Աղյուս, կատու և այլ միջոցներ․ ինչպես տաքանալ բնակարանում
Սևդա Հասանովան մայրաքաղաք է եկել Գյանջա քաղաքից, որտեղ նրա ծնողներն են ապրում: Այստեղ նա օֆիս-մենեջերի աշխատանք է գտել, աշխատավարձը 500 մանաթ է: Բնակարանը ստիպված է վարձակալել ընկերուհու հետ միասին, այն շատ հին շենքում է գտնվում, որտեղ ջեռուցման հոտ անգամ չի գալիս:
«Օդորակիչ կա, սակայն այն առանձնապես չի տաքացնում, բացի այդ էլ էլեկտրաէներգիայի վարձերը դեռևս մինչև թանկանալը շատ մեծ էին՝ 50-80 մանաթ: Այդ պատճառով որոշել ենք այն չմիացնել: Էլեկտրասավաններ ենք գնել, որ գոնե կարողանանք քնել, բնակարանում այնքան ցուրտ է, որ ատամներդ կափկափում են: Տանը, կարելի է ասել, միայն քնում ենք: Հուսով եմ, մեզնից ոչ ոք լրջորեն չի հիվանդանա, որովհետև բժշկի գնալն ավելի թանկ կարող է նստել: Հիվանդանալ ես ինձ պարզապես չեմ կարող թույլ տալ», — կիսվում է Սևդան:
Իսկ, օրինակ, Սուլեյմանովների ընտանիքը, որը նույնպես հին շենքում է բնակվում, տարիներ շարունակ բնակարանը ջեռուցել է հին պատի վառարանով: Մինչև այս ձմեռ:
«Նախկինում շատ տաք էր, հարմարավետ: Ողջ բնակարանը տաքանում էր այդ վառարանով: Միշտ այդպես է եղել, դեռևս իմ հանգուցյալ ծնողներն էին այն ամեն ձմռանը վառում: Իսկ այժմ այն հազվադեպ ենք միացնում, օրական բառացիորեն մի քանի ժամով, որ գոնե մի կերպ կարողանանք ձմեռն անցկացնել: Որովհետև եթե նախկինի պես վառենք, ամսական գազի համար 200 մանաթ պիտի վճարենք», — պատմում է Նիգյար Սուլեյմանովամ:
Նրա խոսքով, վառարանը գիշերը չմիացնելու համար նրանք գազօջախի վրա թուջե թավա են տաքացնում, որի վրա աղյուս են դնում:
«Քնելուց առաջ տաքացրած աղյուսը դույլի մեջ եմ դնում և սենյակ տանում, որ երեխաները չմրսեն մինչ վերմակի տակ տաքանում են», — ասում է Նիգյարը:
«Մենք էլեկտրական բուխարի ենք գնել, սակայն, չնայած որ միայն երեկոյան ենք միացնում, ֆանտաստիկ վարձեր ենք գալիս», — պատմում է Էնվեր Գուլիևը: Նրա խոսքով, էլեկտրաէներգիայի նոր սակագնին սովորելը բավականին բարդ է:
«Արժեզրկումը մեծ թափով առաջ է գնում: Եվ հերիք չէ, որ խանութ մտնելն է սարսափելի, մյուս կողմից էլ այդ հաշիվները: Արդյունքում սննդի և կոմունալ ծախսերի վրա է գնում ողջ աշխատավարձը», — ասում է Գուլիևը:
Դեկտեմբերի համար Գուլիևի էլեկտրաէներգիայի վարձը կազմել է 130 մանաթ ($75):
«Ի՞նչ արած, ստիպված վճարում ենք»:
Թե ինչպես է Բաքվի բնակիչներին ավելի ձեռնտու բնակարան ջեռուցել հարցի պատասխանը գտնելու փորձերից պարզ դարձավ, որ մյուսների համեմատ մի փոքր նրանց բախտն է բերել, ովքեր իրենց տանը ավտոմատ ջեռուցման համակարգ են տեղադրել, որը բաքվեցիները «կոմբի» են անվանում: Թերությունն այն է, որ պետք է և՛ լույս, և՛ գազ: Դրականը՝ այն, որ արդյունքում դա ավելի շահեկան է, քան էլեկտրական տաքացուցիչները կամ գազի վառարանները:
