Արցախցիների ներհոսքի հետ Երևանում բնակարանների վարձակալության գներն աճել են
Ինչպես է լուծվում արցախցիների բնակության հարցը
Արցախի գրեթե ողջ բնակչությունն արդեն Հայաստանում է՝ 100 հազարից ավելի մարդ։ Արցախցիները սկսեցին տեղափոխվել սեպտեմբերի 24-ից, երբ Ադրբեջանը միակոոմանի՝ միայն դեպի Հայաստան, բացեց Լաչինի միջանցքը 10 ամիս շարունակվող շրջափակումից հետո։ Նույն օրը Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ հայրենինքն «ամենայն հոգատարությամբ կընդունի ԼՂ-ի քույրերին եղբայրերին։
Նրանց համար նախապես կեցավայրեր էին պատրատվել։ Վերջին տվյալներով՝ Հայաստան տեղափողված 100 625 արցախցիներից անվճար կացարանում բնակվելու առաջարկն ընդունել է 59 000-ից ավելի մարդ։ Մնացածը որոշել են ինքնուրույն լուծել այս խնդիրը:
JAMnews-ը ուսումնասիրել է իրավիճակը՝ որքանով արդյունավետ է ընթանում որոնման գործընթացը, ինչ առաջարկներ կան անշարժ գույքի շուկայում, արդյոք հասանելի են գները: Պարզվել է՝ մայրաքաղաքում անշարժ գույքի վարձակալության ու վաճառքի գների կտրուկ աճը է արձանագրվել։ Դրան զուգահեռ բազմաթիվ մարդիկ անվճար բնակարաններ և տներ տրամադրել են հայրենակիցներին։
Բոլոր մանրամասները՝ Հայաստան տեղափոխված արցախցիների ու նրանց աջակցություն ցուցաբերողների խոսքով։
- «Զոհաբերենք ԼՂ-ն, որ պատժենք Փաշինյանին»․ Թոմ դը Վաալը Մոսկվայի դիրքորոշման մասին
- Ֆրանսիան ռազմական օգնություն կտրամադրի ՀՀ-ին. ականջ շոյող հայտարարությո՞ւն
- «Բաքուն ԼՂ-ի հարցը կդարձնի ՌԴ և Արևմուտքի հետ սակարկությունների առարկա»․ կարծիք
Հաջողվեց անվնաս Հայաստան տեղափոխվել
25-ամյա Լիանան մեկն է հազարավոր Հայաստան տեղափոխվածներից: Ասում է՝ վերջին ռազմական գործողությունների ժամանակ հույս չկար, որ կհաջողվի անփորձանք տեղափոխվել Հայաստան.
«Երկրից հեռանալու միակ հուսադրող կետը Ասկերանի օդանավակայանն էր, որին մոտ լինելու համար բոլոր հարազատներով հավաքվել էինք մեր պապական տանը: Որոշել էինք միասնական լինել, որպեսզի որևէ խնդիր առաջանալու դեպքում կարողանանք միասին դիմակայել»:
Արցախից Հայաստան տեղափոխվելու թույլտվության լուրը ոգեշնչել է, սակայն մի քանի ընտանիքով ընդամենը մեկ մեքենա ունենալու փաստն անիրատեսական էր դարձնում միասին ճանապարհ ընկնելու մտադրությունը:
«Այդ ժամանակ մի հրաշքով մեր բարեկամներից մեկն առաջարկեց մեզնից մի քանիսին իր մեքենայով տեղափոխել Հայաստան: Քանի որ ես փոքրիկիս հետ էի, մերոնք որոշեցին, որ նախ մենք պետք է դուրս գանք Արցախից»,- պատմում է Լիանան:
Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը նա արդեն Հայաստան է հասել և հաշվառվել Կոռնիձորի անցակետում, բայց հրաժարվել է գրանցվել կեցավայր ստանալու ցուցակում։ Անմիջապես տեղափոխվել է Սյունիքի գյուղերից մեկը՝ հարազատների մոտ ժամանակավորապես հաստատվելու համար:
«Կոռնիձորի անցակետում Կարմիր խաչի աշխատակիցներին ներկայացրեցի մեկամյա փոքրիկիս առաջին անհրաժեշտության կարիքները: Չուզեցի մնալ պետության կողմից առաջարկվող կացարանում: Ավելի ծանր վիճակում գտնվող մարդիկ կան, որոնք նույնիսկ հարազատ չունեն Հայաստանում: Թող նրանց համար մնան պետության կողմից տրամադրվող կացարանները»,- ասում է Լիանան:
Բնակվելու նախընտրելի վայրը՝ Երևան
Այժմ Լիանան ամուսնու հետ բնակարանի վարձակալման ակտիվ փնտրտուքի մեջ են, ուզում են Երևան տեղափոխվել:
