Ինչո՞ւ է արտասահմանում ադրբեջանցի ուսանողների համար լավ կամ վատ
Արտասահմանում սովորելը երազանք է ադրբեջանցի շատ ուսանողների համար: Մենք խոսել ենք նրանց հետ, ովքեր այդ երազանքն իրականացրել են: Որքանո՞վ էր դժվար և արդյո՞ք արժե մեկնել:
Արդյո՞ք շատերն են մեկնում սովորելու
2017թ-ին Ադրբեջանում ընդհանուր առմամբ սովորում էր 242 հազար ուսանող: հիմա 11 հազար ադրբեջանցի է սովորում Ռուսաստանում և մոտ 15 հազար՝ Թուրքիայում: 25 հազար՝ միայն հարևան երկու երկրներում:
• Ինչո՞ւ է ադրբեջանական երիտասարդությունը մեկնում Թուրքիա սովորելու
• Վրացի դպրոցական. «Ամերիկյան դպրոցներում սովորեցնում են ազատ մտածել»
Մեկնում են և ԱՄՆ, և Եվրոպա, բարեբախտաբար, արտասահմանյան ուսանողների համար վճարովի և անվճար ծրագրեր շատ կան: Ադրբեջանցի ուսանողների շրջանում տարածված տարբերակները DAAD ակադեմիական փոխանակման գերմանական ծառայությունն ու ռուսական Ռոսսոտրուդնիչեստվո կազմակերպությունն է:
Յուրաքանչյուրն ընտրում է իր կրթության երկիրը՝ ըստ նպատակի և հնարավորությունների: Ռուսաստանը հեշտ տարբերակ է ռուսալեզու ադրբեջանցիների համար, բացի այդ, առանց վիզայի ռեժիմ է գործում: Թուրքիան հասկանալի է մշակույթով և «մոտ» է լեզվով, կրկին՝ առանց վիզայի: Եվրոպան նրանց համար է, ովքեր ավելի շատ ռեսուրսներ և հավակնություններ ունեն և ովքեր ձգտում են տեղափոխվել այնտեղ ապրելու:
Ռուսաստան: «Շատրվանն անջատել են, սովորելու ժամանակն է»
Իլյան Բաքվից մեկնել է սովորելու Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանում, մոտ երկու տարի է՝ Ռուսաստանում է ապրում:
Երազա՞նք, թե՞ պատահականություն
«Ես Մոսկվա մեկնեցի սովորելու մի աղջկա պատճառով: Հեռավորության վրա սիրահարվել էի, մի քանի անգամ այնտեղ էի մեկնել հանդիպելու: Հետո այնպես ստացվեց, որ բաժանվեցինք, սակայն տեղափոխվելու համար ամեն ինչ պատրաստ էր, և իմաստ չուներ նահանջել:
Ես ուրիշ նպատակ էլ ունեի. ապրել Մոսկվայում, փորձել հաջողության հասնել, ընտանիքից հեռու լինել»:
Որտե՞ղ է ուսումն ավելի լավ
«Բաքվի նավթային ակադեմիայում ես հիմնականում անգործության էի մատնված: Եվ կարծում էի, որ եթե ընդունվեմ Բաումանի համալսարանի մագիստրատուրա, այնտեղ ինձ կստիպեն սովորել: Սակայն այնպես ստացվեց, որ ես այնտեղ էլ էի նույն բանն անում:
Բաքվում ուսանողների հանդեպ պահանջների մակարդակը ցուցադրելու համար կարող եմ ասել, որ դիպլոմային աշխատանքս 15 րոպեում եմ «գրել»՝ համացանցից ներբեռնելով:
Բաումանի համալսարանում պահանջներն ավելի բարձր են, իսկ դասախոսներն՝ ավելի պրոֆեսիոնալ, սակայն չեմ կարող ասել, որ շատ մեծ տարբերություն կա: Բաումանի համալսարանն ինժեներական բուհ է, և այնտեղ շատ խիստ են ինժեներ-շինարարների և մետալուրգների հանդեպ, իսկ գիտատեխնիկական մասնագիտություններին ավելի թեթև են նայում:
Այդ համալսարանի ուսանողներն իրենց բուհը «մի ինստիտուտ են անվանում, որից դուրս չեն թողնում»: Բաումանի համալսարանից դուրս մնալու համար պետք է լիակատար ապուշ լինել:
