Ինչպես փրկել «Հայֆիլմը»
93-ամյա «Հայֆիլմ» կինոստուդիայի անմխիթար վիճակը համախմբել է մի շարք երիտասարդների, ովքեր միավորվելով «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության շուրջ, պայքարում են կինոստուդիայի ապագա ճակատագրի համար:
«Սկսեցինք համացանցից, եթե մենք դրանից դուրս անում ենք մեկ քայլ, համացանցը անում է 100 քայլ: Նախաձեռնությունը թափ է հավաքում, քանի որ մեզ են միանում «Հայֆիլմով» մտահոգ քաղաքացիներ աշխարհի տարբեր անկյուններից: Վերածնունդ ասելով, ես մի բան եմ հասկանում, որ թաթերականի ուսանողը շփվի կինոստուդիայի պատերի, ռեկվիզիտների, տաղավարների, ռեժիսորների հետ… «Հայֆիլմը» շենք չէ, այլ կենդանի օրգանիզմ, որտեղ գործընթացները շարունակվել են տասնյակ տարիներ»,- ասում է «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հեղինակ, երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանը:
2005 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան 350 միլիոն դրամով [$700 հազարից ավելի այսօրվա փոխարժեքով] վաճառվել էր «Armenia Studios» ՓԲԸ-ին, որը ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանին պատկանող «CS Media City» հոլդինգի մի մասն էր։
Սեփականատերը ստանձնել էր 10 տարվա ընթացքում ստուդիայում 30 միլիարդ դրամ [$60 միլիոնից ավելի այսօրվա փոխարժեքով] ներդնելու պարտավորություն։ Սակայն այդպես էլ չէին կառուցվել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չէր վերազինվել ժամանակակից ու հզոր տեխնիկայով, բավարար քանակով ու անհրաժեշտ որակով չէր թվայնացվել հայկական կինոժառանգությունը։ 10 տարիների ընթացքում սեփականատերը չէր ներդրել խոստացված 30 միլիարդ դրամն ու նոր ֆիլմեր չէր նկարահանել՝ բացառությամբ սերիալների:
Անցյալ տարի «Հայֆիլմ կինոստուդիա» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը 2 միլիարդ 702 մլն 469 հազար դրամ գնահատված արժեքով վերադարձվեց է ՀՀ կառավարությանը և այժմ պետական գույքի կառավարման հաշվեկշռում է:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նշում է. երբ «Հայֆիլմը» սեփականաշնորհվեց, պետությունը պարտավորություն դրեց, որ սեփականատերը թվայնացնի կինոստուդիայի ահռելի ժառանգութունը՝ 400-ից ավելի ֆիլմերը:
«Սեփականատերը ամբողջությամբ չի կատարել այդ պարտավորությունը, պետությունն այն հետ վերցրեց: Հիմա մենք փորձում ենք ինքներս կազմակերպել այդ աշխատանքները, ինչը բավականին թանկ գործընթաց է: Այժմ թվայնացնում ենք մեր կողմից նախընտրելի որակով: Փորձելու ենք ավարտին հասցնել բոլոր ֆիլմերի թվայնացման աշխատանքները: 2015 թվականին թվայնացվել է 18 ֆիլմ»,- ասում է փոխնախարարը:
Հայֆիլմի պաըմությունից
Պատմական կենսագրությամբ հարուստ «Հայֆիլմում» 1925 թվականին նկարահանվում է առաջին խաղարկային համր ֆիլմը՝ «Նամուսը»:
1935-ին արտադրվել է հայկական առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»:
1967 թվականից այստեղ սկսում են մուլտֆիլմեր արտադրել: 1978 թվականին «Հայֆիլմ»-ը ձեռք է բերում արտադրական նոր հնարավորություններ, ընդլայնում ֆիլմարտադրությունը, տարեկան թողարկելով 6-7 ֆիլմ, պատվերներ է ստանում ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությունից, ֆիլմեր նկարահանում «Մոսֆիլմ» կինոստուդիայի հետ համատեղ: 20-րդ դարի վերջերին «Հայֆիլմ» կինոստուդիայում տարեկան կրկնօրինակվում էր մինչև 45 ֆիլմ:
Կառավարությունն այսօր չունի բավարար միջոցներ կինոստուդիայի վերականգնման ծրագրի իրականացման համար: Մշակույթի նախարարության ներկայացուցիչները հայտարարում են. հարկավոր են ներդրողներ որոշակի պայմաններով «Հայֆիլմի» վերականգնման ծրագիրը ֆինանսավորելու համար:
«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հեղինակ Հայկ Բաբայանը նշում է, որ ամեն ինչ հարկավոր չէ թողնել պետության ուսերին, պետք է հասկանալ ոլորտի խնդիրները և ինքնուրույն ելքեր առաջարկել իրավիճակից.