«Մի քանի օր է, անընդհատ, ամբողջ օրը, բոլոր հարազատներով նայում ենք սոցիալական ցանցերը, կայքերը, բազմաթիվ մարդկանց ենք զանգել, բայց մեզ հասանելի գնով բնակարան չենք կարողանում գտնել:
Գները սկսում են 300 հազարից, դրան գումարած միջնորդավճար, դեպոզիտ… Դա չափազանց մեծ թիվ է մարդկանց համար, որոնք Արցախում ամեն ինչ թողել, եկել են։ Ստեփանակերտի կենտրոնում մենք երկու բնակարան ենք թողել, այստեղ չենք կարողանում վարձակալել մեկը»,- ասում է նա։
Որոշել են Երևանում գալ՝ հաշվի առնելով բարձր վարձատրվող աշխատանք գտնելու հավանականությունը:
«Ամուսինս լոգիստիկայի ոլորտի մասնագետ է, նաև ռեստորանում որպես մենեջեր աշխատանքի մեծ փորձառություն ունի: Ես մասնագիտությամբ պատմաբան եմ: Կարծում եմ, մեզ համար ավելի հեշտ կլինի աշխատանք գտնել Երևանում»,- բացատրում է Լիանան:
Նրա ընտանիքի պես մայրաքաղաքում բնակվելու մտադրություն ունեն արցախցիներից շատերը: Առաջացած կտրուկ պահանջարկը նպաստել է անշարժ գույքի վարձակալության գների նույնքան շեշտակի բարձրացմանը:
Պահանջարկը մի քանի անգամ գերազանցում է առաջարկը
«Արցախցիների մեծ հոսքով պայմանավորված անշարժ գույքի շուկայում, կարելի է ասել, քարոսային իրավիճակ է։ Երևանում ու երևանամերձ շրջաններում պահանջարկը մի քանի անգամ գերազանցում է առաջարկը: Միայն առաջին երկու օրվա ընթացքում անշարժ գույքի շուկայում վարձակալության տրվող բնակարանների գները 30-40 տոկոսով բարձրացան»,- ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Այն պահից սկսած, երբ հայտարարվեց արցախցիների Հայաստան տեղափոխվելու լուրը, մեր աչքի առաջ բնակարանների սեփականատերերը սկսեցին կես ժամը, մի քանի ժամը մեկ բարձրացնել բնակարանների գները վաճառքի հարթակներում: Արդյունքում 150 հազար դրամանոց բնակարանի վարձակալության արժեքը ժամերի ընթացքում դարձավ 300 հազար դրամ և ավելի»,- ասում է «Silver Rea» անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը:
Նրա խոսքով՝ գնաճին զուգահեռ այսօր Երևանում բնակարան գտնելը դարձել է գրեթե անհնար․
«Երևանում, կարելի է ասել, վարձակալության տրվող ազատ բնակֆոնդ այս պահին չկա: Ինքս էլ բազմաթիվ ընկերներ ունեմ Արցախից, որոնք խնդրել ինձ բնակարան գտնել, բայց չեմ կարողանում իրենց համար տուն գտնել Երևանում»:
Սուրեն Պարսյանի խոսքով՝ սա վերջին երեք տարվա ընթացում երկրորդ կտրուկ տատանումն է՝ անշարժ գույքի շուկայում։ Այս դեպքում, սակայն, կտրուկ գնաճի թիրախը ոչ վճարունակ արցախցիներն են:
«2022թ.-ի ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո անշարժ գույքի, բնակարանների վարձավճարները կրկնապատկվել էին: Վերջին 5-6 ամիսների ընթացքում ռուսների արտահոսքի, նոր կառուցվող շենքերում բնակարանների առաջարկի ավելացմանը զուգահեռ անշարժ գույքի վարձակալության գները նվազեցին, որոշակի կայունացում նկատվեց շուկայում»,- ասում է տնտեսագետը:
Ռելոկանտներին բնակարանների վարձակալության ծառայություններ մատուցած Անդրանիկ Հարությունովը շեշտում է.
«Բնակարանների վարձակալության գները հասանելի էին Հայաստան տեղափոխված ռուսների գերակշիռ մասին։ Նրանք հիմնականում ՏՏ ոլորտի բարձր վարձատրվող մասնագետներ էին: Իսկ 10 ամիս շրջափակման մեջ առանց աշխատանքի մնացած, հյուծված, դատարկաձեռն եկած արցախցու համար չափազանց դժվար է ամսական 300 հազար դրամ և ավել վճարելը»:
Ինչո՞ւ են շատերը հրաժարվում են ապրել կառավարության կողմից տրամադրվող կացարաններում
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ դա պայմանավորված է մի քանի հանգամանքով.