Այդ համալսարանի բակում շատրվան կա: Նոյեմբերին ցրտերը սկսվում են, շատրվանն անջատում են և հատուկ ծածկով են պատում: Ուսանողները սովորություն ունեն. ձմառային քննաշրջանին սկսում են պատրաստվել (և ընդհանրապես, սովորել), երբ անջատում են շատրվանը: Նույնը վերաբերում է գարնանային քննաշրջանին. երբ միացնում են շատրվանը մարտ-ապրիլին, կրկին պետք է աշխատել»:
Որտե՞ղ է ապրելն ավելի լավ
«Ես չեմ պատրաստվում Բաքու վերադառնալ: Մոսկվայում ապրելու և աշխատելու մեկ տարվա ընթացքում ավելի շատ ծանոթներ եմ ձեռք բերել, քան Բաքվում ապրած 20 տարվա ընթացքում:
Այնտեղ կենսամակարդակն այլ է, և, հաշվի առնելով այն, որ իմ հիմնական աշխատանքը «գիշերային» ոլորտում է — ես այժմ բարում եմ աշխատում – ապա Ռուսաստանում ինձ համար աշխատելը շատ ավելի հեշտ է: Բաքվում ես կցանկանայի միայն հանգստանալ»:
Պրահա: «Եվրոպայում բոլորը թքած ունեն, որ շրթներկդ ծուռ ես քսել»
Լեյլան [անունը փոխված է հարցվածի խնդրանքով – խմբ.] Պրահայում հոգեբանության գծով մագիստրատուրայում է սովորում, արդեն մեկ տարի է, ինչ այնտեղ է:
Երազա՞նք, թե՞ պատահականություն
«Միշտ ցանկանում էի մեկնել: Ծնողներս առաջարկեցին Չեխիայում մագիստրատուրա ընդունվել, ես համաձայնեցի: Սկզբում չեխերեն լեզվի դասընթաց անցա, այնուհետև մագիստրատուրա ընդունվեցի»:
Ո՞րտեղ են ավելի լավ ուսում տալիս
«Եվրոպայում կարող ես ուսումնական պլան կազմել ինքդ քեզ համար: Այդ պատճառով էլ ես ինձ համար կարող եմ ուսումից բացի բավականաչափ ազատ ժամանակ ապահովել:
Բաքվում ես սովորում էի Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղում, այնպես որ չեմ կարող համեմատել ադրբեջանական և չեխական բուհերը: Ի տարբերություն Մոսկվայի պետհամալսարանի՝ հոգեբանությունն այստեղ ուսումնասիրում են եվրոպացի, այլ ոչ թե ռուս գիտնականների տեսությունների հիման վրա, ինչպես մեզ մոտ էր:
Միգուցե երբ ուսումնասիրեմ հոգեբանության վերաբերյալ եվրոպական մոտեցումը, որոշեմ PhD անել Ամերիկայում»:
Որտե՞ղ է ապրելն ավելի լավ
«Չեմ կարծում, որ կվերադառնամ, որովհետև արտասահմանում գումար վաստակելու ավելի շատ հնարավորություններ կունենամ: Նույնիսկ ուսանողը կարող է ժամը 6 դոլարով աշխատանքի տեղավորվել:
Առաջին երկու ամիսը տանջվում էի, սարսափելի ուզում էի տուն վերադառնալ, չէի կարողանում հասկանալ շրջապատի մարդկանց: Իսկ հիմա չեմ հասկանում Բաքվում ապրող մարդկանց:
Բաքվում, օրինակ, եթե ես շրթներկս ծուռ քսեմ, օրական հինգ աղջիկ չի ալարի, փողոցը կանցնի, որի ինձ ասի, որ շրթներկս կոկիկ չէ: Իսկ Եվրոպայում բոլորը թքած ունեն:
Եվ սկզբում ինձ թվում էր, որ մարդիկ այստեղ չար են ու սառը, իսկ հետո դա շատ հարմարավետ դարձավ: Ես գրեթե դադարեցի շպարվել, սկսեցի հարմարավետ հագուստ կրել, և չամաչել դրա համար:
Արտասահմանում իրոք բոլորին մեկ է, բայց լավ իմաստով: Այսինքն՝ եթե մարդուն մոտենաս և ասես «կներեք, ես չգիտեմ, թե ինչպես հասնել Կառլի կամուրջ», քեզ անպայման ճանապարհը ցույց կտան, ոմանք էլ կուղեկցեն: Պարզապես այնտեղ շատ են հարգում անձնական տարածքն ու այլ մարդկանց անձնական սահմանը»:
Հունգարիա: «Առաջին մեկուկես տարին ես կարծես բանտում լինեի»
Թոգրուլը[անունը փոխված է հարցվածի խնդրանքով – խմբ.] բակալավրիատը Թուրքիայում է սովորել, հետո մագիստրատուրան ավարտել Հունգարիայում, Բաքու է վերադարձել մեկ տարի առաջу