«Ճիշտ է, մարտկոցները միացնում ենք միայն այն սենյակում, որտեղ գտնվում ենք, մնացած սենյակները չեն ջեռուցվում, այնպես որ գազի վարձավճարը բավականին ադեկվատ է», — ասում է Նարգիզ Քազիմովան:
Սակայն վատն այն է, որ այդ համակարգը տեղադրելը զգալի գումար արժե, և բնավ ոչ բոլորը կարող են իրենց նման բան թույլ տալ:
Խորհրդային տարիների թուջե գազի վառարանների ետևից, որին ժողովուրդը «ջեյրան» է ասում՝ կողքի հատվածում եղնիկի նշանի համար, մենք ուղևորվեցինք քաղաքի հին թաղամաս, որտեղ տների մեծ մասն արդեն ապամոնտաժվել է: Գնացինք ընկերների խորհրդով, և այդ տան բնակիչների անունները չենք նշի, քանի որ «ջեյրանն» այժմ արգելված է. վտանգավոր է համարվում, առաջին հերթին, շմոլ գազի պատճառով:
«Այն միշտ չենք վառում, սակայն սենյակը լավ տաքանում է: Միակ բացասական կողմն այն է, որ ստիպված ենք «պայմանավորվել» վերահսկող մարմինների հետ, քանի որ այս վառարաններն այժմ, չգիտես ինչու, անվտանգ չեն համարվում: Դե, մենք էլ պայմանավորվում ենք: Քանի որ տունը ապամոնտաժման ենթակա է, այլ վառարան դնելու իմաստ չկա: Իսկ անվտանգության առումով՝ արդեն հիսուն տարի է, ինչ տեղադրված է: Ոչ մի անգամ ոչ մի վատ բան չի եղել», — ասում է տանտիրուհին:
Նրա խոսքով, գազի աշխատակիցներն իրենք են պնդում, որ «Ջեյրանը» շատ ավելի անվտանգ է այլ անորակ վառարաններից, որոնք ողողել են շուկան:
«Որքա՜ն դժբախտ պատահարներ են եղել իրանական վառարանների հետ կապված: Ավելի լավ է՝ սա լինի: Տասնամյակներով փորձված է», — ծիծաղում է տիկինը:
Եթե մեկ րոպե շեղվենք Բաքվից և այլ քաղաքներից և խոսենք գյուղերի մասին, դրանց մեծ մասում գազ չկա: Այդ պատճառով էլ մարդիկ ստիպված են ծառ կտրել անտառից, ինչն ընդհանրապես արգելում է բնապահպանության նախարարությունը: Ի՞նչ անել, եթե այլընտրանք չկա:
Ասում են նաև, որ որոշ ադրբեջանական ավաններում մարդիկ տաքանալու համար հոսանքին են միացնում հին երկաթյա մահճակալի ցանցը:
Իսկ ընդհանրապես ամենաէժան և ամենապարզ էլեկտրական տաքացուցիչը բաց պարույրով այսպես կոչված «ռադիատորն» է:
Իսկ ջեռուցման հիթ-շքերթում ամենաբախտավորրը կարելի է նորակառույց շենքերում բնակարան ունեցողներին անվանել: Ոչ բոլոր, այլ նրանք, որոնք ինքնավար կաթսայատուն ունեն:
«Տանը շոգ է: Հաճախ անջատում ենք մարտկոցները», — ասում է Լալա Զեյնալովան:
P.S. Մեր անցկացրած հարցման ընթացքում բնակիչների մեծ մասը տաքանալու ոչ ստանդարտ միջոց է նշել՝ կատուներին: Տաք կատուն և հաճելի է, և առողջության համար օգտակար, և շահեկան: