Ինչո՞ւ են արգելում այրել տները. զարգացումներ Արցախի Աղավնո գյուղի շուրջ
Լաչինի միջանցք․ Աղավնոն կհանձնվի Ադրբեջանին
«Նոր միջանցքի գործարկմամբ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս է գալու Աղանուս համայնքը»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
Ստեփանակերտը շարունակում է քննարկել Լաչինի միջանցքի նոր երթուղու, Բերձոր, Սուս և Աղավնո (ադրբեջաներեն անվանումը՝ Զաբուխ) բնակավայրերի Ադրբեջանին հանձնելու թեման: Նախորդ շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ օգոստոսի 25-ին միջանցքն ու շրջակա բնակավայրերը հանձնվելու են Ադրբեջանին:
Ադրբեջանը Լաչինի միջանցքն ազատելու պահանջ էր ներկայացրել վերջին ագրեսիայի օրերին ռուս խաղաղապահների միջոցով: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ նոր միջանցքի նախագիծը կողմերը պետք է համաձայնեցնեին երեք տարում: Ադրբեջանը նախագիծ չի համաձայնեցրել, իր մասով շինարարությունն ավարտել է ու ներկայացրել երթուղու փոփոխության պահանջ:
Լեռնաին Ղարաբաղ-Հայաստան նոր երթուղին անցնելու է Մեծ Շեն, Հին Շեն և Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի վարչական տարածքով: Այն գործելու է Լաչինի միջանցքի տրամաբանությամբ՝ 5 կիլոմետրանոց հատվածում տեղակայվելու են ռուս խաղաղապահները: Ճանապարհի՝ դեպի Կոռնիձոր տանող հատվածը դեռևս կառուցված չէ: Մինչ այդ քաղաքացիները երթևեկելու են 4 կիլոմետրանոց գրունտային փոքր հատվածով:
Տևական լռությունից հետո քննարկումներ են ընթանում նաև Հայաստանում: Իշխող թիմն ասում է՝ պետք չէ Ադրբեջանի սադրանքների համար մեղադրել Հայաստանի իշխանություններին: Ընդդիմությունը պնդում է՝ «գործ ունենք ժողովրդի թիկունքում ձեռքբերված համաձայնությունների հետ»:
Ի՞նչ զարգացումներ կան Աղավնոյի շուրջ, ինչո՞ւ են արգելում հեռանալիս այրել տները, ինչպե՞ս է լուծվելու ենթակառուցվածքների հարցը
Բերձորի և Սուսի ճակատագիրը պարզ էր դեռևս 2020 թ.-ի նոյեմբերից: Ինչ վերաբերում է Աղավնո գյուղին, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մինչև վերջերս հայտարարում էին, թե բանակցում են գյուղը հայկական կողմի վերահսկողության տակ պահելու համար:
«Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք բանակցությունները, մեր պայքարը»,- հունիսի վերջին հայտարարել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ելնելով զարգացումներից՝ Ադրբեջանի հետ բանակցություններն արդյունք չեն տվել:
Բերձորում, Սուսում և Աղավնոյում 100 ընտանիք է բնակվում: Արդեն մի քանի օր է, ինչ իրերն են հավաքում: Տարածքը լքելու համար քիչ ժամանակ ունեն՝ մինչև օգոստոսի 25-ը: Թե ուր են գնալու՝ պարզ չէ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղ էր այցելել օգոստոսի 5-ին՝ քննարկելու բնակչության տարհանման հարցերը: Խանումյանը նաև ժամկետ էր հնչեցրել՝ օգոստոսի 25-ը: Ի նշան բողոքի՝ Բերձորի մի խումբ բնակիչներ փակել էին քաղաք տանող ճանապարհը:
Կառավարությունը բնակվարձ և սերտիֆիկատ է խոստանում
Իշխանությունները խոստացել են արցախցիներին տեղավորել ԼՂ-ի այլ տարածքներում կամ Հայաստանում, մասնավորապես՝ Սյունիքի մարզում:
«Այն ընտանիքները, որոնք կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն, կստանան բնակարան գնելու սերտիֆիկատ, իսկ մինչ այդ՝ բնակարանի վարձավճարի փոխհատուցում»,- հայտնել է Հայկ Խանումյանը:
Բերձորի, Սուսի և Աղավնոյի բնակիչների մոտ 25-30 տոկոսը ցանկություն է հայտնել մնալ Արցախում:
Նրանք, ովքեր մտածում են Հայաստանի մարզեր տեղափոխվելու մասին, վստահ չեն, որ կկարողանան 10 մլն դրամի սերտիֆիկատով տուն գնել:
Ինչպե՞ս է լուծվելու ենթակառուցվածքների հարցը
Օգոստոսի 25-ին Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնելու ոչ միայն Լաչինի միջանցքը, Բերձորը, Սուսն ու Աղավնոն, այլև Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մտնող ենթակառուցվածքները՝ գազը, էլեկտրաէներգիան, կապուղիները: ԼՂ-ի իշխանություններն ասում են՝ ժամանակավոր է, կտեղափոխեն: Իսկ ի՞նչ է լինելու մինչ այդ՝ դեռևս անհայտ է:
Արցախի Տարածքային ենթակառուցվածքների նախարարն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ արդեն իսկ ընթանում են կապի և էլեկտրամատակարարման բարձրավոլտ գծերի անցկացման աշխատանքներ, դրանք նախատեսում են ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում: Գազի վերաբերյալ որևէ բան մինչ այս պահը չի հաղորդվել:
Հայկ Խանումյանի խոսքով՝ գործող ճանապարհի դեպքում ևս ենթակառուցվածքների մեծ մասն անցնում էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներով: Ըստ նրա՝ հարցը կարգավորելու համար անհրաժեշտ են «բանակցություններ և ռուս խաղաղապահների գործուն մասնակցությունը»:
Ղարաբաղի ողջ տարածքը զրկվել էր գազից այս տարվա մարտի 8-ից։ Հայաստանից եկող գազատարի վնասված հատվածն այն տարածքում էր, որը 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ադրբեջանական կողմն այդպես էլ թույլ չտվեց վթարի վայրին մոտենալ՝ վերականգնողական աշխատանքների իրականացման համար։ 10-օրյա բանակցություններից հետո Բաքուն ինքը նորոգեց գազատարը։ Նորոգումից հետո, սակայն, գազի անջատման դեպքեր կրկին գրանցվեցին: ԼՂ-ի իշխանությունների ենթադրությամբ՝ վերանորոգման ժամանակ գազատարի վրա փական էր տեղադրվել։
Ինչի՞ համար է «տներն այրելու արգելքը»
ԶԼՄ-ների հետ զրույցում Աղավնոյի բնակիչներն ասել էին, որ իրենց հրահանգել են հեռանալիս տներն անվնաս թողնել ու զգուշացրել՝ այրելու դեպքում փոխհատուցում չեն ստանա:
Նախարար Հայկ Խանումյանը տներն այրելուն դեմ է: Օրինակ է բերում ԼՂ-ի Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքը: Բնակիչները հրդեհել էին տները, ավելի ուշ պարզվել էր, որ բնակավայրը մնալու է հայկական կողմի վերահսկողության ներքո: Խանումյանի խոսքով՝ այսօր Չարեքտարը վերականգնելու համար պետությունը միլիոնավոր դրամներ է ծախսում:
Ասում է՝ սա է պատճաը, որ Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին արգելել են հրդեհել տները:
Նախարարը հայտնել է, որ նոր երթուղու գործարկմամբ հայկական կողմի վերահսկողությանն է վերադարձվելու Աղանուս համայնքը՝ Մեղվաձոր, Հունանավան, Մելիքաշեն և Մարաթուկ բնակավայրերը․
«Բայց այնտեղ ամեն ինչ թալանված ու այրված է՝ սկսած առաջին պատերազմի տարիներից մինչև 2020 թվական: Եթե բնակֆոնդը թողնեինք այդ միջանցքում, այսօր հանգիստ կարող էինք մարդկանց բնակեցնել, բայց այսօր այնտեղ միայն այրված պատեր են ու ավերակներ»:
Խանումյանն ընդգծել է՝ Աղավնո գյուղը միջանցքի նոր երթուղուն շատ մոտ է, և հույս հայտնել, որ եթե իրավիճակը փոխվի հօգուտ հայկական կողմի, Աղավնո վերադառնալիս այրված տներ չի տեսնի:
«Հայաստանն անորոշ և անհետևողական քաղաքականությո՞ւն է վարում»
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով ադրբեջանական վերջին ագրեսիան, ինչպես նաև պաշտոնական Երևանի պարտվողական կեցվածքը, որի հետևանքով «հայաթափման ու թշնամուն հանձնելու վտանգի առաջ են հայկական նոր բնակավայրեր»։
Ընդդիմության խոսքով՝ վերջին օրերի ագրեսիան Ադրբեջանի հարկադրանքի քաղաքականության դրսևորումներից է: Ըստ հայտարարության՝ Բաքուն հերթական անգամ խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
«Եռակողմ հայտարարությունը որևէ կետով չի նախատեսում ճանապարհաշինության նպատակով բնակավայրերի հանձնում, չի պարունակում նաև դրույթ, որի համաձայն նոր ճանապարհը պետք է շրջանցի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները»:
Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը դաշինքը անհետևողական և անորոշ է որակել.
«Չկա պատշաճ համագործակցություն և ոչ մի ուղղությամբ՝ լինեն խաղաղապահ ուժերը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, թե ընդհանրապես՝ միջազգային կառույցները։
Օրվա իշխանությունները, սպասարկելով թուրք-ադրբեջանական շահերը, փաստացի այդ ուժերի հետ համատեղ իրականացնում են Արցախի հայաթափման ծրագիրը»:
Խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից արձագանքում են՝ պետք չէ Ադրբեջանի սադրանքների համար մեղադրել Հայաստանի իշխանություններին:
«Ես չգիտեմ, գուցե էդ մարդիկ ինչ-որ նոստալգիայի մեջ են և մինչև հիմա պատկերացնում են, թե իրենք երիտթուրքերի հետ դեռ կոալիցիոն կապեր ունե՞ն»,- ասել է իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Լաչինի միջանցք․ Աղավնոն կհանձնվի Ադրբեջանին