Հայաստանի հյուսիսում ջրհեղեղ է, հարավում՝ ջրի սակավություն։ Ինչպե՞ս խուսափել անապատացումից
Ինչպե՞ս խուսափել անապատացումից
Չնայած այս տարի Հայաստանում տեղացած անձրևների աննախադեպ քանակին և անգամ աղետաբեր ջրհեղեղին հյուսիսում, երկրում նկատվում են անապատացման օջախներ։ Բնապահպանները վաղուց են նախազգուշացնում այս խնդրի մասին, բայց այն շարունակում է միայն խորանալ։ Նրանց համոզմամբ՝ ջրի պաշարների անխնա օգտագործումը շարունակում է մնալ ազգային նշանակության չլուծված խնդիր։
Փորձագետներն ահազանգում են, որ Արարատյան դաշտավայրի 500 մետր խորությամբ եռաշերտ ստորերկրյա ջրավազանը օդի տաքացման և գյուղացիների ու ձկնաբուծարանների կողմից անխնա օգտագործման արդյունքում տարեց տարի կրճատվում է։ Արդյունքում՝ Արմավիրի մարզի 32 գյուղեր դարձել են սակավաջուր, մինչդեռ այստեղ ժամանակին ծաղկել է գյուղատնտեսությունը հենց արտեզյան ջրերի շնորհիվ։
Հիդրոլոգ Բենյամին Զաքարյանն ասում է, որ մինչև 2005 թ-ը Արարատյան դաշտավայրում արտեզյան ջրերը հասանելի էին 2-3 մետր խորությամբ։ 2005-ից Հայաստանում սկսվել է ինտենսիվ ջկնաբուծությունը, ինչի հետևանքով արտեզյան ջրերը սկսել են նվազել և այժմ հասանելի չեն անգամ 15-20 մետր փորելու դեպքում։
- Սևանի ափին 8 հազար սոճի է չորացել՝ բզեզների՞, թե՞ մարդկանց մեղքով
- Արևային էներգիայի օգտագործման մասին՝ Երևանի բնակիչը, գործարարն ու փորձագետը
- Հայաստանի «սև ոսկին»։ Ինչպե՞ս կարող է պղինձն օգնել հայկական տնտեսությանը
Ակնա լիճ․ փոքրացած գեղեցկուհին, որը շարունակում է ոռոգել շրջակա գյուղերը
Արմավիրի մարզում է գտնվում Ակնա բնական լիճը, որը սնվում է Արարատյան դաշտի ստորջրյա ավազանից։ Վերջին 10-15 տարիներին 2-3 մետրով դրա մակարդակն իջել է։ Լճի տարածքը կրճատվել է 30 տոկոսով, իսկ շրջակայքը՝ ճահճացել։ Լճի տարածք այցելելու դեպքում կարող եք այնտեղ այրված թափոնի հոտ զգալ։ Բանն այն է, որ լճի շուրջը տորֆի շերտ է գոյացել, այն ինքնայրվում է և աղտոտում օդը։
Փոքրացած Ակնա լիճը շարունակում է սնել Արմավիրի մարզի գյուղատնտեսական տարածքները իր արտեզյան ջրով։ Դա տեղի է ունենում դեռ խորհրդային տարիներին լճի վրա կառուցված պոմպակայանի միջոցով։ Իսկ պոմպակայանի շենքը լքված տուն է հիշեցնում։
Ցամաքած Սևջուրը
Սևջուր, կամ Մեծամոր գետը սկիզբ է առնում Ակնա լճից։ Տեղ-տեղ այն ցամաքել է՝ զրկելով հարևան Տարոնիկ գյուղի գյուղացիական տնտեսություներին ոռոգող վտակներից։ Գետի չորացման պատճառը Ակնա լճի ջրի մակերեսի նվազումն է և ջրի իջեցումը։
Տարոնիկի համայնքապետ Արթուր Կարապետյանը պատմում է, որ տարիներ առաջ գյուղի հողամասերը մշակվել են Սևջրի առուների միջոցով։ Այժմ դրանք ցամաքել են։ Գյուղն այսօր օգտվում է արտեզյան ջրերից։ Նաև խմելու ջրի խնդիր ունի, քանի որ զրկվել է գրունտային ջրերից։ Եվ հիմա մարդիկ օրվա մեջ մի քանի ժամ են խմելու ջուր ունենում։
Վարչական ղեկավարի խոսքով՝ տարիներ առաջ Տարոնիկում մոտ 30 ձկնաբուծարան է հիմնվել։ Սակայն այսօր դրանք չեն գործում ջուր չլինելու պատճառով։ Ու չնայած դրան, որ գյուղում այլևս ձկնաբուծությամբ չեն զբաղվում, տեղացիները ոչ միայն իրենց վարելահողերը չեն կարողանում ջրել, այլև իրենց կենցաղում ստիպված են օգտագործել չքլորացված արտեզյան ջուրը։
Ձկնաբուծարանները շարունակում են սպառնալիք մնալ Արարատյան ստորերկրյա ջրավազանի համար
