Ինչո՞ւ Մոլդովայի «հակաօլիգարխիկ» կառավարությունը հրաժարական տվեց ընդամենը հինգ ամիս աշխատելուց հետո
Մոլդովայի խորհրդարանը նոյեմբերի 12-ի նիստին ցրել է արևմտամետ վարչապետ Մայա Սանդուի գլխավորած կառավարությունը, հաղորդում է մոլդովական Ziarul de Gardă թերթը։
Փորձարկումը, որը սկսվել էր ընդամենը հինգ ամիս առաջ՝ 2019թ-ի հունիսին, և պետք է միավորեր Մոլդովայի քաղաքական դաշտը, որը խորապես մասնատված է արևմտամետ և ռուսամետ ուժերի միջև, հավանաբար, կարելի է ձախողված համարել։
•Իշխանափոխություն Լոդովայում․ ինչպե՞ս դա եղավ
Հրաժարականի պատճառը դատախազության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու վարչապետի նախաձեռնությունն էր։ Սանդուն առաջարկել էր, որ իրեն՝ որպես վարչապետի, իրավունք վերապահվի գլխավոր դատախազի թեկնածու ընտրել։
Սակայն Սոցիալիստական կուսակցությունը, որը սատարում է Մոլդովայի ռուսամետ նախագահին, վրդովվել է, որ իր հետ նախնական խորհրդատվություն չի անցկացվել։ Եվ օրինագիծն ուսումնասիրելու փոխարեն սոցիալիստները կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ են հանդես եկել։
Նրանց կանխատեսելիորեն աջակցել են խորհրդարանում նրանց դաշնակիցները՝ նախկին իշխող Դեմոկրատական կուսակցությունը։ Այն գլխավորում է օլիգարխ Վլադ Պլախոտնյուկը, որը Մոլդովայից փախել է Մայա Սանդուի գլխավորությամբ արևմտամետ ուժերի իշխանության գալուց հետո։
Արդյունքում՝ անվստահություն հայտնելու օգտին է քվեարկել 101 պատգամավորից 63-ը։
Քվեարկության մեկնարկից առաջ Սանդուն խորհրդարանին է դիմել հետևյալ խոսքերով․
«Դուք վախեցաք․ կառավարությունը կասեցրեց կոռուպցիոն սխեմաները, որտեղից դուք փող էիք ստանում։ (Օլիգարխ) Պլախոտնյուկին պետք էր կանգնեցնել, և մենք նրան կանգնեցրինք։ Մենք կոալիցիա կազմեցինք մարդկանց բռնապետությունից փրկելու համար»։
Կառավարության հրաժարականի հարցով քվեարկությունից հետո Սանդուն հայտարարել է, որ «այժմ Մոլդովայում, կարծես, երկրորդ Պլախոտնյուկ է հայտնվում»։
•Մոլդովայի շատ բնակիչներ լքում են երկիրն ապրուստի գումար վաստակելու համար․ երեխաները հետևում են ծնողներին
•Գագաուզիա՝ ռուսամետ ինքնավարություն Մոլդովայի կազմում
•Մոլդովական արտահանում․ շահեկան արգելք
Թե ինչպես Մոլդովայում պաշտոնանկ արեցին ռուսամետ օլիգարխին և նախագահին
Կատարվածը փորձագետներն անվանում են նոր քաղաքական ճգնաժամ Մոլդովայում։
Նախորդը 2019թ-ի ամռանն էր, երբ երկրում միաժամանակ երկու կառավարություն էր գործում։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Մոլդովայի Սահմանադրական դատարանը ժամանակավորապես պաշտոնից հեռացրեց ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնին։
Հրաման ստորագրվեց նաև խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու մասին։
Սակայն դրան չհասավ, քանի որ տեղի ունեցավ իրադարձությունների անսպասելի շրջադարձ․ նախագահ Իգոր Դոդոնի Սոցիալիստական կուսակցությունը միավորվեց ACUM եվրոպամետ դաշինքի հետ և նոր կառավարություն ձևավորեց։
Նոր կառավարության վարչապետ դարձավ ACUM-ի առաջնորդ Մայա Սանդուն։ Սակայն հին կառավարությունը ոչ միանգամից հրաժարական տվեց, և մի պահ Մոլդովայում միաժամանակ երկու կառավարություն էր աշխատում։
Այնուհետև հին կաբինետն, այնուամենայնիվ, հրաժարվեց իշխանությունից, Սահմանադրական դատարանը չեղարկեց նախագահ Իգոր Դոդոնին լիազորություններից զրկելու և խորհրդարանի արտահերթ ընտրությունների մասին իր որոշումը։ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները հրաժարական տվեցին։
Մոլդովայում ու դրա սահմաններից դուրս շատերը հույս ունեին, որ ռուսամետ և արևմտամետ ուժերի անսովոր դաշինքը կայուն կլինի։ Սակայն նման բան չեղավ․ դաշինքը լուծարվեց։
Ի՞նչ է լինելու
Մոլդովայի նախագահ, սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնն իր հերթին մեղադրել է Մայա Սանդուին, որ նա միտումնավոր «սադրել է» կառավարության անկումը։
Դոդոնն ասել է, որ, եթե Սոցիալիստական կուսակցությունն ու ACUM արևմտամետ դաշինքը չկարողանան պայմանավորվել, այդ ժամանակ նա ինքը վարչապետի թեկնածու կառաջադրի։
«Վարչապետ կառաջարկեմ, որը հեռու է քաղաքականությունից», — հայտարարել է Իգոր Դոդոնը։
Մոլդովայի սահմանադրության համաձայն՝ կառավարությունն իրեն անվստահություն հայտնելուց հետո աշխատում է այնքան ժամանակ, քանի դեռ նոր կառավարության անդամները չերդվեն, սակայն սահմանափակ ռեժիմով՝ առանց արտաքին քաղաքականությունում որոշումներ կայացնելու և օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրավունքի։
Խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդատվությունից հետո նախագահը վարչապետի նոր թեկնածու կառաջադրի, որը խորհրդարանի հաստատմանը կներկայացնի իր կաբինետն ու ծրագիրը։
Սակայն եթե երեք ամսում խորհրդարանը կողմ չքվեարկի նոր կառավարությանը, նախագահը կարող է ցրել խորհրդարանն ու դրա արտահերթ ընտրություններ հայտարարել։
Միջազգային արձագանքը
Ռումինիայի վարչապետ Լուդովիկ Օրբանը, մեկնաբանելով Մոլդովայի խորհրդարանի որոշումը, հայտարարել է, որ «Սանդուի կառավարության դեմ ցանկացած գործողություն բարձրացնում է Մոլդովայի եվրոպական ուղու վերաբերյալ լուրջ հարցեր»։
Մոլդովայի քաղաքական իրավիճակին արձագանքել է Եվրամիությունը։
«Մոլդովայի Հանրապետության կառավարությանն անվստահություն հայտնելը գլխավոր դատախազ նշանակելու գործընթացի վերաբերյալ տագնապալի նշան է երկրում բարեփոխումների գործընթացի համար», — ասված է ԵՄ հայտարարությունում։