Երազա՞նք, թե՞ պատահականություն
«Ես վստահ էի, որ Բաքվում իմ մասնագիտությամբ կրթություն չեմ կարող ստանալ:
Երբ ընդունվում էի 2011թ-ին, զբոսաշրջություն Ադրբեջանում ընդհանրապես չկար, իսկ ես ուզում էի զբոսաշրջության էկոնոմիկա ուսումնասիրել»:
Որտե՞ղ է ուսումն ավելի լավը
«Ադրբեջանում ես չէի ցանկանում սովորել նաև կրթության ոլորտում կոռուպցիայի պատճառով:
Հիմա ես ինձ լավ մասնագետ եմ համարում, սակայն Բաքվում երկու հեռանկար եմ տեսնում՝ ֆիզիկական աշխատանք կամ կազմակերպչական գործունեություն: Իմ մասնագիտությամբ՝ զբոսաշրջության ուղղությամբ աշխատանք չեմ կարողանում գտնել»:
Ո՞րտեղ է ապրելն ավելի լավ
«Ես այդպես էլ բնիկ բաքվեցի մնացի: Վերադարձա այդ թվում նաև նրա համար, որ հարազատ քաղաքս չթողնեմ՝ շրջաններից եկածների ձեռքն ընկնի:
Թուրքիայում հարմարվելն ինձ համար հեշտ էր գոնե միայն այն պատճառով, որ թուրքերենին ծանոթ եմ:
Բուդապեշտում անտանելի էր: Առաջին մեկուկես տարին ինձ բանտում էի զգում: Բարոյականության մասին իմ պատկերացումներն այնքան հեռու են եվրոպականից, որ ես իսկական բանտը կնախընտրեի:
Ուրբաթ-շաբաթ օրերին Բուդապեշտի կենտրոնը բաց երկնքի տակ հսկայական հասարակաց տուն էր հիշեցնում: Մարդիկ հարբում են ակումբներում, քնում կայանած մեքենաների մոտ:
Մի անգամ ես ծանոթների շրջապատում նստած էի ռեստորանում լույս կիրակի գիշերը ժամը չորսի կողմերը: Ներս մտան երկու աղջիկ՝ տասնութ տարեկանից ցածր տարիքի: Մի քիչ մեդիտացիա արեցին ափսեների հետ, հետո դրանց մեջ էլ քնեցին: Այցելուներից մեկը լուսանկարվում էր նրանց ֆոնին՝ ոտքը բարձրացրած, ինչպես թեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի տարբերանշանի վրա, իսկ ռեստորանի տերը նրան ոչինչ չասաց: Պարզապես ծիծաղեց:
Բացի այդ, Հունգարիայում ծաղկում է ագրեսիվ ազգայնականությունը և պետական կառույցներում, և ժողովրդի շրջանում: Դա այնքան ակնհայտ է արտահայտվում, որ գնչուների դիմումները ոստիկանության կողմից սկզբունքորեն չեն դիտարկվում:
Բուդապեշտում թմրանյութ կարող են առաջարկել հենց քաղաքի կենտրոնում: Թուրքիայում ուսանողները դրա համար գոնե պետք է քաղաքից դուրս գնան»:
Գերմանիա: «Գերմանիայում, եթե վառ հագուստ ես կրում, խեթ են նայում »
Սաբինան [անունը փոխվել է հարցվածի խնդրանքով – խմբ.] ծնվել է Սիբիրում, դպրոցն ու բուհն ավարտել է Ադրբեջանում, մագիստրատուրա է ընդունվել Գերմանիայում:
Երազա՞նք, թե՞ պատահականություն
«Ես միշտ իմացել եմ, որ մի օր տեղափոխվելու եմ, և բակալավրիատի վերջին կուրսում սկսեցի ընտրել, թե ուր մեկնել: Ինձ համար կարևոր էր մի երկիր ընտրել, որտեղ կարիերայի համար հեռանկարները շատ են: Չնայած նրան, որ կրթությամբ ես անգլերենի մասնագետ եմ, Գերմանիան ընտրեցի. միշտ սիրել եմ լեզուն և մշակույթը, բացի այդ, ընտրությունիցս մեկ տարի առաջ գերմանական բուհերի շրջանավարտների համար բնակության պայմանները շատ գրավիչ դարձան:
Ես շահեցի DAAD կրթաթոշակ, սկզբում քառամսյա դասընթաց անցա, հետո մեկնեցի Ֆուլդա քաղաք: Մագիստրատուրայում ընտրել եմ «Հաղորդակցությունը և քաղաքագիտությունը ԵՄ շրջանակում» մասնագիտացումը»:
Որտե՞ղ է ուսումն ավելի լավը