Հիդրոլոգ Բենյամին Զաքարյանի կարծիքով՝ ձկնաբուծարանները մեծ վնաս են հասցնում Արարատյան ստորերկրյա ջրավազանին։ Դրանց տված տնտեսական օգուտը պետության համար շատ ավելի քիչ է, քան այն վնասը, որ նրանք հասցնում են ՀՀ ջրային պաշարներին։ Ձկնաբուծարարնները մասնավոր են, ձուկը հիմնականում առաքվում է ՌԴ։ Եկամուտը ստանում են մասնավոր ընկերությունները, իսկ վնասը հասցվում է ՀՀ ջրի ազգային պաշարին։
Հայաստանում տարեկան արտադրվում է շուրջ 16-17 հազար տոննա ձուկ, որի գերակշիռ մասը՝ 14 հազար տոննան արտադրվում է Արարատյան դաշտավայրում։ Հանրապետությունում գրանցված ձկնաբուծական տնտեսությունների շուրջ 82%-ը գործում են Արմավիրի և Արարատի մարզերում:
Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու համար կառավարությունը որոշել է, որ այս տարվանից ձկնաբուծարարները պետք է աշխատեն ջրային փակ ցիկլով։ Սա նշանակում է, որ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի հետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։
Այս տեխնոլոգիայի կիրառումը բավական թանկ հաճույք է տնտեսվարողների համար։ Եվ որոշները դժգոհում են, որ այն իրենց համար հասանելի չէ, իսկ արտադրվող ձկան գինը կարող է 2-3 անգամ աճել։
Հիդրոլոգ Բենյամին Զաքարյանն ասում է, որ անգամ ձկնաբուծարանների՝ փակ ցիկլի անցումը հիմնովին չի լուծելու ջրի անխնա օգտագործման խնդիրը, քանի որ այդ տեխնոլոգինան 40 տոկոսով է կրճատելու ջրի օգտագործումը։
Հայաստանում կեղտաջրերի շատ քիչ տոկոսն է մաքրվում
Հիդրոլոգ, Ամերիկյան համալսարանի դասախոս Ալեն Ամիրխանյանը զգուշացնում է, որ Հայաստանի ջրային պաշարներին սպառնում է ոչ միայն վերջին տարիներին արձանագրված սակավությունը, այլև աղտոտման խնդիրը։ Ջրերի մաքրման կայանները քիչ են, ցանցը մաշված է։ Շատ վայրերում կեղտաջրերը առանց մաքրման լցվում են գետեր ու Սևանա լիճ։
Հայաստանի ջրային պաշարների աղտոտման հիմնական պատճառներից է նաև հանքարդյունաբերությունը։ Ջրային կոմիտեից հայտնում են, որ Հայաստանում իրականացվում է կեղտաջրերի մեխանիկական մաքրում։ Մաքրման կայանները 6-ն են, որոնք տեղադրված են Երևան, Մարտունի, Վարդենիս, Գավառ, Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում։
Որոշ հետազոտություններով՝ Հայաստանում կեղտաջրերի փոքր տոկոսն է հասնում մաքրման կայաններ և մաքրվում։ Հենց այն պատճառով, որ մաքրման կայանները քիչ են։ Կարևոր է նաև, որ այդ բոլոր կայանների միջոցով կեղտաջրի միայն մեխանիկական մաքրում է կատարվում։
ՀՀ-ն անդրսահմանային ջրերի օգտագործման խնդիր ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ
Հայաստանում առկա է նաև անդրսահմանային ջրերի օգտագործման խնդիր, քանի որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բանակցություններ, պայմանավորվածություններ չկան դրանց օգտագործման շուրջ։ Հատկապես 2020 և 2023 թվականների Արցախում պատերազմական գործողությունների, 2021 և 2022 թվականների Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո ՀՀ որոշ ջրային ռեսուրսներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ջրային կոմիտեից այս առթիվ հաղորդում են, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած սահմանային ջրավազանների, առուների օգտագործման անվտանգության հարցին կարող են պատասխանել սահմանազատման և սահմանագծման աշխատանքների ավարտից հետո։
