազդեցության հետ, եթե նրանք հեռացվեն իրենց ազդեցիկ պաշտոններից:
Սուդանը` Աֆրիկայի ամենամեծ և աշխարհի ամենաաղքատ երկիրը
Սուդանը գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում և մայրցամաքի ամենամեծ երկրներից մեկն է՝ 1,9 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով։
Այն նաև աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է։ Այստեղ ապրում է 46 միլիոն մարդ, իսկ մեկ շնչին բաժին ընկնող տարեկան միջին եկամուտը կազմում է 750 դոլար։
Սուդանի բնակչությունը հիմնականում մահմեդական է, երկրի պաշտոնական լեզուներն են արաբերենը և անգլերենը։
Ինչո՞ւ է Սուդանը կարևոր շատ այլ երկրների համար
Սուդանը ոչ միայն հսկայական է։ Այն նաև գտնվում է անկայուն և աշխարհաքաղաքական առումով կարևոր տարածաշրջանում։ Խարթումում ծավալվող հակամարտությունը սպառնում է թափանցել Աֆրիկայի ամենախոցելի անկյունները:
Երկիրը տեղակայված է Նեղոս գետի երկու կողմերում, ինչը նրան տալիս է գրեթե էքզիստենցիալ նշանակություն։
- Ներքևում գետից կախված Եգիպտոսն է։
- Վերևում Եթովպիան է, որը դեպի ծով ելք չունի, բայց ունի հիդրոէներգետիկայի հավակնոտ ծրագրեր:
Ընդհանուր առմամբ, Սուդանը սահմանակից է յոթ երկրների, որոնցից յուրաքանչյուրն ունի անվտանգային խնդիրներ, որոնք միահյուսված են Խարթումի քաղաքականության հետ։
Չադ, ԿԱՀ և Լիբիա. Զենքերը և զինյալները հեղաշրջումների հակված Չադից, պատերազմից տուժած Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունից, խիստ անկայուն Լիբիայից հաճախ անարգել հատում են սահմանները:
Եթովպիա և Էրիթրեա. Սուդանը սահմանակից է Եթովպիայի հյուսիսում գտնվող Տիգրա շրջանին, որը միայն վերջերս է դուրս եկել հյուծող հակամարտությունից, որին մասնակցում էր մեկ այլ անկանխատեսելի հարևան’ մեկուսացված և խիստ ռազմականացված ինքնավարություն Էրիթրեան: Լարվածություն կա նաև Եթովպիա-Սուդան ընդհանուր և որոշ հատվածներում վիճելի սահմանին:
Հարավային Սուդան. հարավում Սուդանը բախվում է համեմատաբար նոր պետության՝ Հարավային Սուդանի հետ: Այն պաշտոնապես անջատվեց իր հյուսիսային հարևանից 2011 թվականին Աֆրիկայի ամենաերկար և ամենաարյունալի քաղաքացիական պատերազմներից հետո: Այս սահմանը նույնպես մնում է անկայուն, և Հարավային Սուդանն ինքը ներքաշված է իր սեփական լայնածավալ քաղաքացիական պատերազմի մեջ:
Անկախությունից հետո Հարավային Սուդանին բաժին հասավ տարածաշրջանի թանկարժեք նավթահանքերի մեծ մասը, ինչի արդյունքում Սուդանը դարձավ շատ ավելի աղքատ:
Ենթադրվում է, որ Սուդանում հակամարտող ռազմական խմբավորումները իրականում պայքարում են նվազող տնտեսական ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, այնպիսի ռեսուրսների, ինչպիսիք են ոսկին և գյուղատնտեսությունը: