Ինչո՞ւ սահմանազատման հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել. հայկական կողմի պարզաբանումը
Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն ստեղծել սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով, թեև այն պետք է ձևավորված լիներ մինչև ապրիլի վերջ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պարզաբանմամբ՝ կան հարցեր, որոնց պատասխանը հայկական կողմը դեռ չունի:
Ադրբեջանական կողմը թեմային անդրադարձել է նախագահի մակարդակով: Ալիևը հայտարարել է, որ Բաքուն հստակեցրել է հանձնաժողովի ադրբեջանական կազմը, շատ շուտով հանձնաժողովը նիստ կգումարի:
Բրյուսելում՝ Եվրամիության հարկի տակ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արդեն իսկ երկու հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Վերջինը մայիսի երկուսին էր: Մինչ այդ Գրիգորյանն ասել էր, որ եթե հանդիպումն անցնի կառուցողական մթնոլորտում, դրան կհաջորդի Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում։
ԱԽ քարտուղարի փոխանցմամբ՝ երկրների ղեկավարների հնարավոր հանդիպումը կսկսեն քննարկել միայն որոշ հարցերի պատասխաններ ստանալուց հետո. «Երբ քննարկումներն ինչ-որ փուլի հասնեն և նախանշվի հնարավոր հանդիպումը, ապա դրա մասին հրապարակային հայտարարություն կլինի»:
Ձեռքբերված պայմանավորվածությունների, հնչած հայտարարությունների և դեռևս չձևավորված հանձնաժողովի մասին։
Ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել էին մինչև ամսվա ավարտը ստեղծել սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու լիազորությամբ:
Բրյուսելյան հանդիպմանը հաջորդած Փաշինյան-Պուտին բանակցություններից հետո ընդունված հայտարարության համաձայն՝ կողմերը պայմանավորվել էին արագացնել սահմանազատման և անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծումը՝ «կողմերի հարցումով Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ»։
Հանձնաժողովի կառուցվածքի շուրջ կողմերը համաձայնության էին եկել ապրիլի 25-ին արտգործնախարարների միջև կայացած հեռախոսազրույցի արդյունքում: Նախարարներ Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել էին առաջիկայում հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։
«Հայկական կողմը հարցեր ունի»
Մայիսի առաջին շաբաթը մոտենում է ավարտին, իսկ պաշտոնական Երևանն ու Բաքուն լռում են սահմանազատման հանձնաժողովի մասին:
Կառավարության՝ մայիսի 5-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում թեմային անդրադարձել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը:
«Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողով ստեղծելու քննարկումներն ինտենսիվ կերպով շարունակվում են։ Մենք հույս ունեինք, որ հնարավոր է լինելու մինչև ապրիլի վերջ լուծումներ գտնել և առաջ շարժվել»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
Սակայն ԱԽ քարտուղարի խոսքով՝ կան հարցեր, որոնց պատասխանը հայկական կողմը դեռ չի գտել։ Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ քննարկումներ են ընթանում մոտեցումների շուրջ։
Հայկական կողմին հուզող հարցերի պատասխանները գտնելուց հետո, ըստ նրա, կարվի հրապարակային հայտարարություն, կանցկացվի հանձնաժողովի ստեղծման հետ կապված հանդիպում:
Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից հետո արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկու հեռախոսազրույց են ունեցել: Քննարկել են սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի հարցը՝ հայտարարելով, որ հանձնաժողովի կառուցվածքի շուրջ կա համաձայնություն, իսկ առաջիկայում նախատեսում են անցկացնել հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում:
Հանձնաժողովի կազմի ու կառուցվածքի մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել, արտգործնախարարների հանդիպման մասին՝ նույնպես: ՀՀ արտաքին գերատեսչության հաղորդմամբ՝ մայիսի 13-ին Դուշանբեում՝ ԱՊՀ արտգործնախարարների համաժողովի շրջանակում նախատեսվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
«5+6 կետերը պետք է միացնել իրար և սկսել բանակցություններ»
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին և Բաքվի առաջարկներին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը շեշտել է, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 6-կետանոց առաջարկ, որն ադրբեջանական կողմը հրապարակավ չի մերժել:
«Հայաստանն իր 6 կետերում առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ևս լուծում պետք է տրվի, որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղություն ունենալ։ Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ երկու փաթեթները՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի գտնենք ԼՂ-ի հիմնախնդրի երկարաժամկետ լուծումը։
Մենք հիմնախնդրի լուծումը տեսնում ենք անվտանգության ապահովմամբ՝ ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, ինչպես նաև իրավունքների ապահովմամբ։ Ըստ դրա էլ պետք է կարգավիճակը որոշվի։ Նաև անվտանգությունն ապահովելու երաշխիքներ են լինելու»,- վստահեցրել է Գրիգորյանը:
Սակայն այս պահին պարզ չէ, թե «ինստիտուցիոնալ տեսանկյունից ինչպիսի երաշխիքներ են լինելու», դրանք քննարկվելու են բանակցությունների ժամանակ:
ԱԽ քարտուղարի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմում և միջազգային գործընկերի մոտ ևս կա ըմբռնում, որ «5+6 կետերի» շուրջ բանակցություններ սկսելը լեգիտիմ մոտեցում է»:
«Նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանը»
Խոսելով Ալիևի այն հայտարարության մասին, թե Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք են ընդունելու 1918 թվականից սկսած բոլոր քարտեզները՝ Գրիգորյանը նշել է, որ քարտեզներն ու պատմական փաստերը կան, դրանց կարող են ծանոթանալ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Ադրբեջանում։
Ապրիլի 29-ին Ադրբեջանի նախագահը ելույթ է ունեցել երկրի արտգործնախարարության կողմից հիմնադրված ADA համալսարանում կազմակերպված «Հարավային Կովկաս․ զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում․
«Ադրբեջանական կողմը մտադիր է դիտարկել բոլոր քարտեզները սկսած 1918 թվականից, գուցե և ավելի վաղ շրջանից, մինչև նախկին Խորհրդային միության փլուզում։ Բայց դա լինելու է համատեղ խմբի քննարկման առարկա»:
Ըստ Ալիևի, 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը Ադրբեջանի կազմում են եղել:
«Բնականաբար, նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանը և հանգիստ մթնոլորտում աշխատելուն։ Հույս ունենք, որ նման հայտարարություններ հնարավորինս քիչ կլինեն»,- ընդգծել է Արմեն Գրիգորյանը։
ՀՀ արտգործնախարարը ևս անդրադարձել էր Ալիևի հայտարարութանը և շեշտել է, որ Հայաստանը դեմ չէ քարտեզների ուսումնասիրությանը․
«Ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, [] … և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի»:
ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանը շահագրգռված է ստեղծվելիք հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով, բայց կարծում է՝ այդ աշխատանքը «պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա»։’