«Մի մասը չեն ուզում սահմանային Սյունիքում, Վայոց ձորում մնալ. վտանգ են տեսնում։ Մի մասն ուզում է անպայման Երևանում ապրել՝ երեխան պետք է կրթություն ստանա, կամ ուզում է Երևանում աշխատել։ Մի մասը պարզապես տեղեկացված չէ աջակցության տարբեր ծրագրերի, այլ մարզերում առաջարկվող կեցավայրերի ու վարձով բնակարանների մասին։ Մի մասն էլ ուղղակի հոգնած, հյուծված է ու չի ցանկանում ժամերով սպասել հերթերում պաշտոնապես գրանցվելու ու կեցավայր ստանալու համար»:
Շատերը Հայաստան մտնելուց անմիջապես հետո ընտանիքով շարժվել են դեպի Երևան՝ բախվելով գիշերակացի տեղ չգտնելու ռիսկերին.
«Կարծում եմ, պետք է մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացվի, նրանց հետ պետք է աշխատանք տարվի։ Պետք է հնարավորինս մանրամասն բացատրվի կացարաններից հրաժարվելու, պաշտոնապես չգրանցվելու ռիսկերը։
Գոնե կարճ ժամանակով պետք է օգտվել կառավարության կողմից առաջարկվող կեցավայրերում մնալու հնարավորությունից, հանգստանալ, հոգալ ընտանիքի առաջնահերթ կարիքները, նոր հետո սկսել աշխատանք, ապա աշխատատեղին հարմար բնակարան փնտրելու գործընթացը»:
Անվճար բնակարանների առաջարկներ
Մայրաքաղաքում բնակարանների գնաճին զուգահեռ օր օրի ավելանում են անվճար հիմունքներով տների տրամադրման առաջարկները՝ հատկապես գյուղական համայնքներում: Ինչպես 2020-ի 44-օրյա պատերազմի օրերին, այժմ ևս Հայաստանի ամենատարբեր անկյուններից անհատները, խմբերը, գործարարները փորձում են սատարել արցախցիներին:
Սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում ստեղծվել են էջեր ու խմբեր, որտեղ հավաքագրվում են Հայաստանի քաղաքային ու գյուղական համայնքներում անվճար տրամադրվող տների առաջարկները:
Առանձին հարթակներ են ստեղծվել նաև արցախցիներին աշխատանքով, հումանիտար օգնությամբ, գույքով ապահովելու համար:
Ակտիվ աշխատանք է տարվում արցախցի ուսանողներին երևանյան ընտանիքներում անվճար հիմունքներով բնակեցնելու ուղղությամբ:
Սուրեն Պարսյանը ակտիվորեն ներգրավված է ԼՂ-ից ժամանած ուսանողների կեցության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերում։ Ասում է՝ բազմաթիվ ընտանիքներ երիտասարդներին հյուրընկալելու պատրաստակամություն են հայտնել։ Դա նրանց թույլ կտա հնարավորինս շուտ վերսկսել կրթությունը՝ արդեն երևանյան բուհերում:
Անհատների ու կազմակերպությունների կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը կարևորելով հանդերձ, տնտեսագետը նկատում է.
«Անհրաժեշտ է, որ կառավարությունը, անհատներն ու կազմակերպությունները համահունչ աշխատեն, իրարից տեղյակ լինեն, որպեսզի արդյունքն առավել նկատելի լինի, աշխատանքն՝ առավել արդյունավետ»:
«Անվտանգության երաշխիքներ են պետք»
Եթե ներհոսքի առաջին օրերին պարզ չէր, թե քանի հազար մարդ կտեղափոխվի Հայաստան, այժմ մեկ այլ հարց է ծագել՝ տեղափոխվածների քանի՞ տոկոսը կորոշի երկարաժամկետ հաստատվել Հայաստանում, քանիսը կհեռանան այլ երկրներ:
«Չեմ կարող ասել, ինչքան կմնանք Հայաստանում. չգիտես, թե ինչ կլինի մեկ ժամ հետո: Ես երեխայի հետ տանը խաղում էի, երբ ռմբակոծությունն Արցախում սկսվեց… Ամեն ինչ միանգամից փոխվեց… Այնքան արագ են զարգացումերը լինում, որ չգիտեմ՝ մեկ ժամից կամ հաջորդ օրը ի՞նչ կլինի, որտե՞ղ կհայտնվենք»,- ասում է Լիանան:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է ներդնի իր բոլոր ջանքերը, որպեսզի արցախցիները չմեկնեն․
«Հայաստանի կառավարությունը պետք է ի վիճակի լինի ինտեգրել արցախցիներին՝ ապահովելով տնով, հողով, կրթությամբ, աշխատանքով և ամենակարևորը՝ անվտանգութամբ: Արցախցիներից շատերը երկրորդ անգամ են տեղահանվում ու արդեն հոգնել են:
Կառավարությունն անվտանգության երաշխիքներ պետք է տա մարդկանց, որպեսզի նրանք իրենց ապագան տեսնեն Հայաստանում: Պետք է ամեն ինչ անենք, որ արցախցիները մնան մեր երկրում: Նրանք խելացի, ուժեղ, գործունյա մարդիկ են: Պետությունը պետք է ձգտի, որ երկրի մտավոր ներուժն ու բնակչության թվաքանակն ավելանա»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ինչպես է լուծվում արցախցիների բնակության հարցը