«Երբ վարչապետը արթնանում է, նա չի մտածում, որ Հայֆիլմի պատերը վատ վիճակում են, մի հատ գնա նայի, մի բան որոշի անել, մենք ինքներս պետք է լուծումներ առաջարկենք, պետությանը մեր թիկունքում զգալով: Հանդիպել եմ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին, նա կառուցողական է տրամադրված, ու հաստատ իր սիրտը ցավում է ոչ միայն «Հայֆիլմի», այլև ցանկացած մշակութային օջախի համար: Բոլորի միավորվելու արդյունքում եմ տեսնում «Հայֆիլմի» վերածնունդը՝ ովքեր պատկերացնում են, թե ինչ է նշանակում մշակութային արժեք ստեղծել»:
Նախաձեռնության շրջանակներում կինոստուդիայի տարածքում արդեն անցկացվել է շաբաթօրյակ, ծառատունկ, որին մասնակցել են երիտասարդ ռեժիսորներ, դերասաններ, Հայֆիլմի փոքրաթիվ աշխատակիցները:
Շաբաթօրյակին մասնակցող մասնագիտությամբ ռեժիսոր Արտյոմ Բարկուդրը նշում է, որ իրենց արածը գուցե փոքր, բայց բարեփոխումներին ուղղված քայլ է.
«Միանգամից չի լինելու, խնդիրը ոչ թե Հայֆիլմի պատերն են, այլ անհրաժեշտությունը ստեղծել ներքին մի վիճակ, որտեղ կինոարտադրությունը կզարգանա: Հիմա մենք նախանձով ենք նայում վրացիներին, իրենք ունեն կինո, ներկայանում են տարբեր միջազգային կինոփառատոնների, համագորակցություններ ունեն, մրցում են արդեն կայացած ընկերությունների հետ: Մենք ներկայացնելու ոչինչ չունենք, այն դեպքում, երբ ռուսական կինոշուկայում շատ բան հայերի ձեռքին է: Հաֆիլմի մասնավորեցմամբ տեղի ունեցավ պարզապես արվեստասպանություն»:
Գրեթե մեկդարյա կենսագրություն ունեցող կինոստուդիան սփռված է 25 հեկտար տարածքի վրա: Մի հատվածում կինոնկարահանման տաղավարներն են, մյուսույմ՝ դեկորացիաների պատրաստման արտադրամասը, որտեղ ժամանակին կյանքի են կոչվել հենց այն ձևավորման պարագաները, որոնք օգտագործվել են հանրահայտ ֆիլմերում: Հատուկ սենյակներում պահպանվում են օգտագործված դեկորացիաները, ռեկվիզիտը, հանդերձանքը:
«Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը նշում է, որ կինոստուդիան իր ամբողջ գույքով ու տարածքով վերադարձվել է պետությանը, և այժմ ավելի շատ միջոցներ են անհրաժեշտ գույքի պահպանման համար.
«Եթե մտածենք, որ չորս ամիս հետո սկսում ենք մեծ կինոարտադրություն`ինքնախաբեությամբ կզբաղվենք: Ամեն ինչ պետք է պլանավորվի փուլ առ փուլ: Փորձում ենք եղած ֆինանսական հոսքերը, որոնք գոյանում են տաղավարները վարձակալությամբ նկարահանումների համար տրամադրելուց, «Հայֆիլմի» արտադրած ֆիլմերը ցուցադրելուց`կինոստուդիայի մինիմալ ծախսերը փակելու համար: 12 ամիսների ընթացքում չնչին ծախսերի զրոյականացման ենք եկել»:
Նա նշում է, որ ֆիլմերի հեղինակային իրավունքը պատկանում է «Հայֆիլմին», յուրաքանչյուր ֆիլմի համար կա սահմանաված պետական նորմերով հեղինակայիան իրավունքների օգտագործման վճարման չափ, որի շնորհիվ էլ ստուդիան փակում է իր ծախսերի զգալի մասը:
Կինոստուդիայի ապագա վերականգնման ծրագրերի հետ կապված նշում է. «Հայֆիլմի» որոշակի բաժնեմաս կարող է վաճառվել, սակայն կառավարման փաթեթը պետք է լինի պետության ձեռքում:
Հայկ Բաբայանն էլ կարծում է, որ «Հայֆիլմը» պետք է ազգայնացվի. «Նրան պետք է տրվի այնպիսի կարգավիճակ, ինչպիսին որ ունի Մատենադարանը, Օպերայի ազգային թատրոնը, որովհետև եթե Կոլումբիայից չգիտեմ ով գա ու ասի, որ ինքը ամեն ինչ կանի, փողեր կներդնի, այլևս չենք հավատալու այդ հեքիաթներին: Սեփականատերը ինչպես կուզի կվարվի, իսկ «Հայֆիլմը» մեր սրբություններից է, մշակութային բացառիկ արժեքներից մեկը: Ստուդիայի կիսավեր պատերն ու միջանցքներն անգամ մինչև այսօր հագեցած են ստեղծագործական էներգետիկայով: Մենք շարունակելու ենք մեր ակցիաներն ու միջոցառումները ուղղված «Հայֆիլմի» վերածնդին»:
Հրապարակվել է՝ 14.12.2016