Նաև Հայաստանի հարևան Թուրքիան իր տարածքում կառուցում է լայնածավալ ջրամբար Արաքս գետի վրա։ Դա կարող է մոտ 50 տոկոսով կրճատել Արաքսի ջրերի հոսքը Հայաստանում և լուրջ խնդիր առաջացնել։ Բայց ՀՀ-ն չունի դիվանագիտական հարաբերութուններ Թուրքիայի հետ, հետևաբար, այդ խնդրի շուրջ որևէ բանակցություն ընթանալ չի կարող։ Ջրային կոմիտեից հայտնում են, որ Հայաստանում կառուցվել և կառուցվելու են մի շարք ջրամբարներ՝ երկրի տարածքով հոսող մակերևութային ջրերն ամբարելու և հավանական խնդիրները կանխելու համար։
Անհրաժեշտ է ջրի խիստ խնայողություն
Փորձագետների համոզմամբ՝ Հայաստանը պետք է անցնի ջուրն անխնա օգտագործելուց խիստ խնայողության ռեժիմի՝ հաշվի առնելով նաև գլոբալ տաքացման հավանական հետևանքները։ Հակառակ դեպքում երկրին անապատացում է սպառնում։ Հիդրոլոգ Ալեն Ամիրխանյանն ասում է, որ չնայած Հայաստանը ջրային ռեսուրսներով հարուստ երկիր է, միաժամանակ այն համարվում է ջրային սթրեսի ծայրահեղ բարձր մակարդակ ունեցող երկիր։ Դրա պատճառը ջրի չափից ավելի օգտագործումն է։
Գյուղատնտեսության ոլորտը երկրի ամենախոշոր ջրօգտագործողն է՝ 87 տոկոս։ Ընդ որում՝ ոռոգման համակարգում ջրաչափերի կիրառումը տնտեսվարողների կողմից պարտադիր չէ։ Հենց սա է նաև, փորձագետների համոզմամբ, ջրի անտեղի վատնման պատճառ հանդիսանում։
Հայաստանում ջրի կորուստը տարիներ շարունակ լուրջ խնդիր է համարվում։ Ջրային կոմիտեի տվյալներով՝ 2023 թ-ին ոռոգման ջրի ջրառը կազմել է 1058,0 մլն խմ, իսկ ջրտուքը՝ 582,7 մլն խմ։ Ջրի կորուստը կազմել է 44,9%, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 1,5 տոկոսով։ Խմելու ջրարտադրությունը կազմել է 528.7 մլն խմ, ջրի կորուստը՝ 63,1 տոկոս։
Հիդրոլոգների խոսքով՝ Հայաստանն այսօր չունի ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարություն։
Ջրային կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Մարտիրոսյանը մեր հարցին, թե երբ պատրաստ ու կիրառելի կլինի ՀՀ-ում ջրօգտագործման խնայողության ռազմավարությունը, պատասխանել է․
«Ոռոգման համակարգերի արդյունավետ կառավարման ռազմավարական ծրագրի մշակման համար ձևավորվել է աշխատանքային խումբ, որի աշխատանքների համակարգումը վերապահված է Ջրային կոմիտեին։ Աշխատանքային խումբը պետք է վերջնականացնի ռազմավարության շրջանակների մշակումը առաջիկա 2 ամսում, որից հետո կմեկնարկեն բուն ռազմավարության մշակման աշխատանքներն այդ շրջանակներին համապատասխան»։
Նրա խոսքով՝ ջրօգտագործման խնայողական ռեժիմին անցնելու համար իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Եվ այսօր կաթիլային ոռոգման անցած գյուղատնտեսական հողատարածքները կազմում են 5,47 հազար հա։
Վերջին տարիներին հատկապես Արարատյան արտեզյան ավազանում ջրի հորիզոններն իջել են, խորացել են անապատացման գործընթացները: Փորձագետների խոսքով՝ եթե չլինի ջրի օգտագործման քաղաքականության փոփոխություն, խիստ խնայողության ռեժիմին անցում, նաև ջրաչափերի միջոցով գյուղատնտեսական օգտագործման ջրերի վերահսկողություն, այդ տարածքներին անապատացում է սպառնում։
Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից: Այն ամբողջ աշխարհում նշվում է հունիսի 17-ին՝ սկսած 1995 թվականից։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ինչպե՞ս խուսափել անապատացումից