«Ես Գերմանիայի կրթությունից դժգոհություններ ունեմ, սակայն կարող եմ դատել միայն հումանիտար ֆակուլտետների մասով: Տեխնիկական կրթությունն այստեղ իհարկե բարձունքում է: Թերություններն, ըստ իս, բյուրոկրատիզմն է. «համակարգը դեռևս աշխատում է թղթերով», ուղղվածությունն էլ շատ նեղ է:
Ադրբեջանական բուհում բանասերներն ուսումնասիրում էին և մաթեմատիկա, և հոգեբանություն, և լեզվաբանություն, և գրականություն: Գերմանիայում առարկաների ավելի «կետային» ընտրություն է:
Որքան գիտեմ, ԱՄՆ-ում կրթությունն ավելի լավն է: Այդ պատճառով էլ ուզում եմ այնտեղ ուսումս շարունակել:
Իսկ այն, ինչ Գերմանիայոմ ավելի լավ է, քան Ադրբեջանում, ազատության մակարդակն ու վերաբերմունքն է ուսանողին: Ադրբեջանում ուսանողին որպես երեխայի են վերաբերվում, որին պետք է վերահսկել՝ այցելության խիստ հաշվառում, շատ տեսություն, քիչ պրակտիկա: Եվրոպական բուհերում ոչ ոք գործ չունի հաճախելիության հետ, գլխավորն առաջադրանքները կատարելն ու քննությունները հանձնելն է:
Մեր մասնագիտության համար ուսուցման կարևոր մաս էր ուղիղ կապը եվրոպացի քաղաքական գործիչների հետ: Այդ պատճառով էլ մեզ Բրյուսել և Ստրասբուրգ տարան՝ Եվրախորհուրդ և Եվրահանձնաժողով, որտեղ մենք (մեզ երկու խմբի բաժանեցին) պետք է քաղաքական գործիչներին ներկայացնեինք մեր աշխատանքներն ու տարբեր քաղաքական խնդիրների վերաբերյալ հարցերը, որոնց բախվում է ԵՄ-ը:
Իմ խումբը շփվել է Կանաչների կուսակցության ներկայացուցիչների հետ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի և դրա լուծման թեմայով: Մենք քննարկել ենք, թե որքանով էր խելամիտ ԵՄ-ն ընդլայնելը 2004թ-ին՝ Լեհաստանն ու մերձբալթյան երկրները ներառելը: Դա ցնցող փորձ էր:
Ցավոք, Ադրբեջանում դա անհնար է»:
Որտե՞ղ է ապրելն ավելի լավ
«Ադրբեջանում ինձ համար դժվար էր տանել հասարակության խիստ հիերարխիան, դրա «կոլեկտիվությունը» (բոլորը պատասխանատու են բոլորի համար, բոլորը քեզնով հետաքրքրվում են, նույնիսկ ոչ հարազատ տատիկիդ ոչ հարազատ զարմիկը): Եվ հայրիշխանությունը:
Մյուս կողմից, Ադրբեջանում ավելի հեշտ է ընկերներ ձեռք բերելը, հեշտ է մարդկանց հետ մերձենալ, և ընդհանուր առմամբ մարդկանց միջև հարաբերություններն ավելի ջերմ են:
Գերմանիայում, եթե շպարվում ես, վառ հագուստ ես կրում (որն Ադրբեջանում պարզապես առօրյա կլիներ), քեզ վրա քննադատող խեթ հայացքներ են նետում:
Գերմանական «տնտեսումն» ադրբեջանցում պարզապես մանրախնդրություն է թվում:
Ադրբեջանցի ընկերս մի օր ընկերների հետ ակումբ էր պատրաստվում գնալ, և նրանց մեջ գերմանացիներ կային՝ աղջիկ և տղա: Պարզվեց, որ մուտքը յուրաքանչյուրը 5 եվրո է: Ահա այդ գերմանացի տղան մոտ տասը րոպե սկանդալ էր սարքել մուտքի մոտ մյուսների հետ՝ պնդելով, որ դա չափազանց թանկ է, նրա ընկերուհին էլ էր նույն կարծիքին, իրավիճակը սկսել էր սրվել: Արդյունքում ընկերս չէր դիմացել և պարզապես վճարել էր երկուսի համար էլ:
Եթե գերմանացուն երկու եվրո ես պարտք, վստահ եղիր, որ նա դա չի մոռանա և արդյունքում հետ կուզի, անգամ եթե երեկ դու նրան 50 եվրոյի հյուրասիրել ես: Մյուս կողմից, եթե քեզ են պարտք, վստահ եղիր, որ կվերադարձնեն»: